Հայաստան

ԵՄ Դռները Բաց Են, Հապաղել Պետք Չէ

Աշխարհն  ընդունում էր, որ Ռուսաստանն իր ուժի հաշվին կարող է դառնալ այն հսկիչ-մոդերատորը, որը թույլ չի տա, որ տարածաշրջանում անցանկալի բարդություններ գրանցվեն, բայց Ռուսաստանն ինքը հարձակվեց, ինքը սկսեց ճնշել ուրիշներին, դրա համար էլ Ռուսաստանի դերի ընկալումն այն չէ, ինչ որ տարիներ առաջ։

Հովսեփ Խուրշուդյան

Ներկայացնում ենք լրագորղ Նարեկ Կիրակոսյանի՝ տեսակապով հարցազրույցը Ազատ քաղաքացի ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ։

Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ համաժողով՝ Բրյուսելում, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվել, ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական և քաղաքական։ 

Հովսեփ Խուրշուդյանը, ով հանդիսանում էր նաև այդ հանդիպման կազմակերպիչներից մեկը, բավական բարձր է գնահատել համաժողովն ու այդ ընթացքում կատարված աշխատանքները՝ միաժամանակ նշելով, որ դա թեկուզ և կարևոր, բայց փոքր քայլ էր։ Հայաստանը բավական պատկառելի թիմով էր գնացել հանդիպմանը, կային քաղաքացիական հասարակության, էքսպերտային կարևոր ներկայացուցիչներ, տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր հանդիպումներ, որոնք, ցանկալի է, որ շարունակական լինեն։ ԵՄ կողմից ևս եղել են բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես օրինակ Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում Հայսաատանի պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ։

Անդրադառնալով այն հարցին, թե իրականում ի՞նչ կարող է տալ այդ համաժողովը, որովհետև, ի վերջո որոշում կայացնողները ոչ թե ՀԿ-ները կամ նախաձեռնությունները և անձիք են, այլ կառավարությունները, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ ի տարբերություն դիկտատորական երկրների, արևմուտքում երբեք որոշումները կամայական ձևով չեն կատարվում։ Այնտեղ միշտ խորհրդակցում են քաղաքացիական հասարակության հետ, ստանում են նրանց աջակցությունը և հետո նոր անցնում դրա իրագործմանը։ Նա նկատեց, որ դա կարևոր էական մի երևույթ է, որին մենք դեռևս սովոր չենք, բայց այս համաժողովը այն քայլերից է, որը Հայաստանին օգնելու է գնալ դեպի Եվրամիություն։

Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձ կատարեց ԵՄ անդամակցության բարդություններին, ինչպես նաև հիշեց Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի օրինակները։ Խոսելով այդ երկրների օրինակների մասին, Խուրշուդյանը նշեց, որ եթե Հայաստանն այն ժամանակ փորձեր անդամակցել ԵՄ-ին, գուցե և Վրաստանի օրինակով, տարիներ տևեր միայն թեկնածության հարցը, բայց աշխարհում շատ բան է փոխվել։ Եթե առաջ հավաքական արևմուտքը Ռուսաստանին ընդունում էր, որպես տարածաշրջանում լեգիտիմ ազդեցություն ունեցող երկիր, որի ներկայությունն  ու ներդրումը այն պիտի լիներ, որ ՌԴ-ը ապահովեր խաղաղություն ու կայունություն, ապա հիմա դա այլևս չկա։ Առաջ Ուկրաինան ինչո՞ւ հանձնեց իր ատոմային զենքը Ռուսաստանին, հենց այդ պատճառով, որ Ռուսաստանը երաշխիքներ տվեց, որ Ուկրաինայի վրա չի հարձակվի և աշխարհն էլ ընդունում էր, որ Ռուսաստանն իր ուժի հաշվին կարող է դառնալ այն հսկիչ-մոդերատորը, որը թույլ չի տա, որ տարածաշրջանում անցանկալի բարդություններ գրանցվեն, բայց Ռուսաստանն ինքը հարձակվեց, ինքը սկսեց ճնշել ուրիշներին, դրա համար էլ Ռուսաստանի դերի ընկալումն այն չէ, ինչ որ տարիներ առաջ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, արևմուտքի կողմից հստակ ընկալում կա, որ Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարական փարոսն է, ինչը հսկայական նշանակություն ունի և որը պետք է պաշտպանել, որն էլ արվում է։ Վրաստանում այդպես չէ, այնտեղ ժողովրդավարական ուժերը փորձում են կանխել ընտրությունների կեղծարարությունները, բայց ռեժիմային ճնշումները նկատելի են։

Հոփսեփ Հուրշուդյանը, բարձր գնահատելով Հայաստան—ԵՄ համաժողովը, ասաց, որ իրենք այնուամենայնիվ կոշտ քննադատություններ ունեն ՀՀ իշխանությունների հասցեին, քանի որ նրանց կողմից ԵՄ ինտեգրման տանող ճանապարհը շատ դանդաղ է ընթանում։ 

Կարևոր էր, որ ՀՀ պատվիրակության կազմում կային նաև պետական պաշտոնյաններ, այնպես, ինչպես անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որի ներկայությունը հստակ խոսում էր այն մասին, որ ՀՀ-ը կամք է դրսևորում այդ հարցերում։ 

Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձավ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության կյամ մերժման հարցերին, խոսեց այն մասին, որ Հայաստանի ներուժը լիովին բավարարում է, որ Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմաբազան և փոխարինվի ՀՀ ՊՆ ստորաբաժանումներով և այլն։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *