Կրակոցը եղել է հատուկ, դա եղել է ծրագրավորված սպանություն, դիպուկահարն է կրակել և կրակել է մի ուղղությունից, որտեղ երբեք կրակոցներ չեն լինում, այսինքն՝ սա ուղղակի եղել է անսպասելի սպանություն և սա եղել է Լավրովի և Բայրամովի հանդիպման օրը, թուրքերը շատ են սիրում սիմվոլիզմ, սա դրա արտահայտություններից մեկն է: Այս կրակոցի նպատակն է ցույց տալ, որ դեռ շարունակելու են մեզ սպանել, որ անհոգ չլինենք։
Դավիթ Ստեփանյան
Ալիևը կամավոր չի գնացել այդ քայլին, ես վստահեցնում եմ՝ էլի են նման քայլեր լինելու. Դավիթ Ստեփանյանը՝ Բաքվի կողմից 32 հայ գերիներին վերադարձնելու որոշման մասին
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր. «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարածված հայտարարությանը՝ նշեց. «Ալիևը կամավոր չի գնացել այդ քայլին, Օ’Բրայենը գնացել է Բաքու և այնտեղ Ալիևին շատ լավ ամեն ինչ բացատրել է: Ալիևը վերջին ամիսներին ցանկացած գնով խուսափում էր ԱՄՆ-ի հետ բանակցել, որովհետև հասկանում էր, որ այնտեղ իր վրա ճնշում է գործադրվելու, Փաշինյանի վրա չի գործադրվում, ինչը որ Արևմուտքն առաջարկել է, Փաշինյանը համաձայնել է: ԱՄՆ-ն կոշտացրել է հռետորաբանությունը, Օ’Բրայենը մի քանի օր առաջ Ալիևին ասում էր՝ մենք ձեզ թույլ չենք տա գալ ԱՄՆ, մենք ձեզ չենք ընդունի, Ալիևն էլ ասաց, եթե այդպես է, մենք էլ ձեզ չենք ընդունի, բայց մենք տեսանք՝ ինչ եղավ, Օ’Բրայենը հանգիստ նստեց ինքնաթիռ և գնաց Բաքու և Ալիևը նրան ընդունեց, որովհետև Ալիևը շատ փոքր խաղացող է: Վաշինգտոնն է ստիպել Ալիևին, որ անի այդ քայլը, ես վստահեցնում եմ՝ էլի են նման քայլեր լինելու»:
Խոսելով երկու կողմերի ուղիղ բանակցելու փաստի մասին՝ Ստեփանյանն ասաց. «Ես մտավախություն ունեի, որ կարող է մեր իշխանությունները որոշել են առանց միջնորդության Ալիևի հետ գնալ ուղիղ բանակցությունների, այդ տեքստում նշվում է, որ որոշումը կայացվել է ուղիղ բանակցությունների արդյունքում, ես կարծում եմ՝ սա ավելի շատ դիվանագիտական քայլ է և իրականում ոչ մի ուղիղ բանակցությունների մասին խոսք չկա, այո՝ բանակցություններն ուղիղ են, բայց դրանց հետևում կանգնած է ԱՄՆ-ն»:
Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ գնում է խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհով. «Վաշինգտոնը հանձնառու է, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես գնում է հիմա՝ խաղաղության պայամանգիրը կստորագրվի, բայց քաղաքականությունում երբեք ոչ մի բան չի կարելի բացառել, ես սպասում եմ ՌԴ-ի ռեակցիային: Ալեն Սիմոնյանը շատ ճիշտ նշեց, որ պայմանագրի կնքումը մի քանի օրվա հարց է, ամեն ինչ արդեն համաձայնեցված է, այն ինչը որ սեղանի վրա դրված է, Ալիևը կամ ասում է այո, կամ՝ ոչ, ամեն ինչ այսօր կախված է նրանից: Եթե նա համաձայնությունը տալիս է, խաղաղության պայմանագիրը ստորագրվում է: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարածաշրջանի համար գնում է պայքար, այս բոլորն ինչ կատարվում է, այդ պայքարի համատեքստում է և մեջտեղում հիմա Ալիևն է: Եթե ՌԴ-ն նրան անի ինչ-որ նոր առաջարկ և երաշխիքներ տա, որ ԱՄՆ-ն չի կարող խեղդել իրենց վերջնականապես, նրանք չեն ստորագրի, բայց եթե ստորագրեն՝ դա օրերի հարց է, նույնիսկ մինչև տարեվերջ կարող է այդ պայմանագիրը ստորագրվել»:
Անդրադառնալով նաև օրեր առաջ «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» խորագրով ֆորումի ժամանակ Ալիևի հնչեցրած հայտարարություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Ալիևը զբաղված է բառախաղով, իրականում նրա ամբողջ ելույթն արդարանալու փորձ է, իհարկե արդարանալու ոչ Հայաստանի առջև, այլ՝ ԱՄՆ-ի, ինքը ցույց է տալիս, որ ամբողջ խնդիրները գալիս են Հայաստանից, որ ինքը խաղաղասեր է, որ ինքը ցանկանում է խաղաղություն, բայց կան խնդիրներ, որոնք կարծես թե Հայաստանը սկսել է հարթել և համաձայնել է իր առաջարկներին և պահանջներին: Եթե խոսքն Արևմտյան Ադրբեջանի մասին է, պարզ է, որ այստեղ չի կարող լինել որևէ համաձայնություն, չի կարելի տանել զուգահեռներ արցախցիների վերադարձի միջև և ադրբեջանցիների վերադարձի միջև:
Ես՝ ընդհանրապես չեմ հավատում, որ արցախցիները երբևէ կվերադառնան Արցախ, որովհետև դրա համար առնվազն պետք է, որ այնտեղից ռուսները գնան և գան ՄԱԿ-ի խաղաղապահներ, ես հնարավորություն չեմ տեսնում, որ Ալիևը դրան կհամաձայնի: Երբ միջազգային հանրությունը՝ ավելի կոնկրետ ԱՄՆ-ն, խոսում է արցախցիների վերադարձի մասին, նա նկատի ունի հետևյալը՝ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, այնտեղ չպետք է լինեն ռուսներ, Ալիևը պետք է ռուսներին այնտեղից հանի և ռուսների տեղը պետք է գան իրենք: ԱՄՆ-ն Ալիևի համար ստեղծում է անհաղթահարելի խնդիրներ, Արցախի խնդիրը նմանվում է Եղեռնի ճանաչման խնդրին, սա ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում հերթական մահակն է»:
Խոսելով Ալիևի այն հայտարարության մասին, որ ՀՀ-ն չպետք է գնա ռևանշիզմի՝ քաղաքագետն ասաց. «Ադրբեջանը չի վախենում, որ Հայաստանը կարող է հարձակվել իրենց վրա, դա բոլորին է պարզ, Ալիևն օդ է կրակում և չգիտեմ՝ ում է ուզում խաբել, նա մաքսիմում փորձում է սեփական հանրությանը մոլորեցնել»:
Իսկ, թե ինչու այս հայտարարությունից առաջ Ադրբեջանը նորից սահմանին լարվածություն ստեղծեց, որի պատճառով հայկական կողմը զոհ ունեցավ՝ Ստեփանյանն ասաց. «Պարզ է, որ կրակոցը եղել է հատուկ, դա եղել է ծրագրավորված սպանություն, դիպուկահարն է կրակել և կրակել է մի ուղղությունից, որտեղ երբեք կրակոցներ չեն լինում, այսինքն՝ սա ուղղակի եղել է անսպասելի սպանություն և սա եղել է Լավրովի և Բայրամովի հանդիպման օրը, թուրքերը շատ են սիրում սիմվոլիզմ, սա դրա արտահայտություններից մեկն է: Այս կրակոցի նպատակն է ցույց տալ, որ դեռ շարունակելու են մեզ սպանել, որ անհոգ չլինենք»:
Անդրադառնալով միջանցքի վերաբերյալ հայտարարությանը՝ Ստեփանյանն ընդգծեց. «Ալիևը շատ լավ հասկանում է, որ միջանցքի թեմա այսօր չկա, դրա մասին խոսելը ռեալ չի, սա Ալիևին բոլորն են ասում, նա շանս չունի այդ օրակարգը հիմա առաջ տանելու, եթե իրավիճակը միջազգային հարաբերություններում կտրուկ չփոխվի: Այս պայմաններում միջանցքի թեման օրակարգ բերելու որևէ նախադրյալ չկա, ինքն ուղղակի անընդհատ խոսում է այդ մասին և փորձում է բոլորի առաջ արդարանալ: Եթե նա հնարավորություն ունենար միջանցքն ուժով բացել, ապա մեկ րոպե չէր վարանի, միանգամից կհարձակվեր, բայց նա գիտի, որ այդ հնարավորությունը հիմա չունի»:
Այս ամենի համատեքստում Ադրբեջանում փետրվարին սպասվում են արտահերթ նախագահական ընտրություններ: Դավիթ Ստեփանյանն նշեց, որ ուղիղ կապ կա այս որոշման և խաղաղության պայմանագիր ստորագրելու միջև. «Ալիևը որևէ դրդապատճառ չունի, որպեսզի այդ ընտրություններն անցկացնի՝ ելնելով ներքաղաքական հանգամանքներից, Ադրբեջանում չկա ընդդիմություն, Ալիևը չունի քաղաքական հակառակորդներ, որևէ նախադրյալ չկա, որպեսզի այնտեղ անցկացվեն արտահերթ ընտրություններ: Նրա խնդիրն արտաքին է, արտաքինը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն է: Ալիևին ժամանակ է պետք, նա փորձում է ցանկացած կերպ ժամանակ ձգել և չստորագրել այդ պայմանագիրը: Հիմա ինքը փորձելու է ամերիկացիներին ասել՝ մեզ մոտ նախընտրական շրջան է, այսինքն՝ սա ուղղակի ժամանակ ձգելու հերթական փորձն է, չստորագրել այդ պայմանագիրն այն հույսով, որ ԱՄՆ-ում սկսվելու է նախընտրական շրջանը և նա հույս ունի, որ կարող է իր մասին մոռանան, այնպես, ինչպես մոռացել են 44-օրյայի ժամանակ»:
Աննա Բզնունի
Հոդվածը՝ zarkerak.am կայքից։