20 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Խորհրդա­յին զորքե­րը Երեւան հասնե­լուց հետո տեղա­վորվում են ոչ թե առանձին զորա­նոցնե­րում, այլ սկսում են 2–3‑հոգանոց խմբե­րով բնակվել հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րի տնե­րում։ Մարդիկ ոչ միայն պետք է ապաստան տային նրանց, այլեւ ապա­հո­վեին սննդով ու կենցա­ղա­յին այլ հարմա­րություննե­րով, ինչը մեծ բեռ էր հիմնա­կա­նում չքա­վոր բնակչության համար։

Առա­ջին հանրա­պե­տության պատմությունն ավարտվեց, եւ 1920թ. դեկտեմբե­րի 2‑ին իշխա­նությունը հանձնվեց բոլշեւիկնե­րին. Հայաստա­նը դարձավ խորհրդա­յին։ Իշխա­նա­փո­խությունը տեղի ունե­ցավ բավա­կա­նին արագ. դեկտեմբե­րի 4‑ին Երեւան է ժամա­նում ռազմա­հե­ղա­փո­խա­կան կոմի­տեն, որը պետք է կառա­վա­րեր երկի­րը մինչեւ ժողպատգա­մա­վորնե­րի համա­գումա­րը։

Հեղկո­մի նախա­գա­հը Սարգիս Կասյանն էր, իսկ անդամնե­րը՝ Ասքա­նազ Մռավյա­նը, Սահակ Տեր-Գաբրիելյա­նը, Ավիս Նուրի­ջանյա­նը, Ալեքսանդր Բեկզադյա­նը, Իսա­հակ Դովլաթյա­նը։ Դեկտեմբե­րի 6‑ին Երեւան է մտնում խորհրդա­յին առա­ջին 300 զինվո­րը։

Համա­ձայն դեկտեմբե­րի 2‑ի պայմա­նագրի՝ դաշնակցա­կան գործիչնե­րի եւ բանա­կում ծառա­յած սպա­նե­րի նկատմամբ հալա­ծանքներ չէին լինե­լու, սակայն շուտով ակնհայտ է դառնում, որ բոլշեւիկնե­րը մտա­դիր չէին հետեւել իրենց ստանձնած պարտա­վո­րություննե­րին։

Դեկտեմբե­րի 2‑ին նախկին իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը փորձում են Հայաստա­նից հեռա­նալ։ Մի մասը, ովքեր անցնում են Զանգե­զուր՝ Նժդե­հի մոտ, ազատվում են հալա­ծանքնե­րից, մյուսնե­րը, փորձե­լով հասնել Վրաստան, ճանա­պարհին ձերբա­կալվում են եւ բերվում Երեւան։ Ալեքսանդր Խատիսյա­նը, որը Ալեքսանդրա­պո­լից վերա­դարձել էր Երեւան եւ Դրո­յին հանձնել բանակցություննե­րի վերա­բերյալ բոլոր փաստաթղթե­րը, գրում է, որ առա­ջին իսկ օրե­րին ստեղծվում է Չեկա­յի (Чрезвычайная комиссия-ЧК) հայկա­կան բաժանմունքը, որը գլխա­վո­րում է Նիկո­լայ Այվազյա­նը։ 1903-05 թվա­կաննե­րին Խատիսյա­նը վերջի­նիս դաս էր տվել Թիֆլի­սի գիմնա­զիա­յում։

ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎՈՒՄ ԵՆ

Դեկտեմբե­րի 6‑ի ուշ երե­կո­յան Խատիսյա­նը ստա­նում է նախկին պաշտոնյա­նե­րի ձերբա­կալման լուրը, որոնց թվում էին Համո Օհանջանյա­նը, Ռուբեն Դարբինյա­նը, Բաբա­յա­նը, Վարշամյա­նը, Վահան Նավա­սարդյա­նը եւ ուրիշներ։ Լույսը բացվե­լուն պես նա շտա­պում է Կասյա­նի մոտ՝ հույս ունե­նա­լով, որ կկա­րո­ղա­նա ինչ-որ կերպ օգնել ձերբա­կալվածնե­րին։

Նա հեղկո­մի նախա­գա­հին խնդրում է ձերբա­կալվածնե­րին գոնե չգնդա­կա­հա­րել, ինչին ի պատասխան Կասյանն ասում է, որ նման մտադրություն չունեն, սակայն բոլո­րին հրա­պա­րա­կավ դատե­լու են։ «Թե ինչ կլի­նի դատավճի­ռը, ես չգի­տեմ։ Անձամբ ես կարծում եմ, որ ձերբա­կալվածնե­րից երկուսը համե­նայն դեպս կդա­տա­պարտվեն մահվան։ Նրանց դեմ գրգռումը զորեղ է, բայց այս պահին ոչինչ չի սպառնում»,- ասում է Կասյա­նը։

Այնուհե­տեւ զրույցն անցնում է Ալեքսանդրա­պո­լի պայմա­նագրին։ Կասյա­նը, լսե­լով Խատիսյա­նի պարզա­բա­նումնե­րը, գոհունա­կություն է հայտնում, սակայն նշում, որ իրենց իշխա­նությունը չի կարող ստանձնել դաշնագրի պատասխա­նատվությունը, ուստի մամուլում կոշտ քննա­դա­տում է նախկին իշխա­նություննե­րի ստո­րագրած փաստա­թուղթը։ «Բայց դա տակտի­կա­կան հարց է։ Մեր նպա­տակն է չճա­նա­չել այդ դաշնա­գի­րը եւ կազմել նոր համա­ձայնություն»,- պարզա­բա­նում է նա։

Խատիսյա­նը քննարկում է նաեւ Հայաստա­նում իր մնա­լու հարցը, ինչին Կասյանն արձա­գանքում է, որ «լոյալ» լինե­լու դեպքում որեւէ խնդիր չի կարող լինել։ «Դուք այնպի­սի կարկա­ռուն դեմք եք եւ այնպի­սի պաշտոն եք զբա­ղեցրել, որ մեր ընդհա­նուր կարգի համա­ձայն դուք պետք է բանտարկված լինեիք։ Բայց նախ՝ դուք շատ ազնվա­բար պատվի­րա­կության ձեր բոլոր ընկե­րա­կիցնե­րով — Գյուլխանդանյա­նի եւ Ղորղանյա­նի հետ — եկաք մեզ մոտ։ Եվ դա մեզ հաճե­լիո­րեն զարմացրեց»,- ասել էր Կասյա­նը։

Այս հանդի­պումից մեկ շաբաթ անց Խատիսյա­նին, Գյուլխանդանյա­նին եւ Ղորղանյա­նին առանձին-առանձին հանդիպման է հրա­վի­րում Չեկա­յի նախա­գահ Նիկո­լայ Այվազյա­նը։ Նա ասում է, որ նրանց ներկա­յությունը Երեւա­նում այլեւս նպա­տա­կա­հարմար չէ. որոշ կոմունիստներ պահանջում էին նրանց նույնպես ձերբա­կա­լել։ Այվազյա­նը հայտնում է, որ Հեղկո­մը որո­շել է նրանց արտաքսել երկրից։ Դեկտեմբե­րի 16-ին Խատիսյանն ու իր ընկերնե­րը ավտո­մե­քե­նա­յով գնում են Ղարա­քի­լի­սա (Կիրո­վա­կան), որտե­ղից էլ գնացքով՝ Թիֆլիս։

ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՕԳՆԵԼ

Էսէռ Վահան Մինա­խորյա­նը, որը Հայաստա­նի վերջին կառա­վա­րության անդամ էր եւ որպես խորհրդա­կան մասնակցել էր նաեւ Ալեքսանդրա­պո­լի բանակցություննե­րին, գրում է, որ Հայաստա­նի նախկին իշխա­նություննե­րի մի շարք ներկա­յա­ցուցիչներ գտնում էին, թե բոլշեւիկնե­րին պետք է բոլոր հարցե­րում օգնել, եւ ընդհանրա­պես դրա­կան էին տրա­մադրված նոր իշխա­նություննե­րի հանդեպ։

«Դեկտեմբե­րի ընթացքում իմ հանդի­պումնե­րից Վրացյա­նի, Տիգրանյա­նի, Քաջազնունու եւ այլոց հետ ես եկա այն եզրա­կա­ցության, որ մի ընդհա­նուր տրա­մադրություն կա նախկին պատասխա­նա­տու շրջա­նակնե­րի մեջ՝ ամեն կերպ աջակցե­լու նոր իշխա­նության։ Մասնա­վո­րա­պես, Վրացյա­նը ամեն մի հակա­բոլշեւիկյան փորձ Հայաստա­նում համա­րում էր ավանտյուրա»,- գրում է Մինա­խորյա­նը։

Նոր իշխա­նություննե­րին իրենց բարյա­ցա­կամ վերա­բերմունքը ցույց տալու համար Վահան Մինա­խորյա­նը եւ Արշամ Խոնդկարյա­նը դուրս են գալիս կուսակցությունից եւ փորձում գործակցել բոլշեւիկնե­րի հետ։ Նրանց հիմնա­կան նպա­տակն էր հանգուցա­լուծել Զանգե­զուրի հակա­մարտությունը՝ շրջա­նը միացնե­լով Խորհրդա­յին Հայաստա­նին։ Վրացյա­նը նույնիսկ առա­ջարկել էր իրեն եւ Մինա­խորյա­նին ուղարկել Զանգե­զուր, սակայն նրանց նախա­ձեռնությունը չէր արժա­նա­ցել բոլշեւիկնե­րի հավա­նությա­նը։

««ԽԱՉԱՊԱՇՏ ՌՈՒՍՆ» ԷՐ ԵԿՈՂԸ»

Խորհրդա­յին զորքե­րը Երեւան հասնե­լուց հետո տեղա­վորվում են ոչ թե առանձին զորա­նոցնե­րում, այլ սկսում են 2–3‑հոգանոց խմբե­րով բնակվել հասա­րակ քաղա­քա­ցի­նե­րի տնե­րում։ Մարդիկ ոչ միայն պետք է ապաստան տային նրանց, այլեւ ապա­հո­վեին սննդով ու կենցա­ղա­յին այլ հարմա­րություննե­րով, ինչը մեծ բեռ էր հիմնա­կա­նում չքա­վոր բնակչության համար։

Հայաստա­նում բոլշեւիկնե­րի նկատմամբ բավա­կա­նին դրա­կան տրա­մադրվա­ծություն կար։ Վրացյա­նը գրում է, որ Հայաստա­նի պետա­կան համա­կարգի մի զգա­լի մասը ցանկա­նում էր ռուսնե­րի վերա­դարձը՝ մտա­ծե­լով, թե կապա­հովվի կայունությունն ու խաղա­ղությունը։ «Ոմանք պնդում էին, թե պետք է շարունա­կել անհաշտ թշնա­մա­կան դիրքը դեպի Ռուսաստա­նը, առանց, սակայն, կարո­ղա­նա­լու ցույց տալ, թե ի՞նչ պետք է անել վերջնա­կան կործա­նումից խուսա­փե­լու համար։ Ուրիշնե­րը անհրա­ժեշտ էին համա­րում անմի­ջա­պես «լեզու գտնել» Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ։ Իսկ շարքա­յիննե­րը տատանվում էին հույսի ու վհա­տության միջեւ։ Անկուսակցա­կան զանգվա­ծը, մանա­վանդ, քաղքե­նի տարրը սկսում էր օրորվել հին հուշե­րով Ռուսաստա­նի մասին. կգա ռուսը, կբե­րե հետը խաղա­ղություն, «հաց ու մանուֆակտուրա», կառնե երկի­րը իր հովա­նու ներքեւ, եւ ռուս զինվո­րի սվի­նի պաշտպա­նության տակ գյուղա­ցին, արհեստա­վորն ու խանութպա­նը, հին տարի­նե­րի նման, հանգիստ կապրեն եւ դրամ կվաստա­կեն։ «Խաչա­պաշտ ռուսն» էր եկո­ղը, վերջա­պես, հո նա էլ թուրքի պես մեզ չի կոտո­րի։ Բարի՛ թող գա»,- այսպես էր ներկա­յացնում Հայաստա­նի բնակչության մի մասի պատկե­րա­ցումնե­րը Սիմոն Վրացյա­նը։

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Իշխա­նության գալուց անմի­ջա­պես հետո սկսվում է բնա­կա­րաննե­րի բռնագրա­վումը. զորքը եւ պաշտոնյա­նե­րին տեղա­վո­րե­լու համար ապրե­լու տեղ էր հարկա­վոր, ուստի մարդկանց ստի­պում էին ազա­տել տնե­րը կամ առնվազն սենյակնե­րի մի մասը։ Աստի­ճա­նա­բար հանրության շրջա­նում բոլշեւիկնե­րի հանդեպ դժգո­հություն էր առա­ջա­նում։ Բացի այդ, Հեղկո­մը սկսեց բռնագրա­վել մարդկանց ունեցվածքը, սնունդը եւ այն ամե­նը, ինչ անհրա­ժեշտ էր համա­րում։ Ունեցվածքի, հատկա­պես՝ բերքի բռնագրա­վում լինում էր նաեւ նախկին՝ Դաշնակցա­կան իշխա­նության տարի­նե­րին, սակայն բոլշեւիկներն ամեն ինչով եւ բոլո­րին գերա­զանցում էին։

«Այդ օրե­րին գավառնե­րից եւս կոմունիստնե­րի կամա­յա­կա­նություննե­րի եւ բռնագրա­վումնե­րի մասին զարհուրե­լի լուրեր էին հասնում։ Կոմունիստնե­րը, ռուս զինվորնե­րի ուղեկցությամբ, մտնում են տնե­րը եւ գյուղա­ցու ունե­ցա­ծը, չնչին բաժին թողնե­լով իրեն, բռնագրա­վում էին եւ փոխադրում Երեւան, իսկ այնտե­ղից առանձին շոգե­մե­քե­նա­նե­րով տանում Ռուսաստան, փոխա­նակ Ռուսաստա­նից բերե­լու, որին մեծ ակնկա­լությամբ սպա­սում էին Հայաստա­նի սովալլուկ բազմություննե­րը եւ որ խոստա­ցել էին իրենց բանակցություննե­րի ժամա­նակ կոմունիստ կոմի­սա­նե­րը»,- գրում է դեպքե­րի ակա­նա­տես Ալեքսանդր Սարդարյա­նը (Հայաստա­նը խորհրդայնա­ցումից հետո, Հայրե­նիք, 1967թ., թիվ 12, Բոստոն)։

Բոլշեւիկներն անհանդուրժող էին ցանկա­ցած այլ ուժի հանդեպ, որն իրենց կուսակցությունից չէր։ Ինչպես գրում է Վրացյա­նը՝ Հեղկո­մը «առա­ջին օրից իսկ թշնա­մա­կան դիրք բռնեց դեպի երկրի բոլոր ոչ բոլշեւիկ տարրե­րը եւ իրեն պահում էր ճիշտ այնպես, ինչպես պահում է թշնա­մի երկի­րը մտնող նվա­ճող մի բարբա­րոս ուժ»։

1920թ. դեկտեմբե­րին ձերբա­կա­լություննե­րը շարունակվում են, եւ ինչպես հետա­գա­յում գրել են բազմա­թիվ ակա­նա­տեսներ, Հայաստա­նի բանտե­րը «բերնե­բե­րան լցվե­ցին»։ Բանտարկվում են նաեւ Հովհաննես Քաջազնունին, Նիկոլ Աղբալյա­նը, Մուսինյա­նը, Մելիք-Յոլչյա­նը եւ շատ ուրիշներ։

Բոլշեւիկյան բռնություննե­րի մասին ուշագրավ դիտարկումներ է արել նաեւ Բախշի Իշխանյա­նը, որը դաշնակցա­կան չէր, բայց աշխա­տում էր պետա­կան վիճա­կագրա­կան գլխա­վոր բաժանմունքում։ Իշխանյա­նը հայտնի էր բոլշեւիկնե­րի քննա­դա­տությամբ. բազմա­թիվ հոդվածներ էր գրել, դասա­խո­սություններ կարդա­ցել։ «Երկու ամիս բոլշեւիկյան բանտում» հուշագրությունում նա գրում է, որ 1920թ. դեկտեմբե­րի 2‑ին սովո­րա­կա­նի պես գնում է աշխա­տանքի, որտեղ Համբարձում Տերտերյա­նը նրան խորհուրդ է տալիս անմի­ջա­պես կամ հեռա­նալ երկրից կամ թաքնվել։ Մի քանի ժամ անց նույն խորհուրդը տալիս է նաեւ հետա­խույզ Տիգրան Դեւո­յա­նը. «Երեկ գիշեր ինձ մոտ էր խորհրդա­յին առա­քե­լության ծառա­յողնե­րից մեկը, որը որպես գաղտնիք հաղորդեց, որ առա­քե­լությունը որո­շել է առա­ջին հերթին ձերբա­կա­լել Ռուբեն Դարբինյա­նին ու Բախշի Իշխանյա­նին եւ անմի­ջա­պես գնդա­կա­հա­րել սրանց: Ի սեր Աստծո, շտա­պե­ցեք Դուք եւս թողնել քաղա­քը»։ Իշխանյա­նը որո­շում է թաքնվել Կոնդում, սակայն նույն օրը երե­կո­յան ձերբա­կալվում է եւ Երեւա­նի բանտում մնում մինչեւ 1921թ. Փետրվարյան ապստամբությունը։

Բոլշեւիկյան բռնություննե­րի ամե­նա­խայտա­ռակ էջը հայ սպա­նե­րի ձերբա­կա­լությունն էր. 1921թ. հունվա­րի 24-ին ցուցա­կագրե­լու պատրվա­կով հայկա­կան բանա­կի հարյուրա­վոր սպա­ներ ու գենե­րալներ հրա­վիրվում են խորհրդա­րա­նի շենք, որտեղ կալա­նա­վորվում են։ Ձմռան ցրտին նրանց ոտքով քշում են Քանա­քեռ, ապա՝ Դիլի­ջան, որտե­ղից էլ՝ Ռուսաստա­նի հեռա­վոր շրջաններ։

«Մարդիկ իրենց տնե­րից դուրս էին եկել առանց որեւէ վատ բան կռա­հե­լու, բոլո­րո­վին միա­միտ, առանց որեւէ պատրաստության։ Առանց տաք հագուստի, ճերմա­կե­ղե­նի, դրա­մի եւ նույնիսկ առանց իրենց ընտա­նիքնե­րին հրա­ժեշտ տալու։ Ու ձմռան այդ սառնա­մա­նի­քին, այդպես մերկ, անո­թի եւ թշվառ եւ որ գլխա­վորն է՝ ջղայնա­ցած հոգով, նրանք ճանա­պարհ ընկան դեպի աքսոր, դեպի իրենց սպա­սող անհայտության մութ աշխարհը»,- գրում է Արշա­լույս Աստվա­ծատրյա­նը (Փետրվարյան ապստամբությունը, Հայրե­նիք, 1968թ., թիվ 2, Բոստոն)։

Բոլշեւիկներն իրենց գործո­ղություննե­րը բացատրում էին ուժա­յին միջոցնե­րի կիրառման անհրա­ժեշտությամբ։ Նրանց կարծի­քով՝ միայն այդպես ի հայտ կգա­յին իրենց հակա­ռա­կորդնե­րը, միայն այդպես կբա­ցա­հայտվեին հակա­հե­ղա­փո­խա­կաննե­րը, որոնց հետ հաշվե­հարդար տեսնե­լուց հետո հեղա­փո­խությունը վերջնա­կա­նա­պես կարող էր հաղթա­նա­կել։ Հեղկո­մի բռնություններն աստի­ճա­նա­բար հուսա­հա­տության հասցրին առանց այն էլ տարի­ներ շարունակ չքա­վո­րության մեջ ապրող ու անթիվ զոհեր կրող հայ ժողովրդին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց 1921թ. Փետրվարյան ապստամբության։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ