Քո հայաշունչ տեսակը հաստատ երգվելու է մեր գալիք սերնդների սրտերում ու մտքերում, դու դասագիրք ես հայության անկորնչելի իրավունքների եվ մարդկայնանպաստ ձեռքբերումների ապահովման կապակցությամբ։
Յարութ Գալայճեան
Արցախաշնչող Մակիչի Հարազատներ՝ Հրաչ, Արուս, Հասմիկ, Մանե, Նարե, Եղբայր եվ Քույրեր,
Սիրելի Սգակիր Հայենակիցներ, Ընկերներ,
Նոր հասկացա, որ չափազանց դժվար բան է խոսել պինդ, անկեղծ, ազգային տեսլական մարմնավորող ընկերոջ մահվան առիթով։ Ընկեր, որ Հայաստան հաստատվելու իմ առաջին օրերից՝ եղավ ոչ միայն իմ թիկունքում, այլև բազմահարյուր հավատավոր հայրենակիցների կողքին ու ամենաէականը՝ հայոց բանակի՝ իբրև թիկունքային առաջնատար օրինակ, մեր գաղափարական եվ հայրենատիրական տասնամյակների ողջ պայքարում։
Այնքան վստահ եմ, որ եթե չլիներ Արցախյան Գոյամարտը՝ նա ամեն հնարավորություն ուներ դառնալու միջազգային բեմերի վրա երգող փայլուն տենորը, բայց այդ հատուկ հնարավորությունը կասեցվեց անկրկնելի ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի փափուկ միջամտությամբ, ըստ Թաթուլի, Մակիչը իր կրակոտ ու մկանոտ ձայնով՝ անփոխարինելի ուժ էր մեր ազատագրական կռվի դաշտում։
Ահա այդպես սկսվեց Մակիչի՝ մահ արհամարհող թաթուլադրոշմ նոր կյանքը։ Նա զենքը ձեռին՝ երգեց ու գոտեպնդեց իր զինակից ընկերներին՝ ամենակատաղի կռիվների արհավիրքում ու ստացավ իր առաջին վիրավորումը 1993-ին։
Ավելի ուշ, նա շարունակեց երգել ու կռվել 2016-ի Քառօրյայում եվ 44-օրյայի անհավասար ճակատամարտում, երբ փշրվեց իր ձախ ոտքը Մատաղիսի խրամատներում։
Այդուհետև, շարունակեց երգել սփյուռքում ու թռիչքային իր ձայնալարերով եվ պատերազմական իր ոգեշնչող հիշողություններով պատգամեց միշտ գերադասել ազգային պահանջատիրությունը, բարոյական արժեքները ինչպես նաև կամրջեց հայկական գաղութները հայրենի հողի և հայկական պետության նվիրականագույն գաղափարների հետ։
Սիրելի ընկեր Մակիչ, մեզանից քո անժամանակ հրաժեշտդ
արգելք հանդիսացավ քո նոր երգակռիվներին, բայց դու էլ գիտես, որ քո հայաշունչ տեսակը հաստատ երգվելու է մեր գալիք սերնդների սրտերում ու մտքերում, դու դասագիրք ես հայության անկորնչելի իրավունքների եվ մարդկայնանպաստ ձեռքբերումների ապահովման կապակցությամբ։
Դու բախվեցիր բազում չար բախտերի ու հաղթահարեցիր բոլորն էլ, բացի էս մեկից, էս աներևույթ վերջինից, որ դավադրաբար սողոսկել էր քո բջիջների մեջ, սակայն ինչպես միշտ անտեսում էիր ամեն ցավ ու պարզապես վերագրում էիր պատերազմական վերքերիդ հետևանքներին։ Ափսոս որ այդպես չեղավ քեզ հասած այդ անողոք հարվածը, որի պատճառած տառապանքներին դու դիմակայեցիր քո մյուս աննման կեսին՝ Արուսիդ հետ երկար ամիսներ՝ դառը ժպիտներով և ընկերներիդ բաշխած քո քաղցր հիշողություններով ու մանավանդ՝ ժողովրդիդ հանդեպ բացահայտած կրպեյանական առասպելական քո ջերմ զրույցներով։
Որքան հպարտանում էիր մեր ընկերությամբ՝ երբ ամեն անգամ երգում էիր քո համար իմ գրած Արամ Մանուկյանի երգը, որ վերնագրեցի քո փափագով՝ քո սիրած հայրենի հողով, որին հիմա գրկելու ես հավիտյան, ու կամաց-կամաց, անշշունչ, միաձուվելու ես երկրային այդ նպատակիդ հետ։
Իմ կտրիճ, անկեղծ, առաքինի ընկեր, ննջիր խաղաղությամբ եվ արդար հպարտությամբ։
Ննջիր էն հողին մեջ, որին սիրում էիր քո կյանքից բազմապատիկ ավելի, դու արդեն քո պաշտած տեղում ես, մեկանալու ես նրա հետ ու անկասկած է, որ քո հայրենի հողու հրեղեն ձայնով՝ շարունակելու ես երգել քո հայախենթ հավիտենական մեղեդին։
06 Նոյեմբեր 2023
Եռաբլուր, Երեվան