24.6 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ռազմա­կան գործո­ղություննե­րի ամե­նա­թեժ պահին 5‑րդ գնդի երկու վաշտի զինվորնե­րը թողնում են դիրքը եւ սկսում նահանջել։ 5‑րդ գունդը 1920թ. Մայիսյան ապստամբության ժամա­նակ անցել էր բոլշեւիկնե­րի կողմը եւ «վատ անուն մը թողած էր»։

1920 թվա­կա­նի թուրք-հայկա­կան պատե­րազմի մասին խոսե­լիս հաճախ նշվում է, որ հայե­րը դիմադրություն ցույց չեն տվել, եւ թուրքա­կան բանա­կը կարո­ղա­ցել է հեշտությամբ առա­ջա­նալ։ Փաստե­րը եւ ռազմա­կան գործո­ղություննե­րի ընթացքը վկա­յում են, որ չնա­յած թերա­ցումնե­րին ու երբեմն չհա­մա­ձայնեցված գործո­ղություննե­րին, հայկա­կան բանա­կը առնվազն մինչեւ հոկտեմբե­րի վերջը կարո­ղա­ցել է կասեցնել թուրքե­րի առաջխա­ղա­ցումը։ Դրա վկա­յությունն է նաեւ այն փաստը, որ սեպտեմբե­րի վերջին՝ Սարի­ղա­մի­շի գրա­վումից հետո, ռազմա­ճա­կա­տի գիծը էական փոփո­խություննե­րի չի ենթարկվում։

ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հայկա­կան բանա­կը հոկտեմբե­րի 14-ին հակա­հարձա­կում է նախա­ձեռնում Կարսի ուղղությամբ։ Ըստ ռազմա­կան պլա­նի՝ այն պետք է իրա­կա­նացվեր երեք ուղղությամբ. աջ թեւը եւ կենտրո­նա­կան զորա­խումբը պետք է շեղեին թշնա­մու ուշադրությունը, ձախը՝ Հարամ-Վարդա­նի ամրություննե­րի ուղղությամբ պետք է ճեղքեր հակա­ռա­կորդի պաշտպա­նության գիծը, ապա հաջո­ղության դեպքում աջ թեւն ու կենտրո­նա­կան զորա­խումը հետ շպրտեին թշնա­մուն դեպի Սարի­ղա­միշ։

Կարո Սասունին, նկա­րագրե­լով հակա­հարձակման մանրա­մասնե­րը, գրում է, որ «Կենտրո­նի ուժը պետք է ճեղքեր թշնա­մու կենտրո­նը Նովո-Սելի­նի եւ Բեգլի-Ահմե­դի ուղղությամբ։ Աջ թեւը պիտի մտներ Արդա­հան, գրա­վեր Դեմիր Գաբուն եւ առա­ջա­նար դեպի Մերդե­նեկ կամ թեքվեր դեպի Սարի­ղա­միշ՝ վտանգե­լով թշնա­մու թիկունքը։ Իսկ ձախ թեւը ցույց պիտի տար հարձա­կո­ղա­կան շարժում, բայց պիտի մնար պաշտպա­նո­ղա­կան դիրքի մեջ»։

Ըստ նրա՝ հակա­հարձակմա­նը մասնակցող հայկա­կան ուժե­րը շուրջ 12 000 էին (14 գումարտակ), եւս 4 000 զինվոր մնում էր պահեստա­յին ուժե­րի կազմում։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ հայկա­կան ուժե­րի թվա­կազմը եղել է մոտ 8 000։

Հայկա­կան զինվո­րա­կան ղեկա­վա­րությունը գրե­թե համոզված էր, որ հարձա­կումը պսակվե­լու է հաջո­ղությամբ։ Գենե­րալ Սիլիկյա­նը հարձա­կումից մեկ օր առաջ հայտնում էր, որ այդ գծում թուրքերն ունեն 4 000 զինվոր ու սպա։ Իր հուշե­րում Կարո Սասունին գրում է, որ թուրքա­կան բանա­կի թվա­կազմը ակնհայտո­րեն քիչ էր նշվում։ Ի պատասխան մտա­հո­գությա­նը՝ Սիլիկյա­նը հայտնում է, որ այդ տեղե­կություններն իրենց տրա­մադրել են Կարսից։ «Իրոք, այդ գիշերվա Կարսեն եկած զեկույցը կհայտներ, թե թուրքե­րը ճակա­տի վրա կենտրո­նա­ցուցած են 9 գումարտակ, ամե­նեն շատը՝ 4000 զինվորնե­րով»,- գրում է Սասունին։ Հետա­գա­յում պարզվում է, որ թուրքա­կան զորա­մա­սե­րի թիվն անհա­մե­մատ ավե­լի մեծ էր, որն էլ, ի թիվս այլ հանգա­մանքնե­րի, դառնում է հարձակման ձախողման պատճա­ռը։

ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Հայկա­կան զորքե­րի հարձա­կումն ուներ նաեւ մի շարք կազմա­կերպչա­կան եւ զորքե­րի կառա­վարման բացթո­ղումներ։ Մասնա­վո­րա­պես՝ մի քանի ուղղությամբ գրո­հը սկսվում է ուշա­ցումով։ «Հարձա­կո­ղա­կա­նը սկսած էր որոշված ժամա­նա­կեն երկու ժամ հետո, իսկ Հարամ-Վարդա­նի ուղղությամբ գործող թեւը 3 եւ կես ժամ հետո։ Այսպի­սով՝ գիշե­րա­յին հարձա­կումը կսկսեր առա­վոտյան»,- գրում է Սասունին։ Արտա­շես Բաբալյա­նը նույնպես գրում է հարձակման ուշացման մասին, ինչը բացատրում էր «գնդա­պետնե­րի եւ շտաբնե­րի անհո­գությամբ»։

Հարձա­կումը «խեղդվում է» հենց առա­ջին գրո­հի ժամա­նակ. աջ թեւում հայկա­կան 1‑ին գունդը չի դիմա­նում թուրքե­րի կատա­ղի դիմադրությա­նը եւ նահանջում է. թշնա­մին շարժվում է դեպի Հարամ-Վարդան։ Կենտրո­նա­կան ուղղությամբ հարձա­կումը հաջող է ընթա­նում, սակայն աջ թեւի նահանջը շրջա­պատման վտանգ է ստեղծում։ «Զորա­վար Հովսեփյա­նը, կառչած երկա­թուղու գծին եւ անտեղյակ դրությա­նը, չկա­րո­ղա­ցավ ժամա­նա­կին հրա­մաններ տալ եւ նոր կարգադրություններ անել ու միայն երե­կո­յան հրա­ման արձա­կեց կենտրո­նին հետ նահանջել եւ բռնել Բեգլի-Ահմե­դի բարձունքնե­րը։ Մեր աջ թեւը կորուստներ կրե­լով, հազիվ կարո­ղա­ցավ վերա­կանգնել նախկին դրությունը եւ բռնել հին դիրքը»,- գրում է Բաբալյա­նը։

Աջ թեւում՝ Դեմիր Գաբուի մարտե­րում, Սմբա­տի կամա­վո­րա­կաննե­րի զորա­մա­սը որոշ հաջո­ղության հասել էր, սակայն չէր ստա­ցել ձախ թեւի թնդա­նո­թա­յին աջակցությունը։ Թուրքե­րը, տեսնե­լով, որ հայկա­կան հրե­տա­նին չի աջակցում հետեւա­կին, գրո­հել էին եւ հայե­րին ստի­պել նահանջել։

Ծանր օրն ավարտվում էր, իսկ հարձա­կումը ոչ մի ուղղությամբ հաջո­ղություն չէր բերել։ Շտա­բում սպա­սում էին մութն ընկնե­լուն, որպեսզի կռի­վը դադա­րեր։ «Միշտ ալ նկա­տե­լի եղած է, որ հայ զորքը առա­ջին թափով լավ կկռվի եւ առա­վոտյան կողմ հաղթա­նակներ կտա­նի։ Սակայն այդ հաղթա­նակնե­րը նույն օրվա երե­կո­յան կողմ չեն շարունակվեր»,- գրում է Կարո Սասունին։

1920թ. հոկտեմբե­րի 14‑ի հարձակման ընթացքում հայկա­կան կողմը տալիս է 60–70 սպանված եւ մոտ 500 վիրա­վոր (Կարո Սասունին զոհե­րի թիվը նշում է 100-ից ավե­լի)։ Մի քանի օր անց ռազմա­կան ամփո­փագրե­րում նշվում էր, որ սեպտեմբե­րի վերջից մինչեւ հոկտեմբե­րի կեսը՝ հայկա­կան հարձակման օրը, թուրքա­կան բանա­կը զգա­լի ուժեր էր տեղա­փո­խել թիկունքից եւ ամրացրել պաշտպա­նա­կան բնա­գի­ծը։

«Ռազմիկ», 25 հոկտեմբե­րի, 1920թ., թիվ 24

«Պաշտո­նա­կան հաղորդագրության համա­ձայն, մեր զորքե­րը թուրքա­կան գերա­զանց ուժե­րի ճնշման տակ, նորից վերա­դարձել են իրենց սկզբնա­կան տեղե­րը։ Ասել է՝ հոկտեմբե­րի 14‑ի մեր զորքե­րի կողմից ձեռնարկված առա­ջին հարձա­կումը՝ չի ունե­ցել ցանկա­լի հաջո­ղությունը։ Թուրքա­կան գլխա­վոր ուժե­րը, ըստ տեղե­կություննե­րի, կենտրո­նա­ցած են գլխա­վո­րա­պես Կարսի ճակա­տում, սկսած Կաղզվա­նի խճուղուց մինչեւ Յասըգչի-Կայա­կո­րա-Խասբեկ գյուղե­րը, որոնք գտնվում են Հարամ-Վարդա­նից 15 վերստ արեւմուտք Զիա­րեթ բարձունքնե­րից մյուս երե­սին, փռված մոտա­վո­րա­պես 40 վերստ ձգվող ճակա­տի վրա։ Այս ճակա­տի վրա գործում են թուրքա­կան երկու դիվի­զիա փորձված ասկյարներ, թվով շուրջ 6 000 հոգի, թնդա­նոթնե­րով ու գնդա­ցիրնե­րով։ Ունեն նաեւ հեծե­լա­զոր։ Թուրք հրա­մա­նա­տա­րությունը, արշա­վանք սկսե­լով Կարս բերդա­քա­ղա­քի վրա, անշուշտ, այս երեք շաբաթվա ընթացքում հանգիստ չէր նստել, նա համա­պա­տասխան միջոցնե­րի պիտի դիմեր, որպեսզի զորքե­րի քանա­կը կարո­ղա­նար շատացնել»։

ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Հոկտեմբե­րի 14‑ի անհա­ջող հարձակման ընթացքում տեղի է ունե­նում նաեւ մեկ այլ ցավա­լի միջա­դեպ։ Կարո Սասունին գրում է, որ ռազմա­կան գործո­ղություննե­րի ամե­նա­թեժ պահին 5‑րդ գնդի երկու վաշտի զինվորնե­րը թողնում են դիրքը եւ սկսում նահանջել։ 5‑րդ գունդը 1920թ. Մայիսյան ապստամբության ժամա­նակ անցել էր բոլշեւիկնե­րի կողմը եւ «վատ անուն մը թողած էր»։ Հետա­գա ամիսնե­րին զգա­լի ջանքեր էին գործադրվել գնդի բարո­յա­հո­գե­բա­նա­կան դրությունը բարե­լա­վե­լու համար, սակայն հոկտեմբե­րի դեպքե­րը ցույց տվե­ցին, որ դրանք բավա­րար չէին։ «Գնդի մեկ-երկու վաշտե­րը, իրենց մեջ գտնված բոլշեւիկնե­րու թելադրությամբ առանց ճակա­տի հրա­մա­նա­տա­րի կարգադրության, տեղի կուտան եւ կնա­հանջեն։ Անոնց կհե­տեւի 7‑րդ գունդը, որու 1–2 սպա­նե­րը անձնա­կան քաջություն թեեւ ունեին, սակայն գունդը կանո­նա­վոր դիմադրություն ցույց չէր տար»,- գրում է Սասունին։

Միա­ժա­մա­նակ զինվորնե­րի շրջա­նում լուրեր էին տարածվում, թե անհնար է միայնակ դիմադրել թուրքա­կան բանա­կին, եւ մեր ուժե­րը բավա­րար չեն։ Սեպտեմբե­րի վերջին Կարսում գտնվող տարբեր պաշտոնյա­նե­րի ու նախա­րարնե­րի ջանքե­րով մեծ դժվա­րությամբ հնա­րա­վոր է լինում կանգնեցնել նահանջը, եւ հայկա­կան զորա­մա­սե­րը կենտրո­նա­նում են Վլա­դի Կարսի շրջա­նում։

ՍՈՒՐՄԱԼՈՒՈՒՄ

Ռազմա­ճա­կա­տի երկրորդ գծում՝ Սուրմա­լուում, նույնպես թեժ մարտեր էին ընթա­նում։ Չնա­յած հակա­ռա­կորդի համա­ռությա­նը՝ այստեղ, սակայն, հայկա­կան զորքե­րը հաջո­ղություններ էին արձա­նագրում։ Հոկտեմբե­րի 20-ից թուրքե­րը գրոհ են սկսում այս ուղղությամբ՝ նպա­տակ ունե­նա­լով շեղել հայե­րի ուշադրությունը եւ Կարսի հատվա­ծում իրենց զորքե­րին վերախմբա­վորման ու հանգստա­նա­լու հնա­րա­վո­րություն տալ։ Կարա­բուլա­ղի ուղղությամբ թուրքե­րը կարո­ղա­նում են առա­ջա­նալ մինչեւ Արաքս գետը, սակայն հաջորդ օրը հայկա­կան զորքե­րը հետ են շպրտում նրանց։ Հոկտեմբե­րի 24-ին ծանր կռիվներ էին Սուլթա­նա­բադ-Իգդիր եւ Դաշբուռուն-Մարգա­րա ուղղություննե­րում։

Հայկա­կան զորա­մա­սե­րը զգա­լի կորուստներ ունեին, եւ Դրո­յի հրա­մա­նով շուտով Քանա­քե­ռից նրանց օգնության են շտա­պում Կուռո Թարխանյա­նի մարտիկնե­րը։ Հասնե­լով Մարգա­րա՝ նրանք տեսնում են, որ թուրքե­րը փակել են ճանա­պարհը։ Կուռոն զինվորնե­րին նստեցնում է բեռնա­տար մեքե­նա­նե­րը, եւ իրա­րից 50 քայլ հեռա­վո­րությամբ շարժվե­լով եւ աջ ու ձախ կողմե­րում հրա­ցա­նա­յին ու գնդացրա­յին կատա­ղի կրակ բացե­լով՝ նրանք ճեղքում են թուրքե­րի գիծը եւ օգնության հասնում Դալիգդա­շում շրջա­փակված հայկա­կան զորա­մա­սե­րին։ «Թշնա­մին հանկարծա­կիի է գալիս եւ սարսա­փա­հար պահվում առունե­րում։ Տալով ութ զինվոր վիրա­վոր եւ գնդացրա­յին մասի հերոս Մալիցկիին սպանված՝ Կուռոն ճեղքում է թշնա­մու շղթան եւ հասնում օրհա­սա­կան դիմադրություն ցույց տվող Դալիգդա­շին օգնության»,- գրում է Վրացյա­նը։

Հոկտեմբե­րի 26-ին հայերն անցնում են հակա­հարձակման, ջախջա­խում են թշնա­մուն եւ հետ շպրտում Բարթողյան լեռնե­րից։ «Երեւա­նը, որ մի քանի օր ապրում էր Սուրմա­լուից հասնող թնդա­նոթնե­րի որո­տի տակ եւ սարսա­փա­հար սպա­սում էր ճակա­տա­մարտի ելքին, հանգիստ շունչ քաշեց»,- գրում է Վրացյա­նը։ Դրա­նից հետո թուրքա­կան բանա­կը Սուրմա­լուի ռազմա­ճա­կա­տում գործո­ղություններ չի ձեռնարկում։

ԹՈՒՐՔԵՐԻ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հոկտեմբե­րի երկրորդ կեսին Կարսի ուղղությամբ հիմնա­կա­նում դիրքա­յին մարտեր էին ընթա­նում։ Զգա­լիո­րեն ամրացվում է թիկունքը, ձերբա­կալվում են խուճապ տարա­ծող մի քանի զինվոր ու սպա։ Թուրքա­կան բանա­կը նոր հարձա­կում է սկսում հոկտեմբե­րի 25-ին՝ Վլա­դի Կարսի շրջա­նում։ Հայե­րը համա­ռո­րեն դիմադրում էին, սակայն օրվա վերջում թողնում են դիրքե­րը։ Ընդ որում՝ թուրքե­րը միայն հաջորդ օրն են իմա­նում, որ հայկա­կան ուժե­րը նահանջել են, եւ առանց գնդակ արձա­կե­լու հաստատվում են Վլա­դի Կարսում։ Ռազմա­ճա­կա­տի գիծն ավե­լի է մոտե­նում Կարսին։

Երկու օր անց՝ հոկտեմբե­րի 28-ին, թուրքա­կան զորա­մա­սե­րը անսպա­սե­լի գրո­հում են Վեզին-Քյո­յի ուղղությամբ։ Թուրքե­րը հասկա­ցել էին, որ գլխա­վոր ուղղությամբ հարձա­կումը դժվար է լինե­լու, ուստի գաղտնի, հայե­րից աննկատ զգա­լի ուժեր էին տեղա­փո­խել Նախի­ջեւա­նի գավառ, որտե­ղից կտրուկ գրո­հով վերցրել էին Վեզին-Քյո­յը։ «Հայկա­կան բանա­կի հրա­մա­նա­տա­րությունը 3–4 օրվա փնտրտուքնե­րե հետո միայն 28‑ի երե­կո­յան տեսավ թշնա­մին իր քթին տակ, շատ վտանգա­վոր դիրքի մը մեջ»,- գրում է Սասունին։ Հոկտեմբե­րի 28-ին եւ 29-ին այս ուղղություննե­րում համառ մարտեր են ընթա­նում, եւ թվում էր, թե հնա­րա­վոր է կանգնեցնել թշնա­մուն։ Սակայն 5‑րդ գունդը կրկին հրա­ժարվում է կատա­րել մարտա­կան առա­ջադրանքը եւ նահանջում է։

Հոկտեմբե­րի 30-ին Կարսից ստացվում է վերջին հեռա­գի­րը՝ «Բերդի բախտը վճռված է։ Զոր. Փիրումյան»։ 1920թ. հոկտեմբե­րի 30‑ի կեսօ­րին թուրքա­կան զորքերն արդեն Կարսում էին։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ