Հայաստան

Վաշինգտոնի Մահակը Բաքվի Համար

Լուրջ ուշադրության է արժանի նաեւ էներգետիկայի նախարարին Վաշինգտոն հրավիրելը: Ուկրաինական պատերազմի տառացիորեն նախօրերին՝ 2022թ. փետրվարի 22-ին Ադրբեջանը պաչտավորվել է էներգետիկ բոլոր ծրագրերը համաձայնեցնել Ռուսաստանի հետ: Արեւմուտքի եւ առաջին հերթին Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը կարեւորվել է որպես Ռուսաստանից Եվրամիության էներգետիկ կախումը հաղթահարելու ծրագրի գործընկեր:

Վահրամ Աթանեսյան

Վաշինգտոնի «մահակն» Ալիեւի դեմ. Տարածաշրջանը կմասնատվի աշխարհաքաղաքական ճամբարների՞

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայանը Իլհամ Ալիեւին ասել է, որ Վաշինգտոնում սպասում են Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահին եւ էներգետիկայի նախարարին, իսկ պետքարտուղար Բլինքները հույս ունի շուտով ընդունելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին՝ Վաշինգտոնում խաղաղ բանակցություններ անցկացնելու համար: Այդ մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցնի իր անձնական էջում: Կարելի է եզրակացնել, որ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների համաձայնություն արդեն իսկ ձեռք է բերվել, բայց ինչու՞ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը այդ համատեքստում ընդգծել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահի եւ էներգետիկայի նախարարի Վաշինգտոն մեկնելու ամերիկյան կողմի պահանջը:

Անցած շաբաթ Անկարայում է գտնվել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Նելսոնը: Նա գլխավորում է ֆինանսական հետախուզությունը եւ Թուրքիայում քննարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման հարցը: Նելսոնի այցը, հավանաբար, թուրքական կողմի համար շատ ծանր է ստացվել: Էրդողանը հայտարարել է, որ երբեք ՀԱՄԱՍ-ը չի ճանաչի ահաբեկչական կազմակերպություն՝ ով ինչ էլ որ ասի: Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնը ներկայացրել է Թուրքիայի կողմից ՀԱՄԱՍ-ին ֆինանսավորման անառարկելի փաստեր: Վաշինգտոնը շատ թափանցիկ ակնարկել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե ՀԱՄԱՍ-ին ֆինանսական աջակցությունը շարունակվի:

Թուրքական տասնյակ բանկեր Ադրբեջանում մասնաճյուղեր ունեն, թուրքական տնտեսության մեջ Ադրբեջանի ներդրումները կազմում են մի քանի տասնյակ միլիարդ դոլար: Ադրբեջանի բանկային համակարգում վերջերս վերակազմավորումներ են տեղի ունեցել, որոշ բանկեր սնանկ են ճանաչվել եւ զրկվել Կենտրոնական բանկի արտոնագրից: Ըստ երեւույթին, դա որոշ հետքեր մաքրելու նպատակ է հետապնդել, հակառակ դեպքում Կենտրոնական բանկն իր վրա չէր վերցնի նրանց պարտավորությունների բեռը: Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահին հրավիրելով Վաշինգտոն, Միացյալ Նահանգները, թերեւս, ունի ապացույցներ, որ ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորմանը միջնորդավորված կամ այլ ձեւով մասնակից է նաեւ ադրբեջանական կապիտալը:

Լուրջ ուշադրության է արժանի նաեւ էներգետիկայի նախարարին Վաշինգտոն հրավիրելը: Ուկրաինական պատերազմի տառացիորեն նախօրերին՝ 2022թ. փետրվարի 22-ին Ադրբեջանը պաչտավորվել է էներգետիկ բոլոր ծրագրերը համաձայնեցնել Ռուսաստանի հետ: Արեւմուտքի եւ առաջին հերթին Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը կարեւորվել է որպես Ռուսաստանից Եվրամիության էներգետիկ կախումը հաղթահարելու ծրագրի գործընկեր: Անցած շուրջ երկու տարում, ընդհակառակը, Բաքուն մի շարք էներգետիկ նախագծեր է համաձայնեցրել Մոսկվայի հետ: Լրջագույն մտահոգություններ կան, որ Ադրբեջանը պարզապես ռուսական գազ է արտահանում Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրամիության երկրներ:

Թուրքիան եւ Ռուսաստանը ծրագրում են ստեղծել գազային հաբ, որին պետք է միանա նաեւ Բաքու-Էրզրում գազատարը: Եվրամիությունը, կարծես, առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերում այդ ենթակառուցվածքն արդիականացնելու, թողունակությունը մեծացնելու ֆինանսավորման հարցում: Այս համատեքստում Վաշինգտոնն ի՞նչ կարող է առաջարկել Բաքվին: Ֆինանսական աջակցությու՞ն: Միանգամայն հնարավոր է, բայց դա քաղաքական գին ունի: Իսկ Ռուսաստանի հետ Ադրբեջանը կապված է 2022թ. փետրվարի 22-ի պարտավորություններով: Եւ հարկ է ընդգծել, որ Պուտին-Ալիեւ պայմանավորվածություններից հազիվ մեկ ամիս անց Լեռնային Ղարաբաղում իրականացվել է Փառուխ-Քարագլուխ հատվածի ադրբեջանական օկուպացիան՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Արցախում Ադրբեջանի ագրեսիան փաստացի սկսվել է այդ համատեղ ռազմագործողությամբ եւ ավարտվել սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմով, Արցախի հայաթափմամբ:

Վաշինգտոնն, իհարկե, Բաքվին ուղղակի հաշիվ չի ներկայացնում, բայց Ալիեւի համար ստեղծում է քաղաքական լուրջ անհարմարություն, որովհետեւ եթե Ադրբեջանը հայտնվի երկընտրանքի առջեւ, ապա լրջագույն փորձության է ենթարկվելու Մոսկվա-Բաքու համագործակցությունը: Ալիեւը եւս մեկ տարով երկարաձգել է Աղդամում թուրք սպաների մանդատը, իսկ դա նշանակում է նաեւ համաձայնություն ռուսական ներկայությանը: Ադրբեջանում կամ Ադրբեջանի շուրջ ռուս-ամերիկյան մրցակցությունը մարտահրավեր է, որ կարող է սրել Թուրքիան կամ՝ ռուս-թուրքական խորքային պայմանավորվածությունը: Վաշինգտոնը «մահակի» կիրառման ազդակներ է հղում: Բաքուն սեփական հակազդեցության սեփական ռեսուրս ակնհայտորեն չունի: Կդիմի՞ Ալիեւը Մոսկվայի եւ Անկարայի, գուցե նաեւ՝ Թեհրանի օգնությանը, կփորձի՞ տարածաշրջանը մասնատել աշխարհաքաղաքական ճամբարների:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *