Արցախ

Մի Ուշագրավ Փաստաթղթի Մասին

Մենք ունենք մեր ՍԵՓԱԿԱՆ տարածքը Ադրբեջանում, հասկանու՞մ եք, սեփականը։ Դա Ադրբեջանի տարածքը չէ, դա մեր տարածքն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի տարածքը։ Դա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների տարածքն է, բայց ոչ երբեք Ադրբեջանի։

Շուշան Ղազարյան

Չգիտեմ, այս փաստաթղթի մասին տեղյա՞կ է արդյոք, մեր ԱԳՆ-ն։ Այս փաստաթուղթը բանավոր հրապարակեց ԼՂԻՄ Մարզկոմի նախկին ղեկավար Հենրիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ, 1989թ հոկտեմբերին, Մոսկվայում՝ ԽՍՀՄ Կենտկոմի ղեկավարության, Ղարաբաղի ու Ադրբեջանի ԽՍՀՄ ԳԽ պատգամավորների հանդիպման ժամանակ, երբ քննարկվում էր ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու ու Կենտրոնի ենթակայությանը հանձնելու Վոլսկու առաջարկած ծրագիրը, որի տակ ստորագրել էր Մոսկվայից Ստեփանակերտ ժամանած ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների Ղարաբաղի հարցով հանձնախումբը։ Որոշման նախագիծը կներկայացնեմ ավելի ուշ։
Ահա փաստաթուղթը։
“Լեռնային Ղարաբաղը 1921թ մտել է Ադրբեջանի կազմի մեջ իր սեփական սահմաններով։ Այդ սահմանները հստակ ամրագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ՝ “Օրենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի մասին” օրենքով։ Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքը չի կարող փոփոխության ենթարկվել, առանց մարզի տեղական իշխանությունների համաձայնության։ Այսինքն՝ մենք ունենք մեր ՍԵՓԱԿԱՆ տարածքը Ադրբեջանում, հասկանու՞մ եք, սեփականը։ Դա Ադրբեջանի տարածքը չէ, դա մեր տարածքն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի տարածքը։ Դա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների տարածքն է, բայց ոչ երբեք Ադրբեջանի։Եւ դուրս բերելով մարզը Ադրբեջանի ենթակայությունից, մենք ոչ մի ուժային ճնշում չենք գործադրում։ Բացարձակ։ Ես կարծում եմ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելն ու Կենտրոնի ենթակայությանը հանձնելը, կթուլացնի լարվածությունն ու կվերականգնի կարգուկանոնը մարզում”։
Սա դիվանագետների ձեռքին հաղթաթղթի պես կարեւոր փաստաթուղթ է, որը պետք է գտնել եւ օգտագործել։ Ժամանակին այդ ու շատ ավելի այլ, դրան հարող փաստաթղթեր պահպանվել են Լեռնային Ղարաբաղի մարզային արխիվում, Հենրիկ Պողոսյանն ասաց, որ ինքը տեսել է դրանք։ Բայց Կեւորկովի հեռանալուց հետո, դրանք անհետացել են։ Կամ տարել էր հետը, կամ, ինչպես Արցախի ներկա իշխանություններն են վարվել, այրել, ոչնչացրել է։
Տարիներ առաջ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին Պրահայում հանդիպման ժամանակ ասել էի այս փաստաթղթի մասին։ Նրա խոսնակ Տիգրան ԲԱԼԱՅԱՆԸ խոստացավ հետաքրքրվել, գտնել փաստաթուղթը։ Ես անգամ հուշեցի՝ որտեղ փնտրել։ Ես մի քանի տարի աշխատել եմ Հայաստանի պետական արխիվում ու նմանօրինակ փաստաթղթեր պահպանվել են Հայաստանի հեղկոմի ֆոնդում։ Բայց ցավոք, այդ ֆոնդը 70-ականներին, Մոսկվայի պահանջով, առանց պատճեները պահելու, մեր արխիվի խելոք ղեկավարությունը հանձնվել է ԽՍՀՄ Կենտրոնական արխիվ։ Բնական է, մյուս հանրապետությունները հրաժարվել են իրենց ֆոնդերը հանձնել Մոսկվային, բայց․․․դե մենք ուրիշ ենք ռսի հանդեպ մեր անագորույն սիրով ու հավատարմությաբ։ Միայն այնտեղ կարելի է գտնել Խորհրդային Հայաստանի եւ Անդրֆեդերացիայի մասին բոլոր կարեւոր փաստաթղթերը, որոնք կօգնեն քաղաքական հարթակ բերել Ղարաբաղի հարցը։ Դե բայց ներկա պաշտոնյաների, մեղմ ասած, աղետալի անգրագիտության բետոնե պատին, մոտենալ անգամ հնարավոր չէ, ուր մնաց խորհուրդ ու խոսք ասել։
Իսկ թե ինչ դեպքեր էին նախորդել այս քննարկմանը, դեռ կանդրադառնանք։

Գրառումը՝ Շուշան Ղազարյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *