Հայաստան

Ապատեղեկատվության Մարտահրավերները

(մաս ութերորդ)

Ռուսաստանից Հայաստանում տարածվող ապատեղեկատվական հոսքերի առանձին, կարևոր ուղղություն է այն պատումը, ըստ որի՝ Հայաստանից, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի ենթադրաբար հեռանալու դեպքում անմիջապես նրա տեղը կգա Թուրքիան։

Դավիթ Ստեփանյան

Հայաստանում տեղեկատվություն կրող շարքային սպառողի վրա տոննաներով ակնհայտ ապատեղեկատվություն է թափվում։ Դա արվում է նաև հետևյալ սխեմայի միջոցով. ինչ-որ տելեգրամյան ալիքի էջում հայտնվում է տեղեկություն այն մասին, որ «Մարտունիում քանդել են Գարեգին Նժդեհի արձանը»։ Այդ «տեղեկատվությունը» սկսում են տարածել Հայաստանի կառավարության դեմ աշխատող բոլոր լրատվամիջոցները: «Տեղեկատվությունը» զուգահեռաբար տարածում են Facebook-ի օգտատերերը։ Ոմանք չարամիտ են, իսկ ոմանք՝ անտեղյակ: Հասարակությանը ծայրահեղ վիճակի հասցնելուց հետո, որպես կանոն, գտնվում է մի նորմալ լրատվամիջոց, որը կապ է հաստատում տեղեկատվության հավաստի աղբյուրի, տվյալ դեպքում՝ Արցախի Մարտունու քաղաքապետի հետ, ով հերքում է այդ սուտը։ Բայց արդյունքն արդեն ունենք։ Սոցիալական ցանցերում կրքեր են բորբոքվում, տոննաներով ցեխ է թափվում Նժդեհին չփրկած անողնաշար իշխանության, մարտունեցիների և ընդհանրապես արցախցիների վրա։ Գործին, իհարկե, միանում են հազարավոր ֆեյքեր Ադրբեջանից, և ամեն ինչ արված է. հայ հասարակության մեջ բառացիորեն դատարկ տեղից, այն է՝ ապատեղեկատվության միջոցով զանգվածային խուճապի ևս մեկ լրացուցիչ առիթ է առաջացել։

Տվյալ դեպքում բերված է ակնհայտ կեղծ տեղեկատվության տարածման ընդամենը մեկ օրինակ՝ տասնյակ, հարյուրավոր և հազարավոր օրինակներից մեկը: Մեդիապորտ անանուն տելեգրամյան ալիքի նման «լրատվամիջոցները» դա անում են մեկ նպատակով՝ Հայաստանում իշխանությունը տապալելու համար։ Այստեղ հարկ է հատուկ նշել, որ «մեդիապորտերի» սուտը բավական հաճախ համադրվում է ճշմարտությանը մոտ տեղեկատվությամբ։ Դա արվում է լսարանի վստահությունը ձեռք բերելու ինչպես «մեր աղբյուրների», այնպես էլ, ըստ էության, անանուն «մեդիապորտի» և, համապատասխանաբար, նրա կողմից արտադրվող տեղեկատվական աղբի ամբողջ հոսքի նկատմամբ։

Եվ ահա այստեղ անհրաժեշտ է առանձնացնել ևս մեկ կարևոր հանգամանք։ Սա Բաքվի, Մոսկվայի և Երևանի ապատեղեկատվական հայտարարությունների զուգադիպությունն է։ Վերջինս տեղի է ունենում բավական պարբերաբար:

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի՝ 2018թ. հայաստանյան խորհրդարանական ընտրություններին տված բնորոշումը տարօրինակ կերպով ցավալիորեն համընկավ այն օրերին Երևանի փողոցներում Փաշինյանին պարտված հայկական ընդդիմության կողմից ընտրություններին հնչեցրած գնահատականների հետ։ Մուրադովան և հայկական ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ Փաշինյանի հաղթանակն «արդեն կանխորոշված էր արտաքին ուժերի կողմից», և «մեկուսացված էին անձինք, շրջանակներ, կազմակերպություններ, որոնք կարող էին խանգարել դրան», իսկ «քաղաքացիները բավարար չափով ահաբեկված էին»։ Նման տեղեկատվությունն այդ օրերին համերաշխորեն տարածում էին Ռուսաստանի Դաշնային լրատվամիջոցները։

Ռուսաստանից Հայաստանում տարածվող ապատեղեկատվական հոսքերի առանձին, կարևոր ուղղություն է այն պատումը, ըստ որի՝ Հայաստանից, ինչպես նաև ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի ենթադրաբար հեռանալու դեպքում անմիջապես նրա տեղը կգա Թուրքիան։ Ռուսական ճտքակոշիկի և թուրքական յաթաղանի միջև ընտրությունը հայ ժողովրդի առջև դրվել է Կովկասում, ռուսական ներկայության բոլոր հարյուրամյակների ընթացքում։ Հարկ է նշել, որ առնվազն Հայաստանի երրորդ Հանրապետության գոյության շրջանում տվյալ պատումն իրականության հետ գրեթե ոչ մի աղերս չունի։ Ավելին, այն միֆ է, որը ռուսական քարոզչամեքենան ակտիվորեն տարածում է՝ Հայաստանը սեփական ազդեցության ուղեծրում պահելու նպատակով։ Շատ հաճախ ռուս գեներալների, խորհրդարանականների և տարբեր կոչումների օգնությամբ այս առասպելը ձեռք է բերում ավելի բացասական և արտահայտիչ ենթատեքստ՝ «մեզանից ո՞ւր եք փախչելու»։

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ ԿԳԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԵՂԸ»

Այս կեղծ պատումը Հայաստանում և Արցախում տարածելու ուղղությամբ աշխատում են ինչպես ռուսական պետական մարմինները, հատուկ ծառայություններն ու ԶԼՄ-ները, այնպես էլ հինգերորդ շարասյան դեր կատարող հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները, որոնց մասին արդեն խոսվել է վերևում: Առաջինները դա անում են Հայաստանի տարածքում հանրային մուլտիպլեքսով և արբանյակային հեռուստատեսության միջոցով հեռարձակվող ռուսական դաշնային հեռուստաալիքներով, ինչպիսիք են՝ Առաջին հեռուստաալիքը, Ռոսիա հեռուստաալիքը, НТВ-ը, Звезда-ն, RENTV-ը, Russia Today-ը: Առանձին պետք է հիշատակել ԱՊՀ տարածքում հեռարձակվող Мир միջպետական հեռուստառադիոընկերությունը, և, իհարկե, պետության կողմից ֆինանսավորվող տեղեկատվական ինտերնետային ռեսուրսները՝ РИА Новости, Спутник, EaDaily, Новости-Армения և այլն, ինչպես նաև տելեգրամ ալիքների մի շարք։ Այս պատումը հայերի հանրային գիտակցության մեջ է պարբերաբար մտցվում ՌԴ-ից Հայաստան ուղարկվող «դեսանտների» միջոցով, որոնք բաղկացած են խորհրդարանականներից, փորձագիտական հանրության ներկայացուցիչներից, Ռուսաստանում բնակվող հայերից։

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *