Հայաստան

Նոր Աղմուկ Հին Ցավի Մասին

Հաշվի առնելով, որ Արցախն այսօր ցավոք սրտի գտնվում է օրհասական վիճակում, ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը, եթե նշանակվի Արցախի պետնախարար, դա կլինի դրական քայլ, եթե նա նշանակվի, Արցախում կլինի դիկտատուրա: Ցավոք սրտի, այսօրվա իրողություններում ավելի լավ է լինի դիկտատուրա, քան այն, ինչը կա այսօր:

Դավիթ Ստեփանյան

Ես այս աժիոտաժի պատճառները չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ ունի ներքաղաքական ենթատեքստ. Դավիթ Ստեփանյանը՝ բրյուսելյան բանակցություններից հետո ծավալված քննարկումների մասին

Բրյուսելում մայիսի 14-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին և Հայաստանի՝ 29 հազար 800 քառակուսի կմ և Ադրբեջանի՝ 86 հազար 600 քառակուսի կմ համապատասխան տարածքային ամբողջականությանը:

Շառլ Միշելի այս հայտարարությունը հայ հանրության մեջ քննարկումների մեծ ալիք բարձրացրեց: Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ նոր բան այստեղ չի տեսնում. «Ի սկզբանե հայտնի էր, որ բրյուսելյան ձևաչափով բանակցություններում խոսքը գնում էր Ալմա-Աթայի հռչակագրի մասով կողմերի սահմանների ճանաչման մասին, վարչապետ Փաշինյանը բացահայտ այդ մասին ասաց առաջին իսկ օրվանից և Պրահայում էլ նույն գործընթացն էր գնում: Ես այս աժիոտաժի պատճառները չեմ հասկանում, կարող եմ ենթադրել, որ ունի ներքաղաքական ենթատեքստ: Պարզ է, որ Հայաստանի համար կարմիր գիծ է 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, այս առումով Հայաստանը ձգտում է ապահովել այդքանն այսօր, որովհետև Ալիևն իր պահանջների սանդղակը չափից ավելի շատ էր վերև հանել և՛ անկլավների մասով, և՛ «Զանգեզուրի միջանցքի» մասով և սրանով իսկ, եթե Ալիևը համաձայնվում է այդ 1991 թվականի սահմաններին, սա կարելի է ինչ-որ առումով համարել ձեռքբերում: Ինչ վերաբերում է Արցախին, այստեղ էլ որևէ նոր բան չկա, ցավոք սրտի 2020 թվականի աղետից հետո մենք չենք կարողանում բարձրացնել Արցախի ինքնորոշման, անկախության հարցը, այս պայմաններում ես չեմ կարող հասկանալ, ինչն է այս ամենում զարմանալի: Ամեն դեպքում, երբ Միշելը և վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ Բլինքենը, պարզ ասում են, որ պետք է ապահովվի արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, սա է այսօր մաքսիմում մեր խնդիրը»: 

Անդրադառնալով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 15-ին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքին և հրապարակված հայտարարությանը՝ ըստ որի Արցախի Հանրապետության նախագահին պահանջ են ներկայացնում Սամվել Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում՝ Ստեփանյանն ասաց. «Իմ տեղեկություններով Արայիկ Հարությունյանը պատրաստ է իշխանությունը զիջել, նրա համար իշխանությունն այս իրավիճակում ինքնանպատակ չէ, նա պատրաստ էր այդ իշխանությունը տալ Ռուբեն Վարդանյանին, բայց պարոն Վարդանանն ինչ-որ պահի որոշում կայացրեց, որ նրան այդ իշխանությունը պետք չէ: Հիմա հայտնվել է Սամվել Բաբայանը, ես կարող եմ ենթադրել, որ Արայիկ Հարությունյանն իրականում պատրաստ է նրան նշանակել պետնախարար և կամաց-կամաց նաև իշխանությունը զիջել, եթե որևէ բան չփոխվի, սա այս պահի դրությամբ»: 

Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ քաղաքականության մեջ ամեն ինչ շատ արագ փոխվում է. «Ժամանակին կար այսպիսի կոնցեպտ՝ Ռուբեն Վարդանյանը տալիս էր հրաժարական և Ալիևը բացում էր Լաչինի միջանցքը, բայց մենք տեսանք, որ դա չեղավ, որովհետև ինչ-որ պահի ինչ-որ բան փոխվեց և Ալիևը հետ կանգնեց այդ մտադրությունից: Հիմա այս պահի դրությամբ իրավիճակը հետևյալն է, որ սա նախընտրելի սցենար է Արցախի իշխանության համար և պարոն Բաբայանն այս պահի դրությամբ պետք է որ նշանակվի պետնախարար: Հաշվի առնելով, որ Արցախն այսօր ցավոք սրտի գտնվում է օրհասական վիճակում, ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանը, եթե նշանակվի Արցախի պետնախարար, դա կլինի դրական քայլ, եթե նա նշանակվի, Արցախում կլինի դիկտատուրա: Ցավոք սրտի, այսօրվա իրողություններում ավելի լավ է լինի դիկտատուրա, քան այն, ինչը կա այսօր: Ես որոշակի սպասելիքներ ունեմ այդ նշանակումից, ինձ թվում է դա ընդհանուր իրավիճակի վրա ավելի լավ կանդրադառնա՝ հաշվի առնելով մեկ շատ կարևոր փաստ՝ Սամվել Բաբայանը քաղաքական գործիչ է, նա կարող է անել քաղաքական քայլեր և հաշվի առնելով նաև նրա ռազմական անցյալը, սա, ընդհանուր առմամբ, կլինի դրական քայլ առաջին հերթին հենց արցախցիների համար»: 

Աննա Բզնունի

Հոդվածը՝ zarkerak.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *