Հայաստան

Զիջման Ջատագովները

Քարոզչական նման թեզերի հատկությունն այն է, որ եթե դրանք ձևակերպվում են մեկ նախադասությամբ, ապա դրանց հերքում կարող է էջեր և նույնիսկ մի ամբողջ գրքեր պահանջել: Բանական թեզերը մեկ նախադասությամբ ձևակերպելի չեն, դրանք պետք է հիմնավորվեն: Իսկ անապացուցելին կարող է լինել նաև մեկ նախադասություն:

Հրանտ Տէր Աբրահամեան

Բնականաբար նորից ակտիվացել են “փոխզիջումիստները”:
Թե բա, եթե ժամանակին փոխզիջումների գնայինք, այսպես կլիներ, այնպես չէր լինի:

Այս թեզը կառուցված է տիպիկ քարոզչական կաղապարով: 

Ձևակերպվում է արտաքուստ ճիշտ թվացող, բայց իրականում ներքուստ բազում հակասություններ ունեցող, կարևորը նաև` անապացուցելի մի ձևակերպում, և նետվում է դաշտ` կրկնվելով մի միլիոն անգամ: 

Գլխավոր թիրախը ոչ թե մարդու բանականությունն է, այլ հոգեբանական թույլ կետերը` վախը, հիասթափությունը, թուլությունը, դժվար պայմաններում ինքնուրույն կողմնորոշվելու անկարողությունը: 

Քարոզչական նման թեզերի հատկությունն այն է, որ եթե դրանք ձևակերպվում են մեկ նախադասությամբ, ապա դրանց հերքում կարող է էջեր և նույնիսկ մի ամբողջ գրքեր պահանջել: Բանական թեզերը մեկ նախադասությամբ ձևակերպելի չեն, դրանք պետք է հիմնավորվեն: Իսկ անապացուցելին կարող է լինել նաև մեկ նախադասություն:

Այդուհանդերձ փորձենք հնարավորինս կարճ լինել:
Չնայած կգա ժամանակը մանրամասն հերքման:

Համեմատաբար կարճ լինելու համար, հարցը պետք է առավելագույնս պարզեցնենք:

Դրա համար.

ա. Մի կողմ ենք թողնում, թե ինչ է եղել 1980-1990-ականներին, թեև դա, իհարկե, շատ կարևոր է:
Կենտրանում ենք միայն վերջին շրջանի վրա

բ. Մի պահ ընդունում ենք, թե Արցախի հարցում ամեն բան կախված էր միայն Հայաստանի դիրքորոշումից` մնացած բոլորը` Ադրբեջան, Ռուսաստան պատրաստ էին “խաղաղ” տարբերակին: Իհարկե, սա, մեղմ ասած շատ տարօրինակ ենթադրություն է, բայց որպես փոխզիջում մեր կողմից, նվիրենք սա մեր սիրելի “փոխզիջումիստներին”: Շուն են, գել են, հայկական ազգանուններ ունեն: 

Ուրեմն, վերջին շրջանի առաջարկը Ղարաբաղյան “կարգավորման” հարցում ռուսականն էր, այն ինչ կոչում էին Լավրովի պլան:
Մեզանում հիմնականում կենտրոնացած էին դրա տարածքային կողմի վրա, որը կարևոր էր, բայց հարցի մեխը չէր: Բայց նաև հատուկ շեղում էին այս ուղղությամբ` ոչմիթիզական-թիզական անհեթեթ, դատարկ վեճի շրջանակներում: Որպեսզի չքննարկվի գլխավոր հարցը:

Իսկ գլխավոր հարցը ռուսական խաղաղապահ զորքն էր:
Քանի որ ես այն ժամանակ էլ ակտիվ արտահայտվել եմ այս թեմայով, հիմա էլ հանգիստ շարունակում եմ: Ոչ ոք չի կարող ասել, թե գնահատականս պոստֆակտում է: Եվ ոչ մի` նույնիսկ ծանրագույն իրավիճակ, չի կարող ինձ շեղել տրամաբանությունից:

Մարդիկ, որոնք թե այն ժամանակ, թե այսօր` պոստֆակտում քարոզում են “փոխզիջում” պետք է պատասխանեն հետևյալ պարզ հարցի` արդյոք նրանք լուրջ կարծում են, որ Ռուսաստանի նպատակը տարածաշրջանում հենց խաղաղությունն էր, և ռուսական զորքը խաղաղապահ էր լինելու: Սա է միակ հարցը, որին պետք է պատասխանել այո կամ ոչ: Միայն այդ պատասխանից հետո հնարավոր է խոսակցության շարունակությունը: Եթե այս հարցին պատասխան չի տրվում, ապա մնացածը ոչ մի իմաստ չունի: Ես այս հարցի պատասխանին տարիներ եմ սպասում, բնականաբար չեմ ստացել: 

Պարզ է, որ ոչ մի մարդ, որն ուզում է, որ իրեն լուրջ ընդունեն` չի պատասխանի, որ այս, ռուսների նպատակը հենց խաղաղությունն էր լինելու: Իհարկե, հարցը ռուսների վատ լինելը չէ, այլ պարզապես քաղաքականությունը: Չխորանանք այս ինքնին պարզ հարցի մեջ:

Փոխզիջումիստներից գլխավորները բնականաբար հասկանում էին, որ ռուսական զորքի տեղադրումը չի կարող բերել խաղաղության, այլ առնվազն նշանակելու է պերմանենտ անկայունություն թե Արցախում, թե Հայաստանի ներսում:
Ռուսական զորք` նշանակում էր վերադարձ 1991 թվականի վիճակ, և այլ կերպ լինել չէր կարող:
Բայց խաբում էին, թե սա խաղաղության պլան է:

Ի վերջո բոլորս տեսանք, թե ինչ է ռուսական խաղաղապհ զորքը:
Թեև մեր ամբողջ պատմությունն աղաղակում էր դրա մասին, բայց մենք համառ ազգ ենք, պետք է նույն կինոն անվերջ նայենք:

Բայց այստեղ, վրդովվում են, ու ասում` բա եթե պատերազմով չլիներ, պարտությամբ չլիներ, այլ կլինեին ռուսական զորքի տեղադրման հետևանքները:

Սա էլ զուտ էմոցիոնալ թվացյալ “ճշմարտություններից է”, որը թուլացած հոգեբանությանը ճիշտ է թվում, բայց տրամաբանության տեսակետից թույլ փաստարկ է:

Նախ` անկախ պատերազմի լինել չլինելուց, կոնֆիգուրացիան չի փոխվում` մենք ստացանք տարածքների վերադարձ, ռուսական զորք, և որպես արդյունք` Արցախի հայաթափում: Իհարկե նաև մեր կառավարության կամա թե ակամա օգնությամբ: Բայց ռուսական զորքը խաղաղություն չէր բերելու ու չբերեց` սա փաստ է, որի հետ մեր պարտությունը կապ չունի: 

Երկրորդ` ինչ էր լինելու, եթե ռուսները մտնեին առանց պատերազմի, մանրամասներով մենք, իհարկե, չենք կարող իմանալ, բայց ընդհանուր տրամաբանությունը պարզ է: Ռուսական զորքի ներկայությունը պետք է իմաստավորվեր միայն անկայունությամբ և բախումներով, իսկ ռուսական զորի գտնվելու նպատակը բնականաբար Արցախը չէր, այլ Հայաստաննն ու տարածաշրջանը: Հանուն այդ նպատակի ռուսները մեկ անգամ չէ, որ զոհաբերել են կամ պատրաստ են եղել զոհաբերել Ղարաբաղը:
Շատ դժվար է պատկերացնել, որ այս ապակայունացումն ի վերջո չէր ավարտի հենց պատերազմով:

Լավ, իսկ որն է իրականությունը, որը հայ ժողովորդին համառորեն չեն ուզում ասել իր “առաջնորդները”: 

Պարզ, շիտակ իրականությունն այն է` որ պետք էր կռվել ու հաղթել: 

Բայց սա ասելը` ձեռ չի տալիս ոչ մեկին` ոչ նախկիններից որևէ մեկին, ոչ էլ ներկա կառավարությանը: 

Բնականաբար ձեռ չի տալիս նաև արտաքին շահագրգիռ ուժերին: 

Այստեղ կատարյալ կոնսեսուս է բոլորի մեջ: 

Դրա համար որպես անհերքելի փաստ ներկայացվում է, որ պարտությունն անխուսափելի էր:
Պատերազմից անմիջապես հետո մտքումս ծնվեց պարտության պարազիտներ արտահայտությունը: Դա այն ներքին ուժերն էին, ում ձեռ էր տալիս սեփական երկրի պարտությունն, ու ով իր խաղադրույքը դրել էր դրա վրա:

Բայց սրա մասին մի այլ անգամ:

Հ.Գ: Հիշեցնեմ գլխավոր հարցը ռուսական քաղաքականության նպատակը խաղաղությունն էր արդյոք: Այո կամ ոչ: Ոչ մի երրորդ տարբերակ, ոչ մի բայց, ոչ մի փաթեթային-փուլային և այլ զավզակություն: Կոնկրետ քաղաքական հարց կոնկրետ պատասխան:

Հ.Գ 2 Բնական է, որ այս գրառման սպասվելիք պատասխանը “ռացիոնալների” կողմից լինելու է. հայհոյանք, անձնավորված պատասխաններ, մի տոնա զգացմունքայնություն, լիքը լիրիկա: Դե որովհետև շատ ռացիոնալ ու հատկապես սառնասիրտ են: Ու հիշացնեմ, որ սա մի փոքր մասն է նրա, ինչ ձեզ դեռ մի օր սպավում է իրական ռացիոնալ վերլուծության կողմից:

Գրառումը՝ Հրանտ Տէր Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *