Դեռ 90-ականներին քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը գրել էր, որ Արցախի շուրջը ստեղծված իրավիճակը, մեր ներքին անկարողությունն ու անհամաձայնությունը, մեզ վրա գոյություն ունեցող դրսի ճնշումները և այլն, ի վերջո հանգեցնելու են Արցախի հարցում վերջնական հետնահանջի ու դանդաղ պարտության, որի համար հավանաբար քաղաքական վրիժառություն, այսպես ասած «զոհաբերություն» տեղի կունենա և դրա ամենահարմար թեկնածուն վարչապետ Վ. Սարգսյանն է:
Արայիկ Մկրտումյան
Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվել և դեռ առաջիկա տարիներին էլի կխոսվի, բայց, խոշոր հաշվով առանց փոփոխությունների: Ամեն տարի նոր մանրամասներ են ի հայտ գալիս, նոր կասկածյալներ են նշվում այս ու այն կողմից, մեղադրանքներ, կես-կատակ, կես-լուրջ բացահայտումներ, բայց այդ ամենը խոշոր հաշվով ոչ մի հետևանք չի թողնում:
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տարբեր մարդիկ տարբեր ելույթներ և գրառումներ արեցին, նաև շրջանառվեց Սերժ Սարգսյանի անունը որպես այդ ամենի հետ կապ ունեցող մարդու, ինչպես նաև Ռ. Քոչարյանի և ռուսների անունը: Մեղավոր են, թե ոչ, դա պիտի որոշի արդարադատությունը, բայց ներկայիս պայմաններում ՀՀ արդարադատությունը հազիվ թե կարողանա նման ծանր և նուրբ թեմայով ինչ որ լուրջ բացահայտումներ և հետևություններ անել: Իսկ եթե անի էլ, ապա ի՞նչ: Ի՞նչ է փոխվելու, եթե պայմանական Քոչարյանին դատեն որպես մեղավորի և պայմանական պատիժ տան՝ այսքան տարի: Ոչ մի բան: 2023թ. սեպտեմբերի 19-ով ավարտվեց ՀՀ կյանքի ամենա ողբերգական շրջաններից մեկը, որի պաշտոնական մեկնարկը տրվեց հոկտեմբերի 27-ին: Հոկտեմբերի 27-ը պարզապես ներիշխանական գզվռտոց չէր, ներքին հեղաշրջում չէր ու ոչ էլ հայրենիքը փրկելու համար կատարված արկածախնդրություն, ինչպես կարող են կարծել միամիտները: Հոկտեմբերի 27-ը կրակոց էր պետության վրա, ոչ թե կոնկրետ Վ. Սարգսյանի և Կ. Դեմիրճյանի: Դեռ 90-ականներին քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը գրել էր, որ Արցախի շուրջը ստեղծված իրավիճակը, մեր ներքին անկարողությունն ու անհամաձայնությունը, մեզ վրա գոյություն ունեցող դրսի ճնշումները և այլն, ի վերջո հանգեցնելու են Արցախի հարցում վերջնական հետնահանջի ու դանդաղ պարտության, որի համար հավանաբար քաղաքական վրիժառություն, այսպես ասած «զոհաբերություն» տեղի կունենա և դրա ամենահարմար թեկնածուն վարչապետ Վ. Սարգսյանն է: Այդպես էլ եղավ, Վ. Սարգսյանը սպանվեց: Հոկտեմբերի 27-ը քաղաքական դիվերսիա էր ոչ թե ՀՀ իշխանավորների, այլ ուղղակի ՀՀ դեմ, որից հետո Հայաստանում սկսվեց քաղաքական անտերության, վախի ու անտարբերության մի երկարատև շրջան: Անցնող տարիները սքողվեցին պատերազմում տարած հաղթանակի փառաբանությամբ ու Հայաստանում իշխանություն ունեցող խմբերի քրեական ուժերի ամրացմամբ: Ամեն ինչ ի վերջո իր արյունոտ հանգուցալուծումը գտավ 2023թ. Արցախի բռնի հայաթափմամբ: Հիմա ինչ էլ ասվի կամ արվի, Արցախի հայաթափումը կարմի գիծ է քաշում գաղափարական ու ռազմական մի մեծ պայքարի տակ՝ նշելով դրա պարտության ու ավարտի մասին:
Այնպես չէ, որ հոկտեմբերի 27-ին,եթե Վ. Սարգսյանը և Կ. Դեմիրճյանը ողջ մնային, ապա Արցախի հարցում աննախադեպ բեկում էր լինելու: Որքան էլ որ հայրենասեր, բայց նույնիսկ նրանք ի վիճակի չէին լինի ազդել դեպքերի ընթացքի վրա, քանի որ այդ ամենի հետևում արդեն իսկ մի քանի անհասկանալի ու խայտառակ պարտավորություններ կային, ինչպես օրիանկ 1992թ. Ալմա-Աթայում խորհրդային ժառանգ ճանաչվելու անհասկանալի հայտարարությունը,մ 1994թ. Բիշքեքի անհասկանալի ու աննախադեպ անողանաշար հրադադարը: Բացի դրանից Ադրբեջանը Իսրայելի հետ արդեն իսկ ստորագրել էր դարի պայմանագիրը, իսկ արդեն 1999թ. արդեն ուշացած քայլ էր, ինչ որ բան փոխելու համար, բայց այն շատ հաջող դիվերսիա էր Հայաստանի դեմ, որով Հայաստանը հրաժարվեց ապագային նայելու հնարավորությունից և Արցախը ոտքով գլխով թաղվեց անորոշության դեմ: 1999թ. Ստամբուլի համաձայնագիրը ստորագրելով Քոչարյանը խոշոր հաշվով համաձայնվեց այն պայմաններին, որ Հայաստանը ընդամենը դառնում է միջնորդ, ում կստիպեն, թե Արցախի հաշվով երբ և ում ինչ առաջարկի: Արցախյան պատերազմում տարած հաղթանակը զրոյացվեց ու կեղծվեց՝ դառնալով ընդամենը մի փոքր խմբի մենաշնորհ:
Ինչպես հայտնի է իր ժամանակին Վ. Սարգսյանին նախազգուշացրել էր նաև Վանո Սիրադեղյանը, ով նույնպես կարծում էր, որ Արցախի անորոշությունը մեկը պիտի մարսի և այդ մարսողը պիտի որևէ ազդեցիկ դեմք լինի: Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանն այն մարդիկ էին, որոնց հասարակ մարդիկ մեծ հաշվով վստահում էին և նրանք կարող էին ի վերջո ինչ որ պայմանավորվածության հասնել Արցախի արգավիճակի հարցով: Գուցե դա լիներ փոխզիջումային ինչ որ բան, բայց դա միջազգային խաղացողներից ոչ ոքի ձեռնտու չէր: Արցախի հարցը պիտի անտեր մնար, Հայաստանը պիտի դուրս հաներ Արցախին ամեն տեսակ իրավունքի գոտուց ու հրեր մի կողմ: Գումարած, որ աղմկոտ սպանությունից վախեցած ժողովուրդը ի վիճակի չէր լինելու որևէ կերպ դիմադրելու ինչ որ բանի, իսկ ժամանակի տեղեկատվական խիստ վերահսկելի իրավիճակում մարդիկ նույնիսկ նորմալ չիմացան, թե ով որտեղ ինչ է բանակցում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր, եթե լուրեր ընթանային, որ ՀՀ նախագահը Ստամբուլում համաձայնվել է Հայաստանի այս սահմաններին՝ առանց Արցախի, կամ որ Հայաստանը ամեն հանդիպանը կես բերան համաձայնվում էր հողերը հանձնելու: Հարցը միայն տեխնիկական մարամասներն չէին: Տարածաշրջանում լուրջ հավակնություններ ունեցող ցանկացած ուժի համար Արցախը մի քոռ կոպեկ չարժե առանց Մեղրիի: Դա հայր Ալիևն էլ շատ լավ հասկանում, ռուսներն էլ էինհասկանում: Ըստ էության բոլորն էին հասկանում բացի մեզնից: Եվ Արցախի հարցը պիտի մնար անտեր ու անորոշ, որ հնարավոր լիներ թանկ գնով վերավաճառել հայերին: Մեղրին Ադրբեջանի համար պետության ապագայի հարց էր ու Ադրբեջանը կամ Ռուսաստանը առանց մի վայրկյան Մեղրիի դիմաց Արցախը կտային հայերին առանց ափսոսելու: Դեռ մի բան էլ ավելին: Գուցե հենց դա էր հասկանում Վազգեն Սարգսյանը, ով, ըստ բաց աղբյուրներում հայտնվող նյութերի, իր սպանությունից մի քանի ամիս առաջ արդեն բավական մռայլ տրամադրություն ուներ ու ինչ որ վատ բանի կանխազգացում: Եվ գուցե Հոկտեմբերի 27-ը Մեղրին Արցախով փոխելու օպերացիայի սկիզբը պիտի լիներ, ինչը տարբեր պատճառներով չհաջողվեց, բայց հիմա մենք արդեն ոչ Արցախ ունենք ոչ էլ գործնական ուժ: Եվ հիմա ամեն կերպ ցանկանում են ստանալ Մեղրին: Բոլորը նույն կետին են խփում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան: Իսկ Արցախը զոհ գնաց այդ քաղաքական ավանտյուրային:
Վ. Սարգսյանը պիտի սպանվեր, դա էր պահանջում տվյալ օրը: Եթե նա էլ չլիներ վարչապետ, այլ պայմանական Պողոսը, ով ի վերջո արդեն սկսել է հասկանալ, թե ինչ է կատարվում ու որ Հայաստանն ի վերջո որոշում է կայացնելու Արցախի հարցով, նրան կանգնեցնելու էին, չէին թողնելու:
Իսկ հիմա, թե ով կնստի ու քանի տարի, արդեն գործնական իմաստ չունի, որովհետև Արցախն էլ չկա: Ամենինց տխուրն այն է, որ մենք հոկտեմբերի 27-ը վերածել ենք Ցեղասպանության ճանաչման թեմայի ու մեզ թվում է, որ եթե բոլորը ճանաչեն, ապա ինչոր բան կփոխվի, այսինքն եթե ինչ որ մեկը նստեց 20 տարով, ապա արդարությունը վերականգնված կլինի: Հիմա մեր գործը պիտի լինի կանգնեցնել Հոկտեմբերևի 27 օպերացիայի վերջին՝ Մեղրիի հանձնումը: Հայերը հիմա են սկսել հասկանալ, թե ինչ է նշանակում Մեղրին: Ավելի քան 20 տարի անց:
Հոկտեմբերի 27-ը քաղաքակրթական հարված էր, որը Հայաստանին նահանջ պարտադրեց: Եվ դա հնարավոր եղավանել մի խումբդավաճանների ու ծառաների ձեռքով, որոնք վաճառեցին Հայաստանի ապագան հանուն մի քանի տարվա հաճույքի: