Ի՞նչ անել այս իրավիճակում: Ի՞նչ անել, եթե սովորական քաղաքացին ոչ մի ուժ չունի ազդելու աշխարհաքաղաքական իրավիճակների վրա, նույնիսկ չի կարողանում հաց հասցնել իր շրջափակված եղբայրներին: Երբ ադրբեջանցիները գերի են տանում ում ուզում են, երբ ուզում են: Ու էլ ավելի է ընդգծվում սովորական քաղաքացու և իր պետության թուլությունը: Առաջանում է լրիվությամբ անպետք լինելու զգացում: Եվ այստեղ արդեն մոտիվացիոն խոսքերն ու կոչերն արդեն ոչ մի օգուտ չեն տալիս:
Առանց որևէ չափազանցության կարելի է ասել, որ ներհասարակական նիհիլիզմը հասել է իր բարձրակետին: Ցանկացած ճգնաժամ ի վերջո երկու ելք ունի՝ կամ հաղթահարվում է, կամ՝ փլուզված հետևանք թողնում: Փլուզվել ասելով պետք է հասկանալ, ոչ թե ինչ որ թեթև ներքաղաքական խժդժություններ, այլ մոտավորապես այն, ինչ պատահում է կործանվող երկրի հետ:
Հայաստանում այսօր ամեն կերպ փորձ է արվում խուսափել կործանման մասին մտածելուց, բայց միաժամանակ չի ստացվում նաև դրական տրամադրվածություն ունենալ: Հիրավի շատ բարդ է դրական տրամադրվել այս մռայլ և շնչակտուր իրավիճակում, երբ տպավորություն է ստեղծվում, որ ողջ աշխարհը քո դեմ է: Իսկ նման պահերին, երբ հասարակությունն ինքը դառնում է նիհիլիստ, նույնիսկ չես ուզում մտածել, թե ինչ է լինելու հետո:
Մեր հասարակությունը խոշոր հաշվով չի հավատում ոչ մի բանի և ոչ մեկին: Նախկին-ներկա կամ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն էլ իրական չէ և մակերեսային մակարդակ ունի: Մարդիկ ոչ ոքի ու ոչնչի չեն հավատում:
Նրանց պետք չէ մեղադրել, որովհետև նորմալ է, որ մարդիկ այլևս ոչնչի չհավատան, երբ բոլոր գաղափարները փլվում են, իրականությունը կեղծ է դուրս գալիս, բարեկամները՝ չեն օգնում, թշնամիները՝ ավելի ուժեղ են: Եվ ամենավատն այն է, որ դու չես գտնում քո տեղը: Քո փոխարեն որոշումներ են ընդունում, քեզ ստիպում են համաձայնվել դրանց հետ: Նույնիսկ ոչ թե համաձայնվել, այլ պարզապես որոշում են, թե աջ ձեռքդ կտրեն, թե աջ ոտքդ, իսկ քեզ ստիպում են համաձայնվել: Ընդ որում դու նույնիսկ չգիտես, թե որ տարբերակին համաձայնվես, որովհետև նույնիսկ եթե փորձում ես համաձայնվել մեկ տարբերակին, քեզ ստիպում են նաև երկրորդը: Իսկ հետո երրորդը: Ու դու արդեն վախենում ես, որ վաղը քո փոխարեն կորոշեն, որ դու ընդհանրապես չպիտի ապրես: Ու հետո վրա է հասնում անտարբերության մի այնպիսի փուլ, որ քո համար ամեն ինչ դառնում է անիմաստ և ավելորդ: Դու այլևս ոչնչի և ոչ մի բանի չես հավատում: Համոզված ես, որ ամեն ինչ անիմաստ է: Ինքնասպան չես լինում միայն այն պատճառով, որ քեզ ուղղակի թույլ չեն տալիս:
Մեր հասարակությունը հենց այդ վիճակում է գտնվում: Փոխանակ համախմբվելու, մերժելու, չհամաձայնվելու, Հայաստանը շարունակաբար խորացնում է իր ներքին անհամաձայնությունն ինքն իր հետ:
Ի՞նչ անել այս իրավիճակում: Ի՞նչ անել, եթե սովորական քաղաքացին ոչ մի ուժ չունի ազդելու աշխարհաքաղաքական իրավիճակների վրա, նույնիսկ չի կարողանում հաց հասցնել իր շրջափակված եղբայրներին: Երբ ադրբեջանցիները գերի են տանում ում ուզում են, երբ ուզում են: Ու էլ ավելի է ընդգծվում սովորական քաղաքացու և իր պետության թուլությունը: Առաջանում է լրիվությամբ անպետք լինելու զգացում: Եվ այստեղ արդեն մոտիվացիոն խոսքերն ու կոչերն արդեն ոչ մի օգուտ չեն տալիս:
Հաճախ նման իրավիճակում գտնվող մարդը, երբ չունի ոչ մի օգնող, նույնիսկ ձեռքը բռնող չկա, ինքնասպան է լինում: Կամ էլ հայտնվում է փողոցում, դառնում անտուն և անօթևան, չի հետաքրքվում ոչ մի բանով: Դանդաղ մարում է: Ուտում է, եթե ինչ որ բան տան ուտելու, բայց չի զգում համը, ամեն ինչ անում է ինքնաբերաբար: Նա կորցնում է իր անհատականությունը, վերանում մարդ լինելուց, դառնում պարզապես կենսաբանական միավոր:
Ազգերը ևս կարող են այդ իրավիճակում հայտնվել: Եվ եթե մեկ անհատ մարդուն փրկելը շատ բարդ գործ է, մի ողջ հասարակությանը փրկելը՝ էլ ավելի ծանր: Ընդ որում, եթե անհատ մարդուն օգնող, կարեկցող է լինում, հասարակությանը սովորաբար օգնող չկա:
Ուրեմն ի՞նչ անել: Ամենուր չարացած վերլուծություններ են, հեգնական գնահատականներ, կծու քննադատություններ ու անվերջ կոչեր, որ ինչ որ բան «պետք է» անել: Բայց ի՞նչ անել: Ո՞վ անի:
«Հասարակությունը պետք է…»,- և ինչ որ բարդ ձևակերպումներ: Ու ոչ մի կոնկրետ պլան: Ոչ մի կոնկրետ անուն ու գործողություն:
Մարդիկ չեն կարող համախմբվել, եթե չգիտեն թե ինչի համար: Նախաձեռնությունները տապալվում են, կազմակերպությունները՝ ձախողվում, ոչ մի ծրագիր(կամ այն ինչ մատուցվում է որպես ծրագիր) պատասխաններ չունի, բոլոր առաջարկները կիսատ են, իսկ գործողությունները՝ անվստահ:
Ինչպե՞ս կարող է հասարակությունը նման պայմաններում բարձր գիտակցություն ցույց տա և անի ինչ որ վճռական քայլեր:
Մի՞թե իրոք հավատալի է այն, որ եթե ասվեց պետք է, ուրեմն դա լինելու է:
Մկների ժողովը հենց այդ մասին է, երբ մկները հավաքվում ու որոշում են, որ իրենց ՊԵՏՔ Է զանգը կախել կատվի վզից, բայց ոչ կախողը կա, ոչ էլ ձևը, թե ինչպես:
Մենք հիմա նույն վիճակում ենք: Ինչ որ կարծիքներ են հնչում, որ պետք է այսպես և այնպես, բայց ոչ մի հստակություն չկա: Եվ ոչ մի գործողություն էլ չի կատարվում ու չի կատարվի: Որովհետև աշխարհում ամեն ինչ ունի իր ՊԱՏՃԱՌԸ և ՀԵՏԵՎԱՆՔԸ: Իսկ եթե մենք դա չենք հասկանում, ապա չենք էլ կարող որևէ բան անել:
Հիմա, երբ մենք իրոք գտնվում ենք անպիսի խայտառակ թուլության մեջ, որ նույնիսկ չգիտենք, թե ինչ, որտեղ, երբ, մեզ ժամանակ ու տարածություն է անհրաժեշտ լինելու: Գոնե հասկանալու համար: Ըմբռնելու:
Արդյո՞ք կունենանք բավականաչափ ժամանակ ու տարածություն, բարդ է ասելը: Բայց եթե դա չեղավ, մենք շարունակաբար իրար ապացուցելու ենք, որ ինչ որ բան է պետք անել ու չհասկանալ, թե ինչ:
Այո՛, մռայլ է հնչում: Բայց իրականությունն ինքն է մռայլ: Ու մենք իրո՛ք ժամանակ ու տարածություն չունենք շարունակական ընկճախտի մեջ մնալու համար: Ժամանակը թանկ է: Մեզ համար՝ անգին: Հիմա անցնում են օրեր, որ տարիներ արժեն: Իսկ պատմությունը երբեք չի ներում անգործությունն ու հուսահատությունը:
Ի վերջո «պետք է մի բան անել»: