Հասկանալի է, որ չկա քաղաքական պահ՝ Ադրբեջանին ինչ որ բան ստիպելու, եթե դա լիներ, դրա նախադրյալները արդեն զգացած կլինեինք, փուլային պատժամիջոցներ կամ այլ դրսևորումներ կլինեին: Կա միջազգային որոշում և կա դա չկատարող կողմ, բայց չկա քաղաքական պահ նրան պատասխանատվության ենթարկելու առումով: Մենք դա պիտի գիտակցենք:
Շահան Գանտահարյան
ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի, դրանից ունեցած ակնկալիքների և այդ ամենի մասին ավելի հստակ պատկերացումներ կազմելու համար 1inTV-ին հեռավար կապով զրուցել է Ազդակ օրաթերթի(Լիբանան, Բեյրութ) գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ:
Շահան Գանտահարյանն իր խոսքում նշեց, որ մեր սպասելիքները թե՛ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից ու թե ընդհանրապես միջազգային որևէ հանդիպումից, սկզբունքորեն ոչ ռեալ են: Դրանք արևելյան ոճի սպասելիքներ են՝ հիմնականում ամփոփված բանաձևումների, հայտարարությունների, կոչերի մակարդակում, բայց իրականության մեջ որևէ կախարդակով ձևով ակնթարթային բեկում մտցնել չի լինի: Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն էլ, որ պարտադիր բնույթ ունեին, չեն իրականացվում և ՄԱԿ-ը փաստորեն իր դրվածքի ձևով պարադոքսալ է ինքն իր նկատմամբ, որովհետև այդ դատարանը միջազգային ընտանիքի մի մասն է: Բայց էլի չի իրականացվում: Եվ փաստորեն ՄԱԿ անվտանգության խորհուրդը կրավորական է մնում իր իսկ իրավական որոշման վերաբերյալ: Եվ հասկանալի է, որ չկա քաղաքական պահ՝ Ադրբեջանին ինչ որ բան ստիպելու, եթե դա լիներ, դրա նախադրյալները արդեն զգացած կլինեինք, փուլային պատժամիջոցներ կամ այլ դրսևորումներ կլինեին: Կա միջազգային որոշում և կա դա չկատարող կողմ, բայց չկա քաղաքական պահ նրան պատասխանատվության ենթարկելու առումով: Մենք դա պիտի գիտակցենք:
Մենք այս ընկալումով պիտի փորձենք դիտարկել մեր մոտեցումներն ու կանխատեսումները յուրաքանչյուր հանգրվանում: Ու եթե այդ անվտանգության խորհրդի նիստը, որպես ամփոփում, ինչ որ դատապարտող կամ բանաձևային մակարդակով հայտարարություն անի, այն այնքան նրբորեն հավասարակշռված կլինի, որ Ադրբեջանին էլ հնարավորություն կտա իր օրակարգը առաջ քաշելու: Նույնիսկ այն պարագայում, որ որոշ երկրներ հայտարարեցին, որ Աղդամն ու Լաչինը հավասարազոր չեն: Այսօր, ավելի շատ այդ միջազգային քաղաքականությունը, նաև պայմանավորված ընդհանուր դրությունով, հիմնված է երկու կողմերի միջև հավասարակշռությունը պահպանելու, կողմերից որևէ մեկին խիստ որոշումներ չպարտադրելու տրամադրվածության վրա: Հենց դրա համար էլ մեր ակնկալիքները ճշտելու, հասկանալու հարց կա:
Այս ամենը երկար գործընթաց է ու պետք չէ ամեն րոպե բեկումնային դեպք ակնկալել, բայց այս խորհրդի նիստը Արցախի հարցի արդեն իսկ միջազգայնացման կարևոր սկիզբ էր: Դա նշանակում է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Բայց խնդիր ունենք այն առումով, որ խնդիրը տեղափոխված է մարդասիրական դաշտ ու հակամարտությունն իր խորքային էությամբ և իրավական նշանակությամբ չի վերլուծվում ու միջազգային օրենքը, այս դեպքում ինքնորոշման օրենք,ը շրջանցվում է: Խոսվում է ցեղասպանության առկայության վտանգի ու դրա կանխման անհրաժեշտության մասին, բայց այդ ամենը սահմանափակվում է միայն մարդասիրական սկզբունքի, այն է՝ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությամբ:
Զուտ մարդասիրության չափանիշների մեջ մնալը մի կողմից արագացնում է միջազգայնացումը մյուս կողմից դատարկում է հարցի քաղաքական էությունը:
Ամբողջական հարցազրույցը՝