Հայաստան

Պայթյուն Կովկասի Կողքին

Եթե Իրանը դիրքավորվի պաղեստինյան ուժերին աշխույժ աջակցության ռեժիմում, ապա պետք չէ բացառել, որ Իսրայելը կփորձի Իրանի այդ դիրքավորմանը հակազդելու հնարավորություններ փնտրել նաեւ Կովկասում:

Հակոբ Բադալյան

Հոկտեմբերի 7-ին կտրուկ սրվել է իրավիճակը Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում: ՀԱՄԱՍ-ը մի քանի հազար հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմադ Դեֆը հայտարարել է Իսրայելի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին: Նա նշել է, որ հրեական պետության ուղղությամբ 5 հազար հրթիռ է արձակվել՝ ազդարարելով «Ալ Աքսայի ջրհեղեղ» կոչվող գործողության սկիզբը: Իսրայելը հայտարարել է բանակը պատերազմական պատրաստության բերելու մասին, սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածին: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում փաստացի պատերազմի բռնկումը անկասկած իր ազդեցությունն է թողնելու թե մերձավորարևելյան ռեգիոնի անվտանգության միջավայրի վրա, թե նաև հարակից, շաղկապված ռեգիոնների, այդ թվում Կովկասի: 

Դեռ իհարկե պետք է տեսնել, թե ինչ տրամաբանությամբ կզարգանա իրավիճակը, այն կվերածվի տեւական պատերազմի, թե կունենա շատ ավելի արագ հանգուցալուծում: Այդ գոտում իրավիճակի պայթյունը կովկասյան ռեգիոնի համար կարող է ունենալ թե անվտանգային ռիսկերը որոշակի լիցքաթափող նշանակություն, գոնե կարճաժամկետ հեռանկարում, և թե կարող է երկարաժամկետ հեռանկարի համար ձեւավոորել նոր լիցքեր: Սա իհարկե կարող է էապես պայմանավորված լինել նաև Իրանի վարքագծով: Եթե Իրանը դիրքավորվի պաղեստինյան ուժերին աշխույժ աջակցության ռեժիմում, ապա պետք չէ բացառել, որ Իսրայելը կփորձի Իրանի այդ դիրքավորմանը հակազդելու հնարավորություններ փնտրել նաեւ Կովկասում: Միեւնույն ժամանակ, խնդիրն իհարկե չի սահմանափակվում լոկ իրան-իսրայելական հարաբերությամբ:

Պետք է նկատի առնել հանգամանքը, որ ներկայումս այդօրինակ պայթյունները առավ քան պայմանավորված են լինում համաշխարհային իրողություններով, համաշխարհային պատերազմի լայն տրամաբանությամբ, եթե անգամ վերաբերում են տասնամյակներով ձգվող հակամարտություններին, որոնք թեժանում են պարբերաբար: Եվ քանի որ ներկայումս գլխավոր դետոնատորը համաշխարհային պատերազմի հանգամանքն է, ապա որեւէ տեղում պայթյունը կարող է «բեկորներ» հասցնել ցանկացած հեռավորության վրա: Իսկ, հաշվի առնելով այն, որ Կովկասը մերձավորարեւելյան «ավազանի» մեջ է, այսպես ասած մերձավորարեւելյան ռեգիոնի անվտանգության միջավայրի «արվարձան», կասկածից վեր է, որ իսրայելա-պաղեստինյան գոտում տեղի ունեցողը մեզանից պահանջում է բազմապատկել զգոնությունն ու սթափությունը պետական անվտանգությանն առնչվող պետական ու հասարակական-քաղաքական բոլոր մակարդակներում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *