Հայաստան

Անկլավը Իրավական Ստատուս Չէ

Մեր ունեցած նյութերի համաձայն՝ անկլավներն իրավական հիմք չունեն, նրանք կամայականորեն հայտնվել են 1970-ականների քարտեզներում, և եթե խոսվում է 1970-ականների քարտեզների մասին, ապա այո, ենթադրվում է Ադրբեջանին տալ Հայաստանի տարածքում գտնվող անկլավները և Հայաստանին տալ Արծվաշենի անկլավը, որը ընդհուպ մինչև 1940-ական թվականները անկլավ չի եղել:

Հակոբ Բադալյան

Անկլավներն իրավական հիմք չունեն, նրանք կամայականորեն հայտնվել են 1970-ականների քարտեզներում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագիր Շահեն Շահինյանը

Պարոն Շահինյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագիծը՝ 1975 թվականի քարտեզներով: Խոսքը ո՞ր քարտեզների մասին է և արդյոք այդ քարտեզներով անկլավների վերադարձ ենթադրվում է, թե ոչ:

Թե ինչ է նկատի ունեցել հայտարարություն անողը, ես չեմ կարող մեկնաբանել: Մենք երեկվանից ստանում ենք տեղեկություններ բրյուսելյան հանդիպման արդյունքների վերաբերյալ, որտեղ հստակ հղում է արվում Խորհրդային Միության գոյության վերջին ժամանակահատվածում ստեղծված քարտեզներին, դրանք 1970-ականներին գծված քարտեզներն են: փաստացի այն հրապարակված մակերեսները, որնց մասին հրապարակային խոսվում է, դրանք հենց այդ քարտեզներից վերցված մակերեսներ են: Պետք է փաստել, որ եթե այդ մակերեսներով սահմանափակված տարածքներով գնան սահմանազատման, ապա Հայաստանը ոչ միայն ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ադրբեջանի հետ ընդհանրապես կապ չունեցող ԼՂ-ի նկատմամբ, այլ նաև պարտավորվում է Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչել Հայաստանի տարածքում գտնվող, իրավական հիմք չունեցող, այսպես կոչված, անկլավների նկատմամբ:

Եթե այդ անկլավներն իրավական հիմք չունեն, արդյոք ենթադրվո՞ւմ է, որ դրանք կարող են վերադարձվել:
Երբ ես ասում եմ՝ իրավական հիմք չունեն, նկատի ունեմ մեզ հասանելի աղբյուրներում, մեզ հասանելի տեղեկություններում նմանատիպ փաստաթղթեր առկա չեն: Հաշվի առնելով, որ ես և իմ նման հանրային ոլորտում գտնվող հետազոտողներ հասանելիություն չունեն պետական գաղտնի արխիվներին, պնդում չեմ կարող կատարել, թե արդյոք պետական հանձնաժողովին հասանելի են նմանատիպ փաստաթղթեր, թե ոչ: Մեր ունեցած նյութերի համաձայն՝ անկլավներն իրավական հիմք չունեն, նրանք կամայականորեն հայտնվել են 1970-ականների քարտեզներում, և եթե խոսվում է 1970-ականների քարտեզների մասին, ապա այո, ենթադրվում է Ադրբեջանին տալ Հայաստանի տարածքում գտնվող անկլավները և Հայաստանին տալ Արծվաշենի անկլավը, որը ընդհուպ մինչև 1940-ական թվականները անկլավ չի եղել: Պետք է հստակ հիշել, որ Արծվաշենը համաձայն միջնադարյան աղբյուրների, կան հավաստի տեղեկություններ, որ 12-րդ դարից սկսած մինչև 1918-20 թվականները այն եղել է մեծ հայկական հայաբնակ քաղաք և կապված է եղել հայկական տարածքների հետ, այն երբեք չի եղել ադրբեջանական տարածք:

Ադրբեջանը կարո՞ղ է ասել, որ քանի որ այդ երեք անկլավներում ադրբեջանցիներ են ապրել, ինձ պետք է տաք:

Նույն սկզբունքով կարող եմ ասել, որ 1917 թվականին Բաքվում բնակչության գերակշիռ մասը հայ է եղել, բաքուն տվեք մեզ: Սումգայիթում ևս բնակչության զգալի մասը հայ է եղել: Դաշտային Արցախը մինչև 1988-1990 թվականները հայաբնակ է եղել, փոխանցեք մեզ: Նույնը կարելի է Ասել Գանձակի մասին, որը գերակշիռ հայ բնակչություն է ունեցել մինչև 20-րդ դարի սկիզբ: Ադրբեջանում մինչև 1991 թվականը բնակվել է կես միլիոնից ավելի հայ: Իսկ Հայաստանում առավելագույն հաշվարկներում բնակվել է 100-200 հազար ադրբեջանցի: Այդ ինչպե/ս է ստացվում, որ իրենք կարող են պահանջներ ներկայացնել 2-3 գյուղի նկատմամբ, իսկ մենք պետք է լռենք և պահանջներ չներկայացնենք, ընդ որում, հայրենիքի մի կտորի նկատմամբ, որը դարեր եղել է հայաբնակ: Խոսքն Արցախի մասին է: Արցախում 100 տարուց ավելի ընթացել է ինտենիվ էթնիկ զտում, որի արդյունքում ընդամենը բնակչության կազմի 1-15 տոկոսի փոփոխություն է եղել: Այսինքն եթե որոշ գյուղերում բնակչության 90-95 տոկոսը հայ է եղել, իսկ վատագույն շրջանում այն հասել է 80-85 տոկոսի: Այսինքն նույնիսկ էթնիկ զտումն օգուտ չի տվել: Դրանից հետո արդեն դիմել են պատերազմական բարբարոսական գործողությունների: Մենք մոռանում ենք մեր պատմությունը, որ ընդամենը 100 տարուց մի փոքր ավելի է, որ Շուշին հայաբնակ չի:

Բրյուսելում, ապա նաև Մոսկվայում բանակցություններն արդյոք ավելի մեծ ռիսկեր չեն ստեղծում՝ այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու առումով:

Իհարկե, մեծ ռիսկեր են ստեղծում: Ես այս վիճակն այսպես կբնութագրեի. Ադրբեջանը մեզնից ուզում է առարկայական զիջումներ, որի դիմաց մեզ տալիս է թվացյալ ճանաչում: Իսկ ոչ ոք չի երաշխավորում, որ Ադրբեջանը, ճանաչելով Հայաստանի տարածքը, չի ձեռնարկելու նոր սադրանքներ և նոր հայկական տարածքների զավթումներ:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *