Հայաստան

Կես Պատերազմ, Կես Խաղաղություն

Փաստացի, Ադրբեջանն էլ իր հերթին հերթական սադրանքով փորձում է ճնշում բանեցնել հայկական կողմի վրա: Ընդ որում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ Ադրբեջանի զինուժը սադրանքի է գնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցներից մի քանի օր անց, որ տեղի էին ունեցել նոյեմբերի 28-ին:

Հակոբ Բադալյան

Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է

Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցով սպանվել է Հայաստանի ԶՈՒ զինծառայող: Հայաստանի ԱԳՆ հայտարարություն է տարախել այդ առնչությամբ, որում նշվում է, որ Երեւանը «խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»: 

Հայաստանցի զինծառայողի սպանությունից ժամեր առաջ Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել էր լրագրողների հետ զրույցում, որ Բաքուն դեռեւս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երեւանի՝ օրերս Ադրբեջանին փոխանցված առաջարկներին: Իսկ նոյեմբերի 30-ին էլ Տավուշի հատվածում սահմանին տեղի էր ունեցել սահմանազատման եւ սահմանագծման հարցերի հանձնաժողովների նախագահներ, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանի եւ Մուստաֆաեւի հանդիպումը: Չորս օր անց փաստորեն սահմանի հարավային հատվածում տեղի է ունենում միջադեպ, որն այլ բան, քան հայ զինվորի սպանություն, թերեւս դժվար է գնահատել: Մեր զինծառայողը զոհվել է ոչ թե փոխհրաձգության հետեւանքով, այլ՝ դիպուկահարի կրակոցից, ինչը նշանակում է, որ եղել է նպատակադրված սպանություն, որն Ադրբեջանի՝ արդեն տասնամյակից ավելի ձգվող այսպես կոչված շանտաժի քաղաքականության հերթական դրսեւորումն է: Ընդ որում, դրա բացակայությունը՝ որեւէ խաղաղ եւ հանդարտ շրջան բոլորովին չեն նշանակում, թե Ադրբեջանը հրաժարվել է այդ քաղաքականությունից, եւ չունի խաղաղության շուրջ բանակցության գործընթացը փակուղի տանելու նպատակ: 

Բաքվին բանակցության արեւմտյան սեղանին կամ սեղաններին մոտեցնելու համար առնվազն առերեւույթ գործաադրվում է ճնշում, ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունների տեսքով: Փաստացի, Ադրբեջանն էլ իր հերթին հերթական սադրանքով փորձում է ճնշում բանեցնել հայկական կողմի վրա: Ընդ որում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ Ադրբեջանի զինուժը սադրանքի է գնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցներից մի քանի օր անց, որ տեղի էին ունեցել նոյեմբերի 28-ին: Ընդ որում, այդ հեռախոսազրույցներից հետո էլ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր հայտարարել, թե Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերության թեմայով «հաջող քննարկումներ» է ունեցել Թուրքիայում: Ի՞նչն է ուրեմն պատճառը, որ այդ ամենին հաջորդում է նոր սպանություն, եթե դրանից առաջ եղել է «հաջող քննարկում»: 

Խնդիրը ուղիղ կապակցվածությունը չէ անշուշտ, այլ մթնոլորտն ու միջավայրը, այն դեպքում, երբ Երեւանը իր հռետորաբանությամբ դրսեւորում է մեղմասացությունների մեկը մյուսից ընդգծված օրինակներ, Ադրբեջանին սադրանքի առիթ չտալու համար, եւ թերեւս՝ դրսեւորում է այդ օրինակները ոչ առանց միջազգային միջնորդների «ակնկալիքի»: Որովհետեւ, եթե ի պատասխան դրան, Ադրբեջանի հանդեպ չեն կիրառվում այսպես ասած զսպվածության եւ բանակցության առարկայական պատրաստակամություն ձեւավորելու միտված կոնկրետ եւ արդյունավետ քայլեր, ապա Ադրբեջանի հանդեպ ճնշումը կամա, թե ակամա ստացվում է «անուղղակի» ճնշում Հայաստանի վրա, վերածելով իրավիճակը փակ շրջանի, ինչն ըստ էության հենց Բաքվի ձգտումն է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *