Հայաստան

Հանրապետություն

Ռազմական գործողությունների ամենաթեժ պահին 5-րդ գնդի երկու վաշտի զինվորները թողնում են դիրքը եւ սկսում նահանջել։ 5-րդ գունդը 1920թ. Մայիսյան ապստամբության ժամանակ անցել էր բոլշեւիկների կողմը եւ «վատ անուն մը թողած էր»։

1920 թվականի թուրք-հայկական պատերազմի մասին խոսելիս հաճախ նշվում է, որ հայերը դիմադրություն ցույց չեն տվել, եւ թուրքական բանակը կարողացել է հեշտությամբ առաջանալ։ Փաստերը եւ ռազմական գործողությունների ընթացքը վկայում են, որ չնայած թերացումներին ու երբեմն չհամաձայնեցված գործողություններին, հայկական բանակը առնվազն մինչեւ հոկտեմբերի վերջը կարողացել է կասեցնել թուրքերի առաջխաղացումը։ Դրա վկայությունն է նաեւ այն փաստը, որ սեպտեմբերի վերջին՝ Սարիղամիշի գրավումից հետո, ռազմաճակատի գիծը էական փոփոխությունների չի ենթարկվում։

ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հայկական բանակը հոկտեմբերի 14-ին հակահարձակում է նախաձեռնում Կարսի ուղղությամբ։ Ըստ ռազմական պլանի՝ այն պետք է իրականացվեր երեք ուղղությամբ. աջ թեւը եւ կենտրոնական զորախումբը պետք է շեղեին թշնամու ուշադրությունը, ձախը՝ Հարամ-Վարդանի ամրությունների ուղղությամբ պետք է ճեղքեր հակառակորդի պաշտպանության գիծը, ապա հաջողության դեպքում աջ թեւն ու կենտրոնական զորախումը հետ շպրտեին թշնամուն դեպի Սարիղամիշ։

Կարո Սասունին, նկարագրելով հակահարձակման մանրամասները, գրում է, որ «Կենտրոնի ուժը պետք է ճեղքեր թշնամու կենտրոնը Նովո-Սելինի եւ Բեգլի-Ահմեդի ուղղությամբ։ Աջ թեւը պիտի մտներ Արդահան, գրավեր Դեմիր Գաբուն եւ առաջանար դեպի Մերդենեկ կամ թեքվեր դեպի Սարիղամիշ՝ վտանգելով թշնամու թիկունքը։ Իսկ ձախ թեւը ցույց պիտի տար հարձակողական շարժում, բայց պիտի մնար պաշտպանողական դիրքի մեջ»։

Ըստ նրա՝ հակահարձակմանը մասնակցող հայկական ուժերը շուրջ 12 000 էին (14 գումարտակ), եւս 4 000 զինվոր մնում էր պահեստային ուժերի կազմում։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ հայկական ուժերի թվակազմը եղել է մոտ 8 000։

Հայկական զինվորական ղեկավարությունը գրեթե համոզված էր, որ հարձակումը պսակվելու է հաջողությամբ։ Գեներալ Սիլիկյանը հարձակումից մեկ օր առաջ հայտնում էր, որ այդ գծում թուրքերն ունեն 4 000 զինվոր ու սպա։ Իր հուշերում Կարո Սասունին գրում է, որ թուրքական բանակի թվակազմը ակնհայտորեն քիչ էր նշվում։ Ի պատասխան մտահոգությանը՝ Սիլիկյանը հայտնում է, որ այդ տեղեկություններն իրենց տրամադրել են Կարսից։ «Իրոք, այդ գիշերվա Կարսեն եկած զեկույցը կհայտներ, թե թուրքերը ճակատի վրա կենտրոնացուցած են 9 գումարտակ, ամենեն շատը՝ 4000 զինվորներով»,- գրում է Սասունին։ Հետագայում պարզվում է, որ թուրքական զորամասերի թիվն անհամեմատ ավելի մեծ էր, որն էլ, ի թիվս այլ հանգամանքների, դառնում է հարձակման ձախողման պատճառը։

ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԸ

Հայկական զորքերի հարձակումն ուներ նաեւ մի շարք կազմակերպչական եւ զորքերի կառավարման բացթողումներ։ Մասնավորապես՝ մի քանի ուղղությամբ գրոհը սկսվում է ուշացումով։ «Հարձակողականը սկսած էր որոշված ժամանակեն երկու ժամ հետո, իսկ Հարամ-Վարդանի ուղղությամբ գործող թեւը 3 եւ կես ժամ հետո։ Այսպիսով՝ գիշերային հարձակումը կսկսեր առավոտյան»,- գրում է Սասունին։ Արտաշես Բաբալյանը նույնպես գրում է հարձակման ուշացման մասին, ինչը բացատրում էր «գնդապետների եւ շտաբների անհոգությամբ»։

Հարձակումը «խեղդվում է» հենց առաջին գրոհի ժամանակ. աջ թեւում հայկական 1-ին գունդը չի դիմանում թուրքերի կատաղի դիմադրությանը եւ նահանջում է. թշնամին շարժվում է դեպի Հարամ-Վարդան։ Կենտրոնական ուղղությամբ հարձակումը հաջող է ընթանում, սակայն աջ թեւի նահանջը շրջապատման վտանգ է ստեղծում։ «Զորավար Հովսեփյանը, կառչած երկաթուղու գծին եւ անտեղյակ դրությանը, չկարողացավ ժամանակին հրամաններ տալ եւ նոր կարգադրություններ անել ու միայն երեկոյան հրաման արձակեց կենտրոնին հետ նահանջել եւ բռնել Բեգլի-Ահմեդի բարձունքները։ Մեր աջ թեւը կորուստներ կրելով, հազիվ կարողացավ վերականգնել նախկին դրությունը եւ բռնել հին դիրքը»,- գրում է Բաբալյանը։

Աջ թեւում՝ Դեմիր Գաբուի մարտերում, Սմբատի կամավորականների զորամասը որոշ հաջողության հասել էր, սակայն չէր ստացել ձախ թեւի թնդանոթային աջակցությունը։ Թուրքերը, տեսնելով, որ հայկական հրետանին չի աջակցում հետեւակին, գրոհել էին եւ հայերին ստիպել նահանջել։

Ծանր օրն ավարտվում էր, իսկ հարձակումը ոչ մի ուղղությամբ հաջողություն չէր բերել։ Շտաբում սպասում էին մութն ընկնելուն, որպեսզի կռիվը դադարեր։ «Միշտ ալ նկատելի եղած է, որ հայ զորքը առաջին թափով լավ կկռվի եւ առավոտյան կողմ հաղթանակներ կտանի։ Սակայն այդ հաղթանակները նույն օրվա երեկոյան կողմ չեն շարունակվեր»,- գրում է Կարո Սասունին։

1920թ. հոկտեմբերի 14-ի հարձակման ընթացքում հայկական կողմը տալիս է 60-70 սպանված եւ մոտ 500 վիրավոր (Կարո Սասունին զոհերի թիվը նշում է 100-ից ավելի)։ Մի քանի օր անց ռազմական ամփոփագրերում նշվում էր, որ սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսը՝ հայկական հարձակման օրը, թուրքական բանակը զգալի ուժեր էր տեղափոխել թիկունքից եւ ամրացրել պաշտպանական բնագիծը։

«Ռազմիկ», 25 հոկտեմբերի, 1920թ., թիվ 24

«Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մեր զորքերը թուրքական գերազանց ուժերի ճնշման տակ, նորից վերադարձել են իրենց սկզբնական տեղերը։ Ասել է՝ հոկտեմբերի 14-ի մեր զորքերի կողմից ձեռնարկված առաջին հարձակումը՝ չի ունեցել ցանկալի հաջողությունը։ Թուրքական գլխավոր ուժերը, ըստ տեղեկությունների, կենտրոնացած են գլխավորապես Կարսի ճակատում, սկսած Կաղզվանի խճուղուց մինչեւ Յասըգչի-Կայակորա-Խասբեկ գյուղերը, որոնք գտնվում են Հարամ-Վարդանից 15 վերստ արեւմուտք Զիարեթ բարձունքներից մյուս երեսին, փռված մոտավորապես 40 վերստ ձգվող ճակատի վրա։ Այս ճակատի վրա գործում են թուրքական երկու դիվիզիա փորձված ասկյարներ, թվով շուրջ 6 000 հոգի, թնդանոթներով ու գնդացիրներով։ Ունեն նաեւ հեծելազոր։ Թուրք հրամանատարությունը, արշավանք սկսելով Կարս բերդաքաղաքի վրա, անշուշտ, այս երեք շաբաթվա ընթացքում հանգիստ չէր նստել, նա համապատասխան միջոցների պիտի դիմեր, որպեսզի զորքերի քանակը կարողանար շատացնել»։

ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Հոկտեմբերի 14-ի անհաջող հարձակման ընթացքում տեղի է ունենում նաեւ մեկ այլ ցավալի միջադեպ։ Կարո Սասունին գրում է, որ ռազմական գործողությունների ամենաթեժ պահին 5-րդ գնդի երկու վաշտի զինվորները թողնում են դիրքը եւ սկսում նահանջել։ 5-րդ գունդը 1920թ. Մայիսյան ապստամբության ժամանակ անցել էր բոլշեւիկների կողմը եւ «վատ անուն մը թողած էր»։ Հետագա ամիսներին զգալի ջանքեր էին գործադրվել գնդի բարոյահոգեբանական դրությունը բարելավելու համար, սակայն հոկտեմբերի դեպքերը ցույց տվեցին, որ դրանք բավարար չէին։ «Գնդի մեկ-երկու վաշտերը, իրենց մեջ գտնված բոլշեւիկներու թելադրությամբ առանց ճակատի հրամանատարի կարգադրության, տեղի կուտան եւ կնահանջեն։ Անոնց կհետեւի 7-րդ գունդը, որու 1-2 սպաները անձնական քաջություն թեեւ ունեին, սակայն գունդը կանոնավոր դիմադրություն ցույց չէր տար»,- գրում է Սասունին։

Միաժամանակ զինվորների շրջանում լուրեր էին տարածվում, թե անհնար է միայնակ դիմադրել թուրքական բանակին, եւ մեր ուժերը բավարար չեն։ Սեպտեմբերի վերջին Կարսում գտնվող տարբեր պաշտոնյաների ու նախարարների ջանքերով մեծ դժվարությամբ հնարավոր է լինում կանգնեցնել նահանջը, եւ հայկական զորամասերը կենտրոնանում են Վլադի Կարսի շրջանում։

ՍՈՒՐՄԱԼՈՒՈՒՄ

Ռազմաճակատի երկրորդ գծում՝ Սուրմալուում, նույնպես թեժ մարտեր էին ընթանում։ Չնայած հակառակորդի համառությանը՝ այստեղ, սակայն, հայկական զորքերը հաջողություններ էին արձանագրում։ Հոկտեմբերի 20-ից թուրքերը գրոհ են սկսում այս ուղղությամբ՝ նպատակ ունենալով շեղել հայերի ուշադրությունը եւ Կարսի հատվածում իրենց զորքերին վերախմբավորման ու հանգստանալու հնարավորություն տալ։ Կարաբուլաղի ուղղությամբ թուրքերը կարողանում են առաջանալ մինչեւ Արաքս գետը, սակայն հաջորդ օրը հայկական զորքերը հետ են շպրտում նրանց։ Հոկտեմբերի 24-ին ծանր կռիվներ էին Սուլթանաբադ-Իգդիր եւ Դաշբուռուն-Մարգարա ուղղություններում։

Հայկական զորամասերը զգալի կորուստներ ունեին, եւ Դրոյի հրամանով շուտով Քանաքեռից նրանց օգնության են շտապում Կուռո Թարխանյանի մարտիկները։ Հասնելով Մարգարա՝ նրանք տեսնում են, որ թուրքերը փակել են ճանապարհը։ Կուռոն զինվորներին նստեցնում է բեռնատար մեքենաները, եւ իրարից 50 քայլ հեռավորությամբ շարժվելով եւ աջ ու ձախ կողմերում հրացանային ու գնդացրային կատաղի կրակ բացելով՝ նրանք ճեղքում են թուրքերի գիծը եւ օգնության հասնում Դալիգդաշում շրջափակված հայկական զորամասերին։ «Թշնամին հանկարծակիի է գալիս եւ սարսափահար պահվում առուներում։ Տալով ութ զինվոր վիրավոր եւ գնդացրային մասի հերոս Մալիցկիին սպանված՝ Կուռոն ճեղքում է թշնամու շղթան եւ հասնում օրհասական դիմադրություն ցույց տվող Դալիգդաշին օգնության»,- գրում է Վրացյանը։

Հոկտեմբերի 26-ին հայերն անցնում են հակահարձակման, ջախջախում են թշնամուն եւ հետ շպրտում Բարթողյան լեռներից։ «Երեւանը, որ մի քանի օր ապրում էր Սուրմալուից հասնող թնդանոթների որոտի տակ եւ սարսափահար սպասում էր ճակատամարտի ելքին, հանգիստ շունչ քաշեց»,- գրում է Վրացյանը։ Դրանից հետո թուրքական բանակը Սուրմալուի ռազմաճակատում գործողություններ չի ձեռնարկում։

ԹՈՒՐՔԵՐԻ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Հոկտեմբերի երկրորդ կեսին Կարսի ուղղությամբ հիմնականում դիրքային մարտեր էին ընթանում։ Զգալիորեն ամրացվում է թիկունքը, ձերբակալվում են խուճապ տարածող մի քանի զինվոր ու սպա։ Թուրքական բանակը նոր հարձակում է սկսում հոկտեմբերի 25-ին՝ Վլադի Կարսի շրջանում։ Հայերը համառորեն դիմադրում էին, սակայն օրվա վերջում թողնում են դիրքերը։ Ընդ որում՝ թուրքերը միայն հաջորդ օրն են իմանում, որ հայկական ուժերը նահանջել են, եւ առանց գնդակ արձակելու հաստատվում են Վլադի Կարսում։ Ռազմաճակատի գիծն ավելի է մոտենում Կարսին։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 28-ին, թուրքական զորամասերը անսպասելի գրոհում են Վեզին-Քյոյի ուղղությամբ։ Թուրքերը հասկացել էին, որ գլխավոր ուղղությամբ հարձակումը դժվար է լինելու, ուստի գաղտնի, հայերից աննկատ զգալի ուժեր էին տեղափոխել Նախիջեւանի գավառ, որտեղից կտրուկ գրոհով վերցրել էին Վեզին-Քյոյը։ «Հայկական բանակի հրամանատարությունը 3-4 օրվա փնտրտուքներե հետո միայն 28-ի երեկոյան տեսավ թշնամին իր քթին տակ, շատ վտանգավոր դիրքի մը մեջ»,- գրում է Սասունին։ Հոկտեմբերի 28-ին եւ 29-ին այս ուղղություններում համառ մարտեր են ընթանում, եւ թվում էր, թե հնարավոր է կանգնեցնել թշնամուն։ Սակայն 5-րդ գունդը կրկին հրաժարվում է կատարել մարտական առաջադրանքը եւ նահանջում է։

Հոկտեմբերի 30-ին Կարսից ստացվում է վերջին հեռագիրը՝ «Բերդի բախտը վճռված է։ Զոր. Փիրումյան»։ 1920թ. հոկտեմբերի 30-ի կեսօրին թուրքական զորքերն արդեն Կարսում էին։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *