ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արձանագրեցինք, Իսկ Հետո՞

Ասես հաստատված սխեմա լինի, որովհետև կոչի հետ կողք կողքի ընթանում է դատապարտման գործընթացը: Ընդ որում բանավոր ու նույն մակարդակի, ինչ որ կոչերը: Բնականաբար զրո արդյունքով, ինչպես և սպասելի էր: 1915 թիվը վկա:

Մեր Ուղին

Արդեն գրեթե բոլորը, կամ գոնե հետաքրքրվածները տեղեկացան, որ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցի մասին, որտեղ նա իր ներկայացնում է իր իրավական հետազոտությունն առ այն, որ Արցախում հայերը ցեղասպանության են ենթարկվում:

Շնորհակալ լինելով Օքամփոյին, իր բարի կամքի դրևսորման, բարեխիղճ աշխատանքի և առհասարակ մարդկային ներքին բարոյականությունը բարձր պահելու համար և խորապես գնահատելով նրա աշխատանքը, այնուամենայնիվ հարց է առաջանում. «Արձանագրեցինք, հետո՞»:

Ո՛չ, սա չար կատակ կամ հեգնանք չէ, սա ավելի շատ տարակուսանք է: Մինչև Օքամփոյի զեկույցի ներկայացումն ու տարածումն էլ, բոլորն էլ շատ լավ գիտեին, թե Արցախում ինչ է կատարվում: Բոլորն էլ հրաշալի գիտեն, որ ադրբեջանական բռնապետի համակարդկային քաղաքականությունը սովի է մատնել 100 հազարից ավել մարդու և նպատակ ունի նրանց անմարդկային ճնշումների գնով վտարել իրենց հայրենիքից: Շատ-շատերն են Ալիևի քաղաքականությունը համեմատել Հիտլերի կամ Ստալինի ոճի հետ:

Համեմատեցինք, հետո՞:

Ինչպես նաև անընդհատ տարածվում են տարատեսակ կոչեր, որ անհրաժեշտ է անմիջապես գործի դնել ամենալուրջ ջանքերը, այլապես Արցախի հայերը կդատապարտվեն ոչնչացման: Ընդ որում կոչեր եղան ինչպես համաշխարհային քաղաքական դեմքերի, պետական ղեկավարների, մտավորականներ, այնպես էլ տարբեր տրամաչափի սպորտային մարզիկների, հայ բլոգերների, դերասանների և այլոց կողմից: Ու եթե միջազգային մակարդակի հայտնիություն ունեցող որևէ դեմքի կոչը որոշ զանգվածների ականջին հասավ, հայ բլոգերների կոչը իրենց ինսթագրամ ու տիկ-տոկյան լսարանից այն կողմ չգնաց: Իհարկե պետք չէ մեղադրել, մարդիկ այդքանն են կարողանում, այդքանն են անում, ի տարբերություն կարող ուժերի, որոնք առայժմ ճակատներն են կնճռոտում և հերթական լղոզված նախադասություններն արտասանում: Ու ոչ մի կոչ էլ տեղ չհասավ: Պարզ էր, որ չի հասնելու:

Կոչ արեցինք, հետո՞:

Ասես հաստատված սխեմա լինի, որովհետև կոչի հետ կողք կողքի ընթանում է դատապարտման գործընթացը: Ընդ որում բանավոր ու նույն մակարդակի, ինչ որ կոչերը: Բնականաբար զրո արդյունքով, ինչպես և սպասելի էր: 1915 թիվը վկա:

Դատապարտեցինք հետո՞:

Ու էլի տարատեսակ նման միջոցառումներ, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս:

Իսկ ինչ է լինելու հետո: Արցախի հայերը տեղահանվելո՞ւ են, թե սպանվելու: Այսինքն նոր 1915թ. է հասունանում հենց հիմա՝ «քաղաքակիրթ աշխարհի քթի տակ»: Ընդ որում, եթե 1915թ. տեղեկատվական տեխնոլոգիաներն այս արագությունն ու հասանելիությունը չունեն, ապա հիմա վերանում է նաև այն միֆը, թե մարդիկ չգիտեին, ինչ էր կատարվում սիրիական անապատներում, իսկ երբ իմացան, արդեն բանը բանից անցել էր: Իսկ հիմա, որ գիտեն ի՞նչ է փոխվում: Ինչ որ բան փոխվո՞ւմ է, բացի այն խայտառակ հավելումից, որ Արցախ ուղարկված բեռնատարները մինչև հիմա կանգնած են ու չեն կարողանում մուտք գործել Արցախ, իսկ այնտեղ արդեն սովից մարդիկ են մահանում:

Նման պահերին շատ բարդ է միանշանակ ասել, որ պետք է այսպես անել կամ այնպես: Բայց հասկանալի է առնվազն այն, որ «մտահոգություն-կոչ-դատապարտում» ձևաչափը ճի աշխատում: Գոնե դա պիտի մեր գիտակցությանը հասած լիներ:

Բայց մենք առայժմ չենք կարողանում որևէ բան ձեռնարկել, իսկ միջազգային մակարդակում Ալիևը փորձում է հասնել նրան, որ Արցախի պաշտպանության բանակը ճանաչվի որպես սեպարատիստական խումբ, մի բան, որի մասին բազմիցս նշել ենք այդ ամենի սկսվելուց դեռևս ամիսներ առաջ:  

Միակը, որի ձեռքերում ինչ, որ բան կա՝ ՀՀ կառավարությունն է: Կառավարությունը պիտի աշխատի, պիտի անի անհնարինը, համոզի, վախեցնի, կաշառի, սպառնա, շանտաժ անի, անի ինչ հնարավոր է, որը կօգնի Արցախի հայերին: Պիտի ապացուցի, որ ինքն իրնից ինչ որ բան է նշանակում: Որովհետև եթե Արցախի հարցում ՀՀ-ը մնա անճարակ դիտորդի դերում, ապա այն հստակ ցուցանիշ է լինելու, որ Հայաստանի Հանրապետությունը սպառել է իրեն որպես վարչատարածքային միավոր: Արցախի հայերի սովամահության հարցը հիմա մեր ազգային-պետական կենսունակության չափիչ ուժն է: Կա՛մ ՀՀ ջանքերով Արցախի հայությունը փրկվում է գոնե այս պահի տառապանքից, կամ սովից մահացող ամեն հայ երեխայի հետ անհետանում է հայ ժողովրդի՝ պետություն ունենալու բարոյական իրավունքը:

Ներկայացնում ենք Օքամփոյի զեկույցի հայերեն և անգլերեն տարբերակները՝

Հայերեն(հակիրճ)՝

https://iravaban.net/436590.html?fbclid=IwAR0GdA_FH6j8ssnm9Na5tZp90aXpMPmyc0egqnj5I_1Nug8zMYfK-4T3dnA

անգլերեն`

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *