Դեկտեմբերի 7-ի աղետի գոտու բնակիչները տասնամյակներով շարունակեցին ապրել ավերակների ու տնակների մեջ՝ ծայրահեղ թշվառության ու աղքատության պայմաններում։ Այդ ժամանակամիջոցում ՀՀ-ում տեղի չունեցավ ապաքինման, վերարժևորման որևէ շարժում իսկ։ Վերաժևորել պետք էր ոչ միայն հաղթանակը, այլև ցավը։ Մենք դա չարեցինք։
Արայիկ Մկրտումյան
1988թ․ դեկտեմբերի 7-ի տված դասերն առ այսօր չեն յուրացվել, հակառակ դեպքում մենք չէինք ունենա ո՛չ 2020-ի աղետը, ո՛չ Սուրմալուի ողբերգությունը, ո՛չ էլ դրանցից առաջ ու հետո տեղի ունեցած բազմաթիվ փորձանքներ։ Դեկտեմբերի 7-ը, անկախ նրանից, տեխնածին աղետ էր, թե բնական, բացի տասնյակ հազարավոր զոհերից ու միլիոնավոր դոլարների հասնող կորստից, սարսափելի մեծ վնաս հասցրեց տնտեսությանը, սոցիալական և բարոյահոգեբանական մեծ խնդիրներ առաջացրեց։ Դեկտեմբերի չսպիացող վերքը ցույց տվեց պետական-հասարակական կյանքի ու կարգի ողջ փտածությունը, անարդյունավետությունը, ինչ որ առումով նաև հանցավորությունը, անփութությունն ու անլրջությունը։ Չլիներ խորհրդային համատարած, ընդ որում քաջալերվող կաշառակերությունը, հովանավորչությունն ու վիթխարի մասշտաբների հասնող գողությունները, շինությունները կկառուցվեին այնպես ինչպես հարկն է և զոհերն այդքան մեծաթիվ չէին լինի։ Եթե փտած ու նեխած ենթակառուցվածքների փոխարեն լիներ սովորական նորմալ երկրին բնորոշ համակարգ, հարյուրավոր մարդիկ չէին մահանա անտերությունից ու առաջին անհրաժեշտության կենսական պահանջների բացակայությունից։ Եթե հասարակական մտածողությունն այդքան հանցագործ չլիներ, չէր լինի նաև այն անհավանական գողությունն ու թալանը, որ կատարվեց այդ ժամանակ(ու նաև մեծ թափով շարունակվեց տասնյակ տարիներ)։ Դեկտեմբերի 7-ը ցույց տվեց մեր ողջ էությունն ու դրա սարսափելի հանցավոր հետևանքները։
Դեկտեմբերի 7-ը ցույց տվեց, որ ԽՍՀՄ-ը(իր բարոյական արժեհամակարգով նրանից չտարբերվող և նրա ժառանգ ՀՀ կառավարություններն իրենց քրեաօլիգարխիկ արբանյակներով) որպես պետություն ի վիճակի չէ որևէ լուրջ հարվածի դիմանալու։ Ցույց տվեց ո՛չ միայն անպատրաստվածությունը, այլև անհոգության, անփութության մակարդակը։
Անցան տարիներ ու տասնամյակներ։ Մենք ոչ մի դաս չքաղեցինք այդ ամենից։ Մենք չհասկացանք, որ պայմանական դեկտեմբերի 7 կարող է լինել ցանկացած պահի և որ պետք է պատրաստ լինել ոչ թե ու ոչ միայն աղետի տրամաբանությամբ ապրելու, այլև սկզբունքորեն կայանալու և ուժեղանալու համար։ Դեկտեմբերի 7-ին հաջորդեց արցախյան ազատամարտը, երբ անձնազոհ ու գրագետ մարտիկներին զուգահեռ աճում ու էլ ավելի հարմարավետ էր իրեն զգում ազգի տականքը և երկիրը ավելի լայն թափով հրում մի այնպիսի ցեխի մեջ, որից ուշքի գալ այլևս չէր լինելու։
Անցնող տասնամյակների ընթացքում ոչ միայն աղետի գոտուց, այլև ՀՀ այլ տարածաշրջաններից ևս արտագաղթ տեղի ունեցավ։ 25-26 տարվա ընթացքում արտագաղթեց մոտ 1 մլն, երկու հարյուր հազար մարդ։ ՀՀ համար ցեղասպանության հավասար մի երևույթ, որը կրկին չհասկացված մնաց։
Ընդ որում չհասկացվեց ո՛չ բարոյական-արժեքային համակարգի տեսանկյունից, ո՛չ տեխնիկական։ Չհասկացվեց և դեկտեմբերի 7-ի աղետի գոտու բնակիչները տասնամյակներով շարունակեցին ապրել ավերակների ու տնակների մեջ՝ ծայրահեղ թշվառության ու աղքատության պայմաններում։ Այդ ժամանակամիջոցում ՀՀ-ում տեղի չունեցավ ապաքինման, վերարժևորման որևէ շարժում իսկ։ Վերաժևորել պետք էր ոչ միայն հաղթանակը, այլև ցավը։ Մենք դա չարեցինք։
Թալանին ու բարոյական այլասերմանը զուգահեռ, անզուսպ թալանին միացած անգրագիտության հետևանքով ձևախեղվեց Հայաստանի քաղաքային դիմանկարը։ Անճոռնի ու վտանգավոր շինությունները լցվեցին Երևանով մեկ։ Մի ժողովուրդ, որը 25 հազարից ավել զոհ էր տվել, կարծես շատ արագ մոռացավ այդ ամենի մասին ու չնկատեց, թե ինչպես է իր մայրաքաղաքը(մյուս քաղաքներում ավելի դանդաղ տեմպով) դառնում աղավաղված մի անդեմ քաղաք, որի բակերից շատերը նույնիսկ շտապ օգնության մեքենան չի կարողանում մուտք գործել՝ ավտոտնակների ու ինքնագլուխ կառույցների պատճառով։ Աստված մի արասցէ որևէ լուրջ ցնցում Երևանը թաղելու է ինքն իրեն, քանի որ կառուցված շենքերը ոչ մի կերպ նախատեսված չեն այստեղի համար՝ իրենց կամայական տեղադրությամբ, նրանցից շատերն իրենց հսկայական ապակե պատերով, որ գիլյոտին են դառնալու դժբախտության պահին։
Վատ չէր լինի ևս մեկ անգամ հիշել, որ Ճապոնիայում Ֆոկուսիմայի աղետից ընդամենը երկու-երեք տարի հետո գրեթե հետք չէր մնացել, որ կհիշեցներ այդ աղետի մասին։ Ու մինչ աշխարհում ավելի էր կարևորվում անվտանգության տարրական, բնազդային զգացումը, Հայաստանում մարդիկ շարունակում էին հին վերելակով գահավիժել դեպի հորն ու մահանալ այնտեղ, կամ ողջ-ողջ այրվել գերծանրաբեռնված գազելներում, շուռ գալ հին ու թտած քաղաքային տրանսպորտում։
Ավտանգության կանոնների վրա թքած ունենալը հանգեցրեց Սուրմալուի սարսափին։ Դրանից հետո համապատասխան մասնագետը հայտարարեց, որ Հայաստանում ու հազարից ավել առաջին աստիճանի վտանգավորության օբյեկտներ կան, որոնց ոչ թե խնդիրների վերացումը, այլ արձանագրումը նույնիսկ տարիներ կտևի։
Ու այսպես էլ ապրում ենք։
Ամենից սարսափելին իհարկե 44-օրյա պատերազմի ծանրագույն պարտությունն ու 2023-ի Արցախի պաշտոնապես կապիտուլյացիան էր։ Բայց եթե դեկտեմբերի 7-ը հանկարծահաս ցնցում էր, ապա պատերազմը կանխատեսելի ու սպասելի մի երևույթ։ Բոլորն էլ գիտեին, որ պատերազմը մի օր պայթելու է ու պարտվելու դեպքում հետևանքները սարսափելի են լինելու։ Որ պարտությունն ու մահը իրար հավասար են։ Բայց ոչինչ չհասկացվեց, ոչինչ չարվեց։ Շարունակվեց նույն ինքնակործան, խելագար ընթացքը, երբ մի քանի հարյուրը հարստացան մի քանի միլիոնի հաշվին։ Եվ պատասհեց հերթական աղետը՝ պատերազմը, որը կանխատեսելով հանդերձ մենք 2020թ․ սեպտեմբերի 27-ին նույնքան անպատրաստ էինք, որքան և 1988թ․ դեկտեմբերի յոթին, երբ աղետն իրոք անսպասելի էր։
Եվ հիմա, երբ ողջ օրը ցավակցություններ են աղետի զոհերի հասցեին, ցավի հետ միասին աճում է զայրույթի զգացում, որ մենք կարող էինք այդքան ծանր չտանել, այդքան կորուստներ չունենալ կամ գոնե ունենալուց հետո գոնե հասկանալ, թե ինչքան կարևոր է պատրաստ լինել։ Որքան կարևոր է գիտակցել կյանքի կարևորությունը՝ այն անփութությանն ու անհոգությանը չզոհելու համար։
Դեկտեմբերի 7-ը հայոց պատմության կրկնակի սև օրերից է՝ մարդկային ահռելի քանակով զոհերի ու մեր անհավանական ու անհասկանալի տգիտության մասին։