Հայաստան-Արցախ տարանջատողները հավանաբար լսեցին, որ Իշխանյանն ասաց, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը հեռանա Արցախից: Ռուսասերները երևի լսեցին, որ ռուսների առաջարկը՝ ադրբեջանցիների, մեքենաներով Արցախ մուտքի առաջարկը մերժել են: Զիջողները լսեցին, որ հստակ որոշում ունեն Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհը փակ պահել: Անորոշ ու պղտոր ջրում ձուկ որսողներն էլ լսեցին, որ Արցախի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է անկախության ճանաչումը:
Մեր Ուղին
Այսօր Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է բազմաթիվ թեմաների: Դավիթ Իշխանյանի խոսքում անդրադարձ կար և՛ Արցախի ներքաղաքական իրավիճակին, և՛ արտաքին մարտահրավերներին ու ներկայումս ստեղծված իրադրությանը:
Դավիթ Իշխանյանի ասուլիսը դրական առումով զարմանալի էր: Ընդ որուրմ ոչ թե զարմանալի անձամբ պրն. Իշխանյանի անձի հետ կապված, այլ զարմանալի մի իրողություն հայ քաղաքական կյանքում ընդհանրապես:
Բանն այն է, որ Արցախի նորընտիր ԱԺ նախագահի ելույթը ոչ մի կերպ չի կարելի համարել կուսակցականացված, «հականիկոլ» կամ «ռուսամետ» կամ նման մեկ այլ բան: Արցախի ԱԺ նախագահի ասուլիսը պետական լրջություն ունեցող խոսք էր, ընդ որում այդ պետական լրջությունը միահյուսված էր պատասխանատվության ընդունման շեշտադրումով և միասնականության տրամադրվածությամբ: Միասնականություն ոչ թե վերացական «հայ ժողովուրդ», այլ նաև հայ հասարակական-քաղաքական կյանքի, ու ինչու չէ նաև իրար հետ քաղաքականապես յոլա չգնացող ուժերի միջև:
Մի բան, որ մենք երբեք չենք տեսել ու մի ասուլիս, որ չի եղել: Այսինքն քաղաքական պատասխանատու պաշտոնյայի կողմից ասվող խոսք, որին անհնար է հակառակել և ում հետ համաձայնվում ես, քանի որ և՛ լավ է ասում, և՛ ճիշտ է ասում:
Անշուշտ ողջունելի է նման կեցվածքը և հատկապես, որ այդ կեցվածքը դաշնակցական գործիչն է ցույց տալիս: Մի կուսակցություն, որը վերջին քսան տարում իշխանական համակեցությամբ է զբաղված եղել ու հատկապես վերջին հինգ տարում անզիջում ընդդիմադիրի դեր է տանում:
Այս ասուլիսը լավն էր, բայց շատ տխուր է ոչ միայն Արցախի վիճակը, այլ հայ քաղաքական մտքի, որ մենք ուրախանում ենք, երբ ցեղասպանության շեմին կանգնած երկրի պետական պաշտոնյան իրեն պահում է պահի լրջությանը համահունչ և սրան-նրան հայհոյելու կամ ռուսներին քավորություն անելու փոխարեն խոսում է իր պատասխանատվությանը վայել լրջությամբ:
Բայց արդյո՞ք մենք չենք ուշացել: Արդյո՞ք Դավիթ Իշխանյանը չէր կարող այդ կեցվածքն ունենալ հինգ, տասը տարի առաջ: Արդյո՞ք ՀՅԴ-ը և հայ քաղաքական կյանքի մյուս դերակատարները չէին կարող այս երեսուն տարում իրենց նման կերպ պահել: Այսինքն մենք անպայման պիտի հասնենք Ցեղասպանության, որ գոնե մեկը մի քիչ նորմալ խոսի՞:
Իսկ ինչ են մտածում դաշնակցականները այստեղ՝ ՀՀ-ում, մասնավորապես Երևանում: Արդյո՞ք նրանք դժգոհություն չեն հայտնելու, որ Դավիթ Իշխանյանը պատրաստ է Արայիկ Հարությունյանի հետ աշխատել, որ Դավիթ Իշխանյանը նաև քննադատեց ռուսներին, մի բան, որ ՀՅԴ ներկայիս պահվածքին բնորոշ չէ:
Իսկ գուցե ՀՅԴ-ը սկսել է հասկանա՞լ, որ գերեզմանում մեկ է, թե ով էր իշխանական, իսկ ով՝ ընդդիմադիր, իսկ Ադրբեջանը հենց գերեզման է պատրաստում Արցախի համար: Գերեզման, որից մենք բոլորս պիտի կարողանանք խուսափել:
Դավիթ Իշխանյանը այսօրվա ասուլիսը ցույց տվեց մի բան: Հայերը կարող են իրար հետ աշխատել, կամ գոնե փորձել իրար հետ աշխատել: Ցույց տվեց նաև մի քանի այլ բան ևս:
Հայաստան-Արցախ տարանջատողները հավանաբար լսեցին, որ Իշխանյանն ասաց, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստանը հեռանա Արցախից: Ռուսասերները երևի լսեցին, որ ռուսների առաջարկը՝ ադրբեջանցիների, մեքենաներով Արցախ մուտքի առաջարկը մերժել են: Զիջողները լսեցին, որ հստակ որոշում ունեն Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհը փակ պահել: Անորոշ ու պղտոր ջրում ձուկ որսողներն էլ լսեցին, որ Արցախի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է անկախության ճանաչումը:
Դավիթ Իշխանյանը նաև ընդգծեց, որ մենք գտնվում ենք ազգային ազատագրական պայքարի շատ ծանր փուլի մեջ: Դա հավանաբար այս ասուլիսի ամենից կարևոր հատվածներից էր: Այդ մակարդակի պաշտոնյայի հայտարարությունը նաև բավական նուրբ, բայց անթաքույց դժգություն էր ռուսների հանդեպ, որոնք այսօր ավելի քան ադրբեջանական պահվածք ունեն:
Կարելի է կարծել, որ Դավիթ Իշխանյանը միայն ինքն իրենով չի անում այդ հայտարարությունը, այլ կա և՛ ՀՅԴ վերին էշելոնների համաձայնությունը, և՛ Արցախի քաղաքական դերակատարների մեջ կոնսենսուսի գոյություն: Իսկ դա արդեն պետական պահված է: Ողջունելի է, որ վերջապես կա նման կեցվածք: Մնում է միայն քաղաքական կամքը բավարարի, քանի որ ճնշումները ուժեղանալու են և՛ ներսից, և՛ դրսից:
Դավիթ Իշխանյանի ասուլիսը՝