Ի՞նչ գծի պետք է հետևեն միջազգային այլ դերակատարները, և որոնք են կոնկրետ ակնկալիքները՝ կոնկրետ դերակատարներից: Հայաստանում ավելի ու ավելի է զգացնել տալիս այդ բացը:
Հակոբ Բադալյան
Ինչ գծի պետք է հետևի Հայաստանը
Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի արդարադատության դատարանի և ՄԻԵԴ ավելի վաղ կայացված վճիռների վերհաստատումներին: Մի քանի օր առաջ Հայաստանի ԱԳՆ հայտարարել էր, որ միջազգային հանրությունից ակնկալում է Արցախում մարդասիրական աղետի վերածվող շրջափակումը բացելու ուղղված ավելի գործուն ջանքեր: Որոնք են սակայն միջազգային հանրությունից ակնկալվող այդ ջանքերը, մի կողմից կարծես թե պարզ է՝ դրանք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու քայլերն են, որոնք պետք է կատարվեն Արցախի 120 հազար բնակիչների դեմ հակամարդկային քաղաքականության համար, մյուս կողմից սակայն միջազգային հանրության ավելի գործուն ջանքի մասին ընդհանրական հայտարարությունները այդուհանդերձ թողնում են բավականին բաց հարցեր: Ի՞նչ գծի պետք է հետևեն միջազգային այլ դերակատարները, և որոնք են կոնկրետ ակնկալիքները՝ կոնկրետ դերակատարներից: Հայաստանում ավելի ու ավելի է զգացնել տալիս այդ բացը:
Կոնկրետությունը շոշափվում է միայն Ռուսաստանի մասով, հղում անելով թե հայ-ռուսական դաշնակցային փաստաթղթերին, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Բայց, երբ կոնկրետությունն ու առարկայականությունը սահմանափակվում է դրանով, ստեղծվում է իրավիճակ, որը բացում է ոչ այնքան Հայաստանի, որքան Ադրբեջանի ու միջազգային այլ դերակատարների մանևրի դաշտ: Մինչդեռ, Ռուսաստանի պարտավորությունների բազայից զատ, որը հիշատակվում և մատնացույց է արվում արդարացիորեն, անհրաժեշտաբար, կան նաև այլ «բազաներ», կապված միջազգային այլ կառույցների, այլ դերակատարների հետ, ինչպես Եվրոպայի Խորհուրդը, ինչպես Հայաստանի հետ համապարփակ համաձայնագիր կնքած ԵՄ-ն ու այդ համաձայնագրով արձանագրված սկզբունքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ:
Ի վերջո, այլ միջազգային դերակատարները, որոնք հաճախ բնորոշվում են իբրև առաջատար, արդիական միջազգային հանրություն կամ արևմտյան աշխարհ, իրենք են ի տես ամբողջ աշխարհի ստանձնել ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք աջակցության նշաձողն ու այն պաշտպանելու առաջատարությունն ու դրոշակակրությունը: Ընդ որում, այդ ամենը ստանձնել են թե պարզապես քաղաքական արժեհամակարգային, քաղաքակրթական, գաղափարական, բարոյական տիրույթում՝ որը պրակտիկ քաղաքականություն են տեղափոխում ըստ անհրաժեշտության, ինչպես բալկանների, մերձավորարևելյան մի շարք օրինակներում, թե նաև միջազգային տարբեր ձևաչափերի և համաձայնագրերի, կոնվենցիաների տեսքով: Հայաստանի հանրապետությունն ունի Ռուսաստանի պարտավորությունների բազայի առումով կոնկրետացումներին զուգահեռ, կոնկրետանալ նաև այլ միջազգային դերակատարների պարտավորությունների ուղղությամբ, այդպիսով ապահովելով միջազգային պատասխանատվության հավասարակշռված շեշտադրում, հիմնված գերազանցապես ռացիոնալ դիտարկումների և հիմնարար բովանդակությունների վրա, ամենևին չշփոթելով և չնենգափոխելով պարտավորությունները, բայց հավասարակշռելով դրանք և այդ կերպ տարածություն բացելով Հայաստանի, այլ ոչ թե երրորդ երկրների ճկունության ու խաղի համար: Սա կարևորագույն խնդիր, որ պետք է լուծվի բավականին բազմազան գործիքակազմով, սակայն ըստ էության լրջորեն մշակված քաղաքականությամբ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։