Հայաստան

Գնդակը Մեր Դաշտում Է

Սա շատ փոքր քայլ էր, տասնյակ հարյուրավոր քայլերից մեկն էր, մենք դեռ շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու դեպի ԵՄ, բայց այսպիսի քայլերն անհրաժեշտություն են, մենք սա պարտավոր ենք անել՝ և՛ քաղհասարակության մակարդակով, և՛ փորձագիտական մակարդակով, և՛ իշխանության մակարդակով:

Դավիթ Ստեփանյան

Ես հերթական անգամ համոզվեցի, որ գնդակը մեր դաշտում է. Եվրոպայում կան մարդիկ, որոնք պատրաստ են ընդառաջ քայլեր անել, բայց առաջին քայլերը պետք է մենք անենք. Ստեփանյանը՝ բրյուսելյան համաժողովի մասին

Նոյեմբերի 9-10-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» առաջին համաժողովը՝ «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսի ներքո:

Համաժողովը նախաձեռնել էին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը և Եվրոպայում հայերի միությունը՝ ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի աջակցությամբ:

Նշենք, որ համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Zarkerak.am-ի հետ զրույցում համաժողովի մասնակիցներից քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ համաժողովի անցկացումը հայ փորձագիտական հանրության և եվրոպական փորձագիտական հանրության ու քաղաքական գործիչների միջև մերձեցման հերթական քայլն էր. «Ես կարծում եմ, որ համաժողովը ստացված էր, եկել էին եվրապառլամենտի պատգամավորներ, որոնք ելույթներ ունեցան, որոնք ցույց տվեցին իրենց աջակցությունը Հայաստանին, մենք հասկացանք, որ իրականում ունենք բավականին շատ բարեկամներ Եվրոպայում, որոնց հետ մենք կարող ենք աշխատել և որոնք տեսնում են Հայաստանը որպես Եվրոպայի մաս: Ես՝ որպես համաժողովի մասնակից, հերթական անգամ համոզվեցի, որ գնդակը մեր դաշտում է, որովհետև մենք ունենք աշխատանքի դաշտ և պետք է աշխատենք, մենք Եվրոպայում ունենք մարդիկ՝ պաշտոնյաներ, պատգամավորներ, որոնք պատրաստ են ընդառաջ քայլեր անել, բայց առաջին քայլերը պետք է մենք անենք: Բոլոր ելույթները բարենպաստ էին, մարդիկ իրերը կոչում էին իրենց անուններով, խոսում էին Արցախում էթնիկական զտման մասին, Հայաստանի համար եվրաինտեգրումը նշում էին որպես հրամայական և ուղղակի նշվում էր, որ սրա համար պետք է առաջինն աշխատենք մենք, պետք է գնանք դեպի Եվրոպա, պետք է դիմենք կոնկրետ քայլերի, որպեսզի մարդիկ ընդառաջ քայլեր անեն: Սրանք համաժողովի հիմնական մեսիջներն էին: Այն նպատակները, որոնք կազմակերպիչները դրել էին իրենց առջև, կարծում եմ՝ իրականացան»:

Քաղաքագետի խոսքով՝ համաժողովի անցկացումը ևս մեկ փոքր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման համատեքստում. «Սա շատ փոքր քայլ էր, տասնյակ  հարյուրավոր քայլերից մեկն էր, մենք դեռ շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու դեպի ԵՄ, բայց այսպիսի քայլերն անհրաժեշտություն են, մենք սա պարտավոր ենք անել՝ և՛ քաղհասարակության մակարդակով, և՛ փորձագիտական մակարդակով, և՛ իշխանության մակարդակով»: 

Անդրադառնալով համաժողովին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությանը՝ Ստեփանյանն ասաց. «Արմեն Գրիգորյանի ներկայությունը ցույց տվեց, որ մեր գործող Կառավարությունն ընդունում է այս քաղաքականությունը, որ նա գնում է դեպի եվրոպական մերձեցում, նրա արած հայտարարությունները դրա հերթական վկայությունն են: Այն, որ կարծես թե մեր Կառավարությունը հանձնառու է գնալ այդ ճանապարհով, այն, որ այսօր մեր Կառավարությունը տեսնում է Եվրոպայի ներքո ՀՀ-ի անվտանգության երաշխավորությունը, որը դեռ փաստաթղթավորված չէ, բայց դե ֆակտո արդեն գործում է` դա կարծում եմ կարելի է արդեն ֆիքսել և նշել որպես փաստ: Իհարկե, Գրիգորյանը բավականին զգուշավոր խոսեց և դա հասկանալի է, ընդհանուր առմամբ կարիք չկա իրավիճակը թեժացնելու»:

Խոսելով ՀՀ-ի ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Անդամակցությունը միանշանակ իրատեսական է, դրա համար պարտադիր երեք պայման կա, առաջինը՝ քաղաքական կամք, որպեսզի մենք շարժվենք դեպի այդ անդամակցությունը, երկրորդը՝ միանշանակ ժամանակ, այդ ամենին հասնելու համար և երրորդը՝ աշխատանք, մենք պետք է արժանի դառնանք այդ անդամակցությանը: Ցավոք սրտի` Հայաստանն այսօր այն երկիրն է, որն այդ հնարավորությունը չունի, մենք մեծ աշխատանք ունենք անելու մինչև այդ անդամակցությունը, եթե մենք այդ աշխատանքն անենք, եթե մեր ղեկավարությունը քաղաքական կամք ունենա, որոշակի ժամանակ հետո այո, դա հնարավոր է»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-ի միջնորդական դերին՝ մեր զրուցակիցը նշեց. «Եվրամիությունն ամեն ինչ անում է, որպեսզի կարգավորումը լինի, ԵՄ-ն ամեն ինչ անում է, որպեսզի լինի խաղաղության պայմանագիր, որպեսզի մեր տարածաշրջանում արյուն չթափվի: ԵՄ-ն հետաքրքրված է, որպեսզի մեր տարածաշրջանում լինի խաղաղություն և այստեղ նրանք ուղղակի խնդիրներ են ունենում Ռուսաստանի դիրքորոշման հետ, Ադրբեջանի դիրքորոշման հետ, սա է խնդիրը, որ Գրանադայի ու Բրյուսելի հանդիպումները տապալվեցին, Ադրբեջանը չգնաց և չստորագրեց այն թուղթը, որը պետք է ստորագրեր: Եվրամիությունն այսօր շատ լուրջ գործոն է մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովելու առումով: Հիմա ԵՄ-ի դիտորդական առաքելությունն է բավականին մեծ աշխատանք տանում, որ մեր տարածաշրջանում պատերազմ չլինի, որ Ադրբեջանը հերթական ագրեսիայի չդիմի: ԵՄ-ի տարբեր երկրներ արդեն սկսել են մեզ զենք մատակարարել, սրանից ավել այս պայմաններում, երբ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ԵԱՏՄ-ի անդամ ենք, սպասելը ԵՄ-ից՝ կլինի միամտություն: Նրանք անում են առնվազն այնքան, որքան կարող են անել այս պահին»:

Ստեփանյանն ընդգծեց, որ նեկայումս մեր հասարակության հիմնական  մասը միտված է եվրաինտեգրման գաղափարին. «Մեր քաղաքակրթական ուղին դա է, մենք այլ տարբերակ չունենք, մենք այսքան տարի սխալ ուղով շարժվեցինք դեպի Ռուսաստան և տեսանք, թե ինչ եղավ մեզ հետ հերթական անգամ, մենք այս պահին այլընտրանք չունենք»:

Ինչ վերաբերում է Բրյուսելում նախապատրաստվող Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ Դավիթ Ստեփանյանը նշեց. «Դիվանագիությունում ամեն ինչ թույլատրվում է և ամեն ինչ հնարավոր է: Նախապատրաստումը գնում է, ամեն ինչ կախված է նրանից, թե Ալիևը որքան ռեսուրս կունենա ճնշմանը դիմադրելու համար, եթե նրա ռեսուրսը հերիքեց, եթե նա ՌԴ-ից և Թուրքիայից ստացավ քաղաքական օգնություն, ապա նա կարող է նորից խուսափել այդ հանդիպումից, եթե չստացավ, ապա կգնա Բրյուսել»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *