Կայուն ու հասկացող, նպատակասլաց հասարակությունն այնպես է անում, որ իր շարքերը ուժեղ լինեն, ապահով լինեն: Ոչ թե անընդհատ դրդում է անձնազոհության: Մենք դահիճ ենք մեզ համար: Մեր երիտասարդները մեր անտարբերության պատճառով են զոհվում:
Արայիկ Մկրտումյան
Այսօր Լիսաբոնյան հնգյակի գործած սխրանքի 40 ամյակն է: 40 տարի առաջ այս օրը հինգ հայ երիտասարդներ իրենք իրենք իրենց զոհեցին, որ աշխարհը չմոռանա մարդկության դեմ գործված մեծ ոճրի՝ հայոց Ցեղասպանության մասին: Նրանք իրենք իրենց պայթեցրին և իրենց մահով ձեթ ավելացրին Ցեասպանության ճանաչման պայքարի մարող ճրագին: Նրանց արածի հետևանքով նաև նորոգվեց պայքարի ու ճանաչման տրամաբանությունն ու ընթացքը:
Բայց այսօր ոչ թե հիշենք դեպքի տեխնիկական մանրամասները կամ կենաց ասենք, որ «ապրեք տղերք, որ ինքնասպան եղաք», այլ փորձենք նախ չմոռանալ, ապա հասկանալ տեղի ունեցածը: Որովհետև մենք բավական բթացած ենք ճակատագրի հարվածներից ու ամեն ինչ դիտարկում ենք պարզամիտ «հերոս ու դավաճան» մտայնությամբ և պատկերացնում, որ կյանքն այնպիսի բան է, որ հենց այնպես հայտնվում են հերոսներ ու դավաճաններ: Ու սարսափելի է, որ մենք այսօր կարող ենք նրանց հիշել, գովել, ասել, որ նրանց շնորհիվ նաև Ցեղասպանության ճանաչման պայքարը չմոռացվեց, իսկ հետո զբաղվել առօրյա գործերով ու նրանց հիշել հաջորդ տարի:
Իսկ ի՞նչը նրանց հերոսացրեց: Ի՞նչը ստիպեց, որ նրանք հերոսանան: Նրանք իրենք իրենց հերոս չէին ընկալում, այլ նահատակ: Հիրավի զարհուրելի է այն գիտակցումը, որ դեռևս կյանքի համը չառած, կյանքը չվայելած երիտասարդ տղաները կարող են ինքնասպան լինել, որ մենք չմոռանանք ինչ որ բան: Ու նույնիսկ ինքնասպան լինել ոչ թե մարտի դաշտում, երբ ադրենալինը հասել է իր գագաթնակետին, երբ ռացիոնալ որոշումները քիչ են պատահում, երբ պահի անհրաժեշտությունն է ստիպում Քրիստոսի պես զոհել իրեն հանուն ուրիշների, ինչպես, որ տեսանք արցախյան առաջին, քառօրյա և քառասունչորս օրյա պատերազմի ժամանակ, այլ խաղաղության պայմաններում: Խաղաղ ու հարուստ Եվրոպայում, երբ բոլոր պայմանները կան, որ երիտասարդ ու գործունյա երիտասարդ տղան հարստանա, ամուսնանա, ընտանիք կազմի, ինչ որ հաջողությունների հասնի, իսկ նա գերադասում է ինքնասպան լինել, որ իր կողքինները չմոռանան, որ միլիոնից ավել մարդ է կոտորվել:
Ինչի՞ մասին է սա խոսում: Սա խոսում է մի կողմից բարձրագույն գիտակցության ու մյուս կողմից՝ սարսափելի անտարբերության մասին: Նրանք հերոսացան հայ հասարակության մեղքով: Հայ հասարակության ներքին մանր-մունր ինտրիգները, թույնով լցված կռիվները, պառակտումը, կուսակցախեղդ շահն ու եսասիրությունը հասցրին նրան, որ հայերն աշխարհում այլևս չէին էլ պայքարում Ցեղասպանության ճանաչման համար, պայքարելիս էլ քիչ էր մնում առանձնացնեին սպանված կուսակցականին ոչ կուսակցականից ու դրանից հուսահատված հինգ հայ երիտասարդ կամովին պայթեցրին իրենք իրենց: Մի՞թե մենք իրավունք ունենք նրանց մասին խոսելու, եթե թքել ենք նրանց արածի մեջ: Նրանք հերոսի կոչում ու երգ չէին ուզում մեզնից: Փառք, կենաց ու արձան չէին ուզում: Ընդամենը ուզում էին, որ մի քիչ ներքին բարոյականություն ունենանք ու նման փնթի կերպով չվերաբերվենք և՛ Ցեղասպանությանը, և՛ մնացած ամեն ինչին: Իսկ մենք ի՞նչ արեցինք: Գոնե մի հարց լուծեցի՞նք: Գոնե մի մակարդակ բարձրացա՞նք: Թալանեցինք ու ծնկի բերինք նորանկախ երկիրը, ջարդեցինք մեր հույսն ու նպատակը, հասանք նրան, որ Հայաստանն արդեն ուրիշներին է խնդրում, որ մի բան արեք Արցախ հաց հասցնենք:
Մենք այսօր կարո՞ղ ենք նման բարձրագույն գիտակցություն պահանջել: Իրավունք ունե՞նք զոհ պահանջելու:
Իսկ մենք այսօր ինչով ենք զբաղված: Մենք այսօր դեկլարատիվ մակարդակում գովում ենք նրանց այնպես, ինչպես տարվա մյուս ամիսներին գովել ու գովելու ենք մեր մյուս անձնազոհ նահատակներին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն մեզ ու հանուն մեր հռչակած գաղափարների, մեր ընդհանուր ցավի: Մեր անտարբերությունն ու արհամարհանքը մեր հանդեպ եղել է նրանց գործունեության պատճառը: Եթե մենք մի փոքր ավելի խնամքով լինեինք մեր հանդեպ, ապա ո՛չ լիսաբոնյան հնգյակը, ոչ էլ հարյուրավոր այլ երիտասարդներ ինքնակամ մահվան երախը չէին մտնի:
Բայց անեծք մեր մեկուսի երջանկության դավանանքին: Մենք, որ պատրաստ ենք մեր երիտասարդներին մղել անձնազոհության ու նրանց թափած արյունով հպարտանանք: Ասենք, որ մենք ունենք հերոսներ, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են մեռնելու:
Մեր հետ ամեն ինչ նորմա՞լ է:
Կայուն ու հասկացող, նպատակասլաց հասարակությունն այնպես է անում, որ իր շարքերը ուժեղ լինեն, ապահով լինեն: Ոչ թե անընդհատ դրդում է անձնազոհության: Մենք դահիճ ենք մեզ համար: Մեր երիտասարդները մեր անտարբերության պատճառով են զոհվում:
Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ մենք հասկացել ու գնահատում ենք լիսաբոնյան հնգյակի գործողությունները, թող նայեն Արցախի ու ՀՀ քարտեզին, իսկ հետո գնան Եռաբլուր: Ու կհասկանան, որ ոչինչ էլ չենք գիտակցել: Որովհետև ոչ մի հարց էլ չենք լուծել: Ո՛չ միայն Ցեղասպանության հարցով սայլը տեղից չշարժվեց, այլև մենք կարողացանք թաղել նույնիսկ հաղթանակն անգամ: Այսօր Արցախում սովամահ լինող մեր հայրենակիցները վկա: Մենք ինքներս այնպես չարեցինք, որ լիսաբոնյան հնգյակի մասին խոսելու արժանի լինենք: Ու էլ ավելի վատ է, որ լիսաբոնյան հնգյակին(ինչպես նաև շատ շատ ուրիշների դեպքում) որոշ խմբեր սեփականացնում են նրանց: Հրճվանքով ասում են, որ այդ ինքնազոհ մարդիկ իրենց շարքերից են եղել: Այն տպավորությունն է, որ մենք ինչ որ հոգեբանական վամպիրներ ենք: Մենք անընդհատ զոհ ենք պահանջում և հրճվում, որ տեսեք, մեր երիտասարդները ինքնասպան եղան հանուն սուրբ գործի, ապրե՛ն տղերքը, կեցցե՛ն տղեքերը: Տարին բաժանել ենք հիշատակությունների ու ամեն ամիս «հիշում ենք» հերթական անհատ կամ խմբային ինքնազոհություն, գինի ենք խմում ու հպարտանում, որ մենք այն ազգն ու հասարակությունն ենք, որի երիտասարդը ստիպված ինքնասպան է լինում ինչ որ բան փրկելու համար: Կեցցե՛նք մենք:
Հիմա Արցախում սով է, շրջափակում, մենք էլ հանգիստ նստած գրաֆիկով ցույցեր ենք անում, ինչ որ ստորագրություններ հավաքում, իրար հայհոյում, իրար ինչ որ բաներ հասկացնում: Երևանում էլ ոչ մի սննդի կետ չես ճարի, որ լիքը չլինի: Դարերով չծախսած ախորժակ ունենք ու տրվել ենք կենդանական երանության, երբ մեր ստամոքսը լցնելով ենք զբաղված և մերթ ընդ մերթ էլ փիլիսոփայում ենք իրավունքի, գիտակցման և հայրենիքի մասին: Մեր իրականությունը լցված է կենցաղային ու էժանագին հայրենասիրությամբ, կենացային կրթությամբ ու աղբով: Ինքնավստահ, մեծամիտ, անգրագետ իրականություն ունենք, հայ երիտասարդները խելագարվում են տիկ-տոկում ու ինսթագրամում, Հայաստանում խաղամոլությունն ու թմրաշրջանառությունը հասել է ողբերգական մակարդակի, դպրոցական աղջիկները թմրանյութ են վաճառում ու ընդունում, սպանությունները հասել են ծայրահեղ մակարդակի, բուհերում հարյուրներով թափուր հաստիքներ կան, Արցախում սովից ու դեղորայքի պակասից երեխաներ են մահանում, Ցեղասպանության թեման կիսափակ է, թշնամին՝ մեր հողում նստած, իսկ ԱԺ-ում իրար վրա շիշ են շպրտում ու հիմա երբ ասում են «հիշեք հայորդիք, անունը նրանց, Լիզբոն գնացին մահին ընդառաջ…», ես, գրողը տանի, չեմ հասկանում, թե ինչ նկատի ունենք: Հիշենք հիշելու համա՞ր:
Հիմա, երբ Արցախի շրջափակման հարցն իսկ չենք կարողանում լուծել, արդյո՞ք հավանական չէ, որ վաղը Մադրիդում, Նյու-Յորքում, Մոսկվայում, Փարիզում կամ մեկ այլ վայրում մի քանի հայ երիտասարդ հավաքվեն, գրավեն Ադրբեջանի դեսպանատուն, բոլորին ազատ թողնեն ու պայթեցնեն իրենք իրենց, որ աշխարհը չմոռանա, թե ինչ է կատարվում հենց հիմա մեզ մոտ: Հավանական է: Ու նաև էլ ավելի հավանական է այն, որ մենք հերթական երգերը գրենք ապագայի զոհերի մասին, նրանց արձաններ ձուլենք ու հպարտանանք, որ ևս մի քանի հայ երիտասարդ է ինքնասպան եղել, որովհետև մենք որպես պետություն ու հասարակություն բանի պետք չենք ու ստիպված նման եղանակով են ուզում ուշադրություն հրավիրել: Դեռ քանի՞ միլիոն հայ պետք է մորթվի, քանի՞ երիտասարդ պիտի ինքնասպան լինի, որ մենք մի քիչ գոնե փոխենք մեր վերաբերմունքը: Գոնե նրանց հանդեպ:
Լիսաբոնում հինգ հայ երիտասարդի արածը մենք ո՛չ հասկացանք, ո՛չ գնահատեցինք: Ընդունեցինք որպես օրինաչափություն, համարեցինք, որ այդպես էլ պիտի լիներ ու անցանք մեր գործերին: Ոչ երեկ էինք խոսում նրանց մասին, ոչ էլ վաղն ենք խոսելու: Նրանց հիշատակի օրն այսօր է: Նրանց բաժին փառքը մեկօրյա է մեզ համար: Իսկ այսօր լուռ հիշենք նրանց՝ հավատալով, որ մի օր արժանի կլինենք նրանց:
Ընդամենը այսքան բան: