Այդքան մեծ ծավալի թմրանյութը չէր կարող Հայաստան գալ՝ լինի դա տարանցման, թե վերջնակետի նպատակով, առանց որևէ ազդեցիկ հովանու:
Հակոբ Բադալյան
Երեք տոննա սպառնալիք դեպի Հայաստան. բանանի առեղծվածը
Մինչ Հայաստանի հանրությունը աշխուժորեն քննարկում էր մայիսի 14-ի բրյուսելյան հանդիպումն ու դրա հնարավոր արդյունքները, նախօրեին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը հայտնաբերել է կոկաինի մոտ 3 տոննա ռեկորդային խմբաքանակ, որը ըստ իտալական կողմի՝ Հայաստան էր ուղևորվում Էկվադորից։ Ըստ տեղեկության, թմրանյութը սառեցվել է 12 մետրանոց փաթեթներում՝ 78 տոննա բանանի մեջ։
Այդ բեռը Գուայաքիլից (Էկվադոր) վրացական Բաթումի նավահանգստով ուղևորվում էր Հայաստան։ Առայժմ իհարկե չշտապենք անել հետևություններ և սպասենք, թե ինչ զարգացում կունենա այդ պատմությունը: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, թե ոչինչ չի կարող ասել գործի առնչությամբ, քանի որ բեռը չի եղել Հայաստանում:
Ըստ ՊԵԿ պարզաբանման, եթե բեռը չի հատել Հայաստանի սահմանը, կառույցն այն չի տնօրինում որևէ կերպ: Սա հասկանալի է՝ Հայաստանի ՊԵԿ իրավասությունը սկսում է Հայաստանի սահմանից, մաքսային մուտքից: Սակայն, պետք է արձանագրել, որ մոտ երեք տոննա կոկաինը մեղմ ասած թմրաշրջանառության սովորական դեպք չէ: Դա շատ խոշոր, Հայաստանի համար չափազանց խոշոր խմբաքանակ է: Թեև իտալական կողմը նշել է, որ վերջնակետը եղել է Հայաստանը, այդուհանդերձ բացառելի չէ, որ Հայաստանն այդուհանդերձ դիտվել է որպես տարանցիկ, առնվազն բեռի մի զգալի մասով: Սա իհարկե զուտ մեր ենթադրությունն է, պարզապես խոսքը վերաբերում է իսկապես շատ խոշոր խմբաքանակի մասին և շատ դժվար է պատկերացնել, որ այն կարող է նախատեսված լինել Հայաստանում սպառման համար: Հնարավոր է, որ տարանցումը ծրագրում էին կազմակերպել այլ տեսակի բեռնափոխադրումով: Այդ բոլոր հարցերի պատասխանը բնականաբար պետք է տա քննությունը, որին թերևս պետք է աշխուժորեն մասնակցի նաև Հայաստանի իրավապահ համակարգը, գործակցելով իտալացի գործընկերների հետ: Էական հանգամանքներից մեկն այն է, որ այդքան մեծ ծավալի թմրանյութը չէր կարող Հայաստան գալ՝ լինի դա տարանցման, թե վերջնակետի նպատակով, առանց որևէ ազդեցիկ հովանու: Եվ այստեղ շատ կարևոր է բացահայտել, թե ով կամ ովքեր են այդ հովանին, որքա՞ն ժամանակ են նրանք զբաղված այդ գործով, նախկինում եղե՞լ են այդպիսի ներկրումներ, օրինակ բանանի միջոցով, ինչպես այժմ: Այդ համատեքստում օրինակ թերևս ավելորդ չէ հիշել, որ բանանի ներկրումը Հայաստանում երկար տարիներ գործնականում եղել է մենաշնորհ, որը պատկանում էր ՀՀԿ օդիոզ դեմքերից մեկին, որն այսօր Հայաստանում հետապնդվում է տարբեր քրեական գործերով և դրանցից պատսպարվում է Ռուսաստանում: Հիշենք նաև, որ Հայաստանում դեռևս 2016 թվականին, երբ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն և Հովիկ Աբրահամյանին փոխարինեց Կարեն Կարապետյանը, առանցքային զարգացումներ ծավալվեցին բանանի մենաշնորհի դեմ պայքարում: Օրինակ, 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Aravot.am-ում կարդում ենք, որ «կայքի տեղեկություններով, մի քանի օր առաջ, հիմք ընդունելով այս հայտարարությունը, գործարարներից մեկը մի մեքենա բանան է ներկրել: Ճիշտ է, Բագրատաշենի սահմանակետում մաքսային մարմիններն ու սննդի անվտանգության տեսչությունը խնդիրներ չեն առաջացրել, սակայն մեքենան Հայաստան մտնելուց հետո կանգնեցրել են մարդիկ, ովքեր ինչպես հետո է պարզվել, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «մարդիկ» էին: Տեղում է եղել նաև Միհրան Պողոսյանը, որը ներկայանալով որպես «գեներալ Պողոսյան»՝ զգուշացրել է ներկրողին, որ այլևս նման «սխալի» չդիմի՝ առաջարկելով այս անգամ, որպես բարի կամքի դրսևորում, գնել ներկրված ամբողջ խմբաքանակը: Ներկրողի այն պնդմանը, որ բանան ներմուծել է՝ հաշվի առնելով վարչապետի հայտնի հայտարարությունը՝ «յուրաքանչյուր ոք կարող է ներկրել», Միհրան Պողոսյանը ասել է, որ «հեքիաթների չհավատա»: Հիշենք նաև, որ նույն անձի անունը ուրվագծվեց հայտնի օֆշորային սկանդալներում:
Իհարկե, որևէ հիմք չկա իտալացիների բացահայտումը կապել Հայաստանի բանանի շուկայի հետ, սակայն բանանի փաթեթներով կոկաինի ներկրման խոշոր դեպքը թարմացնում է Հայաստանի բանանի շուկայի շուրջ տեղի ունեցած վայրիվերումները: Կոկաինի և բանանի «սերտաճված» ներկրումը նո՞ր երևույթ է, թե՞ պարզապես նոր է բացահայտվել: Իհարկե առանձին հարց է, թե ինչու՞ է նոր բացահայտվել, եթե երևույթը նոր չէ, որովհետև միայն քննությունը կպարզի՝ գործ ունենք վաղեմությա՞ն պատմության հետ, թե՞ համեմատաբար թարմ «երթուղու»:
Բոլոր դեպքերում, աներկբա է մի բան՝ պետք է բացահայտվի, թե ով է երթուղու «հայաստանյան» հովանին, քանի որ հազիվ թե 3 տոննա թմրանյութը որևէ մեկը փորձեր Հայաստան բերել կամ Հայաստանով անցկացնել «կուրորեն»: Սա լրջագույն խնդիր է, որը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը մի շարք առումներով: Մեկ այլ հարց է, թե արդյո՞ք իտալական բացահայտումը կարող էր կապված լինել որևէ քաղաքական գործընթացի հետ: Հարցերի շարքը հնարավոր է շարունակել, բայց առայժմ դադար վերցնենք և սպասենք իրավապահների աշխատանքին: Միևնույն ժամանակ աներկբա է մի բան, որ խոսքը ազգային անվտանգության լրջագույն մարտահրավերի մասին է, թե պետական, թե նաև մարդկային իմաստով: Առավել ևս, որ ակնառու է նաև Հայաստանում թմրանյութերի շրջանառության աճի հանգամանքը, դրանից բխող բազմաթիվ սպառնալիքներով և խնդիրներով:
Հոդվածը՝ 1in.am կայքից։