ՄԵՐ ՈՒՂԻՆ

Վարձկան Լրագրողներն Ու 4-րդ Իշխանության Բացակայությունը

Հաջորդ էական խնդիրը, որ գնալով ավելի է սրվում՝ ներհասարակական ատելությունն է, որը թեժանում է հենց լրագրողների մեծ մասի մեղքով: Նրանց կողմից մատուցվող ուղղորդված և քաղաքականացված նյութն արտացոլում է միայն մի նեղ խմբի տեսակետները և հանդիպելով հակառակ խմբի կարծիքներին՝ ամեն անգամ ավելի է սրում հակադրությունը;

Արայիկ Մկրտումյան

Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս առաջնային է քննարկել ներպետական կյանքում գոյություն ունեցող ինստիտուցիոնալ կառույցների կայացվածությունն ու գործունեությունը: Հումանիտար ոլորտի ազդեցությունը, որ ամենից կարևորն է հասարակության կյանքը ռացիոնալ չափանիշներում տեղավորելու, այն կարգավորելու առումով, մշտապես արհամարհվել է և օգտագործվել միայն որոշ րոպեական հարցերի լուծման իմիտացիա ստեղծելու համար:

Հասարակության վրա ուղիղ ազդող և այդպես էլ չկայացած ինստիտուտներից է մեդիան և առավելապես լրագրական ոլորտը: 1991թ. առ այսօր «չորրորդ իշխանություն» համարվող այդ ոլորտը շարունակում է մնալ հումանիտար ոլորտի մասնագետների ժամանակավոր աշխատանք և կուսակցությունների կողմից պատվիրված տեքստերի խանութ, որտեղ թխվում են ամեն տեսակ նյութեր՝ նայած, թե ով և ինչքան է վճարում: Չկա ո՛չ բարձր պրոֆեսիոնալիզմ, ո՛չ էթիկա: Հայաստանում ամենօրյա ռեժիմով կարելի է հանդիպել տասնյակ հոդվածների, որոնք տեխնիկական սխալներից բացի ունեն նաև հստակ արտահայտված փաստանենգ կեցվածք: Այդ տեղեկատվական աղբը հանդիպում է ո՛չ միայն այսպես կոչված «դեղին մամուլում», այլև լրատվական թերթերի գերակշիռ մեծամասնության մոտ: Քաղաքականացված Հայաստանում քաղաքականացված լրաատվականները պատերազմ են մղում միմյանց դեմ և միևնույն նյութը ներկայացնում 180 աստիճան տարբերությամբ: 

Քաղաքականացված զլմ-ը իսկական պատիժ է դարձել հասարակության ու պետության գլխին: Տեղեկատվական որևէ չափանիշ չունեցող լրագրական ոլորտը ոչ միայն ապատեղեկատվության հսկայական չափաքանակ է շրջանառում՝ ապակողմնորոշելով հասարակությանը, այլև լրատվական-տեղեկատվական թմրանյութ դառնում՝ հասարակական դաշտը մշտական կեղծ իրավիճակում պահելով:

Ընդ որում իրեն «չորրորդ իշխանություն» կոչվող հայկական լրատվադաշտը, որը հավակնում է բարձր որակի մամուլի կոչման, ըստ էության չի հասկանում իր գործունեության իրական վնասի չափը: Հարցը ոչ թե ու ոչ միայն տեսակետների անառողջ բախումն է կամ ուղղագրական/կետադրական/շարահյուսական ու շարադրական սկզբունքային անգրագետ սխալները, այլև, այդ ամենի հետևանքով լրագրական ոլորտի հեղինակության իսպառ ոչնչացումը, հասարակության և անհատի կողմից այդ ոլորտի հանդեպ խորը անվստահության ձևավորում, ինչը այդ ինստիտուտի հեղինակազրկման ու զրոյացման ուղիղ ճանապարհ է: Հեղինակազրկելով «մամուլ» երևույթը, իջնում է անհատ մարդկանց և խմբային տեղեկատվության մակարդակը, նվազում է ուշադրությունը: Հասարակության գրագիտության մակարդակի նվազմանը զուգահեռ, իջնում է նաև լրջությունը, պատասխանատվությունը և ընդհանրապես հավատը տեղեկատվության նկատմամբ: Լավագույն օրինակ է այն, որ ընդամենը մի քանի ժամ առաջ ՀՀ ԱԱԾ կողմից հայտարարություն տարածվեց ահաբեկչական խմբի հայտնաբերման և վնասազերծման մասին, բայց մարդնաց մի մեծ հատված դա համարեց բեմադրություն և ընդհանրապես լուրջ չվերաբերվեց: Սա խոսում է այն մասին, լրատվությունը որպես այդպիսին, լիովին կորցրել է իր դիրքն ու նշանակությունը:

Կուսակցությունների կողմից լրատվական դաշտի ամբողջական քաղաքականացումը նաև հասցնում է լրատվության քաղաքականցման, երբ ամեն ինչ սկսում է մատուցվել միակողմանի՝ քաղաքական տեսանկյունից, եթե նույնիսկ հաղորդված տեղեկատվությունը ընդհանրապես քաղաքական տարրեր չի պարունակում: Խնդիր է նկատվում անընդհատ սրացող քաղաքականացված առօրյան ավելի ու ավելի հաճախակի տեմպով նյութերով հագեցնելուն, ինչն էլ արագության հաշվին տուժում է որակապես: Արդյունքում ոչ թե առանձնանում է հավաստի մամուլը դեղինից, այլ մամուլն ինքը սկսում է դառնալ դեղին, որովհետև թերթերը, հատկապես օնլայն մամուլը, սկսում է առաջնորդվել ոչ թե հստակ, կանոնակարգված չափանիշներով, այլ տարածությունն ու ժամանակը լցնելու մարմաջով:

Հաջորդ էական խնդիրը, որ գնալով ավելի է սրվում՝ ներհասարակական ատելությունն է, որը թեժանում է հենց լրագրողների մեծ մասի մեղքով: Նրանց կողմից մատուցվող ուղղորդված և քաղաքականացված նյութն արտացոլում է միայն մի նեղ խմբի տեսակետները և հանդիպելով հակառակ խմբի կարծիքներին՝ ամեն անգամ ավելի է սրում հակադրությունը:

Վերլուծություններից զուրկ մամուլը դառնում է կուսակցությունների ոչ պաշտոնական օրգանը, որը հիմնականում երկու գործառույթ ունի՝ արդարացնել պատվիրատուին և մեղադրել՝ դիմացինին: Թեման, խոշոր հաշվով, կարևոր չէ, բառապաշարը՝ գնալով ավելի ու ավելի ցածրամակարդակ:

Մամուլը, որ պիտի ապահովեր հավաստի լրատվության տարածումը, իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նպաստեր գրագիտության մակարդակի բարձրացմանը, ապահովեր առողջ մրցակցություն և ծառայեր հարթակ՝ դիմադիր կողմերի տեսակետները բարձրաձայնելու հարցում, վերածվել է(հարկավոր է հասկանալ, որ ԽՍՀՄ գոյության ողջ ընթացքում Հայաստանում լրատվությունը եղել է բացառապես կուսակցական-պատվիրված և շատ թե քիչ հասկանալի է, որ նորանկախ Հայաստանում մամուլն իր զարգացման համար բավական աննպաստ դիրքերում է եղել) քաղաքական լվացքատան, որտեղ կուսակցությունները «մաքրագործում են» իրենց քաղաքական կապիտալն ու զբաղվում պատվիրատուների «մաքրագործմամբ»:

Մամուլի չվերահսկվող գործունեության հետևանքները նաև տեսանելի եղան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետ, երբ լրատվականների հաղորդած «նորությունների» հետևանքով թշնամին ուղղակիորեն վերահսկում է հասարակական տրամադրությունները, ուղղղորդում դրանք ըստ իր ցանկացած անկյան: Բացի դրանից, ապատեղեկատվության խիտ մակադակը, չստուգված լուրերի տարածում հասել էր այնպիսի վիճակի, որ հաղորդումներ էր տրվում գրեթե պետական անվտանգությանը վերաբերող, երբ հաղորդվում էր գազատարի պայթեցման, որևէ քաղաքի գրավման, թշնամու ներխուժման և այլնի մասին: Այս իրավիճակը կարող է հանգեցնել այնպիսի թերահավատության մթնոլորտի, երբ մարդիկ կորցնեն հավատը ոչ միայն լուրերի, այլև իրականության  ընկալման, մեկնաբանման առումով: Իսկ նման պայմաններում, երբ մարդիկ այլևս չեն կարողանում ճիշտն ու սխալը իրարից տարբերել, անհնարին է դառնում նաև որևէ ռացիոնալ գործողության ձեռնարկումը, քանի որ խեղված իրականությունն առաջացնում է խեղված հետևանքներ:

Պետք է նշել, որ Հայաստանում լրատվությունը տասնամյակներ շարունակ գտնվել է հենց այդ խեղված վիճակում և կարևորի մասին մարդիկ կամ չեն իմացել, կամ իմացել են այնպես մանիպուլացված ձևով, որ հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչի մասին է գնում խոսքը:

Թերևս կարող ենք օրինակ բերել այն, որ միջին վիճակագրական քաղաքացին երբեք բավարար չափով տեղյակ չի եղել, թե ինչ բանակցություններ են ընթանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տասնամյակներ շարունակ և այն շոկը, որ ապրեց պատերազմի ավարտից հետո, վկայությունն էր, որ նա պատրաստ չէր լսելու Արցախի վերաբերյալ նման մեկնաբանություններ: Հարցը ոչ թե բուն բանակցությունների որակն ու կատարողականն է, այլ դրա մասին հանրության տեղեկացումը, բայց մարդիկ որպես այդպիսն երբեք լուրջ չեն համարել Արցախն Ադրբեջանի կազմում որևէ մտայնություն և դրա մասին խոսողը որակվել է հակապետական: Կրկնում եմ, հարցը բանակցությունը և առաջարկվող այս կամ այն թեզը չէ, այլ մարդկանց տեղեկացվածությունը դրան և համապատասխան արձագանքը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *