Հայաստան

Արցախի Մահախոսականը

Պատմությունը չի ավարտվում, չի կրկնվում, պատմությունը շարունակվում է իր ընթացքով, որի հանգրվանները փոխվում են, երբ փոխվում են պատմական գործընթացների մասնակիցների որակներն ու մտածողությունը:

Հակոբ Բադալյան

Ծանր է, ահավոր ծանր

Արցախի նախագահ Սերգեյ Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարման մասին: Ըստ նրա հրամանագրի, 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը դադարում է գոյություն ունենալ որպես պետական միավոր, լուծարվում են պետական գերատեսչություններն ու կառույցները, իսկ արցախահայությունը պետք է ծանոթանա «վերաինտեգրման» պայմաններին՝ Արցախում մնալու կամ հեռանալու, կամ վերադառնալու անհատական որոշում կայացնելու համար,  ինչպես ասված է հրամանագրում: Փաաստացի, սա ոչ թե հրամանագիր է, այլ պարզապես մահախոսական: Արցախի հանրապետությունն ունեցավ 3 տասնամյակից քիչ ավելի կյանք, այդ ընթացքում ապրելով փառահեղ հաղթանակների, հույսի, ապագայի հանդեպ հավատի, ու նաև ցավի և ողբերգության տարիներ:

Այս իրավիճակը հնարավոր է բացատրել աշխարհաքաղաքական կատակլիզմներով, ու անկասկած է, որ դրանք ունեցել են իրենց ահռելի ազդեցությունը Հայաստանի և Արցախի շուրջ վերջին տարիների ճակատագրական զարգացումների հարցում, սակայն, այս իրավիճակի գլխավոր պատասխանատուները Հայաստանն ու Արցախը անցնող մոտ երեք տասնամյակում և առ այսօր կառավարած ու կառավարող քաղաքական, տնտեսական, ռազմական էլիտաներն են «Էլիտաներ», որոնք առ այսօր զբաղված են պարզապես ներքին «գզվռտոցներով», և խոշոր հաշվով երբեք չեն էլ զբաղվել որևէ այլ սկզբունքային և մեծ գործով,  անկախ հանգամանքից՝ իշխանությու՞ն են եղել, թե՞ ընդդիմություն: Նրանք փոխվել են տեղերով, կարգավիճակներով, փոխվել են դիրքերով, փոխվել են գործընկերներով, սակայն երբեք չեն փոխվել իրենց մանրախնդիր, պատեհապաշտ, երեսպաշտ, նյութապաշտ էությամբ և նեղմտությամբ: Եվ որքան նեղացել է համաշխարհային իրավիճակը, այնքան խորացել են հենց այդ հատկանիշները, հասցնելով իրավիճակը ներկայիս ողբերգության: Բայց, սա պատմության ավարտը չէ:

Պատմությունը չի ավարտվում, չի կրկնվում, պատմությունը շարունակվում է իր ընթացքով, որի  հանգրվանները փոխվում են, երբ փոխվում են պատմական գործընթացների մասնակիցների որակներն ու մտածողությունը: Սրանք ամենևին հռչակագրային մխիթարության խոսքեր չեն, «Գալ տարին Արցախում» ռազմա-հայրենասիրական պաթոսի կամ ռոմանտիզմի դրսևորումները չեն, առավել ևս, որ այսօր մենք ունենք նույնիսկ Հայաստանի հանրապետության գոյության պահպանումը երաշխավորելու մարտահրավերներ: Ու հենց այդ խնդիրն է, որ մեզանից պահանջում է ապրել ոչ թե պատմության ավարտի և «պատմական արդարության վերականգնման» եղած չափաբաժնին այս անգամ էլ Արցախի բաժինն ավելացնելով՝ Արևմտյան Հայաստանի եղածի վրա, այլ մեր այսօր ունեցածը պահպանելու և ամրացնելու գիտակցումով: Բայց, գիտակցումով ու դրանից բխող եզրահանգումներով, մեր ճակատագրական սխալներից քաղվող դասերով, բայց ոչ վախերով, նոր որակի և մտածողության նոր մասշտաբի գործերով, ու միայն այդ ամենի հիմքով կառուցվող նոր մեծ նպատակներով, երազներով, ու երազանքներով, որ մեր ծանր պարտքն է մնում Արցախի հանրապետության ծնունդի և կյանքի համար իրենց կյանքը զոհաբերած տասնյակ հազարավոր նահատակների հիշատակի առաջ: Հավերժ Փառք ու խոնարհում նրանց:

Լուսանկարը՝ panorama.am-ի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *