Հայաստան

Հայաստանը, Թուրքիան Եւ Միջանցքները

(Մաս 5-րդ)

Ընդ որում՝ թուրքական պետությունը կարողացել է այնպես դիրքավորվել, որ ասիական տարբեր երկրներ հենց նրա միջոցով տեսնեն ելքը դեպի Եվրոպա և նույնիսկ Թուրքիային հրավիրեն մաս կազմել «միջանցքային գործարքներում»:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքների հարցը Թուրքիայի իշխանությունների 

խոսույթումՎահրամ Հովհաննիսյան

«Լաչինն» ու «Զանգեզուրը» տարածաշրջանային միջանցքների համատեքստում «Փոփոխվող աշխարհակարգի» մասին բազմանշանակ խոսակցությունների և երկրագնդի տարբեր անկյուններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների պարագայում առանցքային են դարձել միջազգային տնտեսական հարաբերությունները և մրցակցությունն առաջին հերթին այդ հարցում շահերի բախում ունեցող բևեռների միջև։ Տասնամյակներ շարունակ մշակված և որոշ դեպքերում՝ մեծամասամբ իրագործված տնտեսական (այդ թվում՝ լոգիստիկ) ծրագրերն այսօր արդեն բախում են մի շարք տարածաշրջանների դռները, որոնք հեռանկարում ընդգրկված են եղել այդ ծրագրերում, սակայն ժամանակային առումով թողնվել են «վերջում լուծմանը»։ Դրանցից է, կարծես, նաև Հայաստանի Հանրապետությունը ներառող տարածաշրջանը՝ որպես արևելք-արևմուտք՝ մի կողմից, և հյուսիս-հարավ՝ մյուս կողմից, հանդիպակաց շահերի գոտի։ Ընդ որում՝ խնդիրն այն է, որ դրանք էականորեն հակասում են միմյանց և կարող են անզիջում պայքարի պատճառ դառնալ։ Եվ եթե հյուսիս-հարավ տարբերակը Հայաստանի համար խիստ ցանկալի է, այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են, ներդրումներ են կատարվել, ապա արևելք-արևմուտք երթուղին ռիսկեր է առաջացրել հայկական պետության համար։ Պատճառն Ասիան Եվրոպային կապող ուղին Հայաստանի տարածքով, նրա վերահսկողությունից դուրս միջանցքի տրամաբանությամբ անցկացնելու ձգտումն է, որի շուրջ այսօր տարածաշրջանային նոր հակամարտություն է հասունանում. Երևանն ու Թեհրանը դեմ են, մինչդեռ Բաքուն, Անկարան և Մոսկվան (գուցե նաև՝ դեռևս չբարձրաձայնող այլ շահառուներ) օր օրի ավելի են մեծացնում սպառնալից հռետորաբանությունը։ Ընդ որում՝ թուրքական պետությունը կարողացել է այնպես դիրքավորվել, որ ասիական տարբեր երկրներ հենց նրա միջոցով տեսնեն ելքը դեպի Եվրոպա և նույնիսկ Թուրքիային հրավիրեն մաս կազմել «միջանցքային գործարքներում»: Այդպիսին էր, օրինակ, Թայլանդի արտգործնախարարի հետ քննարկումը, որտեղ Անկարային առաջարկվեց ուսումնասիրել արևելաասիական տնտեսական միջանցքի փորձը և դրա կիրառմամբ նպաստել Եվրոպայի հետ ասիական այդ տարածաշրջանի կապի ապահովմանը, իսկ «ցորենի գործարքում» Թուրքիայի հաջողությունը հաշվի առնելով, օրինակ, Արգենտինան կարևորեց Թուրքիայի դերակատարումը նաև Հարավային Կովկասում առկա խնդիրների լուծման գործում՝ իհարկե շեշտադրումով, որ «շրջափակումները դրան հասնելու ճանապարհ չեն»: «Միջանցքային հակամարտությունն» է, վստահաբար, խթանել 2020թ. Արցախի դեմ ծավալված պատերազմը, 2021, 2022 և 2023 թվականներին հայ-ադրբեջանական սահմանի նկատմամբ Բաքվի ագրեսիան, իսկ այժմ նաև՝ նոր պատերազմով ահաբեկելը։ Դատելով թուրքական ղեկավարության մի շարք հայտարարություններից՝ Հայաստանի տարածքով միջանցքը «օդ ու ջրի պես» պահանջված է՝ հատկապես վերոնշյալ արևելք-արևմուտք կապի ապահովման, հայ-իրանական սահմանի խափանման, Հայաստանի մեկուսացման և օկուպացման, Իրանին հյուսիսային վստահելի գործընկերոջ հետ անմիջական կապը խզելու և նրա միջոցով դեպի Եվրոպա ելքի հեռանկարը կանխելու և մի շարք այլ նպատակներով, որոնց շարքում ուշադրության է արժանի համաշխարհային առևտրի համատեքստում տարանցիկ ուղիների ապահովումը՝ ինչպես տարածաշրջանային երկրների, այնպես էլ նրանց արտատարածաշրջանային հովանավորների ու ծրագրերի շահառուների համար։ Ըստ այդմ՝ «Լաչինի միջանցքը» փակելը և դրա բացման դիմաց «Զանգեզուրի միջանցք» պահանջելն այդ խոշորագույն ծրագրի իրականացման ընդամենը մեկ բաղադրիչն է, բայց՝ ամենակարևորը` Հայաստանի անվտանգային սպառնալիքների և դրանով շահագրգռված ու Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների մասնակցության առումով։ Թուրքիան, մասնավորապես, տարանցիկ կենտրոն դառնալու իր մտադրությամբ, ինչպես տեսանք, ամենաշատն է «Լաչինը» հակադրում «Զանգեզուրին»՝ ամեն կերպ վերջինը ստանալու ձգտումով։ Եվ եթե Ադրբեջանը փորձում է ուղիղ կապ հաստատել Նախիջևանի հետ, Ռուսաստանը գործադրում է հնարավորը՝ խոստացված միջանցքը վերահսկելու, ապա Թուրքիայի համար այն դեպի Միջին Ասիա ծավալվելու, աշխարհաքաղաքական նոր դիրք զբաղեցնելու, հարյուրամյա մտադրությունները կյանքի կոչելու, ինչպես նաև Չինաստան-Եվրոպա ճանապարհին տարանցիկ հանգույց դառնալու միջոց է։ Հայտնի է, որ այդկերպ «Մեկ գոտի, մեկ ուղի»-ն (BRI) էականորեն եկամտաբեր կդառնա՝ փոխադրումների ծախսերի և ժամկետների առումով, և տնտեսական գերակայություն կապահովի նախաձեռնողի ու «հանգույցների» համար: Թուրքիան, տվյալ դեպքում, այդ ճանապարհին կարևոր հանգույց դառնալու թիվ մեկ շահագրգիռն է։ Հաշվի առնելով, որ երթուղու մեծագույն մասն արդեն իսկ պատրաստ է շահագործման, և միայն հարավկովկասյան հատվածում դեռ «խնդիր կա», բնավ պատահական չեն 2023թ. ընթացքում պարբերական դարձած թուրք-չինական երկխոսություններն այս թեմայով: Տպավորություն է, թե Թուրքիայի տնտեսության համար շատ առումներով փրկօղակ դարձած չինական ներդրումների դիմաց Անկարան ստանձնել է անխափան, չվերահսկվող երթուղի ձեռք բերելու պարտավորություն, իսկ այդ հարցում իրեն օգնելու խոստում է կորզել Մոսկվայից: Սակայն նրանց ծրագրերը, բացի Հայաստանի, Իրանի և այլ շահագրգիռ կողմերի անհամաձայնությունից, ունեն հապաղելու ավելի լուրջ պատճառներ, ինչը մեծացրել է միջանցքների հարցը տարածաշրջանային հակամարտության վերաճելու հավանականությունը: Մասնավորապես, «Զանգեզուրի միջանցք» ստանալու հարցում ռուս-թուրք-ադրբեջանական խմբի «սեպտեմբերյան» շտապողականությունը բացատրվում է համաշխարհային՝ գոնե այս պահին առաջնային դարձած տրանսպորտային մրցակցության շուրջ լրջագույն տեղաշարժով: Բանն այն է, որ դեռևս 2022թ. ԱՄՆ-ի կողմից առաջարկվել է չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրին հակազդելու Partnership for Global Infrastructure and Investment (PGII) նախաձեռնությունը, որը հավանության է արժանացել G7-ի երկրների կողմից: Որպես այդ նախաձեռնության մեկ ուղղություն՝ 2023թ. սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և ԵՄ-ը համաձայնություն կնքեցին Հնդկաստան-Մերձավոր Արևելք (Սաուդյան Արաբիա-Իսրայել)-Եվրոպա (IMEC) տնտեսական միջանցք ստեղծելու վերաբերյալ: Գուցե հետագայում սրանով կբացատրվեն նաև իսրայելապաղեստինյան նոր պատերազմը և դրան ածանցվող այլ իրադարձություններ, բայց այստեղ շեշտենք, որ մինչ այդ քննարկվող հյուսիս-հարավ երթուղին, որ պիտի անցներ Իրանով ու Հայաստանով և Հնդկաստանը կապեր Եվրոպային, կարծես այլևս ուշադրության չի արժանանալու (եթե նույնիսկ չչեղարկվի): Ըստ այդմ՝ դեռևս 2022թ.-ից ի հայտ են եկել երկու՝ սկզբունքորեն տարբեր հանգամանքներ, որոնք պայմանավորում են աշխարհաքաղաքական հին ճարտարապետության անկումը և նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքը:

[շարունակելի]

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *