Սահմանադրությունը դարձավ ընդամենը գործիք, որով օրվա իշխանությունը վերարատադրվելու հնարավորություն էր ստանում:
Անահիտ Ադամյան
«Ազատ զրույց»-ը հյուրընկալել էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին:
Անահիտ Ադամյանը նախ խոսեց սահմանադրության մասին, ասելով, որ այն չգիտակցված տոն է: Հուլիսի 5-ին քիչ մարդկանց կարելի է հանդիպել փողոցում, ովքեր միանգամայն գաղափարապես նշում են այդ տոնը: Տոնը մնում է ստվերում՝ չհաշված տոնական տրամադրության մթնոլորտը, համերգները և այլն: Տիկին Ադամյանի խոսքով սահմանադրությունը այս հանրապետության հիվանդ երեխան է, ում անընդհատ վիրահատություններով հնարավորություն են տալիս մի քիչ էլ ապրել, բայց ոչ առողջանալ: Հայաստանում համարյա ամեն տասը տարին մեկ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, բայց դրանք ավելի շատ եղել են կոսմետիկ բնույթի, չեն արտացոլոլել իրական պահանջները, եղել են բարեփոխումներ, բայց ոչ իրական փոփոխություն: Ադամյանը նշեց, որ ինքը 1995թ. սահմանադրության ընդունման ժամանակ բազմաթիվ մարդկանց հետ է հարցազրույցներ անցկացրել և այն ժամանակ կար այդ սահմանադրության հաստատման գիտակցումը, դրա կարևորության ըմբռնումը, բայց հետո այդ զգացումը կորավ, սահմանադրությունը դարձավ ընդամենը գործիք, որով օրվա իշխանությունը վերարատադրվելու հնարավորություն էր ստանում:
Անահիտ Ադամյանը խոսեց նաև «Հայաքվեի» մասին, այն համարելով «Զարթնիր լաո-2» պրոյեկտ՝ զրո օգտակարությամբ: Հանրաքվեի իմաստն այն է, որ եթե հավաքվի 50 հազար ստորագրություն, ապա հարցը կմտնի ԱԺ: Բայց ԱԺ-ն մերժելու է այդ օրինագիծը: Այդ ստորագրահավաքի իմաստը ո՞րն է: Ի՞նչ հարց է լուծելու դա: Չէ, որ բոլորն էլ հասկանում են, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինել-չլինելու հարցը ՀՀ ԱԺ-ում չի որոշվելու: Ընդդիմությունը, որ ձեռնարկել է այդ ստորագրահավաքը, տասնյակ տարիներ ուներ այդ գործընթացը իրավական առումով լուծելու կամ գոնե փոփոխելու համար: Բայց ոչինչ չի արել և հիմա նման կոսմետիկ միջոցառումները ոչ մի էական նշանակություն չունեն։ Ադամյանն ասաց, որ ինքը չի հասկանում ընդդիմությանը, չի հասկանում, թե նրանց ուզածն ինչ է: Նա անդրադարձավ նաև 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Իշխան Սաղաթելյանի ելույթին, որում վերջինս նշել էր, որ գալիս են խորհրդարան խանգարելու: Ի՞նչ է ուզում ընդդիմությունը: Ընդդիմությունը չի հասկանո՞ւմ, որ Արցախը իշխանափոխության գործիք դարձնել չի ստացվում, որ հասարակությունն իրենց հետ չէ ո՛չ հիմա, ո՛չ 2018-ից առաջ: Ցանկացած նորմալ մարդ էլ չի ցանկանում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, միայն թե այդ հարցի կարգավորման լուրջ մեխանիզմներ կան, ոչ թե անհասկանալի ցույցերը, հավաքները, ստորագրահավաքները, որոնք ոչ մի գործնական հետևանք չեն թողնում:
Անահիտ Ադամյանն անդրադարձավ նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա ասաց, որ Իլհամ Ալիևը դեռևս էյֆորիայից դուրս չի եկել և հենց այդ պատճառներով է իրեն նման կերպ պահում, բայց իրեն զարմացնում է ՀՀ իշխանությունների պահվածքը: ՀՀ գործելակերպը մի տեսակ անհետևողական է ստացվում: Մենք միայն տվյալ օրվա կրակը մարելու հոգսով ենք զբաղված, բայց չենք կարողանում երկարաժամկետ պլան գծել ու հետևել դրա հետևողական իրականացմանը:
Օրինակ Հաագայի դատարանի որոշման չկատարումը հենց այդպես էլ օդում մնաց, մինչդեռ հստակ ձևաչափ կա այն բողոքարկելու և գործընթացը վերահսկելու հետ կապված: Ինչու դա չի իրականացվում:
Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, ապա տիկին Ադամյանն ասաց, որ մենք շատ երկար ժամանակ չենք հասկացել, թե արտաքին քաղաքականությունն իրենից ինչ է ենթադրում: Հայաստանն այդպես էլ նորմալ արտաքին քաղաքականություն չի իրականացրել, որի շնորհիվ կարելի էր ժամանակին մեր շուրջը համախմբել երկրների և կազմակերպությունների, որոնք մեր կողքը կագնած կլինեին այնպես, ինչպես Թուրքիան և Ռուսատանը կանգնեցին Ադրբեջանի կողքը 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ամբողջական տեսանյութը՝