ՄԵՐ ՈՒՂԻՆ

Կուսակցություն Ընդդեմ Դաշնակցություն

Դաշնակցությունը վերածված է քաղաքական վարձկան լծակի ու ամենավտանգավորը՝ արժանացած է հայրենի ժողովրդի ատելության հասնող մերժումին։

Յարութ Գալայճեան

Ցանկացած քաղաքական կազմակերպության գոյատևումը պայմանավորված է իր գաղափարների իրատեսականությամբ եվ ըստ առարկայական պայմանների դրանց բարեփոխմամբ/այժմեականացմամբ։

Այսօր, երբ Հայաստանը ազգային անկախ պետություն դառնալու գործընթացի շեմին է գտնվում՝ Դաշնակցությունը պարտավոր է վերասահմանման ենթարկել իր Գաղափարական Կենտրոնացում խոսույթը։
Պետք է անդրադառնալ այլևս, որ գաղափարական կենտրոնացումը այսօր՝ հակասում է ապակենտրոնացման գոծելաոճին. բոլոր շրջանները գործելու են անկախ եվ ինքնավար, ու բյուրոն կհամադրի բոլորի գործունեությունը։ Բոլոր շրջանները գործելու են մեկնելով իրենց տեղական իրականությունների/պահանջների լույսի տակ, Ֆրանսիան՝ Հայ Ընկերվարական-ով, Լիբանանը՝ Հայ Ազատականով, ԱՄՆ-ը՝ Հայ Դեմոկրատականով, ևայլն։ Բոլորն էլ ՀՅԴ-ի համար• ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ էլ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ պետության համար։

Մյուս կողմից, Դաշնակցությունը օր առաջ՝ իր կանոնադրությունը, ներքին օրենսդրությունը եվ դատական կառույցը խոր վերանայման ենթարկելու կարիք ունի, այլապես նոր երիտասարդությունը արհամարհելու է նրան եվ սերնդափոխություն չի լինի…
21-րդ դարի հայ երիտասարդը կմերժի գաղափարական կույր կենտրոնացումները, որովհետև, դրանք ջլատում են իր ազատությունը, ժողովրդավարական միտքը, այլազանության արժեքը եվ նախաձեռնության ոգին։

Հ.Յ.Դաշնակցության այլանդակվածության այսօրվա իրավիճակը արդյունքն է քարացած գաղափարների եվ քաղաքական անինքնույնության. ԱՌԱՎԵԼ ՈՒ ՄԱՆԱՎԱՆԴ՝ այն կուսակցական այն հրեշատիպ կառույցի, որ ավելի քան 3 տասնամյակներից ի վեր գործում է Գ.Մ. անվամբ, ռուսական հակապետական-պատվերներով եվ Դաշնակցությունը քաղաքական ճահիճին կերակրելով։

Իբրև տրամաբանական հետևանք այդ բոլորի, այսօր, աշխարհի տարածքում սփռված դաշնակցական կառույցները կպարզեն կազմակերպականորեն անկենդան պատկեր՝ պարզ այն պատճառով, որ դրանք շարունակում են գործել (դրսից) կուսակցական հրահանգներով, հնամաշ գաղափարներով/գործիքակազմով և յուրաքանչյուր շրջան իր գործունեությամբ մնում է կաշկանդված գաղափարական կենտրոնացման կապանքներով, շրջանային (հակադաշնակցային) հարաբերություններով։

Քրիստափորյան Դաշնակցության հաջողության գաղտնիքը գաղափարական այլազանությունների համախմբան մեջ էր (երբե՜ք՝ նպատակային հակադիր ուղղությունների, ինչպիսին էր՝ Անդրանիկ/Հրայր Դժոխք երևույթը) դաշնակցային հասկացությամբ և տարբեր գաղափարների համակեցությամբ ու մանավանդ կենտրոնացմամբ՝ մնայուն արժեքների շուրջ, ինչպիսին էին ու են այսօր՝ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու բարօրությունը, կազմակերպական ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը, խոսքի ազատությունը, ապակենտրոնացված գործունեության սկզբունքը։

Փաստորեն այսօր, Դաշնակցությունը Վերանկախացած Հայաստանում գործում է (չասելու համար՝ իր գոյությունը քաշքրտում է) երազապաշտ/կաղապարված գաղափարներով և ակնհայտորեն հակադրվում է իր մայր արժեքահամակարգին, այսինքն՝ Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և արդարադատության գործընթացներին։
Ու զարմանալի չէ երբեք, որ այդ արժեքային դավադրության որպես բնական հետևանք՝ Դաշնակցությունը վերածված է քաղաքական վարձկան լծակի ու ամենավտանգավորը՝ արժանացած է հայրենի ժողովրդի ատելության հասնող մերժումին։

Սփյուռքյան դաշնակցական շարքերը իրենց գոյատևման տարրական դրդապատճառով՝ պարտավոր են նոր կեցվածք որդեգրել ու տեղադրել Դաշնակցությունը իր Մայրուղու վրա. հստակ այն շեշտադրումով, որ գաղափարները փոփոխական են, իսկ արժեքները՝ անձեռնմխելի։

Մյուս, վերջին ու գուցե անհնարին թվող ճանապարհը այն է, որ ոչինչ անել ու թողնել, որ կույր Կուսակցամոլությունը կամաց-կամաց ծնկի բերի Դաշնակցությունը ու միայն դրանից հետո՝ ստեղծել իսկականը՝ ԻՐԱՎ Դաշնակցությունը։

10 Հոկտեմբեր 2023
Մուղնի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *