22.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ադրբե­ջա­նը, չբա­վա­րարվե­լով Ագուլի­սի, Գողթա­նի եւ հայկա­կան այլ բնա­կա­վայրե­րի ավե­րով, այժմ ձգտում է ոչնչացնել Ղարա­բա­ղը եւ շարժվել Զանգե­զուր։

1920թ. մարտին Ղարա­բա­ղում տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րը պետք է դիտարկել որպես Հայաստա­նի դեմ Ադրբե­ջա­նի լայնա­ծա­վալ հարձակման փորձ։ Թեեւ հասկա­նա­լի պատճա­ռով հիմնա­կան ուշադրությունը կենտրո­նա­ցած էր Արցա­խում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին, սակայն հաշվի առնե­լով այն փաստը, որ չհայտա­րարված պատե­րազմն ընթա­նում էր Հայաստա­նի գրե­թե բոլոր սահմաննե­րում, դժվար է այլ գնա­հա­տա­կան տալ։

Բացի այդ, 1920թ. հունվար-փետրվա­րին Ադրբե­ջա­նի նախա­պատրաստա­կան մեծ աշխա­տանքն ու զորքե­րի կենտրո­նա­ցումը, երկրի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի անմի­ջա­կան ներկա­յությունը ռազմա­կան գործո­ղություննե­րի թատե­րա­բե­մում նույնպես հաստա­տում է Հայաստա­նի դեմ տոտալ պատե­րազմի փաստը։ 1920‑ի մարտի ռազմա­կան գործո­ղություննե­րը կարե­լի է բաժա­նել երեք հիմնա­կան ուղղության՝ Ղարա­բա­ղի, Զանգե­զուրի եւ Հայաստա­նի սահմա­նա­մերձ եւ թաթա­րաբնակ շրջաննե­րում գործո­ղություննե­րի։

ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՎՐԱ

Ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսվում են 1920թ. մարտի 20-ից, երբ ադրբե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը գենե­րալ Նովրուզո­վի հրա­մա­նա­տա­րությամբ հարձակվում են Ղարա­բա­ղի հայկա­կան գյուղե­րի վրա։ Նույն օրե­րին ադրբե­ջանցի­նե­րը մեծ հարձա­կում են սկսում Հյուսի­սա­յին Արցա­խի հայկա­կան գյուղե­րի վրա։ Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում էր, որ իրենց գործո­ղություննե­րը սկսվել են ի պատասխան հայե­րի ապստամբության։

Ադրբե­ջա­նա­կան զորքե­րի գրե­թե երկու ամիս շարունակվող կենտրո­նա­ցումը չէր կարող վրի­պել հայե­րի ուշադրությունից. շատ լավ իմա­նա­լով, թե հակա­ռա­կորդի հարձա­կումը ինչ հետեւանքնե­րի է բերե­լու, որոշ ուղղություննե­րում հայե­րը դիմել էին նախա­հարձակ գործո­ղություննե­րի։ Սակայն պետք է նաեւ նշել, որ հայե­րը պատշաճ չափով պատրաստված չէին, իսկ ապստամբությունը չուներ կենտրո­նա­կան եւ ընդհա­նուր հրա­մա­նա­տա­րություն։

Մարտի 22-ին գնդա­պետ Մեսյա­նի, հայտնի հայդուկ Ալեքսան Դայու եւ սպա Լալա­յա­նի ղեկա­վա­րությամբ հայկա­կան մոտ 400-հոգա­նոց զորա­խումբը գրո­հում է Խանքենդին (Ստե­փա­նա­կերտ), գրա­վում մի քանի կարեւոր դիրք եւ շրջա­փա­կում բնա­կա­վայրում տեղա­կայված ադրբե­ջա­նա­կան շուրջ 1500-հոգա­նոց զորա­խումբը։ Շրջա­պատված զինվորնե­րը կարո­ղա­նում են օգտվել մառա­խուղի պատճա­ռով առա­ջա­ցած շփո­թությունից եւ զենքի են դիմում։ «Այդ շփոթ կռվի արդյունքն այն է լինում, որ հայ կռվողնե­րը խումբ-խումբ քաշվում են դեպի Խնա­ծա­խի դիրքե­րը։ Այնուա­մե­նայնիվ, նրանք կարո­ղա­նում են Խանքենդու ասկյարնե­րին շրջա­պա­տած պահել եւ չեզո­քացնել մինչեւ ապրի­լի 3‑ը, երբ Ասկե­րա­նը ընկնում է»,- գրում է Արսեն Միքա­յելյա­նը (Ղարա­բա­ղի վերջին դեպքե­րը, Հայրե­նիք, 1923, թիվ 12, Բոստոն)։

ԿՈՉ ԶԱՆԳԵԶՈՒՐՑԻՆԵՐԻՆ

Հասկա­նա­լով, թե ինչ ծանր դրություն կստեղծվի Ղարա­բա­ղի անկման դեպքում, Զանգե­զուրի գենե­րալ-կոմի­սար Մելիք-Յոլչյա­նը մարտի 20-ին դիմում է զանգե­զուրցի­նե­րին՝ կոչ անե­լով պաշտպա­նել Ղարա­բա­ղը։ Կոչում ասված էր, որ Ադրբե­ջա­նը, չբա­վա­րարվե­լով Ագուլի­սի, Գողթա­նի եւ հայկա­կան այլ բնա­կա­վայրե­րի ավե­րով, այժմ ձգտում է ոչնչացնել Ղարա­բա­ղը եւ շարժվել Զանգե­զուր։

«Սյունիք», 21 մարտի, 1920թ., թիվ 10

…Ղարա­բա­ղի ազատ լեռնե­րի արծիվնե­րը համարձակ կերպով մերժել են Ադրբե­ջա­նի պահանջնե­րը, եւ դիմել ապստամբության: Այժմ Ադրբե­ջա­նը վերջին անգամ փորձում է ճնշել Ղարա­բա­ղը, ոչնչացնել Զանգե­զուրը եւ մեր երկրի փլա­տակնե­րի վրա­յով միա­նալ Տաճկաստա­նի հետ: Զանգե­զուրի հերոսներ, ձեզ եմ դիմում վերջին անգամ եւ կոչում՝ ի զեն… Մի՞թե դուք թույլ կտաք, որ վայրե­նա­բա­րո Ադրբե­ջա­նը զենքի ուժով դուրս վանե ձեզ ձեր հայրե­նի­քից, որի դարա­վոր ազա­տա­մարտը ռազմի դաշտ է հանել Դավիթ-բեկեր, Մխի­թար-սպա­րա­պետներ, Թորոս իշխաններ, որոնց հայրե­նի­քը ազատ պետք է լինի: Քաջա­րի մարտիկներ, վերջին անգամ կոչում եմ ձեզ՝ հառա՜ջ, մինչեւ որ նենգա­միտ թշնա­մին կջարդվի եւ մինչեւ որ ազատ Հայաստա­նի Հանրա­պե­տության դրո­շա­կը կծա­ծանվի Ղարա­բա­ղի բոլոր ամրոցնե­րի եւ մարտկոցնե­րի վրա… Առանց Զանգե­զուր-Ղարա­բա­ղի չկա Հայաստան:

Զանգե­զուրի գենե­րալ-կոմի­սար՝ Ս. Մելիք-Յոլչյան

Թեեւ Զանգե­զուրում իրադրությունը նույնպես դժվա­րին էր, սակայն Գորի­սից փորձ է արվում օգնություն ուղարկել Ղարա­բաղ։ Այդ նպա­տա­կով գնդա­պետ Թարվերդյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ առանձնացվում է մոտ 600-հոգա­նոց զորա­խումբ։ Խմբի նպա­տակն էր դուրս գալ դեպի Ասկե­րան, որտեղ ծանր մարտեր էին մղում Դալի Ղազա­րի զինվորնե­րը։ Մինչ Թարվերդյա­նի առաջխա­ղա­ցումը, Դիզա­կի ուղղությամբ հաջո­ղություններ էր արձա­նագրել Հովակ Ստե­փանյա­նի 450-հոգա­նոց խումբը։ Նրանք ջարդել էին ադրբե­ջանցի­նե­րին եւ փորձում էին ճանա­պարհ բացել դեպի Զանգե­զուր։ Մարտի 24-ին ղարա­բաղցի­նե­րը հանդի­պում են Զանգե­զուրի ինքնա­պաշտպաննե­րի առա­ջա­պահ մարտիկնե­րին։ Սակայն ադրբե­ջանցի­նե­րի ծավա­լուն հարձա­կումը Գորի­սի ուղղությամբ գնդա­պետ Թարվերդյա­նին թույլ չի տալիս օգնության հասնել Ղարա­բաղ՝ նրա առաջխա­ղա­ցումը հետաձգվում է, ինչը ճակա­տագրա­կան նշա­նա­կություն է ունե­նում Ասկե­րա­նի պաշտպա­նության համար։

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ

Ադրբե­ջա­նի հարձակմա­նը զուգա­հեռ դիվա­նա­գի­տա­կան համառ պայքար է սկսվում երկու երկրի միջեւ։ Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Խատիսյա­նը, արձա­գանքե­լով Ադրբե­ջա­նի ԱԳ նախա­րար Խան-Խոյսկու մեղադրանքնե­րին, հայտա­րա­րում է, որ Հայաստա­նը զորք չունի եւ չի ուղարկել Ղարա­բաղ։ Միա­ժա­մա­նակ նա նշում է, որ հենց Ադրբե­ջանն է խախտել 1919թ. օգոստո­սի 22‑ի համա­ձայնա­գի­րը, որը մեկ անգամ եւս հաստա­տել էր 1920թ. մարտի 4‑ի Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի համա­գումա­րը։ «Վերջին տեղե­կություննե­րի համա­ձայն, ադրբե­ջանյան զորքե­րը եւ զինված բանդա­նե­րը ամբողջ ճակա­տի վրա առաջ խաղա­լով՝ ոչնչացնում են հայկա­կան գյուղե­րը եւ կոտո­րում-ջարդում են խաղաղ հայ ազգաբնա­կությունը, ինչպես օրի­նակ, դա եղել է Շուշի քաղա­քում։ Երկրի հասա­րա­կա­կան հուզված կարծի­քը Ղարա­բա­ղում տեղի ունե­ցող դեպքե­րի առթիվ, կառա­վա­րությունից պահանջում է, որ նա դիմե շտապ եւ վճռա­կան միջոցնե­րի»,- ասված էր հայտա­րա­րության մեջ։

Խատիսյանն Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րի մասին տեղե­կացնում է Անդրկովկա­սում Եվրո­պա­կան երկրնե­րի դիվա­նա­գի­տա­կան եւ ռազմա­կան ներկա­յա­ցուցիչնե­րին։ Նրանց արձա­գանքը բավա­կա­նին չեզոք էր։ Վրաստա­նում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցի­չը զեկուցում էր Խատիսյա­նին, որ Մեծ Բրի­տա­նիա­յի կոմի­սար Ուորդրո­պը ասել էր, թե ինքը ոչինչ անել չի կարող, եւ Ադրբե­ջանն ու Հայաստա­նը իրենք պետք է լուծեն իրենց խնդիրնե­րը։

«Տպա­վո­րությունս այն է, որ Ուորդրո­պը Ղարա­բա­ղի խնդրում ձեռնե­րը լվա­նում է եւ կխառնվի միայն այն դեպքում, երբ դա կպա­հանջեն անգլիա­կան շահե­րը»,- գրում էր Միքա­յել Թումանյա­նը (ՀԱԱ, Ֆ. 275, ց. 5, գ. 212, թ. 65)։

Փոխա­րե­նը՝ հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմը լրջո­րեն մտա­հո­գում էր վրա­ցի պաշտոնյա­նե­րին, որոնք փորձում էին միջնորդա­կան քայլեր նախա­ձեռնել։ Իրադրության հետա­գա բարդա­ցումը կարող էր առա­վել իրա­տե­սա­կան դարձնել բոլշեւիկնե­րի ներխուժումը Ադրբե­ջան, այնտե­ղից էլ՝ Վրաստան։ Ադրբե­ջանն իր բանա­կի մեծա­գույն մասն ուղարկել էր Ղարա­բաղ եւ Հյուսի­սից հարձակման դեպքում չէր կարո­ղա­նա դիմադրություն ցույց տալ։ Միքա­յել Թումանյա­նի հետ հանդիպման ժամա­նակ Վրաստա­նի ԱԳ նախա­րար Գեգեչկո­րին հայտնել էր, թե ադրբե­ջանցի­նե­րը լուրեր են տարա­ծում, որ Ղարա­բա­ղում հայե­րը գործակցում են բոլշեւիկնե­րի հետ։ «Նրա ասե­լով՝ Ադրբե­ջա­նի կառա­վարչա­կան շրջաններն աշխա­տում էին նրան համո­զել, որ հայե­րը բոլշեւիկնե­րի հետ կապեր են հաստա­տել, եւ որ Ղարա­բա­ղի ապստամբությունն արդյունք է նրանց ընդհա­նուր դավադրության։ Թեեւ ինքը՝ Գեգեչկո­րին, իր ասե­լով, չի կարծում, որ Ղարա­բա­ղի դեպքե­րը Հայաստա­նի կառա­վա­րության ձեռքով կազմա­կերպված լինեն, որովհե­տեւ այլա­պես սահմա­նի վրա եւ Ղարա­բա­ղում իսկույն հայկա­կան զորքեր կերեւա­յին»։

ԴԱԼԻ ՂԱԶԱՐ

Հատկա­պես թեժ մարտեր են տեղի ունե­նում Ասկե­րա­նում. մարտի 23-ին հայկա­կան ուժե­րը փորձված հայդուկա­պետ Դալի Ղազա­րի հրա­մա­նա­տա­րությամբ գրո­հում են Ասկե­րա­նի բերդը եւ վերցնում այն։ Հայերն ունեին մոտ 350 մարտիկ եւ ընդա­մե­նը երեք օրվա ռազմամթերք։ Ասկե­րա­նից անմի­ջա­պես հետո հայե­րը զինա­թա­փում են Խոջա­լուում տեղա­կայված ադրբե­ջա­նա­կան կայա­զո­րը եւ փակում Շուշիի ճանա­պարհը, որտեղ Սուլթա­նո­վի հրա­մա­նով արդեն սկսվել էին հայե­րի կոտո­րածնե­րը։ Մարտի 27-ին եւ 28-ին ադրբե­ջանցի­նե­րը նոր գրոհ են նախա­ձեռնում Ասկե­րա­նի վրա, սակայն հայե­րը կարո­ղա­նում են հետ շպրտել նրանց։ Ղարա­բաղցի­նե­րը նույնիսկ հետապնդում են հակա­ռա­կորդին մինչեւ Աղդամ։

Դալի Ղազա­րը հին հայդուկնե­րից էր եւ Ղարա­բաղ էր եկել 1920թ. փետրվա­րին, երբ Ադրբե­ջա­նը մեծ հարձակման էր պատրաստվում։ Ճանա­պարհնե­րի փակ լինե­լու պատճա­ռով Դալի Ղազարն իր 18 զինա­կից ընկե­րոջ հետ հասնում է Գանձակ, այնտե­ղից էլ՝ Գյուլիստան։

Հաջո­ղություննե­րը կարճա­տեւ էին. զինամթերքի խիստ պակա­սը զգացնել էր տալիս, իսկ Զանգե­զուրից օգնությունն ուշա­նում էր։ Գնդա­պետ Թարվերդյանն ապրի­լի 1‑ին հասնում է Ասկե­րան, սակայն իր հիմնա­կան ուժե­րի միայն փոքր մասով. ընդա­մե­նը 100 զինվոր էր կարո­ղա­ցել օգնության հասնել Ասկե­րա­նի հերոսնե­րին։ Ապրի­լի 3‑ին՝ նոր հարձակման ժամա­նակ, սկսում է նահանջել Խաչե­նի թեւը։ Դալի Ղազա­րը Թարվերդյա­նի հեծյալնե­րի մի մասին ուղարկում է օգնության, սակայն ադրբե­ջա­նա­կան հրե­տա­նու հուժկու կրա­կը թույլ չի տալիս առաջնա­գիծ հասնել, եւ Խաչե­նում ստիպված նահանջում են։ Ամուր կանգնած է մնում միայն կենտրո­նա­կան ուղղությունը, որտեղ Դալի Ղազարն էր եւ գնդա­պետ Մեսյա­նը։ Չդի­մա­նա­լով թշնա­մու ճնշմա­նը՝ հայկա­կան ուժերն աստի­ճա­նա­բար նահանջում են։ Ղազա­րը հանձնա­րա­րում է Մեսյա­նին նահանջել եւ կազմա­կերպել թիկունքը։ Քանի որ Ղազա­րը կաղ էր, Մեսյա­նը փորձում է համո­զել նրան հեռա­նալ, սակայն Ղազա­րը հրա­ժարվում է։

«Տասնյակ տարի­նե­րով մարզված այդ հայդուկը ուշադրություն չի դարձնում թշնա­մու թնդա­նոթնե­րի ռումբե­րի վրա, որոնք գալիս եւ ընկնում են իր մոտ, խառնում հողա­կույտը, հողով ծածկում նրա եւ իր ընկերնե­րի երե­սը, աչքե­րը, գլուխը եւ որ այդ բոլո­րից հետո նա թափա­հա­րում է իր գլուխն ու նորից սկսում կռվել»,- գրում է Արսեն Միքա­յելյա­նը։ Օրվա վերջին հայկա­կան ուժե­րը նահանջում են։ Ղազարն ատրճա­նա­կի սպառնա­լի­քով բոլո­րին ստի­պում է հեռա­նալ՝ ասե­լով. «Դուք պետք եք կռվի համար, իսկ ես՝ մահվան»։

«Նա մնում է մինչեւ վերջին րոպեն, կռվում թշնա­մու դեմ եւ իր գնդա­կով վերջ է տալիս իր կյանքին, ինչպես հետո Ադրբե­ջա­նի ասկյարներն են պատմում՝ զինա­դա­դա­րի ժամա­նակ դիրքից դիրք խոսակցության պահուն»։

Ղարա­բա­ղի տարբեր ճակատնե­րում մարտե­րը շարունակվում են մինչեւ ապրի­լի կեսը։ Շուտով զինա­դա­դար է հաստատվում, իսկ Բաքվում հրա­վիրվում է հայ-ադրբե­ջա­նա­կան հերթա­կան խորհրդա­ժո­ղո­վը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ