Հայաստան

Հանուն, Թե Ընդդեմ Երևանի

Այնքան լավ բաներ են խոստացել…չի լինի՞, որ բոլորն էլ ընտրվեն: Համ իրենք գոհ կլինեն, համ մենք լավ կապրենք: Թե չէ էսպես չի լինի: Էս տարբեր Հայաստանները իրար հետ յոլա չեն գնում, իրար ծաղրում են, իրար վիրավորում, երևանցիներին էլ վախեցնում:

Արայիկ Մկրտումյան



Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա Երևանի քաղաքապետի ընտրություններ և այդ առիթով արդեն իսկ սկսվել են խլվլոցները, իրար մեղադրելը, միմյանց սխալները հանել-գտնել-իրար աչք մտցնելը: Շուտով, հավանաբար նաև կսկսվեն գաղտնիքների տարածումներ, թե ով անցյալում ինչ հրեշավոր արարքներ է գործել ու որ այդ թեկնածուն հրեշների հրեշն է, Սատանայի ներկայացուցիչը երկրի վրա, հենց ինքը՝ Նեռը, հայ ազգի դահիճն ու աշխարհի բոլոր երկրների լրտեսական գործակալությունների անդամ ու համատեղությամբ թուրքի ու հրեայի ծնունդ: Ու քանի որ բոլորն են բոլորին սևացնում, մտցնում դժոխք, ապա, երկու տարբերակ կա: Եթե ճիշտ են ասում, կստացվի, որ քաղաքապետի ընտրությունների թեկնածուները դժոխքի դևերն են՝ ամեն մեկն իր դիվային ջոկատով: Իսկ եթե ստում են, ապա…ստում են: Ու չգիտես էլ, թե որն է ավելի վատ, որ թեկնածուների մասին եղած սարսափը ճիշտ լինի, թե պարզվի, որ բոլորը ստախոս են: Իրար սևացնելու այդ նողկալի սովորությունը հանգեցրել է նրան, որ ընտրությունդ մնացել է մասոնա-ջհուդա-թուրքա-ռուսա-արևմտական դավաճանի ու շարքային ստախոսի միջև:

Աստված էլ բեթարից ազատի: Բա որ պարզվի համ ստում են, համ իրենց մասին եղածը ճիշտ է:

Մյուս կողմից էլ երևանցուն ուղղված հրեշտակային խոստումների, շողոքորթումների մի այնպիսի ալիք է սկսվել, որ ակամա ուրախանում ես, որ երևանցի ես: Ամեն օր չէ, որ տասնյակ կուսակցություններ հետդ հարգանքով կխոսեն, կասեն, որ գիտեն քո խնդիրների մասին, կվերլուծեն: Քեզ մարդ ես զգում, քեզ հարգված ես զգում: Էլ կանաչ քաղաք-այգու խոստում, էլ ապօրինի շինարարության վերացում, մետրոյի վագոնների թարմացում, անվճար տրասնպորտ, մաքուր միջավայր, գրադարաններ, մանկապարտեզ, երևանցու ցավը տանելու պատրաստակամություն…էխ, կազինոներից լավ են համոզում:

Մնում ես զարմացած: Թե որ էսքան բան կարող եք անել, ինչո՞ւ մինչև հիմա չեք արել, ինչու մինչև հիմա չեք եկել, մենք էլ ստիպված վատ քաղաքապետեր ենք ընտրել:

Իսկ անուննե՜րը…չուտես, չխմես ու կարդաս գրանցված կուսակցությունների անունները: Որ իրար միացնես իսկական ազգային հայեցակարգ կստացվի:

Անուններն իրար միացնելով նման փառահեղ մի բան ստացվեց՝

«Հանրային Ձայնն» ազդարարեց, որ երևանցիները միմյանց հետ «Քաղաքացիական Պայմանագիր» կնքեցին հանուն «Արդար Հայաստան»-ի, քանզի «Հաղթանակ»-ի գրավականը «Ուժն է Հայրենյաց» և որի «Ազգային Առաջընթաց»-ը միտված է հանուն «Սոցիալական Արդար Հայաստան»-ի, «Միացյալ Հայաստան»-ի, «Լուսավոր Հայաստան»-ի, որովհետև «Մայր Հայաստան»-ը(որի հիմքը Ծիրանն ու Ինտելեկտն է)՝ «Ապրելու Երկիր» է:

Կասկածներ կան, որ սեպտեմբերի 17-ից հետո սկսվելու է Հայաստանի «դրախտայնացման» գործընթացը, որից հետո այս կուսակցություններին կարելի է խնդրել, որ այս լավ բաները Հայաստանի մյուս մարզերում էլ լինի: Ու ընդհանրապես, այնքան լավ բաներ են խոստացել…չի լինի՞, որ բոլորն էլ ընտրվեն: Համ իրենք գոհ կլինեն, համ մենք լավ կապրենք: Թե չէ էսպես չի լինի: Էս տարբեր Հայաստանները իրար հետ յոլա չեն գնում, իրար ծաղրում են, իրար վիրավորում, երևանցիներին էլ վախեցնում, որ եթե սրան ընտրեց ուրեմն ապուշ է, եթե նրան չընտրեց ուրեմն էշ է, ժեխ է, ցեխ է, պիցցայակեր զոմբի ու էլի նման բաներ:

Ու երևանցին, որ սովոր չէ քնքուշ վերաբերմունքի, հանկարծ նկատում է, որ տասնչորս(առայժմ) խումբ իրեն մի կողմից շոյում է, մյուս կողմից էլ հորդորում ճիշտ ընտրություն անել, թե չէ կպարզվի, որ ինքը անասուն է:

Մի խոսքով ինչպես միշտ: Հայկական ընտրությունները իրենց տարերքի մեջ են, շոգը մի կողմից, թեկնածուները՝ մյուս: 

Լավ, լիրիկան մի կողմ:

Հասկանալի է, որ այս ընտրություններում արդեն իսկ կա առանձնացված ֆավորիտ, որ ՔՊ-ն է և մի խումբ այլ կուսակցություններ ու թեկնածուներ, որոնցից շատերին չենք ճանաչում: Էլ չեմ խոսում, որ ամեն կուսակցություն մի քանի տասնյակ մարդ է առաջադրել ավագանու համար, որոնց ընդհանրապես մեծամասնությունը չի ճանաչում: 

Հարց այդ կուսակցություններին: Ինչո՞ւ չեք միավորվում: Ինչ է չգիտե՞ք, որ առանձին-առանձին հինգ տոկոս քվե էլ չեք տանելու: Ձեզ, որ լսում ենք, թվում է, թե բոլորդ էլ լավ բաներ եք անելու, լավ բաներ եք ցանկանում Երևանին ու երևանցուն, ավելի՜ն՝ գալիս եք ծառայելու: Բայց չեք միավորվում: Չեք միավորվում, որ երևանցին էլ գոնե մեկ անգամ ինչ որ միասնություն տեսնի, հասկանա, որ կա ինչ որ բան, հանուն որի դուք պատարստ եք հանդուրժել իրար: ՁԵր ասած երրորդ ուժը: Թե չէ էս թշնամանքը, որ ունեք իրար հանդեպ, հակասում է ձեր կուսակցությունների անուններին իսկ: Ամեն մեկդ ձեր ծրագիրն ունեք, բայց եթե ձեր նպատակը նույնն է, ապա ձեր ծրագրերն էլ կարող են իրար հետ խոսել: Ի վերջո դուք բոլորդ գալիս եք «հանուն Երևանի» ոչ թե «ընդդեմ Երևանի»: 

Էլի ստացվելու է ձայների փոշիացում, ամեն կուսակցությունը քերելով տանի մի քանի հազար քվե ու քաշվի մի կողմ ու լինի այն, ինչ լինում է ընտրություններում: Ու եթե մինչև սեպտեմբերի 17-ը երևանցին խելացի է, որի քվեն ուզում է ստանալ, ապա սեպտեմբերի 20-ին առնվազն տասներեք ուղղությամբ կհայհոյեն, որ երևանցին ապուշ է, որ գնաց նախրի մեջ ու էշի ճակատը համբուրեց: Խեղճ երևանցին արդեն չգիտի, գնա ընտրություններին թե ոչ: 

Երևանի քաղաքապետ լինելն էլ հեշտ բան չէ: Մի քաղաք՝ հազար խնդիր: Հազար խնդիր՝ մի քաղաքապետ, մի քաղաքապետ, միլիոնից ավել մարդ, իսկ միլիոնից ավել մարդու խնդիր լուծելը ամեն մեկի խելքի բանը չէ: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *