Եվ ուրեմն, եկել էր Ալիևը, թե ոչ, կամ՝ կգա Ալիևը Բրյուսել, թե ոչ, կստորագրի որևէ բան Բրյուսելում, թե ոչ, ըստ էության չունի ոչ մի նշանակություն, որովհետև այսօր լայն թափով ծավալվում է համաշխարհային պատերազմը, որտեղ թանաքի փոխարեն հարցեր լուծում է վառոդը:
Հակոբ Բադալյան
Թանաքի փոխարեն հարցեր լուծում է վառոդը
Եթե Գրանադայի փաստաթղթի տակ լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ապա կհամարեի, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը 70 տոկոս է, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարց է առաջանում՝ եթե Գրանադայի հայտարարության տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, որքա՞ն է մինչև տարեվերջ ընդհանրապես խաղաղության ռեժիմի պահպանման տոկոսային հավանականությունը: Ինչ խոսք, դա հռետորական հարց է, քանի որ խաղաղության հեռանկարը տոկոսներով չափվող հեռանկար չէ: Կարող է լինել պատերազմի գերբարձր հավանականություն, բայց աշխատել խաղաղության 1 տոկոսը, բայց կարող է լինել նաև հակառակը և անհողմ երկնքում հանկարծ կարող է պայթել մեծ պատերազմ, եթե կան ռազմա-քաղաքական կոնֆլիկտներ՝ անկախ, թե ինչ ռեժիմում են դրանք գտնվում: Ընդհանրապես, ներկայիս միջազգային միջավայրում չկան սառը կամ սառեցված կոնֆլիկտներ:
Դա կարող է լինել լոկ առերևույթ տպավորություն, որովհետև համաշխարհային մեծ վերաբաժանման ներկայիս թեժ գործընթացը կամ այլ կերպ ասած համաշխարհային պատերազմը տաքացննում է միջազգային հարաբերությունների ստորջրյա շերտն ամբողջությամբ: Հետևաբար, եթե անգամ Ադրբեջանը ստորագրեր Գրանադայի հայտարարությունը, դա բացարձակապես չէր նշանակելու, որ մինչև տարեվերջ չէր աշխատելու հենց այն 30 տոկոս «չխաղաղության» հավանականությունը, որ շոշափում է Նիկոլ Փաշինյանը 70 տոկոս խաղաղության պայմանագրի հավանականության մասին իր դիտարկման մեջ: Բայց, կրկնեմ, խնդիրը տոկոսները չեն, այլ պայմանագրի բովանդակությունն ու միջազգային միջավայրը:
Միջազգային իրադրությունը ներկայումս որևէ կերպ թույլ չի տալիս իրատեսական համարել խաղաղության որևէ հեռանկար, առավել ևս Կովկասում: Կասկածից վեր է, որ այդ հանգամանքը լավ է պատկերացնում նաև Նիկոլ Փաշինյանը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ պարագայում հարց է առաջանում, թե Հայաստանին ինչ է տալիս Գրանադայի քառակողմ փաստաթուղթը, եթե Ադրբեջանը չի միացել դրան: Ավելին, դեռ հարց է, թե ինչ է տալիս դրան միացած եվրոպական կողմերի առնչությամբ, եթե հաշվի առնենք երկու էական հանգամանք: Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմներով՝ 44-օրյա, և սեպտեմբերի 19-20-ի, և դրանց «միջև» ընկած եռամյա ժամանակահատվածում ուժի կիրառման տարբեր այլ ծավալի ու մասշտաբի գործողություններով փաստացի խախտել է այն կանոնները կամ այսպես ասած վարքականոնը, որի կրողն են Եվրոպայի Խորհրդի անդամ երկրները, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը: Ավելին, Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ այն անդամներից են, որոնք մոնիտորինգի ներքո են: Բայց, փաստացի դրանով հանդերձ, Ադրբեջանը իրականացրել է ագրեսիա Արցախի և նրա ժողովրդի հանդեպ, և չի ենթարկվել ԵԽ անդամությունից բխող որևէ պատասխանատվության:
Մյուս հանգամանքը Հայաստանի ու ԵՄ միջև համապարփակ համաձայնագիրն է, որ ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին: Այն վավերացրել են ԵՄ անդամ բոլոր 28 երկրները: Այդ համաձայնագրում պարզորոշ խոսվում է այն մասին, որ Հայաստանն ու Եվրամիությունը ստանձնում են արցախյան հակամարտության կարգավորման հանձնառություն, համաձայն Հելսնիկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, այդ թվում ուժի չկիրառման կամ դրա սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջության և ինքնորոշման իրավունքի: Եվրամիությունը այսօր որքանո՞վ է հավատարիմ այդ հանձնառությանը, որ ստանձնել է Հայաստանի հետ պայմանագրով: Այդ հարցի պատասխանն էլ թերևս կլինի պատասխան այն հարցին, թե որքանով են ԵՄ առաջատարները հանձնառու լինելու Գրանադայի իրենց ստորագրությանը գործնականում: Եվ ուրեմն, եկել էր Ալիևը, թե ոչ, կամ՝ կգա Ալիևը Բրյուսել, թե ոչ, կստորագրի որևէ բան Բրյուսելում, թե ոչ, ըստ էության չունի ոչ մի նշանակություն, որովհետև այսօր լայն թափով ծավալվում է համաշխարհային պատերազմը, որտեղ թանաքի փոխարեն հարցեր լուծում է վառոդը: Այդ պայմաններում որևէ ստորագրություն գործնականում չի բարձրացնում խաղաղության իրական գործակիցը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։