Հայաստան

ՀԱՊԿ-ը Փոխարինել ԵՄ-ով

Ոչ բլոկային պետությունները սովորաբար ինքնուրույն են որոշում իրենց արտաքին քաղաքականությունը։ Երկրները դառնում են ոչ-բլոկային, քանի որ խուսափում են ներքաշվել խոշոր տերությունների հակամարտության մեջ։ Դեռևս 1955 թվականին ստեղծվել է Չմիավորման շարժումը, որն ընդգրկում է 120 պետություն, որոնք պաշտոնապես միավորված չեն որևէ խոշոր ուժային բլոկի հետ կամ դեմ չեն: Սառը պատերազմի ժամանակ ստեղծված Չմիավորման շարժումը որդեգրել է մեծ ուժերի մրցակցությունից խուսափելու սկզբունքը։

Ռոբերտ Անանյան

Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից, դառնալ ԵՄ-ի անդամ, չանդամակցել ՆԱՏՕ-ին, ստանալ ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակից պետության կարգավիճակ, պաշտոնապես ունենալ ոչ-բլոկային պետության կարգավիճակ։ Կարծում եմ, Հայաստանը ռազմավարական ապագայում հենց այս քայլերը պետք է կատարի, իհարկե՝ ոչ կես կամ մեկ տարում, այլ՝ գործողությունները բաշխելով տարիների վրա։ Քիչ անց ես կներկայացնեմ, թե ինչու եմ եկել այս եզրահանգման։ Չեմ ձգտում վերին ճշմարտություն ասել, բայց ուսումնասիրություններս այսպիսի եզրահանգման բերեցին։

«Հավանական է, որ Հայաստանը ապագայում ծրագրի դառնալ Եվրամիության անդամության թեկնածու»,- այսօր հայտարարել է Հայաստանի կառավարող կուսակցության պատգամավորը, որը նաև Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահն է։ Վերջին շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ ակնարկն է Հայաստանի իշխանության կողմից՝ Եվրոպական ինտեգրման ճանապարհով գնալու հավանականության մասին։ Օրերս Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական հեռանկարը․ Հայաստան-Եվրոպա» կոնֆերանսի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց, որ Հայաստանում կան թե՛ եվրաինտեգրման, թե՛ արտադաշինքային պետություն դառնալու գաղափարներ, որոնք քննարկվում են քաղհասարակության շրջանում։ Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունը լսում է՝ հասկանալու, թե որ գործիքները Հայաստանին լավ պայմաններ կապահովեն։

Ոչ-բլոկային պետությունը այն երկիրն է, որը պաշտոնապես չի միավորվում ուժային որևէ խոշոր բլոկի հետ, չի մասնակցում ռազմական դաշինքներին։ ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ն և Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինքներ են։ Դրանց անդամները, օրինակ՝ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը, ունի ռազմական և անվտանգային պարտականություններ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նկատմամբ։ Ձևական իմաստով՝ նրանք էլ Հայաստանի հանդեպ ունեն անվտանգային պարտավորություններ, որոնց կատարումից հրաժարվել են։

Հայաստանը նաև Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ի անդամ է։ Հետաքրքրական են Հնդկաստանի և Ավստրիայի փորձերը։ Հնդկաստանը իրեն ճանաչում է որպես չմիավորված երկիր, չնայած որ հանդիսանում է ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակիցը։ 1947-ից ի վեր Հնդկաստանը ոչ-բլոկային պետություն է։ Ձգտում էին այդ կերպ խուսափել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև մրցակցության մասը դառնալուց։ ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակցի կարգավիճակը չի խանգարել Հնդկաստանին՝ ունենալ դրական հարաբերություններ Ռուսաստանի հետ։

Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հնդկաստանի ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների հիմնական մատակարարը: Սակայն իհարկե, Հնդկաստանը դիվերսիֆիկացնում է իր պաշտպանական ներկրումները՝ նվազեցնելով իր կախվածությունը Ռուսաստանից և գնում է ռազմական տեխնիկա ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իսրայելից:

Հնդկաստանը և Ռուսաստանը համատեղ «Ինդրա» զորավարժությունների շարքն են անցկացրել։ Հնդկաստանը և Ռուսաստանը համագործակցել են պաշտպանության ոլորտում մի քանի համատեղ հետազոտական և զարգացման նախագծերի վրա, ինչպիսին է BrahMos հրթիռային համակարգի մշակումը: Ասածս այն է, որ չլինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ Հնդկաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմական գործակցություն։ Չի բացառվում, մեկ օր Ռուսաստանում իշխանության են գալիս դեմոկրատական ուժերը, Երևանի և Մոսկվայի անվտանգային կապերը վերականգնելու կարիք է լինում։

Անկախացումից հետո Հնդկաստանը չմիացավ ո՛չ Արևմուտքի գլխավորած ՆԱՏՕ-ին, ո՛չ ԽՍՀՄ-ի ղեկավարած Վարշավայի պայմանագրին, ոչ էլ հետագայում ՀԱՊԿ-ին: Չնայած Հնդկաստանը հավատարիմ է մնում չմիավորման սկզբունքներին, այդուհանդերձ, սերտ կապեր է զարգացրել ԱՄՆ-ի հետ։

Ոչ բլոկային պետությունները սովորաբար ինքնուրույն են որոշում իրենց արտաքին քաղաքականությունը։ Երկրները դառնում են ոչ-բլոկային, քանի որ խուսափում են ներքաշվել խոշոր տերությունների հակամարտության մեջ։ Դեռևս 1955 թվականին ստեղծվել է Չմիավորման շարժումը, որն ընդգրկում է 120 պետություն, որոնք պաշտոնապես միավորված չեն որևէ խոշոր ուժային բլոկի հետ կամ դեմ չեն: Սառը պատերազմի ժամանակ ստեղծված Չմիավորման շարժումը որդեգրել է մեծ ուժերի մրցակցությունից խուսափելու սկզբունքը։

Հնդկաստանը, Շվեյցարիան ամենահայտնի ոչ-բլոկային պետություններից են։ Սակայն այդուհանդերձ, Հնդկաստանը նաև ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ անդամ երկրի կարգավիճակ ունի։ Այսինքն, ոչ-բլոկային կարգավիճակը և ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ անդամ երկրի կարգավիճակը համատեղվում են, և Ռուսաստանն ու Չինաստանը հաշտ են դրա հետ։

1980-1990-ականների վերջին Հնդկաստանը նաև տարածաշրջանում անվտանգության մտահոգություններ ուներ, ինչից առաջացել էր Հնդկաստանի ռազմական հնարավորությունները արդիականացնելու ցանկությունը:

1992 թվականին Հնդկաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին երկկողմ համաձայնագիր պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչը նշանակալի ձեռքբերում էր ամերիկա-հնդկական հարաբերություններում։ 2005 թվականին ԱՄՆ-ը Հնդկաստանին նշանակեց որպես «Ռազմավարական գործընկեր»՝ ապահովելով նրա մուտքը դեպի առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներ։ 2016 թվականին Հնդկաստանին շնորհվեց «Խոշոր պաշտպանական գործընկեր» (MDP) կարգավիճակ: MDP-ի նշանակումը Հնդկաստանին լրացուցիչ առավելություններ տվեց պաշտպանական առևտրի և համագործակցության առումով: 2018-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ասիայի վերահաստատման նախաձեռնության ակտը (ARIA)։

Հնդկաստանը դարձավ ԱՄՆ-ի «Մեծ ոչ-ՆԱՏՕ դաշնակից» (MNNA) պետություն։ Փաստացի, Հնդկաստանին 2019 թվականին շնորհվեց ՆԱՏՕ-ից դուրս պաշտպանական համագործակցության ամենաբարձր մակարդակը։ Հնդկաստանն այսօր ունի ընդլայնված մուտք դեպի առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներ։ Որպես MNNA, Հնդկաստանն այժմ իրավասու է գնել ԱՄՆ-ի ամենաառաջադեմ ռազմական տեխնիկան, ներառյալ զգայուն տեխնոլոգիաները, որոնք նախկինում անհասանելի էին:

ԱՄՆ-ն և Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել իրենց ռազմական համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համատեղ վարժանքները, հետախուզության փոխանակումը և ահաբեկչության դեմ պայքարը: Հնդկաստանը և ԱՄՆ-ն միասին են դիմակայում ասիական ռեգիոնում անվտանգության մարտահրավերներին։

Հնդկաստանը և ԱՄՆ-ն ունեն լայնածավալ ռազմական համագործակցություն, որն ընդգրկում է պաշտպանական համագործակցության տարբեր ասպեկտներ։

Հնդկաստանը և ԱՄՆ-ը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, ինչպիսիք են օրինակ՝ Մալաբար զորավարժությունները, որին մասնակցում են երկու երկրների ռազմածովային ուժերը։ Հնդկաստանը ԱՄՆ ռազմական տեխնիկայի խոշորագույն գնորդներից մեկն է: ԱՄՆ-ը նաև հեշտացրել է Հնդկաստանի սուվերեն պաշտպանական արտադրության հնարավորությունները՝ տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ ձեռնարկությունների միջոցով:

Հնդկաստանը և ԱՄՆ-ը կիսում են հետախուզական տվյալները ահաբեկչության, ծովահենության և միջուկային զենքի տարածման հարցերում: Ի դեպ, Հնդկաստանը Հայաստանին զենքի հիմնական մատակարար պետություններից մեկն է։ Այսինքն, Հայաստանին անուղղակի հասանելի է արևմտյան առաջադեմ տեխնոլոգիաներով պատրաստված զենքը։

Ոչ-բլոկային պետության կարգավիճակ ունի նաև Եվրամիության անդամ Ավստրիան։ Ավստրիան Եվրամիության անդամ է, բայց չի անդամակցում Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին։ Սա նշանակում է, որ Ավստրիան քաղաքականապես և տնտեսապես ինտեգրված է ԵՄ-ին, բայց ռազմական առումով ինտեգրված չէ որևէ ուժային բլոկի։ Ավստրիան մշտապես աչքի է ընկել Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններով՝ չնայած ռուս-արևմտյան լարված հարաբերություններին։

Ավստրիայի օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է, որ երկիրը լինի ԵՄ անդամ և չլինի ՆԱՏՕ-ի անդամ։ Սա խոսում է այն մասին, որ ԵՄ անդամակցությունը պարտադիր չէ, որ պահանջում է ռազմական բլոկի պատկանելիություն: Այն նաև հուշում է, որ չմիավորված պետությունները կարող են մասնակցել այլ երկրների հետ սերտ քաղաքական, տնտեսական համագործակցությանը:

Մինչև վերջերս Շվեդիան և Ֆինլանդիան ևս համարվում էին ոչ-բլոկային պետություններ, սակայն Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ այս պետություններին հարկադրեց ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Այսինքն, Ռուսաստանի ագրեսիվությունը դրդում է պետություններին՝ մտածել անվտանգային ավելի մեծ միավորների ինտեգրվել կամ խորքային ձևով գործակցել այդ միավորների հետ։ Շվեդիան և Ֆինլանդիան չեզոքության և ռազմական չմիավորման երկարամյա ավանդույթ ունեին, ինչը ամրագրված էր նրանց արտաքին քաղաքականության մեջ։

Սա նշանակում էր, որ նրանք պաշտոնապես չէին պատկանում որևէ ռազմական դաշինքի, ինչպիսին է ՆԱՏՕ-ն կամ Վարշավայի պայմանագիրը (այսօրվա ՀԱՊԿ-ն), և նրանք խուսափում էին կողմնորոշվել տերությունների հիմնական մրցակցություններում:

Ֆինլանդիայի չեզոքությունը սկիզբ է առել 1917 թվականին՝ Ռուսաստանից նրա անկախությունից: Ֆինլանդիան որդեգրեց ակտիվ չեզոքության քաղաքականություն, ինչը նշանակում էր, որ նա պաշտպանվելու է ցանկացած ագրեսիայից, բայց չի ձգտելու միանալ որևէ դաշինքի: Այս քաղաքականությունն օգնեց Ֆինլանդիային պահպանել իր անկախությունը Սառը պատերազմի ժամանակ։

Շվեդիայի չեզոքությունն էլ ավելի հին է՝ սկսած 19-րդ դարից։ Շվեդիայի չեզոքության երկարամյա քաղաքականությունը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ դա անհրաժեշտ է Շվեդիայի անվտանգության և բարգավաճման համար: Այս քաղաքականությունը օգնեց Շվեդիային չեզոք մնալ Նապոլեոնյան պատերազմների, Առաջին համաշխարհային պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Բայց ինչպես հասկանում ենք, Ռուսաստանը մեծ տաղանդ ունի՝ Արևմուտքին կոնսոլիդացնելու, նոր հակառակորդներ ձեռք բերելու հարցում։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվել են չեզոքության երկարամյա քաղաքականությունից՝ հօգուտ ՆԱՏՕ-ին անդամակցելու: Սա զգալի տեղաշարժ է նրանց արտաքին քաղաքականության մեջ, և իհարկե մեծ ազդեցություն կունենա Եվրոպայի անվտանգության լանդշաֆտի վրա:

Այս հարցի վերաբերյալ Հայաստանում առկա են տարբեր քննարկումներ և գաղափարներ՝ եվրաատլանտյան ինտեգրման գաղափարից մինչև ոչ-բլոկային պետության կարգավիճակ։ Հայաստանն արդեն իսկ Եվրամիության հետ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Այն գրեթե ամբողջությամբ կրկնում է 2013-ին Սերժ Սարգսյանի չստորագրած Ասոցացման համաձայնագիրը, սակայն բացառում է Ազատ առևտրի բաղադրիչը։

Համաձայնագիրը արդեն իսկ կիրարկված և ավարտված պետք է լինի 2026 թվականին, այսինքն՝ երկու-երեք տարի ժամանակ է մնացել։ Հայաստանի Պառլամենտի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԵՏՄ-ից և Եվրամիության անդամության թեկնածու դառնալ։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցը ասել է, որ ապագայում միգուցե և Հայաստանը ծրագրի՝ դիմել ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։ Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ առաջիկա 1-ից 10 տարիներին Հայաստանի համար կարող է կիրառելի լինել Հնդկաստանի և Ավստրիայի մոդելների միաձուլումը։

Հայաստանը կարող է լինել Եվրամիության անդամ, դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից, ինտեգրված չլինել որևէ ռազմաքաղաքական կոնկրետ բլոկի (ՆԱՏՕ, ՀԱՊԿ), սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Հնդկաստանի հետ զարգացնել անվտանգային խորքային գործակցություն։ Կարելի է ձգտել ընդհուպ՝ ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակից երկրի կարգավիճակ ստանալ՝ լինելով Եվրամիության անդամ։ Ամերիկյանը կողմը պետք է որ շահագրգռված լինի այդ սցենարով։

Սա կնշանակի, որ Հայաստանում պետք է չլինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ որևէ այլ պետության ռազմաբազա։ Հայաստանում կան ԵՄ դիտորդներ, բայց նրանք ռազմական կոնտինգենտ չեն համարվում։ Լինելով ԵՄ-ի անդամ՝ կարելի է հասնել անվտանգության հարցում ԱՄՆ-ի հետ բարձր գործակցության՝ դառնալով ԱՄՆ-ի ոչ-ՆԱՏՕ անդամ դաշնակից երկիր։ Կարծում եմ, Եվրամիությանն անդամակցելու նպատակը ևս Հայաստանը պետք է ունենա։

Առաջիկա 1-ից 5 տարիները վճռորոշ են լինելու Հայաստանի ապագայի համար։ Այս սցենարի լիարժեք իրագործումը առաջիկա 1-10 տարիներին եմ պատկերացնում. տեմպը կարող է կախված լինել հարակից ռեգիոններում զարգացումներից, գլոբալ ուժերի պայքարի արդյունքից։ Ռուսաստանը ինչքան երկար խրված մնա Ուկրաինայի դեմ պատերազմում, ինչքան Ռուսաստանի ուժերը երկարաժամկետ և շատ ջլատվեն, այնքան Հայաստանը կստանա գործողությունների ազատություն։

Գրառումը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *