Հայաստան

«Զանգեզուրի Միջանցքի» Քրոնիկոնը…

Իհարկե հաճելի է հարևան-բարեկամ երկրի բարձր ղեկավարությունից լսել մեզ համար նման հայտարարություններ։
Բայց պետք է հաշվի առնել, որ հայկական ճանապարհի շահագործման պարագայում Իրանը տնտեսապես տուժվում Է, որովհետև նախընտրելին միանշանակ լինելու է ՀՀ տարածքով անցնող, ավելի կարճ ճանապարհը:

Դավիթ Կարապետյան

Իրանական «դրենաժ»,
ռուսական «շանտաժ»,
հայկական «մանդրաժ»,
արցախյան «սաբոտաժ»…

ՀՀ սուվերեն տարածքով «միջանցքի» մասին խոսույթը և դրանից բխող շահարկումները դեռ ակտուալ են:

Այս համատեքստում գիտենք, թե՛ ՌԴ-ի մոտիվներն ու ցանկությունը, ինչու չէ նաև «փափուկ շանտաժներն» ու հավակնությունները, թե՛ Իրանի անխախտ դիրքորոշումը, թե՛ Չինաստանի և ԱՄՆ-ի նկրտումները, «Փոլ Գոբլի առաջարկները» և թե՛ Թուրքիայի, Ադրբեջանի հետ համատեղ պահանջներն ու հեռահար պլանները:

Նորություն չէ.
Մեղրին աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի և հակասությունների կիզակետում է:
Այն շատերի գլխացավն ու փորացավն է, շատերի համար էլ երազանք ու նպատակ է…
Առանց գերագնահատելու՝ Մեղրին միջազգային գործոն է, այն լոգիստիկ մեգահանգույց է…
Յուրաքանչյուր գերտերություն իր շահը տեսնում է Մեղրիում, յուրաքանչյուրը յուրովի կարգավիճակ փորձում տալ կոնկրետ այդ հատվածին:

Էրդողանի համար այն «թուրանական միջանցքն» է, պանթուրքական աշխարհի բանալին, որին նա նպատակադրված գնում է ամեն գնով ստանալու համար:
Ալիևի համար այն երազանք է, որն էլ կարծես իրականություն է դառնում:
Դրա համար էլ ոգևորվածության ու էյֆորիայի տակ՝ օրը չորս անգամ միջանցք է պահանջում:
Մանևրելու համար էլ Մոսկվայում «միջանցք» եզրույթին տալիս է այլ բացատրություն, Բաքվում՝ այլ…
Դե իսկ Հայաստանն էլ իր հերթին երաշխիքներ է փնտրում, միաժամանակ պնդում, որ իր սուվերեն տարածքով «էքստերիտորիալ միջանցքի» տրամադրումը բացառվում է:

Այս խոսույթից անդին, առայժմ կա մի իրականություն, որ

  • Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տեղի է ունենալու Սյունիքի հարավով և սկսվելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնմամբ,
  • Ճանապարհի առանձին հատվածները լինելու են այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում գտնվում են։ Ադրբեջանում կիրառվելու է ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։

Լավն այն է, որ այդ մասին ասում է անձամբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը:
Բայց նա դեռ չի բարձրաձայնում այն, թե եթե ՀՀ սուվերեն տարածքի հատվածում գործելու է հայկական օրենսդրությունը, ապա հսկիչ-անցագրային, մաքսային և այլ սպասարկման գործառույթներն իրականացնողներն և՞ս լինելու են բացառապես Հայաստանի պատկան մարմինները…

Որովհետև տարբեր հարթակներից բազմիցս է հնչում ռուս սահմանապահների միջնորդության ու մասնակցության կամ նրանց կողմից մոնիթորինգի անցկացման մասին՝ հղում կատարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին…

Այդ մասին Օվերչուկը ոչ խոսել է, ոչ էլ հաստատել կամ բացառել, իսկ պաշտոնական Երևանը դեմ չի արտահայտվել…

Այս հարցում ուշագրավ է Իրանի դիրքորոշումը:

Իրանը մի կողմից ճանաչում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու սուվերենության անխախտելիությունը, մյուս կողմից, առաջին հայացքից հայանպաստ դիրքորոշումներով է հանդես գալիս:

Եթե Էրդողանն անկեղծանում է՝ ասելով, որ Հայաստանի հետ խնդիր չկա, որ ոչ թե Հայաստանն է ընդդիմանում, այլ Իրանն է խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը, ապա
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը բավականին հետաքրքիր դիվանագիտական պատասխան է տալիս, ասելով.
«Իրանը խնդիրներ չունի Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ հաստատելու առումով։ Շուրջ քսան տարի Իրանն Ադրբեջանին հնարավորություն է տվել օգտագործել իր տարածքը Նախիջևանի հետ հաղորդակցության համար։
Հիմա էլ այս ճանապարհը բաց է ադրբեջանական մեքենաների համար։
Եթե ​​Հայաստանը թույլ չտա իր տարածքով Նախիջևանի հետ տրանսպորտային կապ հաստատել, ապա մենք պատրաստ ենք մեր տարածքով Նախիջևանի հետ կապող ավելի լավ ճանապարհ կառուցել։
Ադրբեջանը, Նախիջևանն ու Թուրքիան պետք է կապված լինեն իրանական հողերով։
Երկու երթուղիներով էլ Թուրքիան կարող է հեշտությամբ տեղափոխել իր ապրանքները կենտրոնական Ասիա:
Բայց եթե նրանք ասում են, որ ուզում են հողի սեփականություն, այլ ոչ թե փոխադրում, ապա դա չի համապատասխանում միջազգային նորմերին և ազգերի ու կառավարությունների ինքնիշխանությանը»։

Իհարկե հաճելի է հարևան-բարեկամ երկրի բարձր ղեկավարությունից լսել մեզ համար նման հայտարարություններ։
Բայց պետք է հաշվի առնել, որ հայկական ճանապարհի շահագործման պարագայում Իրանը տնտեսապես տուժվում Է, որովհետև նախընտրելին միանշանակ լինելու է ՀՀ տարածքով անցնող, ավելի կարճ ճանապարհը:
Այդկերպ Իրանը կորցնում է նաև Ադրբեջան-Թուրքիա և հակառակ ուղղությամբ ապրանքների և բեռների վերահսկողության իր շանսը:

Այնպես որ, անխախտ դիրքորոշումով Հայաստանի համար հաճելի հայտարարություններ ապագայում ևս կհնչեն:

«Զանգեզուրի միջանցքի» մասին Իրանի վերաբերմունքի, նրա ազգային ու պետական շահերի, կարմիր գծերի ու ՀՀ-ի հետ հնարավոր դաշնակցային հարաբերությունների և այդ համատեքստում Իրանը որպես թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշռող, դիմագրավող պետության և զսպիչ դերակատարի մասին՝ բազմիցս եմ խոսել…

Խոսել եմ նաև ի դեմս Իրանի՝ տարածաշրջանում ՀՀ-ին վստահելի դաշնակցի մասին:
Որ միանշանակ պետք է բարեդրացիական հարաբերությունները զարգացնել՝ հասցնելով ամենաբարձր մակարդակի, ընդհուպ՝ ռազմաստրատեգիական համագործակցության և նույնիսկ՝ ալյանսի:

Այդ ուղղությամբ, առայժմ ոչինչ չի արվում…

Ինչևէ, ելնելով վերոշարադրյալից պետք է հստակեցվի հետևյալը.

  • Արդյո՞ք Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն իր ուղեկալներով ապահովելու է իր ներկայությունը Նախիջևանի հետ սահմանից մինչև Նռնաձոր հատվածը,
  • Եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ գործառույթով: (ենթադրում եմ բացառապես մոնիտորինգ կատարելու համար: Չնայած՝ չեմ բացառում նաև մշտադիտարկումը: Այնպես, ինչպես տասնյակ տարիներ շարունակ կատարել են),
  • Արդյո՞ք թուլատրվելու է սպառազինության տեղափոխումը Հայաստանի տարածքով, թե՞ ճանապարհը ծառայելու է բացառապես տնտեսական, պարենային ապրանքների և բեռների համար,
  • Զենք, զինամթերքի, չթուլատրվող իրերի հայտնաբերման դեպքում, արդյո՞ք դրանք կոնֆիսկացվում են: Նման ապրանքների բռնագրավվումը ենթակա՞ է վերադարձի, թե ոչ:
  • Արդյո՞ք Կապանում իրանական և ռուսական հյուպատոսությունների առկայությունը զուտ քաղաքական բաղադրիչ, թե անվտանգային կոմպոնենտ է պարունակում (համենայն դեպս փաստ է, որ ուժային այս երկու կենտրոնները փորձում են իրենց ներկայությունն ապահովել ու ամրագրել ՀՀ տարածքում)

Մինչ այս հարցերին չտրվեն սպառիչ պատասխաններ՝ մտահոգությունների տեղիք, բողոքների ալիք ու կասկածների առիթ հա էլ կլինեն…

Այս ամենի համատեքստում ընդամենը կհիշեցնեմ ու կհորդորեմ հետևյալը.
Մեղրին մի բուռ հող չէ…
Մեղրին աշխարհի հզորներին իր դուռը բերողն է:
Այն Հայաստանի դուռն է ու բանալին:
Այն մեր հայրենիքի, պետության ու պետականության պարանոցն է…
Մեղրիի շուրջ դավադրությունները տապալվեն են Դեմիրճյանի ու Սարգսյանի կյանքի գնով…
Չխառնե՛ք բենզինը մեր արյան ու մեռոնի հետ…
Նայե՛ք հանկարծ Մեղրին չպայթի Երևանի կենտրոնում…

Գրառումը՝ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *