Խորհրդային զորքերը Երեւան հասնելուց հետո տեղավորվում են ոչ թե առանձին զորանոցներում, այլ սկսում են 2-3-հոգանոց խմբերով բնակվել հասարակ քաղաքացիների տներում։ Մարդիկ ոչ միայն պետք է ապաստան տային նրանց, այլեւ ապահովեին սննդով ու կենցաղային այլ հարմարություններով, ինչը մեծ բեռ էր հիմնականում չքավոր բնակչության համար։
Առաջին հանրապետության պատմությունն ավարտվեց, եւ 1920թ. դեկտեմբերի 2-ին իշխանությունը հանձնվեց բոլշեւիկներին. Հայաստանը դարձավ խորհրդային։ Իշխանափոխությունը տեղի ունեցավ բավականին արագ. դեկտեմբերի 4-ին Երեւան է ժամանում ռազմահեղափոխական կոմիտեն, որը պետք է կառավարեր երկիրը մինչեւ ժողպատգամավորների համագումարը։
Հեղկոմի նախագահը Սարգիս Կասյանն էր, իսկ անդամները՝ Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ավիս Նուրիջանյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Իսահակ Դովլաթյանը։ Դեկտեմբերի 6-ին Երեւան է մտնում խորհրդային առաջին 300 զինվորը։
Համաձայն դեկտեմբերի 2-ի պայմանագրի՝ դաշնակցական գործիչների եւ բանակում ծառայած սպաների նկատմամբ հալածանքներ չէին լինելու, սակայն շուտով ակնհայտ է դառնում, որ բոլշեւիկները մտադիր չէին հետեւել իրենց ստանձնած պարտավորություններին։
Դեկտեմբերի 2-ին նախկին իշխանության ներկայացուցիչները փորձում են Հայաստանից հեռանալ։ Մի մասը, ովքեր անցնում են Զանգեզուր՝ Նժդեհի մոտ, ազատվում են հալածանքներից, մյուսները, փորձելով հասնել Վրաստան, ճանապարհին ձերբակալվում են եւ բերվում Երեւան։ Ալեքսանդր Խատիսյանը, որը Ալեքսանդրապոլից վերադարձել էր Երեւան եւ Դրոյին հանձնել բանակցությունների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, գրում է, որ առաջին իսկ օրերին ստեղծվում է Չեկայի (Чрезвычайная комиссия-ЧК) հայկական բաժանմունքը, որը գլխավորում է Նիկոլայ Այվազյանը։ 1903-05 թվականներին Խատիսյանը վերջինիս դաս էր տվել Թիֆլիսի գիմնազիայում։
ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎՈՒՄ ԵՆ
Դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Խատիսյանը ստանում է նախկին պաշտոնյաների ձերբակալման լուրը, որոնց թվում էին Համո Օհանջանյանը, Ռուբեն Դարբինյանը, Բաբայանը, Վարշամյանը, Վահան Նավասարդյանը եւ ուրիշներ։ Լույսը բացվելուն պես նա շտապում է Կասյանի մոտ՝ հույս ունենալով, որ կկարողանա ինչ-որ կերպ օգնել ձերբակալվածներին։
Նա հեղկոմի նախագահին խնդրում է ձերբակալվածներին գոնե չգնդակահարել, ինչին ի պատասխան Կասյանն ասում է, որ նման մտադրություն չունեն, սակայն բոլորին հրապարակավ դատելու են։ «Թե ինչ կլինի դատավճիռը, ես չգիտեմ։ Անձամբ ես կարծում եմ, որ ձերբակալվածներից երկուսը համենայն դեպս կդատապարտվեն մահվան։ Նրանց դեմ գրգռումը զորեղ է, բայց այս պահին ոչինչ չի սպառնում»,- ասում է Կասյանը։
Այնուհետեւ զրույցն անցնում է Ալեքսանդրապոլի պայմանագրին։ Կասյանը, լսելով Խատիսյանի պարզաբանումները, գոհունակություն է հայտնում, սակայն նշում, որ իրենց իշխանությունը չի կարող ստանձնել դաշնագրի պատասխանատվությունը, ուստի մամուլում կոշտ քննադատում է նախկին իշխանությունների ստորագրած փաստաթուղթը։ «Բայց դա տակտիկական հարց է։ Մեր նպատակն է չճանաչել այդ դաշնագիրը եւ կազմել նոր համաձայնություն»,- պարզաբանում է նա։
Խատիսյանը քննարկում է նաեւ Հայաստանում իր մնալու հարցը, ինչին Կասյանն արձագանքում է, որ «լոյալ» լինելու դեպքում որեւէ խնդիր չի կարող լինել։ «Դուք այնպիսի կարկառուն դեմք եք եւ այնպիսի պաշտոն եք զբաղեցրել, որ մեր ընդհանուր կարգի համաձայն դուք պետք է բանտարկված լինեիք։ Բայց նախ՝ դուք շատ ազնվաբար պատվիրակության ձեր բոլոր ընկերակիցներով – Գյուլխանդանյանի եւ Ղորղանյանի հետ – եկաք մեզ մոտ։ Եվ դա մեզ հաճելիորեն զարմացրեց»,- ասել էր Կասյանը։
Այս հանդիպումից մեկ շաբաթ անց Խատիսյանին, Գյուլխանդանյանին եւ Ղորղանյանին առանձին-առանձին հանդիպման է հրավիրում Չեկայի նախագահ Նիկոլայ Այվազյանը։ Նա ասում է, որ նրանց ներկայությունը Երեւանում այլեւս նպատակահարմար չէ. որոշ կոմունիստներ պահանջում էին նրանց նույնպես ձերբակալել։ Այվազյանը հայտնում է, որ Հեղկոմը որոշել է նրանց արտաքսել երկրից։ Դեկտեմբերի 16-ին Խատիսյանն ու իր ընկերները ավտոմեքենայով գնում են Ղարաքիլիսա (Կիրովական), որտեղից էլ գնացքով՝ Թիֆլիս։
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՕԳՆԵԼ
Էսէռ Վահան Մինախորյանը, որը Հայաստանի վերջին կառավարության անդամ էր եւ որպես խորհրդական մասնակցել էր նաեւ Ալեքսանդրապոլի բանակցություններին, գրում է, որ Հայաստանի նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ գտնում էին, թե բոլշեւիկներին պետք է բոլոր հարցերում օգնել, եւ ընդհանրապես դրական էին տրամադրված նոր իշխանությունների հանդեպ։
«Դեկտեմբերի ընթացքում իմ հանդիպումներից Վրացյանի, Տիգրանյանի, Քաջազնունու եւ այլոց հետ ես եկա այն եզրակացության, որ մի ընդհանուր տրամադրություն կա նախկին պատասխանատու շրջանակների մեջ՝ ամեն կերպ աջակցելու նոր իշխանության։ Մասնավորապես, Վրացյանը ամեն մի հակաբոլշեւիկյան փորձ Հայաստանում համարում էր ավանտյուրա»,- գրում է Մինախորյանը։
Նոր իշխանություններին իրենց բարյացակամ վերաբերմունքը ցույց տալու համար Վահան Մինախորյանը եւ Արշամ Խոնդկարյանը դուրս են գալիս կուսակցությունից եւ փորձում գործակցել բոլշեւիկների հետ։ Նրանց հիմնական նպատակն էր հանգուցալուծել Զանգեզուրի հակամարտությունը՝ շրջանը միացնելով Խորհրդային Հայաստանին։ Վրացյանը նույնիսկ առաջարկել էր իրեն եւ Մինախորյանին ուղարկել Զանգեզուր, սակայն նրանց նախաձեռնությունը չէր արժանացել բոլշեւիկների հավանությանը։
««ԽԱՉԱՊԱՇՏ ՌՈՒՍՆ» ԷՐ ԵԿՈՂԸ»
Խորհրդային զորքերը Երեւան հասնելուց հետո տեղավորվում են ոչ թե առանձին զորանոցներում, այլ սկսում են 2-3-հոգանոց խմբերով բնակվել հասարակ քաղաքացիների տներում։ Մարդիկ ոչ միայն պետք է ապաստան տային նրանց, այլեւ ապահովեին սննդով ու կենցաղային այլ հարմարություններով, ինչը մեծ բեռ էր հիմնականում չքավոր բնակչության համար։
Հայաստանում բոլշեւիկների նկատմամբ բավականին դրական տրամադրվածություն կար։ Վրացյանը գրում է, որ Հայաստանի պետական համակարգի մի զգալի մասը ցանկանում էր ռուսների վերադարձը՝ մտածելով, թե կապահովվի կայունությունն ու խաղաղությունը։ «Ոմանք պնդում էին, թե պետք է շարունակել անհաշտ թշնամական դիրքը դեպի Ռուսաստանը, առանց, սակայն, կարողանալու ցույց տալ, թե ի՞նչ պետք է անել վերջնական կործանումից խուսափելու համար։ Ուրիշները անհրաժեշտ էին համարում անմիջապես «լեզու գտնել» Խորհրդային Ռուսաստանի հետ։ Իսկ շարքայինները տատանվում էին հույսի ու վհատության միջեւ։ Անկուսակցական զանգվածը, մանավանդ, քաղքենի տարրը սկսում էր օրորվել հին հուշերով Ռուսաստանի մասին. կգա ռուսը, կբերե հետը խաղաղություն, «հաց ու մանուֆակտուրա», կառնե երկիրը իր հովանու ներքեւ, եւ ռուս զինվորի սվինի պաշտպանության տակ գյուղացին, արհեստավորն ու խանութպանը, հին տարիների նման, հանգիստ կապրեն եւ դրամ կվաստակեն։ «Խաչապաշտ ռուսն» էր եկողը, վերջապես, հո նա էլ թուրքի պես մեզ չի կոտորի։ Բարի՛ թող գա»,- այսպես էր ներկայացնում Հայաստանի բնակչության մի մասի պատկերացումները Սիմոն Վրացյանը։
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Իշխանության գալուց անմիջապես հետո սկսվում է բնակարանների բռնագրավումը. զորքը եւ պաշտոնյաներին տեղավորելու համար ապրելու տեղ էր հարկավոր, ուստի մարդկանց ստիպում էին ազատել տները կամ առնվազն սենյակների մի մասը։ Աստիճանաբար հանրության շրջանում բոլշեւիկների հանդեպ դժգոհություն էր առաջանում։ Բացի այդ, Հեղկոմը սկսեց բռնագրավել մարդկանց ունեցվածքը, սնունդը եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր համարում։ Ունեցվածքի, հատկապես՝ բերքի բռնագրավում լինում էր նաեւ նախկին՝ Դաշնակցական իշխանության տարիներին, սակայն բոլշեւիկներն ամեն ինչով եւ բոլորին գերազանցում էին։
«Այդ օրերին գավառներից եւս կոմունիստների կամայականությունների եւ բռնագրավումների մասին զարհուրելի լուրեր էին հասնում։ Կոմունիստները, ռուս զինվորների ուղեկցությամբ, մտնում են տները եւ գյուղացու ունեցածը, չնչին բաժին թողնելով իրեն, բռնագրավում էին եւ փոխադրում Երեւան, իսկ այնտեղից առանձին շոգեմեքենաներով տանում Ռուսաստան, փոխանակ Ռուսաստանից բերելու, որին մեծ ակնկալությամբ սպասում էին Հայաստանի սովալլուկ բազմությունները եւ որ խոստացել էին իրենց բանակցությունների ժամանակ կոմունիստ կոմիսաները»,- գրում է դեպքերի ականատես Ալեքսանդր Սարդարյանը (Հայաստանը խորհրդայնացումից հետո, Հայրենիք, 1967թ., թիվ 12, Բոստոն)։
Բոլշեւիկներն անհանդուրժող էին ցանկացած այլ ուժի հանդեպ, որն իրենց կուսակցությունից չէր։ Ինչպես գրում է Վրացյանը՝ Հեղկոմը «առաջին օրից իսկ թշնամական դիրք բռնեց դեպի երկրի բոլոր ոչ բոլշեւիկ տարրերը եւ իրեն պահում էր ճիշտ այնպես, ինչպես պահում է թշնամի երկիրը մտնող նվաճող մի բարբարոս ուժ»։
1920թ. դեկտեմբերին ձերբակալությունները շարունակվում են, եւ ինչպես հետագայում գրել են բազմաթիվ ականատեսներ, Հայաստանի բանտերը «բերնեբերան լցվեցին»։ Բանտարկվում են նաեւ Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյանը, Մուսինյանը, Մելիք-Յոլչյանը եւ շատ ուրիշներ։
Բոլշեւիկյան բռնությունների մասին ուշագրավ դիտարկումներ է արել նաեւ Բախշի Իշխանյանը, որը դաշնակցական չէր, բայց աշխատում էր պետական վիճակագրական գլխավոր բաժանմունքում։ Իշխանյանը հայտնի էր բոլշեւիկների քննադատությամբ. բազմաթիվ հոդվածներ էր գրել, դասախոսություններ կարդացել։ «Երկու ամիս բոլշեւիկյան բանտում» հուշագրությունում նա գրում է, որ 1920թ. դեկտեմբերի 2-ին սովորականի պես գնում է աշխատանքի, որտեղ Համբարձում Տերտերյանը նրան խորհուրդ է տալիս անմիջապես կամ հեռանալ երկրից կամ թաքնվել։ Մի քանի ժամ անց նույն խորհուրդը տալիս է նաեւ հետախույզ Տիգրան Դեւոյանը. «Երեկ գիշեր ինձ մոտ էր խորհրդային առաքելության ծառայողներից մեկը, որը որպես գաղտնիք հաղորդեց, որ առաքելությունը որոշել է առաջին հերթին ձերբակալել Ռուբեն Դարբինյանին ու Բախշի Իշխանյանին եւ անմիջապես գնդակահարել սրանց: Ի սեր Աստծո, շտապեցեք Դուք եւս թողնել քաղաքը»։ Իշխանյանը որոշում է թաքնվել Կոնդում, սակայն նույն օրը երեկոյան ձերբակալվում է եւ Երեւանի բանտում մնում մինչեւ 1921թ. Փետրվարյան ապստամբությունը։
Բոլշեւիկյան բռնությունների ամենախայտառակ էջը հայ սպաների ձերբակալությունն էր. 1921թ. հունվարի 24-ին ցուցակագրելու պատրվակով հայկական բանակի հարյուրավոր սպաներ ու գեներալներ հրավիրվում են խորհրդարանի շենք, որտեղ կալանավորվում են։ Ձմռան ցրտին նրանց ոտքով քշում են Քանաքեռ, ապա՝ Դիլիջան, որտեղից էլ՝ Ռուսաստանի հեռավոր շրջաններ։
«Մարդիկ իրենց տներից դուրս էին եկել առանց որեւէ վատ բան կռահելու, բոլորովին միամիտ, առանց որեւէ պատրաստության։ Առանց տաք հագուստի, ճերմակեղենի, դրամի եւ նույնիսկ առանց իրենց ընտանիքներին հրաժեշտ տալու։ Ու ձմռան այդ սառնամանիքին, այդպես մերկ, անոթի եւ թշվառ եւ որ գլխավորն է՝ ջղայնացած հոգով, նրանք ճանապարհ ընկան դեպի աքսոր, դեպի իրենց սպասող անհայտության մութ աշխարհը»,- գրում է Արշալույս Աստվածատրյանը (Փետրվարյան ապստամբությունը, Հայրենիք, 1968թ., թիվ 2, Բոստոն)։
Բոլշեւիկներն իրենց գործողությունները բացատրում էին ուժային միջոցների կիրառման անհրաժեշտությամբ։ Նրանց կարծիքով՝ միայն այդպես ի հայտ կգային իրենց հակառակորդները, միայն այդպես կբացահայտվեին հակահեղափոխականները, որոնց հետ հաշվեհարդար տեսնելուց հետո հեղափոխությունը վերջնականապես կարող էր հաղթանակել։ Հեղկոմի բռնություններն աստիճանաբար հուսահատության հասցրին առանց այն էլ տարիներ շարունակ չքավորության մեջ ապրող ու անթիվ զոհեր կրող հայ ժողովրդին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց 1921թ. Փետրվարյան ապստամբության։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան