Հայաստան

Ռուսական Առաջարկը

Ըստ Լավրովի առաջարկի, Ադրբեջանը կարող է դատապարտել այն հայերին, որոնք դատական կարգով մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների համար։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է Լեռնային Ղարաբաղի ցանկացած հայի կալանավորել և դատել՝ նրան բնութագրելով իբրև ռազմական հանցագործ։ Եվ Ռուսաստանն է առաջարկում այսպիսի խնդրահարույց տարբերակ Լեռնային Ղարաբաղի հայերին։

Ռոբերտ Անանյան

Հայտնի է դարձել, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2023-ի հուլիսի 25-ին Մոսկվայում ի՞նչ առաջարկներ է արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։ Ռուսաստանը միանշանակորեն տեսնում է Լեռնային Ղարաբաղի հայերի ապագան Ադրբեջանի կազմում՝ առանց կարգավիճակի։ Փաստաթուղթը հրապարակել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։ Կարծում եմ այս փաստաթուղթը արժանահավատ է, և այն է, ինչ Լավրովն է առաջարկել՝ հաշվի առնելով հրապարակման աղբյուրը, թե որտեղից այն կարող էր հրապարակվել։ Այն նաև չի հերքվել օրվա ընթացքում։

Սերգեյ Լավրովն այս փաստաթուղթը վերնագրել է հետևյալ ձևով. «Հայ բնակչության անվտանգության ու իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»: Լավրովը չի օգտագործում «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, և հստակեցնում է, որ Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է լուծվեն Ադրբեջանի օրենսդրության համաձայն։

Սա Արցախի կարգավիճակի ամենացածր նշաձողն է, որ մինչ օրս քննարկումներում գոյություն է ունեցել, այսինքն՝ կարգավիճակի բացակայություն։ Ընդ որում, Լավրովը նույնիսկ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մասին նշում չի արել իր առաջարկներում՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր։ Չի նշված միջազգային որևէ կազմակերպության, մեխանիզմի մասին, որը հավելյալ անվտանգություն կապահովեր Արցախի հայերի։

Լավրովի այս նոր պլանը ավելի վատն է, քան այն, ինչ հնարավոր կլիներ ստանալ միջազգային մեխանիզմով Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների ժամանակ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չէր կարողանալու միջազգային դերակատարներին համոզել, որ ունակ է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանել, և հարկադրված կլիներ լրացուցիչ մեխանիզմներ ներգրավել։ Լավ աշխատանքի արդյունքում չի բացառվում նաև՝ հնարավոր լիներ միջազգային որևէ ներկայություն ամրագրել Արցախում, գուցե՝ հումանիտար կառույցի գրասենյակ, լավագույն նվաճումը իհարկե կլիներ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչը բնականաբար հեշտ չէր լինի։ Բայց դա Արևմուտքի առաջարկած միջազգային մեխանիզմով բանակցությունների ընթացքում հնարավոր կլիներ գոնե քննարկել։ Բայց փաստացի Ռուսաստանը ազատում է Ադրբեջանին Արցախի հայերին լրացուցիչ միջազգային երաշխիքներ տրամադրելու բեռից՝ ասելով, թե հարցերը կլուծվեն Ադրբեջանի օրենքներով։ Սա Ադրբեջանի համար որևէ նոր պարտավորություն չի ենթադրում։

Երրորդ երկրում միջազգային դիտորդների ներկայությամբ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների փոխարեն (ԱՄՆ-ի առաջարկ) Ռուսաստանն առաջարկում է ադրբեջանական Եվլախում անցկացնել ղարաբաղա-ադրբեջանական հանդիպում, որին բնականաբար ներկա չէին լինի ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ներկայացուցիչները։ Չգիտեմ, գուցե ներկա լինեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներ։ Գուցե այդ օրը ռուսները զբաղված լինեն ուրիշ կարևոր գործով և չուղեկցեն Արցախի ներկայացուցիչներին Եվլախ։

«Լավրովյան նոր պլանը» կազմված է 14 կետից։

Ռուսաստանն առաջարկում է, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գործողություններին մասնակցած կամ իշխանական լիազորություններ ստանձնած հայերի հալածանքը, պատիժը բացառվի օրենքով։ Սակայն, ըստ Լավրովի առաջարկի, կա բացառություն, որը օգտագործելով՝ Ադրբեջանը կարող է դատապարտել այն հայերին, որոնք դատական կարգով մեղավոր են ճանաչվել ռազմական հանցագործությունների համար։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է Լեռնային Ղարաբաղի ցանկացած հայի կալանավորել և դատել՝ նրան բնութագրելով իբրև ռազմական հանցագործ։ Եվ Ռուսաստանն է առաջարկում այսպիսի խնդրահարույց տարբերակ Լեռնային Ղարաբաղի հայերին։ Պատկերացնո՞ւմ եք, ուր է իջել Ռուսաստանի նշաձողը։

Մինչդեռ Հայաստանում կային քաղաքական մեկնաբաններ, որոնք վայնասուն էին դրել ԱՄՆ Պետդեպի այն հայտարարությունից, որով ամերիկյան կողմը ողջունել էդ Լեռնային Ղարաբաղում համաներում հայտարարելու մասին Ալիևի հայտարարությունը։ Ռուսաստանի առաջա՞րկն էիք ուզում իրագործվի։ Վայելեք։

Եվ մեկ խնդրահարույց առաջարկ Ռուսաստանից։ Լավրովն առաջարկել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ադրբեջաներեն գործածվի։ Այո այո, Ռուսաստանի պլանով՝ ԼՂ-ի հայերին խոստացվում է ադրբեջաներենին զուգահեռ՝ հայերենի ազատ օգտագործման հնարավորություն՝ պետական հաստատություններում, այդ թվում՝ պաշտոնական նամակագրությունում և գրասենյակային աշխատանքում, ինչպես նաև հայաշատ բնակավայրերի հասարակական վայրերում, ներառյալ ճանապարհային նշանների, ցուցանակների տեղադրումը և հայերենով հայտարարությունները։

Ըստ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է համամասնական ներկայացվածություն ունենան օրենսդիր, դատական, գործադիր իշխանությունների հանրապետական, մարզային և քաղաքային կառույցներում, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունում և դատախազությունում։

Ըստ ՌԴ-ի, հայերը պետք է կարողանան մասնակցել Ադրբեջանի հանրապետական, մարզային և տեղական մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակմանը և ընդունմանը։

Ռուսաստանը առաջարկում է Ադրբեջանի կազմում բացառել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ խտրկանությունը՝ էթնիկ, լեզվական, կրոնական կամ այլ հիմքերով, ինչպես նաև՝ կոմպակտ բնակության վայրերից հայ բնակչության բռնի վերաբնակեցումը։

Լավրովը խոստանում է նաև, որ Ղարաբաղի հայերը հնարավորություն կունենան հայերենով կրթություն ստանալ Ադրբեջանի կազմում։

Ռուսները Ադրբեջանի կազմում հայերին խոստանում են սեփականության անձեռնմխելիության իրավունք, հասարակական կազմակերպություններ ստեղծելու իրավունք։ Լավրովը վստահ է նաև, որ Ադրբեջանը հայերի համար կապահովի ազատ պայմաններ՝ կրոնի, ազատ դավանանքի, կրոնական հաստատությունների և կազմակերպությունների գործունեության համար։

Լավրովը վստահ է նաև, որ Ադրբեջանում կզարգանա հայ մշակույթը և ազգային ինքնությունը, այդ թվում՝ կպահպանվի պատմական և մշակութային ժառանգությունը, հայերեն լեզվով զանգվածային լրատվամիջոցներ կգործեն։

Մոսկվան առաջարկում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն համաձայնագիր այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը և Հայաստանը ունենան սերտ կապեր մշակութային, կրթական, գիտական, լրատվական, սպորտային և այլ մարդասիրական ոլորտներում։

Լավրովն առաջարկել է, որ հայ բնակչությունը կարողանա կապ պահպանել արտասահմանում բնակվող իրենց հարազատների հետ։ Լավրովը խոստանում է հայերին, որ նրանք Ադրբեջանի կազմում ապրելով՝ անխոչընդոտ մարդասիրական օգնություն կստանան արտերկրից։

Ալիևի բռնապետական ռեժիմի օրոք Ադրբեջանի Սահմանադրությամբ նույնիսկ պաշտպանված չէ ադրբեջանցիների իրավունքները։ Ո՞վ է հավատում, որ Ադրբեջանն ունակ է պաշտպանել հայերի իրավունքները, երբ Ադրբեջանում արմենոֆոբիան պետական քաղաքականություն է։ Ռուսաստանի այս առաջարկը կարծում եմ չափազանց վատն է, և արևմտյան ձևաչափերում բանակցային գործընթացին մասնակցելու պարագայում՝ Արցախի ներկայացուցիչները շանս ունեն շատ ավելի լավ լուծումներ ստանալ, քան Լավրովի նոր պլանն է։ Բայց հարց է՝ Ռուսաստանից բաղձալի նշաձողն ստացած Ադրբեջանը կբանակցի՞ Արցախի հետ՝ արևմուտքի առաջարկած խաղի կանոններով, ուր Բաքվի համար անորոշությունները և վտանգները ավելի շատ են։ Կհետևենք։

Սա է Ռուսաստանն առաջարկում Արցախին։


Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *