Հայկական պատվիրակության ղեկավար ԱվետիսԱհարոնյանն իր հուշերում գրում է, որ Սեւրիպայմանագրի օրը՝ օգոստոսի 10-ը, իր կյանքիամենաերջանիկ օրն է եղել։ «Երեսուն տարվապայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերսպսակվեցին փառավոր հաջողությամբ»,- գրում է նա։
1920թ. օգոստոսը Հայաստանի առաջին հանրապետության պատմության ամենաերջանիկ, ամենահուզիչ, բայց միաժամանակ նաեւ ամենատագնապալի ժամանակներից էր։ Հայաստանն աստիճանաբար ամրապնդում էր ինքնիշխանությունը, իր տիրապետությունը հաստատում հայկական այն շրջանների վրա, որոնք իր վարչական տարածքում էին։ Նախորդ ամիսներին հնազանդեցվել էին Զանգիբասարի, Վեդիի թաթարական ապստամբությունները, հայկական բանակը մտել էր Շարուր-Նախիջեւան։
Ամռան ամիսներն ընթանում էին նաեւ միացյալ Հայաստանի ճակատագրի վերջնական լուծման բուռն սպասումով. Խաղաղության վեհաժողովի աշխատանքները մոտենում էին ավարտին, եւ Հայաստանի անկախության ճանաչումն ու Հայկական հարցի լուծումը հեռու չէր։
Ապրիլին Սան Ռեմոյում խոշոր տերություններն արդեն ուրվագծել էին ապագա միացյալ Հայաստանի սահմանները եւ ավարտին հասցրել հաշտության պայմանագիրը, որը մայիսին ներկայացվել էր Թուրքիային։
Փարիզի Սեւր արվարձանում 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվում է խաղաղության պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրում են մի կողմից՝ Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան, ինչպես նաեւ «Փոքր դաշնակիցները»՝ Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջազը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետությունը եւ Չեխոսլովակիան։ Հայաստանի ներկայացուցիչը Ավետիս Ահարոնյանն էր։
Թուրքիան ներկայացնում էին սենատորներ Հաադի փաշան, Ռիզա Թեւֆիկ բեյը եւ Բեռնում Թուրքիայի արտակարգ դեսպան եւ լիազոր մինիստր Ռեշադ Խալիոս բեյը։
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
Սեւրի պայմանագիրը բաղկացած է 578 հոդվածից, որոնցից Հայաստանին վերաբերում էին հիմնականում վեցը՝ 88-93-րդ հոդվածները։
Պայմանագիրը վերաբերում էր միացյալ՝ ինչպես Արեւմտյան, այնպես էլ Արեւելյան Հայաստանին։ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես ազատ եւ անկախ պետություն։ Հայաստանին էին միանալու Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթները, որոնց վերջնական սահմանները գծելու էր Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սահմանազատումից հետո Թուրքիան պետք է հրաժարվեր Հայաստանին անցած տարածքների նկատմամբ իր բոլոր իրավունքներից։ Երկու երկրների սահմանը որոշելու համար երեք ամսվա ընթացքում ստեղծվելու էր հատուկ հանձնաժողով։
Սեւրի պայմանագիրն անդրադառնում էր նաեւ Արեւելյան Հայաստանին, որտեղ նշված էր, որ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ սահմանները պետք է որոշվեն փոխադարձ համաձայնությամբ։ Եթե հնարավոր չէր լինում համաձայնության հասնել, ապա սահմանագիծը որոշելու էին գլխավոր դաշնակից պետությունները, այսինքն՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան։
Պայմանագրում անդրադարձ կար նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում տեղի ունեցած բռնություններին։ Մասնավորապես՝ 142-րդ հոդվածը սահմանում էր. քանի որ 1914թ. նոյեմբերի 1-ից Թուրքիայում չէին կարող «նորմալ կարգով տեղի ունենալ քրիստոնյաների դավանափոխություններ, ապա այդ ամսաթվից հետո եղած դավանափոխությունները չէին ընդունվում»։ Նույն տրամաբանությամբ՝ առ ոչինչ էր ճանաչվում 1915թ. լքված սեփականության մասին թուրքական օրենքը։ Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր նպաստել, որ «իրենց օջախները վերադառնան եւ իրենց գործերը վերսկսեն օսմանյան այլազգի այն քաղաքացիները, որոնք 1914թ. հունվարի 1-ից հետո գաղթել են վախից դրդված կամ արտաքսվել են բռնադատման որեւէ այլ եղանակով»։
Սեւրում ստորագրված փաստաթղթով վերացվում էին մինչեւ 1914թ. օգոստոսի 1-ը կամ դրանից հետո եւ նախկինում Ռուսաստանի տարածքի մաս կազմող զանազան պետությունների ու կառավարությունների հետ Թուրքիայի կնքած պայմանագրերը։ Այսինքն՝ չեղյալ էր դառնում Բաթումի պայմանագիրը։
Հայաստանն իրավունք էր ստանում Տրապիզոնի նավահանգստի վրայով ազատ մուտք ունենալ Սեւ ծով, ինչպես նաեւ ազատորեն օգտվել Բաթումի նավահանգստից, որի վրայով ազատ մուտք էին ստանում նաեւ Վրաստանը, Ադրբեջանը եւ Պարսկաստանը։
«ՊԱՏԺՎՈՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ»
Հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանն իր հուշերում գրում է, որ Սեւրի պայմանագրի օրը՝ օգոստոսի 10-ը, իր կյանքի ամենաերջանիկ օրն է եղել։ «Երեսուն տարվա պայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերս պսակվեցին փառավոր հաջողությամբ»,- գրում է նա։
Օգոստոսի 10-ին Ահարոնյանը ավտոմեքենայով հասնում է Սեւր, որտեղ պալատի դիմաց զինվորները պատվո շարք էին կանգնել։ Ժամը 16-ին գալիս է Ֆրանսիայի վարչապետ Ալեքսանդր Միլերանը, ով նաեւ խորհրդաժողովի նախագահողն էր։ Կարգադրիչը ներս է հրավիրում թուրքական պատվիրակությանը, որն իր տեղն է զբաղեցնում դահլիճում։ «Տիրեց ընդհանուր լռություն։ Բոլոր այս ցերեմոնին մահվան պատժի ի կատար ածումի պատկեր ուներ։ Պատժվողը Թուրքիան էր»,- գրում է Ահարոնյանը։
Խորհրդաժողովի նախագահը թուրք պատվիրակներին հրավիրում է ստորագրելու պայմանագիրը։ Նախ մոտենում է Հաադի փաշան, վերցնում «իրեն մեկնված գրիչը եւ ջլուտ շարժումով, արագությամբ ստորագրեց ցույց տրված տեղը»։ Հետո փաստաթուղթը ստորագրում են Թեւֆիկ բեյն ու Ռեշադ բեյը։
Այնուհետեւ պայմանագիրը ստորագրում են Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները, որից հետո հերթը հասնում է փոքր դաշնակիցներին. «Այբբենական կարգով Հայաստանը լինելով առաջինը, ինձ հրավիրեցին ստորագրել։ Ես ստորագրեցի երեք փաստաթուղթ՝ բուն թուրքական դաշնագիրը, փոքրամասնությունների ստատուտը Հայաստանի եւ մեծ պետությունների մեջ կայացած եւ արձանագրություն այն մասին, թե յուգոսլավները եւ Հեջազը բացակա են եւ կարող են ստորագրել»։
Առաջին մարդը, որը Սեւրի պալատում շնորհավորում է Ահարոնյանին, Հունաստանի վարչապետ Վենիզելոսն էր՝ «Ձեզմե հետո ես եմ Հայաստանի համար ամենաերջանիկ անձը» ասելով։
ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սեւրի պայմանագրի ստորագրման լուրը Հայաստան է հասնում գրեթե մեկ շաբաթ անց. ամսի 19-ին «Հառաջ» թերթը խմբագրականում գրում է, որ «Օգոստոսի 10-ը պատմական թվական պետք է մնա աշխարհի եւ հատկապես Արեւելքի պատմության մեջ»։ Դաշնագիրը կարեւորվում էր ոչ միայն մեծ Հայաստանի ստեղծումով, այլեւս այն հույսով, որ շուտով կթուլանան նաեւ քեմալականները։
«Հառաջ», 19 օգոստոսի, 1920թ., թիվ 177
«Թուրքիան անդամահատված է՝ Արաբիա, Պաղեստին, Սիրիա, Հայաստան, Քրդստան, Իզմիրի շրջան հանված են նրա տիրապետությունից, իսկ Պոլիսն ու նեղուցները՝ նրա ազդեցությունից։ Դաշնագրի ստորագրումով Թուրքիան կորցրեց եւ իր բարոյական հեղինակությունը յաչս մահմեդականության։ Դաշնագրի ստորագրումը նշանակալից է նրանով, որ Մուստաֆա Քեմալի հրոսակախմբերը, կորցնելով իրենց ոտքի տակի հողը, կսկսեն թուլանալ, կորցնել իրենց քաղաքական վտանգի բնույթը եւ նրանց մեջ ավելի կնսեմանա Մոսկվայի ուժը, որ ժամանակին չկարողացավ օգնության հասնել իրենց»։
Օգոստոսի 19-ին Երեւանում մեծ շուքով նշվում է Սեւրի պայմանագրի ստորագրումը։ Ճիշտ է, մի քանի օր առաջ ցավալի դեպքեր էին տեղի ունեցել Զանգեզուրում. Գորիսում բոլշեւիկները սպանել էին Հայաստանի Հանրապետության պատգամավորներ Վահան Խորենուն եւ Արշակ Սիրունյանին, սակայն իշխանությունը փորձել էր հնարավորինս ապահովել տոնական տրամադրությունը։
Քաղաքը, ինչպես նախորդ տոների ժամանակ, զարդարված էր եռագույն դրոշներով ու գորգերով։ Առավոտյան ժամը 11-ին զորքն արդեն շարված էր, եւ նվագախումբը նվագում էր։ Ժամանում են զինվորական նախարարի օգնական գեներալ Հախվերդյանը, գեներալ Նազարբեկյանը, Սիլիկյանը, ապա նաեւ՝ նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը եւ վարչապետ Համո Օհանջանյանը։ Միջոցառմանը ներկա էին նաեւ տարբեր երկրների դեսպաններ ու զինվորական կցորդներ։ Դիմելով զինվորներին ու քաղաքացիներին՝ վարչապետ Օհանջանյանն ասում է, որ շատ շուտով հայկական երազանքը վերջնականապես իրականություն կդառնա։
«Սեւրում ստորագրվել է տաճկական դաշնագիրը, որով ճանաչվել է նաեւ Միացյալ Անկախ Հայաստանը։ Այժմ մեր համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ եւ մենք շուտով հնարավորություն կունենանք կցել մեր այժմյան սահմաններին նաեւ Տաճկաստանի հայկական գավառները»,- ասում է Օհանջանյանը։
Վարչապետն իր խոսքում հատկապես կարեւորում է հայկական բանակի եւ զինվորի դերակատարությունը՝ նշելով, որ այս օրվան հայ ժողովուրդը հասել է իր «քաջարի բանակի եւ նրա եռանդի շնորհիվ. «Ոչ մի բանակ չի կռվել այնպես, ինչպես մեր բանակը, ոչ մի զինվոր չի պաշտպանել իր հայրենիքը այնպես, ինչպես մեր զինվորը եւ սպան»։
Բանակի դերի ու նշանակության կարեւորումը պատահական չէր. Հայաստանում արդեն բավականին լավ հասկանում էին, որ միջազգային պայմանագրերն ու խոստումներն իրականություն են դառնում միայն զենքի ուժով։
Ուշագրավ էր նաեւ սոցիալիստ-հեղափոխական կուսակցության անդամ Մինախորյանի խոսքը, որտեղ նա սթափության կոչ էր անում ներկաներին՝ ասելով, թե պետք չէ շատ ոգեւորվել։ «Եթե ստորագրված դաշնագրի պայմանները չիրականացվեն, պայմանագիրը կմնա սոսկ թղթի կտոր, որպիսինները մեր ժողովուրդը շատ է տեսել»։ Ավարտելով ելույթը՝ Մինախորյանն ասում է՝ «Կեցցե հայ առաջին զինվորը, որը կմտնե Տաճկահայաստանի գավառները»։
Ռազմական ուժով Թուրքիայի տարածքում հայկական տիրապետություն հաստատելու անհրաժեշտությունը հասկանում էին նաեւ խոշոր պետությունները։ Դեռեւս ապրիլին՝ Սան Ռեմոյի խորհրդաժողովում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշում էր, որ Հայաստանը չունի բավարար ուժ Թուրքիայի հայկական բոլոր շրջաններում իշխանություն հաստատելու համար։ Այն ժամանակ քննարկման հիմնական հարցը Էրզրումն էր։ Մի կողմից հասկանալի էր, որ առանց Էրզրումի Հայաստանը չի կարողանա ծովային կայուն ելք ունենալ, մյուս կողմից՝ արդյոք հայերն ի զորո՞ւ էին պաշտպանելու պայմանագրով ստացած տարածքները։ Անգլիայի վարչապետի մտահոգությունն էր, որ թուրքերը կարող են ճնշել հայերին եւ նոր կոտորածներ անել։
Սեւրի պայմանագրի կատարման համար հայերը երկու հիմնական դժվարություն էին տեսնում. առաջինը հայ բնակչության քիչ լինելն էր, որի պատճառով, հնարավոր էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Վիլսոնը որոշակի զիջումներ աներ։ Արդեն ակնհայտ էր, որ հայկական կողմը ստանալու է շատ ավելի քիչ տարածք, քան ակնկալում էր. «Տաճկաստանի հետ մեր հողային վեճերը համարյա վեց վիլայեթների եւ Կիլիկիայի վերաբերմամբ է, եւ ինչպես երեւում է, մեր կամքին հակառակ, ստիպված ենք հրաժարվել պատմա-ազգագրական մեր սեփականությունը կազմող որոշ շրջաններից»,- գրում էր «Հառաջը» 1920թ. օգոստոսի 22-ին։ Մյուս հիմնական խնդիրը Քեմալն էր, եւ հայերը հույս ունեին, որ դաշնակիցները կկարողանան չեզոքացնել քեմալական շարժումը։ Ինչ վերաբերում էր Ադրբեջանի եւ Վրաստանի սահմաններին, ապա քանի դեռ վերջնականապես պարզված չէին բոլշեւիկյան Ռուսաստանի եւ դաշնակից պետությունների հարաբերությունները, դժվար էր խաղաղություն ու կայունություն սպասել Անդրկովկասում։
Սեւրի պայմանագրով Հայաստանի տարածքը լինելու էր մոտ 160 հազար կմ2, սակայն ակնհայտ էր, որ տեղում իրադրությունը մեծապես պայմանավորված էր Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի հարաբերություններով։ Ժամանակը ցույց տվեց, որ այն տեսակետը, թե Սեւրի պայմանագիրը կթուլացնի բոլշեւիկների եւ քեմալականների մերձեցումը, ոչ միայն իրականություն չդարձավ, այլեւ ճիշտ հակառակը՝ էլ ավելի ամրացրեց դրանք:
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։