16.6 C
Yerevan

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանա­պարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

Մաս Վեցե­րորդ

Թեև Հայաստա­նում տարածված կարծիք կա, թե ներկա­յումս Ռուսաստա­նի համար առա­ջա­ցած խնդիրնե­րը հենց Ռուսաստա­նի հետ են կապված, սակայն կարե­լի է ենթադրել, որ վերջին տասնամյակնե­րի ընթացքում բոլոր ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րում իր պոտենցիա­լը կորցրած Ռուսաստա­նը հակադրության մեջ մտած որևէ կողմի համար չի կարող էական մրցա­կից լինել։

Սուրեն Սահակյան

Զուգա­հե­ռա­բար, ԱՄՆ‑ի տնտե­սության թուլա­ցումն առա­վել ակնհայտ երև­աց 2008թ․՝ ամե­րիկյան ծագում ունե­ցող համաշխարհա­յին տնտե­սա­կան ճգնա­ժա­մի ժամա­նակ։ Եվ անմի­ջա­պես էլ այսպես կոչված «արևմտյան բլո­կում» բազմա­թիվ հակա­սություններ ի հայտ եկան։ Մերձա­վոր Արև­ելքում ԱՄՆ‑ի վարած քաղա­քա­կա­նությունը 2013թ․-ին այլևս նույն աջակցությունը չգտավ ՆԱՏՕ‑ի գործընկերնե­րի կողմից։ Մեծ Բրի­տա­նիան և Ֆրանսիան հրա­ժարվե­ցին ԱՄՆ‑ի հետ կոա­լի­ցիոն գործունեություն ծավա­լել Սիրիա­յում, ինչպես դա տեղի էր ունե­ցել Իրա­քի դեպքում։ Եվ անմի­ջա­պես էլ սկսե­ցին ճաքեր նկատվել Հյուսի­սատլանտյան բլո­կի ներսում։ Արդեն 2013թ․-ին Գերմա­նիա­յի կանցլեր Անգե­լա Մերկե­լը հայտա­րա­րում էր, որ Եվրո­պան պետք է իր անվտանգությունը ինքնուրույն կազմա­կերպի։ Եվ դա տարբեր պարբե­րա­կա­նությամբ մինչ օրս կրկնում են եվրո­պա­կան երկրնե­րի տարբեր ղեկա­վարներ, այդ թվում՝ վերջերս դա նկա­տած Էմա­նուել Մակրո­նը։ Նույն ժամա­նակնե­րում միա­վորված Եվրո­պան իր սահմաննե­րի երկայնքով սկսեց ակտի­վացնել հարա­բե­րություննե­րը հարև­աննե­րի հետ՝ ՆԱՏՕ-ից զատ անվտանգա­յին գոտի­ներ ստեղծե­լու ակնհայտ մտադրությամբ։ Մենք դա տեսել ենք Արև­ելյան գործընկե­րության ծրագրի շրջա­նա­կում Խորհրդա­յին Միության նախկին երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման օրի­նա­կով։ Արդեն Թրամփի նախա­գա­հության տարի­նե­րին ԱՄՆ‑ն հայտա­րա­րեց, որ չի պատրաստվում իր միջոցնե­րով արհեստա­կա­նո­րեն երկա­րաձգել Դաշինքի կյանքը, այնպես որ դրա­նում հետաքրքրված երկրնե­րը պետք է կատա­րեն իրենց ֆինանսա­կան պարտա­վո­րություննե­րը՝ ՀՆԱ‑ի 2 տոկո­սը տրա­մադրե­լով Դաշինքի գործունեությա­նը։ ԱՄՆ‑ն տնտե­սա­կան պատե­րազմ սկսեց Չինաստա­նի դեմ՝ աստի­ճա­նա­բար մեծացնե­լով դրա մասշտաբնե­րը։ Իսկ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմից հետո եվրո­պա­կան առա­ջա­տար երկրնե­րը՝ Գերմա­նիան և Ֆրանսիան, աննա­խա­դեպ մեծացրին իրենց ռազմա­կան ծախսե­րը և սպա­ռա­զի­նության մակարդա­կը։

Այս նկա­րագրությունը ցույց է տալիս, որ իրոք, կանոննե­րը նույնը թողնե­լով՝ ԱՄՆ‑ն ժամա­նա­կի ընթացքում այլևս չի կարող նախկի­նի պես վերահսկել իրա­վի­ճա­կը։ Առա­վել ևս Թրամփի ղեկա­վարման տարի­նե­րին վարած տրա­մագծո­րեն հակա­ռակ քաղա­քա­կա­նության պատճա­ռով։ Հեգե­մո­նի և կարգե­րի պաշտպա­նի իր դերը պահպա­նե­լու համար ԱՄՆ‑ն ստիպված է զսպել դեռևս միայն տնտե­սա­կան ազդե­ցության առումով իրեն մարտահրա­վեր նետած Չինաստա­նին։ Ստեղծվող նոր դաշինքներն, ըստ իրենց նշա­նա­կության, հենց չինա­կան առևտրա­յին ուղի­նե­րը վերահսկե­լու համար են, բայց Չինաստա­նի տնտե­սա­կան գոտին այլևս չի սահմա­նա­փակվում իր նեղ տարա­ծաշրջա­նով և այդպի­սի տնտե­սա­կան վերահսկո­ղության համար պայքար է գնում պրակտի­կո­րեն ամբողջ աշխարհում։ Բնա­կան է, որ ստեղծված իրադրությունն իր շահե­րին ծառա­յեցնել փորձում են շահա­ռու բոլոր երկրնե­րը, այդ թվում՝ Ռուսաստա­նը։ Թեև Հայաստա­նում տարածված կարծիք կա, թե ներկա­յումս  Ռուսաստա­նի համար առա­ջա­ցած խնդիրնե­րը հենց Ռուսաստա­նի հետ են կապված, սակայն կարե­լի է ենթադրել, որ վերջին տասնամյակնե­րի ընթացքում բոլոր ռազմա­վա­րա­կան ոլորտնե­րում իր պոտենցիա­լը կորցրած Ռուսաստա­նը հակադրության մեջ մտած որևէ կողմի համար չի կարող էական մրցա­կից լինել։ Ավե­լի տրա­մա­բա­նա­կան կլի­ներ կարծել, որ թե՛ Ռուսաստա­նը, թե՛ Թուրքիան, թե՛ տարա­ծաշրջա­նա­յին այլ լիդեր-երկրներ փորձում են նոր ստեղծվող աշխարհա­կարգում իրենց համար ավե­լի շահա­վետ դերա­կա­տա­րություն ստանձնել։ ԱՄՆ-ին, օրի­նակ, Ռուսաստա­նի աջակցությունն անփո­խա­րի­նե­լի է Չինաստա­նը տնտե­սա­պես վերջնա­կան շրջա­փա­կե­լու հեռանկա­րի համար, իսկ Չինաստա­նի համար այն կարող է ԱՄՆ‑ի վերահսկո­ղությունից դուրս հուսա­լի լոգիստիկ հնա­րա­վո­րություններ ապա­հո­վող դաշնա­կից դառնալ այն պայմաննե­րում, երբ Ասիա­կան և Հնդկա­խա­ղա­ղօվկիա­նոսյան տարա­ծաշրջաննե­րում ԱՄՆ‑ն արդեն իսկ գործնա­կա­նում ապա­հո­վել է իր անհրա­ժեշտ և բավա­րար ներկա­յությունը։ 

Հայաստան և Արցախ

Նոր աշխարհա­կարգի ճարտա­րա­պե­տության այս դրվագնե­րը ստի­պում են փորձել այլ դիտանկյունից էլ նայել Հայաստա­նի և Արցա­խի շուրջ ծավալվող իրա­դարձություննե­րին։ 2020թ․ պատե­րազմը տեղի ունե­ցավ պայմաննե­րում, երբ ԱՄՆ‑ն Թրամփի կառա­վարմամբ մեկուսացման քաղա­քա­կա­նություն էր վարում, ինչն, ինչպես վերը նկա­րագրված է, ամբողջ աշխարհում և առանձին տարա­ծաշրջաննե­րում հանգեցրեց սպա­ռա­զի­նության հավա­սա­րակշռություննե­րի խախտման և տարա­ծաշրջա­նա­յին լիդերնե­րի ազդե­ցության ոլորտնե­րի վերա­բաշխման գայթակղության։ Իր հերթին Ռուսաստա­նը հետև­ո­ղա­կա­նո­րեն պատրաստվում էր Ղրի­մի համար հետաձգված պատե­րազմին։ Այդ, ինչպես նաև արցախյան պատե­րազմից խուսա­փե­լու թերևս միակ տարբե­րա­կը նոր աշխարհա­կարգի մեջ «Արևմուտքի» հետ Չինաստա­նին մեկուսացնե­լու հարցում Ռուսաստա­նի հետ միասնա­կան գործե­լու հեռանկարն էր։ Ծրագրին միա­նա­լու համար Ռուսաստա­նը չափա­զանց մեծ գին առա­ջարկեց․ այդ գինը ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմից անմի­ջա­պես առաջ հրա­պա­րակված Ռուսաստան-ՆԱՏՕ բանակցություննե­րին ռուսա­կան կողմի մերժված առա­ջարկն էր։ «Արևմուտքի» պատկե­րա­ցումնե­րի ապա­գա աշխարհին իր դերա­կա­տա­րությունը Ռուսաստա­նը պատկե­րացնում էր որպես լիարժեք գործընկեր, որի կամքից կարող էր կախված լինել ապա­գա աշխարհի ճարտա­րա­պե­տության ճակա­տա­գի­րը։ Այդ առա­ջարկը գուցեև ընդունե­լի լիներ, եթե Ռուսաստա­նի քաղա­քա­կան համա­կարգն ավե­լի կայուն և դրա ապա­գան ավե­լի կանխա­տե­սե­լի լիներ։ «Արևմուտքի» համար այդպի­սի հուսա­լի գործընկեր կարող էր լիներ բացա­ռա­պես ժողովրդա­վա­րա­կան Ռուսաստա­նը։ Այլ պարա­գա­յում մեծ էր վտանգը, որ մի խնդի­րը լուծե­լու փոխա­րեն «Արևմուտքը» երկուսը կստա­նար և հավելյալ վտանգներ կստա­նար Չինաստա­նի և Ռուսաստա­նի շահե­րի համադրման պարա­գա­յում։ Եվ Ռուսաստա­նը Ղրի­մի բռնակցումից հետո պատրաստվում էր այդ սցե­նա­րին։

Ղրի­մի իրա­դարձություննե­րից հետո ռուսա­կան պետա­կան ու ոչ պետա­կան հեռուստա­տե­սության էկրաննե­րը հնա­րա­վոր ու անհնար բոլոր միջոցնե­րով հիմնա­վո­րում էին Ուկրաի­նա­յի հետ պատե­րազմի անհրա­ժեշտությունը՝ երբեմն աբսուրդի հասցնե­լով փաստարկնե­րը։ Միա­ժա­մա­նակ, ակնհայտ էր, որ ուկրաի­նա­կան պատե­րազմի այդ սցե­նա­րում նրա արևմտյան տնտե­սա­կան սահմաննե­րը փակվե­լու են։ Արևմուքի հետ որևէ կապ ունե­նա­լու համար Ռուսաստա­նի համար կենսա­կան նշա­նա­կություն ուներ ոչ միայն Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի չեզո­քությունը, այլև աջակցությունը։ Այդպի­սի աջակցությունը Թուրքիա­յի պարա­գա­յում պետք էր նրա վարած տնտե­սա­կան ու արտա­քին քաղա­քա­կա­նության համա­տեքստում, ինչպես նաև Ադրբե­ջա­նի աջակցությունը՝ որպես Վրաստա­նը շրջանցող ցամա­քա­յին ուղի և աշխարհին ռուսա­կան ռեսուրսնե­րի միջնորդ-մատա­կա­րար։ Ի թիվս այլ զիջումնե­րի՝ այդպի­սի աջակցության մեզ հետաքրքրող գինը Արցա­խի խնդրում հօգուտ Ադրբե­ջա­նի դիրքո­րոշման փոփո­խությունն էր։ Եվ հենց Ղրի­մի բռնակցումից մեկ տարի անց Ռուսաստա­նը սկսեց զիջումնե­րի գնա­լու համար մեծացնել ճնշումը Հայաստա­նի վրա, իսկ Ադրբե­ջա­նին զինել՝ սպա­ռա­զի­նության հավա­սա­րակշռությունն այնպես խախտե­լով, որ պատե­րազմն անխուսա­փե­լի դարձնի, իսկ դրա ելքը՝ կանխա­տե­սե­լի։ 2020թ․ նոյեմբե­րի 9‑ին ստո­րագրված փաստաթղթի մեջ ամրագրվեց և առա­ջին անգամ հանրա­յին քննարկման դաշտ նետվեց այդ պատե­րազմում և դրա արդյունքնե­րով Ռուսաստա­նի շահագրգռությունը՝ տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցության միջոցնե­րի ապաշրջա­փա­կումը։ Հատկանշա­կան է, որ հայկա­կան կողմի պնդմամբ ստո­րագրված փաստաթղթի համա­տեքստում «Մեղրիի միջանցքի» մասին խոսք չի եղել։ Ադրբե­ջա­նա­կան կողմը սրա ճիշտ հակա­ռակն է պնդում։ Ակնհայտ է, որ եթե ոչ գրա­վոր, ապա բանա­վոր պայմա­նա­վորվա­ծությունը Ադրբե­ջա­նը կայացրել է ոչ թե հայկա­կան, այլ ռուսա­կան կողմի հետ և այդ պայմա­նա­վորվա­ծությունը տեղի է ունե­ցել մինչև պատե­րազմի ակտիվ փուլի ավարտը։ Ռուս-ադրբե­ջա­նա­կան այս համա­գործակցության բարձրա­կե­տը Ուկրաի­նա Ռուսաստա­նի ներխուժման նախօ­րեին ստո­րագրված դաշնակցա­յին համա­գործակցության մասին համա­տեղ ստո­րագրված փաստա­թուղթն էր՝ կասկած չթողնե­լով, թե ինչ ուղղվա­ծություն և ինչ գին ուներ այդ դաշնությունը։ 

Ի դեպ, կարծիք կա, որ Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի լոյա­լության պարա­գա­յում Հայաստա­նը միակ երկի­րը չէ, որ կարող է ապա­հո­վել նրանց միջև պակա­սող օղա­կը, այլ այդպի­սի հանգույց կարող է դիտվել նաև Իրա­նը, եթե Հայաստա­նի հետ խնդիրներ առա­ջա­նան։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստա­նի պարա­գա­յում ընտրվում է նվա­զա­գույն դիմադրության ուղին։ Իրա­նը, իր տարածքը տրա­մադրե­լով, դրա­նից իրեն հարմար դիվի­դենտներն է քաղե­լու և ի՛ր գինն է առա­ջարկե­լու։ Իրա­նին ճնշե­լով ուզա­ծը ստա­նալն ամենև­ին նույնը չէ, ինչ Հայաստա­նի պարա­գա­յում։ Միա­ժա­մա­նակ, դժվար թե շահագրգիռ երկրնե­րին ձեռնտու լինի տարա­ծաշրջա­նում Իրա­նի ազդե­ցության նմա­նօ­րի­նակ աճը՝ հաշվի առնե­լով միջազգա­յին հանրության և հարև­աննե­րի հետ վերջի­նիս ունե­ցած խնդիրնե­րը։ Այնպես որ, կարե­լի է ենթադրել՝ Ռուսաստա­նի, Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի համար Հայաստա­նով անցնող հաղորդակցության ուղի­ներն ալտերնա­տիվ չունեն կամ դրանց գինը անթույլատրե­լիության աստի­ճան բարձր է։

Չմո­ռա­նանք, որ այս համա­գործակցության մեզ համար ամե­նա­կարև­որ դրսև­ո­րումը՝ Արցա­խում 2020թ․ տեղի ունե­ցած պատե­րազմը, եղավ Թրամփի կառա­վարման և ԱՄՆ‑ի վարած մեկուսացման քաղա­քա­կա­նության պայմաննե­րում։ Բայց փոխվեց թե՛ Թրամփը, թե՛ նրա­նով պայմա­նա­վորված ԱՄՆ‑ի արտա­քին քաղա­քա­կա­նությունը։ Ատլանտյան երկրորդ խարտիան հնա­րա­վոր նոր աշխարհա­կարգի վերա­բերյալ բավա­կա­նին սպա­ռիչ պատասխաններ է տալիս, և մեզ հետաքրքիր է հասկա­նալ, թե նկա­րագրված այդ աշխարհում ինչ հեռանկարներ ունեն Հայաստանն ու Արցա­խը։ 

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ