Հայաստան

Վերարժևորելով Անցյալը

(Մաս առաջին)

Այսօրվա ռուս-ուկրաինական պատերազմի արմատները թաքնված են 10 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած պատմական իրադարձությունների մեջ։ Վստահաբար, սա մարդկության պատմության մեջ կմնա գեոպոլիտիկ պայքարի ամենահետաքրքիր և դաժան դրսևորումներից մեկը։

Ռոբերտ Անանյան

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ ամոթի օր է, ոչ թե՝ ռացիոնալ հաշվարկի։ Ուղիղ 10 տարի առաջ այս օրը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ռուսաստանի ծրագրած Մաքսային Միությանը (ներկայում՝ ԵՏՄ-ին) միանալու մասին։ Այս որոշումն առավել խորացրեց Ռուսաստանից Հայաստանի ունեցած անառողջ կախվածությունը։ Ես լավ եմ հիշում 10 տարի առաջվա իրավիճակը։ 

Կրեմլը սպառնացել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա հրաժարվեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից, ինչը անելուց հետո ՀՀ-ն  անդամակցեց Ռուսաստանի նեոկայսերական նախագծին։ Հիմա կմանրամասնեմ, թե ինչպես դա տեղի ունեցավ և ինչ հետևանքներ ունեցավ։ 

Կրեմլը Եվրամիության «Արևելյան գործընկերության» նախագիծը համարում էր դեպի Ռուսաստան Արևմուտքի ծավալման դրսևորում, որի նպատակը ռուսական ազդեցության ներքո գտնվող պետություններին արևմտյան ինտեգրացիոն ծրագրերում ներառելն էր։ Հետևաբար, սա Պուտինյան ռեժիմի համար կյանքի ու մահվան հարց դարձավ, և նա սկսեց տապալել Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Վրաստանի ձգտումները՝ Եվրամիության հետ ասոցացումը։ Կանդրադառնամ միայն Հայաստանին և Ուկրաինային։ 

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի այսօրվա հանցագործ պատերազմի առիթը դարձավ Ասոցացման համաձայնագիրը։ 2013-ի նոյեմբերին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել էր ստորագրել Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագիրը, որը մշակման մեջ էր տարիներ շարունակ։ Մինչդեռ, հենց ինքը՝  Յանուկովիչն էր ավելի վաղ հավանություն տվել Ասոցացման համաձայնագրին։ Դրա փոխարեն Յանուկովիչը հայտարարում էր, որ կողմ է Ռուսաստանի հետ մերձեցմանը։ 2013-ի աշնանը Ռուսաստանը նախազգուշացրեց Ուկրաինային, որ եթե Ուկրաինան շարունակի ընթանալ դեպի ԵՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, այդ երկիրը հանդիպելու է ֆինանսական աղետի և, հնարավոր է, երկրի փլուզում տեղի ունենա։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, հայտարարել էր, որ եթե ԵՄ-ի հետ Ուկրաինայի պայմանագիրը ստորագրվի, Ռուսաստանը կաջակցի անջատողական շարժման առաջացմանը Ուկրաինայի ռուսալեզու Արևելքում և հարավում։ Եվրոմայդանի արդյունքում ուկրաինացիները հեռացրին Յանուկովիչին, և Ուկրաինայի նոր նախագահ Պորոշենկոն 2014-ի մարտի 21-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ ստորագրեց Համաձայնագրի քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը ստորագրվեց հունիսի 27-ին։ Ռուսաստանը օկուպացրեց Ուկրաինային պատկանող Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը։ 

Այսօրվա ռուս-ուկրաինական պատերազմի արմատները թաքնված են 10 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած պատմական իրադարձությունների մեջ։ Վստահաբար, սա մարդկության պատմության մեջ կմնա գեոպոլիտիկ պայքարի ամենահետաքրքիր և դաժան դրսևորումներից մեկը։ 

Պուտինը և իր շրջապատը չեն թաքցնում, որ ցանկանում են վերականգնել ռուսական կայսրությունը։ Նրանք ԽՍՀՄ-ն ևս համարում են Ռուսական կայսրություն, սակայն՝ քաղաքական փոքր-ինչ այլ համակարգով։ Պուտինն անձամբ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը որակել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը։ Այդ իմաստով՝ Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռուսական նեոկայսերական նպատակների գործիքներն են։ Երբ նախկին սովետական գաղութները լիարժեքորեն ինտեգրվեն Ռուսաստանին՝ ռազմական և տնտեսական ձևաչափերով, նրանց ավելի հեշտ կլինի մտցնել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մեջ։ 

Ուկրաինայի ներառումը ԵՏՄ-ի կազմ և այդ երկրի՝ արևմտյան քաղաքական կուրսի որդեգրման տապալումը չափազանց էական նպատակ էր Ռուսաստանի համար։ Դե իսկ Հայաստանը Ուկրաինայից ավելի թույլ էր ու խոցելի, հետևաբար՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հեշտորեն ենթարկվեց Պուտինի սպառնալիքներին՝ սեպտեմբերի 3-ին միանալով Մաքսային միությանը (ապագա՝ ԵՏՄ), Մոսկվայում Պուտինի հետ ստորագրելով փաստաթուղթ։ Բացի այդ, հայաստանյան հասարակությունը լայն ծավալներով չընդվզեց Ասոցացումից հրաժարվելու որոշման դեմ, ինչպես՝ ուկրաինականը արեց։ 

Հայաստանի քաղհասարակությունը և քչաթիվ քաղաքական գործիչներ էին ԵՏՄ մտնելու վտանգները մատնանշում։ Իսկ 2013-2014-ին Հայաստանում եղած հիմնական քաղաքական ուժերը՝ Սերժ Սարգսյանից ռուսամետ էին, և ես ունեմ համոզմունք, որ «Քառյակ» կոչվող քաղաքական դաշինքը Հայաստանը ԵՏՄ մտցնելու ռուսական գործիքներից մեկն էր։ Այն ժամանակ ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ-Ժառանգություն  կուսակցությունների «Քառյակ» անունով միավորումը թեև զուտ ներհայաստանյան հարցեր էր բարձրացնում, սակայն նրանք հասան վարչապետի փոփոխության։ 

2013-2014 թվերին Հայաստանում ներքաղաքական պայթյունի սպառնալիք էր ստեղծվել, ինչը կարող էր հավելյալ ճնշման գործիք դառնալ Սերժ Սարգսյանի դեմ։ Նա չորս տարի բանակցում էր Եվրամիության հետ՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցով, սակայն արտաքին և ներքին ճնշումների ենթարկվելով՝ զիջեց։ 

2013-ի տարեսկզբին Սերժ Սարգսյանը նախագահ էր ընտրվել ընտրակեղծիքներով։ Սակայն այն ժամանակվա եվրոչինովնիկները անտեսել էին այդ փաստը, հույս ունենալով, որ կստորագրվի Ասոցացման համաձայնագիրը։ Այսօր արդեն ակնհայտ է, որ Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծած Պուտինը Սերժ Սարգսյանին նույնպես սպառնացել էր, որ Հայաստանը կունենա լրջագույն խնդիրներ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի, անվտանգության առումով։ 

Փաստացի, 2013-ին Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից, քանի որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դարձրեց ճնշման գործիք։ 

Հայաստանը ևս մեկ խոցելի տեղ ուներ, որն անվտանգային համակարգն էր։ Հայաստանը այդ տարիներին իր զենքի, զինտեխնիկայի մեծ մասը գնում էր Ռուսաստանից, ինչը Սերժ Սարգսյանի կոպիտ սխալն էր։ Մեկ կետից անվտանգության բաղադրիչներ ստացող պետությունը չի կարող անկախ արտաքին քաղաքականություն վարել։ Եթե Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրեր, Ռուսաստանը կհրաժարվեր զենք վաճառել Հայաստանին։ 

Ադրբեջանի հետ պատերազմի պատրաստվող Հայաստանի համար դա մահացու կլիներ։ Սակայն ԵՏՄ մտնելու ստորագրությունը անվտանգություն և Ռուսաստանի՝ պրողարաբաղյան դիրքորոշում չբերեց Հայաստանին։ Հենց այդ շրջանում էր, որ Ռուսաստանը մեծացրել էր Ադրբեջանին զենքի վաճառքը։ Ես առանձին հոդված եմ գրել, որում մանրամասնել եմ Ռուսաստանից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին։ Մեկնաբանության հատվածում կտեղադրեմ այդ հոդվածը։ 

Սերժ Սարգսյանի ռազմավարական սխալն այն էր, որ նա չէր նկատում Ադրբեջանի զինումը Ռուսաստանի կողմից, և դա խնդիր չէր համարում։ Այո, Ապրիլյան պատերազմից հետո նա Մեդվեդևին դժգոհում էր Երևանում, սակայն այդ դժգոհությունը քաղաքական ոչ մի հետևանք չունեցավ, չդիվերսիֆիկացվեց զենքի գնման շուկան։ 

Սերժ Սարգսյանը կարծես հաշվել էր, որ եթե Հայաստանը անդամակցի ԵՏՄ-ին, ուրեմն՝ Ռուսաստանը կաջակցի հայկական կողմին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում, թույլ չի տա, որ Ադրբեջանը պատերազմ սկսի։ Սակայն երկու-երեք տարի անց Սերգեյ Լավրովը ներկայացրեց Ղարաբաղի հարցի լուծման ռուսական պլան, որտեղ կարգավիճակի հարցի լուծումը թողնվում էր ապագային։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի իշխանության ձգտումն այն էր, որ 5 կամ 7 շրջանների դիմաց՝ Լեռնային Ղարաբաղը ստանար կամ՝ անկախություն, կամ՝ անկախությունը չբացառող հանրաքվեի հնարավորություն։ 

Երկու տարի առաջ՝ 2011-ին, Կազանում տապալվել էր Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստան – Ադրբեջան փաստաթղթի ստորագրումը։ Ալիևը հրաժարվել էր ստորագրել Ղարաբաղի անկախությունը չբացառող հանրաքվեով փաստաթղթի ստորագրումից։ Կազանում տապալումից հետո Ռուսաստանը մեծացրեց Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալները, ըստ էության՝ նախապատվությունը տալով կոնֆլիկտի լուծման Ալիևի պատկերացումներին, որը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից դուրս չէր պատկերացնում և պատրաստվում էր պատերազմի։ 

Լավրովի պլանը և 2016-ի Ապրիլյան պատերազմը նպատակ ունեին՝ Հայաստանին հարկադրելու հրաժարվել Լեռնային Ղարաբաղի անկախության նկրտումներից։

[շարունակելի]

Աղբյուրը՝

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *