Հայկական ուժերի հարձակումը մեծ խուճապ է առաջացնում Օրդուբադում. շատերը սկսում են փախչել։ Երեք օր անց Նախիջեւանից թաթարական մի զորախումբ փորձում է գրոհել, սակայն ջախջախվում եւ նահանջում է։
1920թ. մարտին՝ Ղարաբաղի մարտերին զուգահեռ, զանգեզուրցիները հերոսական նոր էջ են գրում հայ ռազմարվեստի պատմության մեջ, որը հայտնի է Գողթանի արշավանք անունով։ Դեռ հունվարին՝ Շուռնուխի գործողությունից առաջ, Նժդեհն ասում էր, որ Զանգեզուրի անվտանգությունն ամբողջովին ապահովելու համար անհրաժեշտ է նախեւառաջ ազատագրել Գողթանը, ինչին էլ հայկական ուժերը ձեռնամուխ են լինում փետրվար-մարտին։
Գողթանը, գրեթե երկու տարի դիմակայելով ադրբեջանական հարձակումներին ու մեծ կորուստներ կրելով, մեծ վտանգի առաջ էր կանգնած. իրադրությունը հայկական գյուղերում օրհասական էր, բոլոր կողմերից շրջապատված լինելով թշնամիներով՝ հայերը սովի էին մատնված, եւ շատերն արդեն մտածում էին գյուղերը լքելու եւ հեռանալու մասին։ Նժդեհը համոզված էր, որ Գողթանի կորուստը ճակատագրական կլինի Զանգեզուրի համար։ 1920թ. փետրվարին Քաջարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գողթանի ղեկավար Աշոտ Մելիք-Մուսյանը հայտնում է, որ եղանակը քիչ թե շատ լավանալուն եւ Կապուտջուղի ճանապարհը բացվելուն պես գողթանցիները թողնելու են իրենց բնակավայրերը։ Նժդեհը խոստանում է մի քանի շաբաթվա ընթացքում օգնության հասնել։ «Գողթանը մեր լեռնաշխարհի ռազմագիտական բանալին է։ Զիջել այդ փոքրիկ, բայց իր աշխարհագրական դիրքի եւ բնական ամրությունների արժեքով մեծ ու կարեւոր շրջանը կնշանակի հաշտվել Սյունիքից եւ Ղարաբաղից ընդմիշտ ձեռք քաշելու մտքի հետ»,- գրում է Նժդեհը։ Եվ սկսվում է նախապատրաստական աշխատանքը։
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՋԵԲՐԱՅԻԼԻ ԿՈՂՄԻՑ
1920թ. մարտի 9-ին Բաղաբերդում են կենտրոնանում Կապանի եւ Գենվազի զորամասերը՝ պատրաստ սկսելու Կապուտջուղի անցումը։ Սակայն երեկոյան Գորիսից ստացվում է Գողթանի արշավանքը հետաձգելու գեներալ Ղազարովի հրամանը։ Նա գրում էր, որ ադրբեջանցիները հարձակում են նախապատրաստում Ջեբրայիլի կողմից, եւ Նժդեհի մարտիկները պետք է մնան Զանգեզուրը պաշտպանելու։ Նժդեհն անմիջապես պատասխանում է, որ գեներալի հաղորդած տեղեկությունը հաստատում է, որ Գողթանի արշավանքը պետք է անպայման իրագործել։
Երթից առաջ զինվորներից մեկը դիմում է Նժդեհին.
– Պարոն հրամանատար,- զորաշարքից առաջ նետվելով հարցնում է մի լեզվանի եւ քաջ զինվոր,- ինչ կանեն ձեզ, եթե այդ հրամանը չկատարեք։
– Ուսիցս կպոկեն չունեցածս ուսադիրները։
Ծիծաղում է ամբողջ զինվորությունը եւ գոռում՝ «Դեպի կռի՛վ, դեպի Գողթան»։
ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՀՍԿԱՆ
Կապուտջուղն ունի 3905 մետր բարձրություն։ Ձմռան սառնամանիքն ու ձնամրրիկն անանցանելի էին դարձնում Գողթանին կապող միակ ճանապարհը։ Հայկական գյուղերի հուսահատ բնակիչները փորձում էին հաղթահարել դժվարին լեռնանցքը՝ փրկություն փնտրելով Կապանում ու Գենվազում։ Սակայն շատերը չկարողանալով դիմանալ սարսափելի բուքին՝ զոհվում էին։ Կապուտջուղի բուքն անգամ հատուկ անուն էր ստացել՝ գայլ խեղդող բուք։ Ահա այս սարսափելի ճանապարհով պետք է անցնեին Նժդեհի քաջերը եւ օգնության հասնեին Գողթանին։ Մարտաշարքի առջեւից գնում էին յոթ ուղեցույցները՝ վալադները, գունավոր ձողեր խփելով ու ճանապարհը նշելով. աջ կամ ձախ շեղումը անխուսափելի մահ էր։
«Զարհուրելի է Ղափուջուղի հսկան փոթորկի ժամին։ Կարծեք ձմեռը միայն այդ լեռնաշղթայի վրա է հավաքել իր բովանդակ ուժերը՝ մեր ճանապարհը կտրելու համար։ Փոթորիկ կա, ձյունախառն մի կատաղի քամի, որ ձյունի ամբողջ ամպեր ցրելով առաջացող զորքի վրա, համառորեն լցնում է զինվորի աչք ու բերանը, ծեծում երեսները, թուլացնում քայլվածքը։ …Անցնում եմ առաջ դեպի վալադները եւ դեմ առնում ճանապարհի վրա ստեղծված մի մեծ ձյունե բլուրի։ Ուրիշ ճանապարհ չկա։ Աջից Փիրմանդան բարձունքն է, ձախից՝ Փառակայի ձորը։ Մնում է ճեղքել բլուրը»,- Նժդեհն այսպես է նկարագրում Կապուտջուղի անցումը։
Ճանապարհին զինվորները տեսնում են բազմաթիվ մահացած մարդկանց, ովքեր մնացել էին սարսափելի ձնամրրիկի տակ։
ԴԵՊԻ ՕՐԴՈՒԲԱԴ
Մարտի 17-ին Նժդեհի քաջերը Ցղնայում արդեն պատրաստում էին թշնամուն ահ ու սարսափ պատճառող պայթուցիկ տակառները. հարձակման օրը որոշված էր՝ մարտի 20-ը։
Լուսադեմին մի քանի ուղղությամբ սկսվում է գրոհը։ Հայերը վերցնում են Խարաբագիլան ամրոցը, ապա՝ Դույլուն, Քալանթար, Դույլուն Դիզակները։
«Ագուլիսի զորասյունը, Գյուլնազարյանի ղեկավարությամբ վերցնում է Դոնիսը։ Գենվազի ուժերը, Կարջիվանի կողմից գրավում են Օրդուբադի նախադուռը՝ Ղափու կոչվող ամրությունը»,- գրում է Նժդեհը։
Հայկական ուժերի հարձակումը մեծ խուճապ է առաջացնում Օրդուբադում. շատերը սկսում են փախչել։ Երեք օր անց Նախիջեւանից թաթարական մի զորախումբ փորձում է գրոհել, սակայն ջախջախվում եւ նահանջում է։ Մարտի 25-ին, երբ Նժդեհի մարտիկները վերախմբավորում էին ուժերը դեպի Օրդուբադ շարժվելու համար, Կապանից սուրհանդակը տագնապալի լուր է բերում.«Ամսվա 23-ին սկսվեցին մեր ճակատներում կռիվները։ Թշնամին մեծ ուժերով առաջանում է։ Ագարակ-Զեյվա գծի վրա եղած գյուղերի դրությունը օրհասական է։ Խնդրում եմ՝ շտապեք մեզ հասնելու։ Շտաբս-կապիտան Նարիմանյան»։
Նժդեհը ստիպված հետաձգում է ռազմական գործողությունները եւ հացի ու զինամթերքի պաշար թողնելով գողթանցիներին՝ բռնում Կապանի ճամփան։ «Նորից բռնում ենք Ղափուջուղի դժվարին ճանապարհը, թողնելով Գողթանին հացի պաշար եւ վառ հավատ, որ այլեւս մենակ չէ նա, որ կարիքի դեպքում Ղափանն ու Գենվազը չեն հապաղի օգնության երկաթե ձեռք մեկնելու իրեն անգամ Ղափուջուղի վրայով»։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱՀՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մինչ Ղարաբաղը, Զանգեզուրն ու Գողթանը հերոսական կռիվներ էին մղում թշնամու գերակշռող ուժերի դեմ, Ադրբեջանը փորձում էր ներքին ապստամբություններ հրահրել Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ ստեղծվում էին բախումների եւ անկայունության օղակներ, որտեղ հայկական զորամասերը ներքաշվում էին հյուծող ու երկարատեւ կռիվների մեջ, ինչը թույլ չէր տալիս պատշաճ օգնություն ուղարկել Ղարաբաղ եւ Զանգեզուր։
Ադրբեջանի համար հատկապես կարեւոր էր, որ թաթարական ուժերը ակտիվ լինեն Նախիջեւանում. մի կողմից հարձակումը Զանգեզուրի վրա երկրորդ ճակատ էր ստեղծում, մյուս կողմից՝ Վայքում հաջողության հասնելու դեպքում ադրբեջանցիները կարող էին Սելիմի լեռնանցքով միանալ Նոր Բայազետի շրջանի թաթարական ուժերին եւ ամբողջությամբ կտրել Հայաստանի հարավը։ Նվազագույն արդյունքի դեպքում նրանք կարող էին փակել ճանապարհը դեպի Սիսիան եւ Գորիս՝ անհնարին դարձնելով Ղարաբաղի ու Զանգեզուրի օգնությունը։
ՋԱՄԱԼԻՆՍԿԻՆ ՀԵՌԱԳՐՈՒՄ Է ԲԱՔՈՒ ԵՒ ԹԻՖԼԻՍ
1920թ. մարտին՝ ռազմական գործողությունները սկսելուց առաջ, Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը սկսում է ակտիվորեն աշխատել Նախիջեւանում։ Փետրվարի վերջին Նախիջեւանի նահանգապետ Ջամալինսկին հեռագրում էր Բաքու եւ Թիֆլիս՝ ադրբեջանական պաշտոնյաներից օգնություն խնդրելով։
«Երեւան։ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Հախվերդովին։ …Փող չունենալու պատճառով իմ եւ երկրի դրությունը ճգնաժամային է։ Երրորդ ամիսն է, ինչ պաշտոնյաները չեն ստանում»,- հեռագրում էր Ջամալինսկին։ Մի քանի օր անց դիվանագիտական ներկայացուցչին ժամանակավորապես փոխարինող Մուսաեւը Երեւանից ծածկագրված հեռագրով հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, որ Նախիջեւանում ստեղծված դրությունը կարելի է փրկել «արտակարգ միջոցներով»։ «Արտակարգ միջոցներից» հիմնականը փողն էր, որը մարտի սկզբին Բաքվից հասնում է Թիֆլիս։
«Նախիջեւան, գեներալ-նահանգապետին։ Ձեզ համար Թիֆլիս է բերված մի խոշոր գումար։ Մոտ օրերս Երեւանում կստացվեն եւ առանց դանդաղելու ձեզ կուղարկվեն։ Համոզեցեք ծառայողներին, որ այդ հարցը օրերի խնդիր է»,- հեռագրում էր Մուսաեւը Ջամալինսկուն։
Նախիջեւանից բացի, Երեւանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցիչները պետք է աջակցեին նաեւ Բոյուք-Վեդիի եւ Զանգիբասարի թաթարական ուժերին, որպեսզի անհրաժեշտ պահին նրանք ապստամբություն բարձրացնեին։ Ադրբեջանական ծրագիրն ավելի հասկանալի է դառնում, եթե հաշվի ենք առնում, որ մարտի առաջին օրերին Կարսի շրջանի մի շարք բնակավայրերում դեռ շարունակվում էին թաթարական ապստամբությունները։
Մարտի 24-ին՝ Ղարաբաղի թեժ մարտերի օրերին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Խան-Խոյսկին հեռագրում է Երեւանի դիվանագիտական ներկայացուցչություն եւ հայտնում, որ հայերը Ղարաբաղում վերցրել են Ասկերանն ու Խանքենդը։ Միաժամանակ Խան-Խոյսկին հանձնարարում է անհապաղ օգնել Վեդիի եւ Նախիջեւանի թաթարներին։
«…Հայկական զինված ուժերը Խանքենդում, Ասկերանում, Թարթառում եւ այլ տեղերում մեր զորքերի վրա հարձակում են գործել։ …Ամենուրեք կռիվներ են տեղի ունենում։ Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկված են։ Շտապ հաղորդեցեք Վեդիբասարի եւ Նախիջեւանի շրջաններում կատարվող դեպքերի մասին։ Անհրաժեշտ է առանց դանդաղելու ամեն միջոցներով հնարավոր օգնությունը հասցնել Վեդիաբասարին եւ Նախիջեւանին»,- հեռագրում էր Խան-Խոյսկին։
Ադրբեջանական գործողությունները չեն ուշանում. առաջին բախումները տեղի են ունենում մարտի 19-ին Բոզբուռուն լեռան շրջանում, որտեղ Բոյուք-Վեդիի թաթարները պահում էին իրենց հոտերը։ Թաթարների՝ մոտ 1 000-հոգանոց զորախումբը գրոհում է հայկական դիրքերը։ Շուտով հարձակումը շարունակվում է Յուվա եւ Շիրազլու գյուղերի ուղղությամբ։ Մարտերն ընդմիջումներով շարունակվում են մինչեւ մարտի 31-ը՝ լեռը երեք անգամ ձեռքից ձեռք է անցնում, սակայն հայկական ուժերը զրահագնացքի օգնությամբ ի վերջո կարողանում են հետ վերցնել դիրքերը։
1920թ. մարտին ադրբեջանական սադրանքները կանխելու համար հայկական հակահետախուզությունը մեծ աշխատանք է կատարում, որի արդյունքներն ուղղակիորեն անդրադառնում են թաթարական հարձակումների վրա։ Ինչպես արդեն նշել ենք, հայ հետախույզները տեւական ժամանակ կարդում էին ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության ծածկագրված, այդ թվում՝ Մուսաեւի, Ջալալինսկու, Հախվերդովի վերոնշյալ հեռագրերը։ Իմանալով, որ Երեւանում դիվանագիտական ներկայացուցիչ Հախվերդովը Թիֆլիսից մեծ գումար է բերելու Նախիջեւանի եւ Զանգիբասարի թաթարներին իբր Բայրամի տոնի առթիվ նվիրելու համար, հայ հետախույզները համարձակ ծրագիր են մշակում։
«Ադրբեջանի «Պաշտպանության կոմիտեն» հատկացնում է խոշոր գումար ապստամբության համար Հայաստանի մեջ, դրամները ուղարկում Թիֆլիս եւ Վեքիլովի հեռագրի վրա Հախվերդովը մեկնում է Երեւանից Թիֆլիս՝ այդ դրամները Երեւան բերելու համար։ Չեզոք գոտիի մեջ «ավազակները» հարձակվում են գնացքի վրա, թալանում Հախվերդովին եւ պատահմամբ նրա սալոն-վագոնի մեջ գտնվող Հայաստանի նախարար Սամսոն Հարությունյանին»,- գրում է Դեւոյանցը (Տիգրան Դեւոյանց, Զինվորական հետախուզություն եւ հակահետախուզություն, Հայրենիք, 1943թ., թիվ 3, Բոստոն)։ Վրիժառու Միսաք Թոռլաքյանն իր հուշերում գրում է, որ հայերը եղել են վրացի զինվորների հագուստով եւ Սամսոն Հարությունյանին թալանել են, որպեսզի հարձակմանը տան բացառապես ավազակային բնույթ։
Դեւոյանցը գրում է, որ այս գործողությունը թույլ տվեց Հայաստանին որոշ ժամանակ շահել, ինչպես նաեւ խնայել ուժերը, քանի որ չստանալով դրամական աջակցություն՝ թաթարները զինված խմբերի թիվը չեն կարողանում ավելացնել։
Մի քանի օր անց՝ ապրիլի սկզբին, կանխվում է Ադրբեջանի պառակտիչ մեկ այլ ծրագիր, արդեն Զանգիբասարում։ Դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակից ավտոմեքենայով ուղեւորվում են Զանգիբասար՝ իրենց հետ ունենալով մոտ կես միլիոն ռուբլի, որը, ինչպես տեսնում ենք հեռագրերից, նախատեսված էր տեղի թաթարների համար։ Էջմիածնի գյուղերից մեկի մոտ հայ միլիցիոներները նրանց բոլորին ձերբակալում են։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Սասուն Դանիելյանի լուսանկարները: