20-21-րդ դարում բացահայտվեց նաեւ, որ մարդիկ ոչ միայն չգիտեն, թե ինչ են ուզում, այլեւ, այսպես ասած՝ չգիտեն, որ չգիտեն: Եվ դա տասնամյակներ տեւող անձի քայքայման գործընթացի արդյունք է:
Արամ Աբրահամյան
Արհեստական բազմազանությունը՝ «զանգվածների դարաշրջանի» հատկանիշ
Մարդիկ չգիտեն, թե ինչ են ուզում, բայց նաեւ չգիտեն դրա մասին «Մեր թուլության ցուցիչների մասին խոսելիս՝ չպետք է մոռանալ, որ մարդը չի կարողանում որոշել, թե ինչ է իրեն պետք: Մենք չենք կարողանում համաձայնության գալ անգամ մեր երեւակայության եւ ցանկությունների մեջ, թե ինչ է անհրաժեշտ մեզ բավարարելու համար», – գրում էր 16-րդ դարի ֆրանսիացի մտածող Միշել Մոնտենը: Դա իսկապես խնդիր է, որից կարելի է քաղաքական հետեւություններ անել: Եթե մարդիկ չգիտեն, թե ինչ է իրենց իրականում պետք, ապա գուցե հայտնվի մեկը, որը դա գիտի, եւ տանի նրանց դեպի «պայծառ ապագա»՝ ի հեճուկս մարդկանց արտահայտած կամ չարտահայտած ցանկությունների: Չէ՞ որ նրանք իրականում չգիտեն, թե ինչ են ուզում:
«Ձեզ պետք է մարդկանց հավասարության վրա հիմնված ազատ աշխատանք՝ առանց սեփականության եւ առանց շահագործման», – ասում էին մեզ 70 տարի: Պարզվեց, որ ոչ մի հավասարություն էլ չկա, եւ ռայկոմի քարտուղարները, «ցեխավիկները», պահեստապետները եւ դատախազները ապրում են 100 անգամ ավելի լավ, քան մենք՝ աշխատավարձի վրա հույս դնողներս: Եվ ավելին՝ մեր այս «հարիֆության» ու «խեղճության» համար արժանի ենք պախարակման ու արհամարհանքի:
«Պետք են շուկայական հարաբերություներ եւ ժողովրդավարություն», – ասում էին հետագա 30-35 տարիների ընթացքում: Պարզվեց, սակայն, որ շուկայական հարաբերությունների արդյունքում հարստանում են զոռբաներն ու խաբեբաները, իսկ «ժողովրդավարության» արդյունքում իշխանության են գալիս պատահական մարդիկ, որոնք քիչ է՝ երկրի գլխին փորձանք են բերում, բայց ոչ մի ժողովրդավարության էլ չեն ձգտում: Բայց 20-21-րդ դարում բացահայտվեց նաեւ, որ մարդիկ ոչ միայն չգիտեն, թե ինչ են ուզում, այլեւ, այսպես ասած՝ չգիտեն, որ չգիտեն: Եվ դա տասնամյակներ տեւող անձի քայքայման գործընթացի արդյունք է: «Անձը, որպես բացարձակ արժեք, իր չվերացող գծերով ու յուրահատուկ գիտելիքներով… այդ անձը բացակայում է, այն մեռած է, թռել է մեր գործառութային տիեզերքից», – Մոնտենից գրեթե 4 դար հետո գրում էր մեկ այլ ֆրանսիացի՝ Ժան Բոդրիարը: Իսկ ի՞նչ է գալիս դրան փոխարինելու: Ըստ Բոդրիարի՝ «տարբերությունների զանգվածային արտադրությունը», մոդելների արհեստական բազմազանությունը: Արտադրվում է նույն մակնիշի 100 տեսակի ավտոմեքենա, կամ 100 երանգների մազի ներկ, որոնք իբր համապատասխանում են յուրաքանչյուրի «անձնական» ճաշակին: Հետազոտողներից շատերը գտնում են, որ այդ դարաշրջանը սկսվել է 1914 թվականին, երբ բռնկվեց Առաջին աշխարհամարտը: Ըստ այդ տեսակետի՝ զանգվածային սպանդի պատճառով պարզ դարձավ, որը անձը՝ որպես նախագիծ, իրեն չի արդարացրել, եւ այդ ժամանակ սկսվել է զանգվածների պատմությունը: Եթե դա այդպես է, ապա մոտ 100 տարի առաջ սկսած «զանգվածների դարաշրջանի» ծայրահեղ արտահայտությունն է «սոցիալական ցանցեր» երեւույթը: Այդ ցանցերը, թվում է, թե միավորում են մարդկանց, բայց իրականում տրոհում են, մասնատում, հատվածային են դարձնում հասարակությունները:
Հասկանալու համար, թե ինչպես է դա տեղի ունենում, պետք է տարբերել, այսպես կոչված, «դեոնտոլոգիական» եւ ուտիլիտար (օգտապաշտական) մոտեցումները: Մի դեպքում առաջ է քաշվում մեկ սկզբունք (որպես կանոն, բարոյական բաղադրիչ պարունակող), որը երբեք, ոչ մի պարագայում չի կարելի խախտել: Մյուս դեպքում չափանիշը հետեւյալն է՝ երջանկացնել որքան հնարավոր է շատ մարդու, հաշվել, թե քանի հոգի է շահելու այս կամ այն գործողությունից: Սկզբունքը մարդկանց միավորում է, երջանկության ձգտումը՝ բաժանում: Բերեմ մի պարզունակ օրինակ: Կա՛մ որոշում ենք, որ մարդկանց միսը, ինչ էլ պատահի, չի կարելի ուտել (բառիս գոնե ուղիղ իմաստով): Կա՛մ սկսում ենք թվարկել այն «բացառությունները», երբ դա կարելի է անել: Արհեստական բազմազանության ժամանակակից դրսեւորումն այն է, որ այդ «բացառությունների» հիման վրա ստեղծվում է 10, 20, 100 ֆորմալ կամ ոչ ֆորմալ «ֆեյսբուքյան խումբ»: Դրանց միջեւ կոմունիկացիան շատ թույլ է, որովհետեւ չկա սկզբունք, որի հիման վրա այդ կոմունիկացիան պետք է տեղի ունենա: Այդ խմբերն «եփվում են» միայն իրենց տեղեկատվական «փուչիկների» (կամ պատյանների) մեջ, եւ դրանց անդամները պատրաստ չեն լսել այլ խմբերի տեսակետները: Որովհետեւ, կրկնեմ, չկա կոնսենսուս սկզբունքի վերաբերյալ: Ահա թե ինչպես է զանգվածային սպառման պարագայում ապահովվում արհեստական բազմազանությունը, որը նպաստում է հասարակության տրոհվածությանը: Եվ արդյո՞ք չի ստացվում արդյունքում, որ մարդիկ, վերջին հաշվով, չեն հասկանում, թե ինչ են ուզում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/08/08/1360196/?fbclid=IwAR05DjHaz2SNwrVlIe-KDP9zrpCJk1Eg5CcIEC3amasREdBjWZS5z5avDis
© 1998 – 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից