(նախաբան)
Խոսելով պետության կայացման, պետական համակարգի կայացման մասին, շատ են կարծիքներ հնչել կրթության մասին, քանի որ պետության կայացման հարցը ուղղակիորեն կախված է կրթությունից, իր քաղաքացիների գաղափարական մակարդակից, մտածելու ունակությունից և կրթական ցածր մակարդակը հանդիսանում է համընդհանուր տապալման գլխավոր պատճառներից մեկը: Կրթական մակարդակի հարցը շոշափվել է ոչ միայն լսարանային, այսինքն համալսարան-դպրոց ձևաչափով, այլ կրթությունը որպես սկզբունք և էություն:
Մեր Ուղին
Սփյուռքի և հայրենադարձության մասին թեմաները մշտապես եղել են և հավանաբար առաջիկայում էլ կլինեն անընդհատ շոշափվող և քննարկվող: Մենք սովորաբար մեծ ափսոսանքով ենք խոսում այն մասին, որ հայկական Սփյուռքը ձևավորվել է տանջանքի ու արյան պատճառով, ցավի և կոտորածների հետևանքով, իսկ հայրենադարձության մասին խոսելիս հիմնականում ունենք նույն դասական ուղղություն, որ հայրենադարձությունը մեզ խիստ անհրաժեշտ մի բան: Հայրենադարձության առավելության անընդհատ շեշտումը հավանաբար հետևանք է չդադարող արտագաղթի: Ըստ տվյալներ՝ ՀՀ-ից 1991թ. սկսած, երկրից հեռացել և չի վերադարձել մոտ մեկ մլն, երկու հարյուր հազար մարդ, ինչն իհարկե կազմաքանդող հետևանք է թողել ՀՀ վրա: Բայց երբ խոսում ենք հայրենադարձության մասին, հարկավոր է էմոցիաները մի կողմ թողել, ինչը մեզ մոտ գրեթե չի ստացվում ու փորձել ռեալ պատկերացնել, թե հայրանդարձություն ասվածն իրենից ինչ է ներկայացնում և ինչ ակնկալիքներ ունենք դրանից:
Հայրենադարձությունը հասկանալու համար նախ հարկավոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Սփյուռքը: Հասկանալ, թե Սփյուռքի քանի՞ տոկոսն է հայրենադարձություն ցանկանում և նաև հասկանալ, թե Հայաստանը այդ քանի տոկոսի որ մասին է իվիճակի ընդունելու: Ի՞նչ ակնկալիքներ կան Սփյուռքից, հնարավոր հայրենադարձներից: Ի՞նչ ակնկալիքներ ունեն հնարավոր հայրենադարձողները և նույնիսկ մի հարց, որ կարող է փոքր-ինչ անհեթեթ հնչել՝ մեզ հայրենադարձություն պե՞տք է:
Այս հարցերին պատասխանելու համար հարկավոր է նաև հասկանալ, թե ինչ հայեցակարգ ունեն Սփյուռքի համայնքները, ինչ հայեցակարգ ունի ՀՀ-ն, որովհետև տարբեր պատկերացումները նույն խնդրի մասին միշտ էլ շահերի բախում են առաջացնելու: Ինչպե՞ս գլուխ հանել այս ամենից: Սփյուռքը դատարկել և բերել Հայաստան, թե ամբողջովին հրաժարվել հայրենադարձությունից: Իսկ գուցե հավասարակշռման քաղաքականությո՞ւն վարել:
Թեման շատ ծանր և բարդ է: Սիրողական մակարդակով այդ խնդիրները շոշափելու ռիսկից խուսափելու համար «Մեր Ուղինը» ձեռնարկել է մի շարք հարցազրույցներ Հայաստանում և աշխարհի տարբեր հատվածներում ապրող հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, քաղաքական վերլուծաբանների հետ, որոնցից ամեն մեկի պատասխանը նույն հարցերին ձևավորում է որոշակության մթնոլորտ, ինչը էապես բարձրացնում է հայրենադարձությանն ուղղված հարցի քննարկումն ու դրան միտված հնարավոր գործողությունները՝ իրենց օգտակար գործողության գործակցով հանդերձ:
Երկուշաբթիից սկսած առանձին առանձին կներկայացնենք հավաքված կարծիքներն ու տեսակետները: Լիահույս ենք, որ այդ ամենը կբարձրացնի հարցի մասին տեղեկացվածության բարձրացումը, խնդիրը կդարձնի ավելի հեշտ ու սթափ կառավարելի և մենք ինքներս կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես վերաբերվել նման հարցի, որտեղ շտապողականությունը վնասում է: