21.3 C
Yerevan

Նոր Հայաստան

Չմո­ռա­նանք այսօրվա դեպքը: Սա մեզ համար պիտի Հայտնության հարյուր հազար շեփո­րի դեր տանի: Արցա­խը հենց այնպես չընկավ: Արցախն ընկավ մեկ երկու հարվա­ծից, որովհետև հիմքը փտած էր: Նույնը Հայաստանն է: Վաղը մյուս օրը մենք բոլորս ենք էվա­կուացվե­լու, եթե մի կողմ չդրինք մեր մեջ բույն դրած ստրկությունը, օտար տերե­րին ծառա­յե­լու կեղտոտ ու անզուսպ ցանկությունը, չմաքրե­ցինք մեզ և՛ ֆիզի­կա­պես, և՛ հոգե­պես:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր՝ սեպտեմբե­րի 21-ին՝ ՀՀ անկա­խության օրը կապի­տուլացվեց Արցա­խը: Մանրա­մասնե­րը երևի բոլո­րը գիտեն, կամ կիմա­նան, որովհետև ողջ համա­ցանցը լի է այդ նյութե­րով: Այսօրվա խայտա­ռա­կությունը բնա­կա­նա­բար դեռ բազում հետև­անքներ է թողե­լու՝ բոլոր առումնե­րով: Քաղտեխնո­լոգնե­րը ավե­լի լավ կվերլուծեն, իսկ ես ուրիշ բան կցանկա­նա­յի ասել:

Սեպտեմբե­րի 21‑ը այս անգամ լրիվ ուրիշ իրա­կա­նություն է: Ոչ միայն անկա­խության հռչակման պաշտո­նա­կան, այլև՝ Արցա­խի անկման, զինա­թափման օր: 

Մենք, այդ ամե­նը տեսնե­լով հանդերձ, պետք է հասկա­նանք մի քանի բան՝ ողբով ոչ մի հարց չի լուծվե­լու: Ինչքան էլ, որ ծանր լինի իրա­կա­նությունը, մեր բոլո­րի գործը պիտի լինի հասկա­նա­լը, որ մեզ նոր Հայաստան է պետք: Նոր մտա­ծոություն, նոր պահվածք, նոր կենցաղ, նոր սկզբունքներ, նոր փիլի­սո­փա­յություն:

Հինը չաշխա­տեց: Փտած ու կեղծը չաշխա­տեց: Հին Հայաստա­նը տարի­նե­րով մի կերպ պահպա­նեց իր գոյությունը, ինքնա­խա­բեությամբ արդա­րացրեց ամեն ինչ ու փլվեց՝ իր փլա­տակնե­րի տակ թաղե­լով հազա­րա­վոր հայորդի­ներ: Չառանձնացնենք նրանց տարի­նե­րով, որովհետև լինի 1991թ թե 2023թ., նրանք բոլո­րը հանուն հայ ժողովրդի են ընկել: 

Հիշենք նաև, որ հայկա­կան պետությունը չկա­յա­ցավ նախ և առաջ այն պատճա­ռով, որ չեղավ մեկ միասնա­կան նպա­տակ ու հայե­ցա­կարգ, թե ինչպի­սի Հայաստան է մեզ պետք, ինչի համար է պետք և ինչ է պետք անել դրան հասնե­լու համար: Փոխա­րե­նը զբաղվե­ցինք հն քարտեզներ նայե­լով և անցյա­լի փառքի մասին խոսե­լով՝ մեզ նեղություն չտա­լով հասկա­նալ, որ անցյա­լի փառքը ոչ թե կազի­նո­յում էինք շահել, այլ ձեռք բերել ծանրա­գույն գնով: 

Այսքան տարի­նե­րի ընթացքում մենք մեր ձեռքով ավե­րել ենք մեր տնտե­սությունը, կրթությունը՝ պետությա­նը զրկե­լով թե՛ զինվե­լու, թե մասնա­գետներ ունե­նա­լու հնա­րա­վո­րությունից: Մենք դատարկել ենք գյուղե­րը, խոպան ենք թողել մեր հողե­րը, զարգացրել են մուրացկանությունը(անձնական ու պետա­կան մասշտա­բով), հիմքից քայքա­յել ենք ամեն ինչ: Այդ ամե­նի հետև­անքը տեսել ենք գրե­թե ամեն ամիս, ինչպես նաև այսօր, երբ հայե­րը Եվլա­խում ստո­րա­ցուցիչ համա­ձայնության եկան ադրբե­ջանցի­նե­րի հետ, որովհետև ուրիշ ճար չէր մնա­ցել:

Հին Հայաստա­նի հետքերն են դրանք: Իսկ հիմա մեզ նոր Հայաստան է պետք, Հայաստան, ուր օրի­նա­խախտության ու կաշա­ռա­կե­րության դեմ կպայքա­րեն որպես հիվանդության, որտեղ համալսա­րան ընդունվել, բայց չսո­վո­րե­լը դառնա հանրա­յին պարսա­վանք, քննությա­նը արտագրե­լը՝ դատա­պարտե­լի, փողո­ցում աղբ թափե­լը՝ քրեա­կան հանցանք: Թվում է, թե մանր բաներ են, բայց միշտ մանրից է սկսվում ամեն ինչ: Ոչ մի խոշոր հանցա­գործ միանգա­մից չի լինում, սկսում է մանր բանե­րից: Գողա­նում է նախ փոքրիկ մի բան, իսկ տարի­ներ հետո կարող ենք  տեսնել մի անկա­ռա­վա­րե­լի հանցա­գործի:

Հայաստանն այդպես է եղել: 90-ականնե­րի սկզբին մենք ամեն տեսակ այլանդա­կության նայե­ցինք ներո­ղա­միտ, ինչպես որ երե­խա­յի չարաճճիությանն ենք նայում, իսկ հետո տեսանք, որ գործ ունենք 30-անց անկա­ռա­վա­րե­լի մի սրի­կա­յի, ով խաղա­մոլ ու թմրա­մոլ է, աշխա­տել ու սովո­րել չի սիրում և նաև վախկոտ է ու դանդա­ղա­շարժ, գողա­նում է: Այդ սրի­կան պիտի գնա ու պիտի գա ստվե­րում մնա­ցած միտքը: Միտքը պիտի լինի նոր Հայաստա­նի գլխա­վոր զենքը: Մտքից է ծնվում ամեն ինչ: Միևնույն է թալանն ու գողո­նը վայե­լել չի ստացվում: Ուշ թե շուտ ամեն կուլ տված ասեղ դուրս է գալիս որպես մախաթ: Կույր չենք, պիտի տեսնենք: Արցա­խը մեզ վկա: Կառուցված ընտիր առանձնատներն ու սեփա­կա­նա­ված տարածքնե­րը, հանքե­րը, որ խլել էինք իրա­րից, հիմա վայե­լե­լու են ադրբե­ջանցի­նե­րը: Չհասկա­ցանք, որ մեր ապա­գան ենք գողա­նում, ոչ թե մի քիչ փող: Վաղը նույնը Հայաստա­նում է կրկնվե­լու: Մեծ խանութնե­րը, հանքե­րը, ամեն ինչ գալու են և վայե­լեն թուրքե­րը, եթե մենք չհասկա­նանք, որ այսօր պետք է նոր Հայաստա­նի հիմք դնենք: Փողե­րը դուրս հանելն է անի­մաստ: Որ հայը, որ արտա­սահմա­նում փող ունի, նա գերի է այդ երկրի հատուկ ծառա­յությա­նը: Պետք լինի՝ գործա­կալ կսարքեն, պետք լինի՝ դիվերսանտ: Ու նա ստիպված կանի ամեն ինչ, որովհետև կորցնե­լու բան ունի՝ իր ունեցվածքը: Միակ երկի­րը, որի հատուկ ծառա­յության հետ պետք է համա­գործակցել՝ Հայաստանն է: Որովհետև Հայաստա­նում պիտի լինի ամե­նա­մեծ ապա­հո­վությունը, ամե­նա­մեծ արժեքն ու պաշտպա­նությունը: Հարստա­նալ պիտի նշա­նա­կի հարստացնել Հայաստա­նը, ոչ թե գողա­նալ ուրիշ հայից: 

Չմո­ռա­նանք այսօրվա դեպքը: Սա մեզ համար պիտի Հայտնության հարյուր հազար շեփո­րի դեր տանի: Արցա­խը հենց այնպես չընկավ: Արցախն ընկավ մեկ երկու հարվա­ծից, որովհետև հիմքը փտած էր: Նույնը Հայաստանն է: Վաղը մյուս օրը մենք բոլորս ենք էվա­կուացվե­լու, եթե մի կողմ չդրինք մեր մեջ բույն դրած ստրկությունը, օտար տերե­րին ծառա­յե­լու կեղտոտ ու անզուսպ ցանկությունը, չմաքրե­ցինք մեզ և՛ ֆիզի­կա­պես, և՛ հոգե­պես:

Անցյա­լի հետ համե­մատվե­լու ժամա­նակ ու իմաստ չկա: Եթե 1920-ականնե­րին ավերված Թուրքիան էր իր հետամնաց և անգրա­գետ բնակչությամբ և դեռևս կիսա­վայրե­նի թաթա­րա­կան ոհմակնե­րը, ապա հիմա կայա­ցած պետություններ են, որոնք մեզ ամեն ինչով գերա­զանցում են տասնյակ անգամներ: Մենք ուղղա­կի ժամա­նակ ու տարա­ծություն չունենք Խորհրդա­յին Հայաստան‑2 թատրո­նի մասին երա­զել ուր մնաց, խաղալ անգամ: 

Մենք հիմա  միայն մի կարճ ժամա­նակ ունենք՝ զարգա­նալ ու միա­վորվել: 

Հայեր չմոռանա՛ք այսօրվա Արցա­խը, չմո­ռա­նաք: Արցա­խը մեր ականջի տակ հնչած վերջին ազդանշանն է: Հաջորդը չի լինե­լու:

Առնչվող Հոդվածներ