28.7 C
Yerevan

Պահանջկոտ Լինենք Մեր Որակնե­րի Հանդեպ

Ինչպես իրենք են ուզում, որ մենք դադա­րենք սերտ կապ ունե­նալ իրենց թշնա­մու հետ, այդպես էլ նույնը ուզում ենք մենք, որպեսզի նրանք էլ դադա­րեն սերտ աշխա­տել մեր թշնա­մու հետ:

Հակոբ Բադալյան

Հաճախ է հնա­րա­վոր լսել այդ արտա­հայտությունը՝ «եթե բռնել ենք ռուսից ու պոկ չենք գալիս, աշխարհից ինչ ենք ուզում»:

Նախ, աշխարհից, որպես այդպի­սին, չենք ուզում ոչինչ, որովհե­տեւ աշխարհ, որպես այդպի­սին, բնա­կա­նա­բար վերա­ցա­կան հասկա­ցություն է:

Եթե աշխարհ ասե­լով նկա­տի ունենք միջազգա­յին կառույցնե­րը, դրանց առանցքա­յին դերա­կա­տարնե­րին, ապա մենք նրանցից ուզում ենք հավա­սա­րա­պես այն, ինչ իրենք են ուզում մեզա­նից:

Օրի­նակ, իրենք մեզա­նից ուզում են ժողովրդա­վա­րություն, մարդու իրա­վունքներ, այսպես ասած եվրո­պա­կան արժեքներ եւ ա՞յլն: Իսկ մենք նրանցից ուզում ենք ա՞յլ բան: Մենք նրանց ասում ենք, որ կա մի պետություն՝ Ադրբե­ջան, որը ոտնա­հա­րում է այդ ամե­նը, թե Հայաստա­նի, թե Արցա­խի, այնտեղ ինքնո­րոշման միջազգայնո­րեն ընդունված իրա­վունքի համար պայքա­րող 120 հազար մեր հայրե­նա­կիցնե­րի, պարզա­պես մարդկանց նկատմամբ: Այնպի­սի մարդկանց, ինչպի­սի մարդկանց նկատմամբ գործնա­կա­նում նույն վարվե­լա­կերպի համար դուք ոչնչացրե­ցիք մի քանի այլ «մարդկանց» եւ ձեռքի հետ էլ նրանց ղեկա­վա­րած պետություններ: Չթվարկեմ: Հետեւա­բար, ընդա­մենն ուզում ենք իրենց իսկ սահմա­նած արժեքնե­րի հանդեպ համարժեք պատասխա­նատվություն, իրենց իսկ սահմա­նած նախա­դե­պե­րով:

Ախ, հա, դուք ուզում եք, որ մենք ձեզա­նից ակնկա­լե­լով կամ ուզե­լով այդ ամե­նը, դադա­րենք Ռուսաստա­նի՞ հետ դաշնակցե­լուց կամ սերտ հարա­բերվե­լուց, այդ թվում ինտեգրա­ցիոն ձեւա­չա­փե­րում:

Շատ լավ: Բայց, նախ, օրի­նակ Ուկրաի­նա ներխուժե­լուց անմի­ջա­պես առաջ այսպես ասած միջազգա­յին վերջին դաշնա­գի­րը, որ ստո­րագրել է ՌԴ նախա­գահ Պուտի­նը, ստո­րագրվել է Ադրբե­ջա­նի նախա­գահ Ալիեւի հետ: Թե՞ դա հեչ, եթե Ալիեւը Արցա­խը պաշա­րում է ու այդ կերպ վարկա­բե­կում ռուսա­կան խաղա­ղա­պահ ներկա­յությունն ու ընդհանրա­պես հայ հանրությա­նը տալիս ռուսնե­րին քննա­դա­տե­լու առիթ:

Իհարկե, հայ հանրության մի ստվար մաս համոզված է, որ Ալիեւն այդ ամե­նը կատա­րում է հենց ռուսնե­րի հետ: Շատ լավ, հնա­րա­վոր է իհարկե, բայց չէ՞ որ դա առա­վել եւս պետք է ստի­պեր այդ «աշխարհին», որ նախա­տեին իրենց իրենց իսկ գնա­հա­տա­կա­նով հանցա­գործ Պուտի­նի հետ սերտ աշխա­տող Ալիեւին, առնվազն սպառնա­լով նրան եթե ոչ նույն, ապա գոնե շոշա­փե­լի պատժա­մի­ջոցնե­րով, եթե շարունա­կի Պուտի­նի հետ ճնշել մեզ: Բայց, դրա փոխա­րեն նրանք աշխա­տում են Ալիեւի հետ, իսկ մեզ էլ կոչ անում բանակցել նրա հետ ու պայմա­նա­վորվել, այդ կերպ փաստա­ցի պարզ հավա­նության արժա­նացնե­լով այն շանտա­ժը, որ մեր՝ թե Հայաստա­նի, թե Արցա­խի հանդեպ կիրա­ռում է նա:

Եվ մի բան էլ: Ինչպես իրենք են ուզում, որ մենք դադա­րենք սերտ կապ ունե­նալ իրենց թշնա­մու հետ, այդպես էլ նույնը ուզում ենք մենք, որպեսզի նրանք էլ դադա­րեն սերտ աշխա­տել մեր թշնա­մու հետ: Իսկ այստեղ, կա մի նրբություն: Ի տարբե­րություն մեր ու Ռուսաստա­նի հարա­բե­րակցության, իրենց ու Ադրբե­ջա­նի հարա­բե­րակցությունը մեղմ ասած բազմա­կի անգամ իրենց օգտին է եւ իրենք չունեն այն ռիսկե­րը, որ կա Հայաստա­նի դեպքում՝ Ռուսաստա­նի դեմ քաղա­քա­կա­նության պարա­գա­յում:

Ամփո­փեմ: Վերը նկա­րագրվա­ծը պարզա­պես անդրա­դարձն էր այն արտա­հայտություննե­րին, որ հնչում են, երբ Ռուսաստա­նից բացի, բարձրա­ձայնվում է որեւէ այլ մեկի, այսպես ասած «աշխարհի» պատասխա­նատվության մասին՝ «եթե չեք պոկվում ռուսնե­րից, աշխարհից էլ ի՞նչ եք ուզում»:

Փորձե­ցի մատնա­ցույց անել, որ չենք ուզում ոչ մի ավե­լի բան, քան այն, ինչ իրենք են ուզում մեզա­նից: Եվ ավե­լին, մեզա­նից իրենց ուզա­ծը բազմա­կի անգամ ավե­լի ծանր ու ռիսկա­յին է, քան իրենց համար այն, ինչ մենք ենք ակնկա­լում իրենցից: Ընդ որում ակնկա­լում ենք միջազգա­յին հարա­բե­րություննե­րում մեր մասնակցության իրա­վունքնե­րի եւ պարտա­վո­րություննե­րի հանրա­գումա­րից բխող փաստա­կան ակնկա­լի­քով, այլ ոչ թե քմա­հա­ճույքով:

Հետեւա­բար, արժե վերջ տալ այդ՝ «աշխարհից ինչ ենք ուզում» ինքնա­խա­րա­զանմա­նը, որովհե­տեւ դրա հիմքում գործնա­կա­նում նույն անարժա­նա­պատվությունն է, ինչ կարող է լինել օրի­նակ մեր հանդեպ Ռուսաստա­նի մեծա­պե­տա­կան հավակնություննե­րի հանդեպ գլխա­հա­կության պարա­գա­յում:

Առա­վել եւս, որ գործնա­կան դաշտում, արտա­քին դերա­կա­տարնե­րի հետ փոխհա­րա­բե­րություննե­րի խնդի­րը շատ ավե­լի բարդ ու անընդհատ մի գործընթաց է, որտեղ լավա­գույն բանա­ձեւն իհարկե այն է, որ մենք առա­վե­լա­գույնս պահանջկոտ լինենք մեր որակնե­րի հանդեպ, մենք մեզա­նից «ուզենք» ամե­նա­շա­տը:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ