Հայաստան

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանապարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

Մաս Չորրորդ

Եթե եվրոպացիները խաղաղության հասնելու համար մի կողմ էին դրել բարոյականության մասին իրենց պատկերացումներն ու դրան հասել պրագմատիկ հաշվարկով, ապա դա կարո՞ղ է համահունչ լինել աշխարհի և խաղաղության մասին ԱՄՆ-ի պատկերացումներին։

Սուրեն Սահակյան

Ատլանտյան խարտիա

Երկրորդ համաշխարհային պատերազմ ԱՄՆ-ի մասնակցության սկզբից առաջ՝ 1941թ․ օգոստոսի 14-ին, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կնքեցին «Ատլանտյան խարտիա» կոչվող համաձայնագիրը։ Փաստաթղթի բովանդակությունը պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի և դրա արդյունքների վերաբերյալ սկզբունքներն էին։ Փաստաթուղթը, ի վերջո, Միավորված ազգերի կազմակերպության հիմքը դարձավ։ Այն կազմված էր հետևյալ 8 կետերից․

Կողմերը հրաժարվում էին պատերազմի արդյունքներով տարածքային հավակնություններից։

Կողմերը հրաժարվում էին ճանաչել այն տարածքային փոփոխությունները, որոնք դեմ էին շահագրգիռ ժողովուրդների ազատ կամարտահայտությանը։

Համաձայնվում էին պաշտպանել իրենց ճակատագիրը և կառավարման ձևը որոշելու այն երկրների իրավունքը, որոնք դրանից զրկվել էին բռնի ուժով։

Պարտավորվում էին միջազգային ռեսուրսներին և առևտրին ազատ հասանելիություն ապահովել մեծ ու փոքր բոլոր պետությունների համար՝ հաջակցություն նրանց տնտեսական զարգացման հեռանկառներին։

Պարտավորվում էին ապահովել գլոբալ տնտեսական համագործակցություն և կենսամակարդակի համընդհանուր բարձրացում։ Սա, ի վերջո, դարձավ այս աշխարհակարգը ապահովող միջազգային ինստիտուտի՝ ՄԱԿ-ի ստեղծման կանոնադրական նպատակներից մեկը։

Պարտավորվում էին ստեղծել վախից և կարիքից զերծ հանրություն։ Սրա ապահովման համար կողմերը պետք է ստեղծեին պետությունների միություն, որը յուրօրինակ մեխանիզմներով կապահովեր առանց արտաքին ֆիզիկական միջամտությունից վախի և տնտեսական պայմաններից առաջացած սովի վտանգից կախման յուրաքանչյուրի գոյությունը։

Ապահովել ծովերի և օվկիանոսների օգտագործման ազատություն։ 

Ագրեսոր երկրների զինաթափում, որից հետո ամբողջական զինաթափում պատերազմից հետո։

Մեկ ամիս անց այս խարտիային միացան ԽՍՀՄ-ը և հակագերմանական կոալիցիայի մյուս անդամները։ Ինչպես տեսնում ենք, պայմանավորվող կողմերը արդեն հաշվի էին առել նախկին սխալները և որպես նոր աշխարհակարգի հիմք ընդունել նախկին պայմանավորվածություններից դրական արդյունքներ գրանցած դրույթները։ Վեստֆալյան համակարգից փոխառվել էին դրա սկզբունքները՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միմյանց գործերին չմիջամտելու դրույթները և վեճերը խաղաղ կարգավորելու հանձնառությունը։ Վիեննայի համակարգից փոխառվել էր որոշումները համակարծությամբ լուծելու կարգը՝ արդեն ՄԱԿ-ի անվտանգության մշտական խորհրդի կազմով։ Ի տարբերություն Վերսալյան պայմանագրի՝ Վեստֆալյան և Վիեննայի խաղաղության նմանությամբ Գերմանիան բաժանվեց երկու՝ արևելյան և արևմտյան մասերի։ Արևմտյան Գերմանիան՝ որպես ուժի աղբյուր, ոչ միայն չանտեսվեց, այլև ներառվեց նույն այն անվտանգային դաշինքի մեջ, որն ի սկզբանե ստեղծվել էր որպես հակագերմանական։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից յուրաքանչյուրն այս կարգերը պահպանելու համար իր ազդեցության գոտին ստացավ։

Ի թիվս նախկին կարգերի լավագույնս դրսևորած դրույթների, ներկայիս համակարգը անվտանգության մի նոր, կարևոր բաղադրիչ ստացավ՝ միջուկային զենքի միջոցով ռազմական հավասարակշռությունը։ Այս կամ այն կերպ ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ ՄԱԿ որոշումների նկատմամբ վետո կիրառելու իրավունք ունեցող 5 մշտական անդամներից յուրաքանչյուրը ստացավ սեփական անվտանգությունն ապահովելու և ուժային հավասարակշռման այդ կարևոր բաղադրիչը։ Նորամուծություն էր նաև Չինաստանի ներգրավումը՝ որպես միջազգային անվտանգային համակարգի մաս․ նախորդ համակարգերից Չինաստանը դուրս էր մնացել։ Յուրաքանչյուր պայթյունավտանգ աշխարհամասում կամ տարածաշրջանում ստեղծվեցին զսպումների և հակակշիռների յուրօրինակ համակարգեր՝ տարածաշրջանին բնորոշ հակակշիռներով։ Եվ այդ հավասարակշռությունը անընդհատ սնվում էր կարգին հետևող պետությունների կողմից։

ԱՄՆ-ն՝ որպես միջազգային կարգերի պահապան

Մինչև ժամանակակից կարգերի փոփոխության նկարագրությանն անցնելը ճիշտ կլիներ կանգ առնել ԱՄՆ-ի՝ որպես պետության, քաղաքական փիլիսոփայության ասպեկտի վրա։ Դա կարևոր է, քանի որ ԱՄՆ-ն ժամանակի ընթացքում դարձավ մի պետություն, որը հիմնական պաշտպանն էր լինելու այն կարգերի, որոնք ձևավորվել էին Եվրոպայում։ Արդյո՞ք ԱՄՆ-ն կարող էր և ճիշտ կգտներ այդ կարգերի պաշտպանության մեջ իր առաքելությունը տեսնել։ Եթե եվրոպացիները խաղաղության հասնելու համար մի կողմ էին դրել բարոյականության մասին իրենց պատկերացումներն ու դրան հասել պրագմատիկ հաշվարկով, ապա դա կարո՞ղ է համահունչ լինել աշխարհի և խաղաղության մասին ԱՄՆ-ի պատկերացումներին։ Եվրոպական գործերին ԱՄՆ-ի առաջին իսկ մասնակցությունը անհաջողությամբ պսակվեց, երբ Առաջին աշխարհամարտից հետո խաղաղության հասնելու գործում իսպառ անտեսվեց ուժի գործոնը։ Նմանօրինակ խնդիր էր նաև Առաջին աշխարհամարտից հետո հայկական հարցի կարգավորումը, որի պրակտիկ իրագործումը՝ հայկական տարածքների սահմանազատումը հանձնվեց ԱՄՆ-ի մանդատին։ Այստեղ կայացվեց Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը նույնպես կենսունակ չէր, քանի որ այն պաշտպանելու ուժի գործոնը հաշվարկված չէր։ Այսինքն՝ ո՛չ Վերսալի պայմանագրի, ո՛չ էլ հայկական հարցի կարգավորման ձախողումները պատահականություն չէին, այլ ԱՄՆ-ի՝ ժամանակի քաղաքական փիլիսոփայության բացերի հետևանք։ Վերսալյան պայմանագիրը, որ հիմնականում անտեսեց խաղաղության հաստատման գործում ուժի գործոնը, փորձեց կարգավորել իրավական դաշտը և կարևորեց պարտադրված արժեքները։ Միտքն այն էր, որ համապատասխան արժեհամակարգ որդեգրած աշխարհի համար այլևս պատերազմները կդադարեն իմաստ ունենալ։ Սա հանգեցրեց նոր պատերազմի։

«Եթե ԱՄՆ-ի դրոշը տեղադրվել է օտար հողի վրա, ապա դա նոր տարածքներ գրավելու համար չէ, այլ մարդկության բարօրության համար»․ ԱՄՆ 25-րդ նախագահ Ուիլյամ Մակկինլիի այս խոսքերը բավարար են երկրի արտաքին քաղաքական փիլիսոփայության առանձնահատկությունը նկարագրելու համար։ Դրա էությունն այն է, որ ԱՄՆ-ի քաղաքական խավը երկրին վերագրում է աշխարհն իրենց օրինակով փոխակերպելու առաքելություն։ Թվում է, թե ազատության, ժողովրդավարության և պետական կառավարման նրանց մոդելն իդեալական է ամբողջ աշխարհի և բոլոր ժողովուրդների համար ու նրանք ջանք չեն խնայում այն աշխարհի սեփականությունը դարձնելու համար։ Ահա թե ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից Թոմաս Ջեֆերսոնն ինչ է գրում այս կապակցությամբ․ «Մենք զգում ենք, որ գործում ենք համաձայն մեր պարտավորությունների, որոնք ամենևին էլ սահմանափակված չեն մեր հասարակության սահմաններով։ Անհնար է չգիտակցել, որ մենք հանուն ողջ մարդկության ենք գործում, որ այլոց մերժված, բայց մեզ շնորհված հանգամանքները պարտավորում են ցուցանել, թե որն է ազատության ու ինքնակառավարման այն աստիճանը, որով հասարակությունը պետք է ձգտի օժտել իր անդամներին»։ 

Եվրոպայում իրականության հետ այս տեսության բախումից և ձախողումից հետո ԱՄՆ-ն մեկուսացավ և փորձեց վերաիմաստավորել իր քաղաքականությունը։ Ընդհանրապես, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաիմաստավորումը անընդհատ գործընթաց է, որ արդիականանում է ամեն հերթական ձախողումից հետո՝ Առաջին աշխարհամարտ, Կորեա, Վիետնամ, Աֆղանստան, Իրաք և այլն։ Այն հանգում է զուգահեռ գոյություն ունեցող երկու հայեցակարգերի բախման։ Առաջին մոտեցումն այն է, որ ԱՄՆ-ում ձևավորվել է մի ժողովուրդ, որի առաքելությունն է աշխարհին տալ ազատության և պետական կառավարման այն մոդելը, որը նրանց հաջողության է հասցրել և դարձրել հզորությամբ առաջին պետությունը։ Առաջին աշխարհամարտից հետո վերաիմաստավորման արդյունքները տեսանելի են։ Արդեն Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի նոր դերակատարությունը, բացի արժեքային և իրավական բաղադրիչի հիմքերից, ամրապնդված էր նաև ուժի աննախադեպ կենտրոնացվածությամբ և այն իր նպատակին ծառայեցնելու վճռականությամբ։ Իզուր չէ, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի ռազմական բյուջեն անշեղորեն աճում է և կազմում է ռազմական ծախսերի մեծությամբ իրեն հաջորդող երկրների տասնյակի բյուջեների հանրագումարին։

Մյուս հայեցակարգն, ըստ էության, վերադարձ է Մոնրոյի դոկտրինին, ըստ որի՝ ԱՄՆ-ն հանձնառու էր չխառնվել եվրոպական [աշխարհի] գործերին, փոխարենն ակնկալում էր, որ որևէ պետություն չմիջամտի ԱՄՆ-ի և արևմտյան կիսագնդի որևէ երկրի գործերին։ Այս հայեցակարգի վառ ներկայացուցիչը Դոնալդ Թրամփն էր, որի նախընտրական կարգախոսներից ամենանշանակալին «Ամերիկան՝ առաջին հերթին» կարգախոսն էր։ Սակայն մենք տեսանք, թե ձևավորված աշխարհակարգում ԱՄՆ-ի մեկուսացումն ինչ աղետալի հետևանքներ ունեցավ համաշխարհային խաղաղության համար։ Նրա կառավարման ընդամենը 4 տարիների ընթացքում գործնականում բոլոր տարածաշրջաններում հարաբերությունները մոտեցան պատերազմականին կամ պատերազմներ սկսեցին։ Ակնհայտորեն դա ուժային հավասարակշռության խախտման հետևանքն էր։ ԱՄՆ-ի մեկ այլ նախագահ՝ Թեոդոր Ռուզվելտը, այդպիսի քաղաքականության հետևանքները նկարագրում էր այսպես․ «Ազատական հասարակությունները միջազգային հարցերում վեճերի ու կռիվների դերը թերագնահատում են։ Ցավալի փաստ է, որ առավել մարդասեր, ներքին կատարելության ձգտող երկրները, որպես կանոն, նվազ ալտրուիստական քաղաքականություն ունեցող երկրների հանդեպ թուլանալու հակում ունեն։ Ես ատում ու արհամարհում եմ այն կեղծ մարդասիրությունը, որ քաղաքակրթության առաջընթացը պայմանավորում է ռազմի ոգու թուլացմամբ ու դրանով թերզարգացածին հրավիրում է ոչնչացնել զարգացած քաղաքակրթությունը»։ Պատմությունը հստակորեն ցույց տվեց, որ նրա այս մտքերը ճիշտ էին թե՛ վիլսոնյան, թե՛ Թրամփի վարած քաղաքականության հետևանքները նկարագրելու համար։ Դրա վկայությունն են Էրդողանի, Պուտինի ռեժիմների դրսևորած վարքը, երբ քաղաքակիրթ աշխարհը հրաժարվում է ռազմական ուժ կիրառելու սպառնալիքից կամ ռազմական բալանսը պահպանելու գործելաոճից։

Այնուամենայնիվ, Բայդենի նախագահությամբ ԱՄՆ-ն վերադարձավ իր հիմնական դերակատարությանը և դա առաջին հերթին վառ արտահայտվեց ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում։ Մենք ականատես ենք լինում, որ Հարավային Կովկասի հարցերում նրա միջամտությունը նույնպես վճռական դառնալու միտում ունի։ Սակայն միջազգային հարցերում ԱՄՆ-ի հետագա դերակատարությանը պետք է ավելի լայն նայել։

[շարունակելի]

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *