Ոչ պակաս կարեւոր է նաեւ ներհայկական վերեբերմունքը: Ռազմագերիների վերադարձի այս դրվագը, երեւի, առանձնահատուկ չափակշռված մեկնաբանությունների է արժանի: Կկարողանա՞նք պահել չափավորությունը:
Վահրամ Աթանեսյան
Եթե սատանան մանրուքների մեջ է, ապա հրեշտակն ինչու՞ չպետք է գա դրանք հաղթահարելու ճանապարհով
Հայաստանը եւ Ադրբեջանը իրականացրել են «պահվող զինծառայողների փոխանակություն» – ասված է ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով այդ երկրի Պետական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության տեքստում, որ փոխանցում են Բաքվի լրատվամիջոցները: Ավելի վաղ «Թուրան» գործակալությունը հայտնել էր, որ փոխանակումը տեղի կունենա «առաջիկա ժամերին» եւ ավելացրել, որ Ադրբեջանը Հայաստանի կվերադարձնի երեսուներկու զինծառայողի, որ «գերի էին վերցվել Հադրութի շրջանում»: Սա էական նշանակության փաստագրում է:
Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին թաղեր բնակավայրերի մոտ երեք տարի առաջ գերեվարված հայ զինծառայողներն Ադրբեջանի կողմից համարվել են «ահաբեկիչներ»: Բաքուն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ նրանք «ռազմագերիներ չեն, այլ՝ հանցագործներ, որ ձերբակալվել են Ադրբեջանի դեմ ահաբեկչություն նախապատրաստելու եւ իրականացնելու փորձի պահին»: Հայ զինծառայողների դեմ հարուցվել է քրեական գործ, նրանք դատապարտվել են ազատազրկման: Արդյոք կողմերը պայմանավորվե՞լ են, որ պահվող անձանց փոխանակման համաձայնության մանրամասները հրապարակայնացման ենթակա չեն:
Եթե անգամ այդպես է, ապա դա եւս շատ զգուշորեն կարելի է հայ-ադրբեջանական հարաբերություններում թեկուզ նվազագույն, բայց ամեն դեպքում առաջընթաց համարել: Մանավանդ որ մարդասիրական համաձայնությունը ձեռք է բերվել ուղղակի բանակցությունների արդյունքում. «ջենթլմենական» համաձայնությունը կարող է նախադեպային լինել նաեւ այլ հարցերում:
Կողմերը նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով չեն թաքցնում, որ բանակցություններում մեծ է փոխադարձ անվստահության գործոնի բացասական ազդեցությունը, հանգամանք, որ ընդգծում են նաեւ միջնորդները: Պահվող անձանց փոխանակման համաձայնության իրականացումը, հավանաբար, որոշակիորեն կարող է մեղմել հայ-ադրբեջանական ուղղակի բանակցությունների վերաբերյալ կարծրատիպը, եթե հաջողվի պահպանել դինամիկան:
Անշուշտ, դիլետանտական մոտեցում կլինի զուտ մարդասիրական համաձայնությունը պրոյեկտել աշխարհաքաղաքական նշանակության կարգավորման հավանականության համատեքստին եւ արտածել, թե Հայաստանը եւ Ադրբեջանը նույնքան անցնցում կհասնեն նաեւ արմատական հաշտության, բայց քաղաքականության մեջ «քայլ առ քայլ առաջընթացի» սկզբունքը ոչ ոք չի մերժել: Եթե «սատանան մանրուքների մեջ է»՝ ինչպես ընդունված է ասել, ապա ինչու՞ չպետք է գոյության իրավունք ունենա նաեւ «հրեշտակը գալիս է սատանայական մանրուքները հաղթահարելու ճանապարհով» մոտեցումը:
Էականը, սկզբունքայինը քաղաքական կամքի առկայությունն է: Բաքուն կարո՞ղ է հաղթահարել կարծրատիպը, որ «խաղաղությունն ամենից առաջ Հայաստանին է պետք» եւ որդեգրել «խաղաղությունն առաջին հերթին Ադրբեջանին է անհրաժեշտ» իրատեսական մոտեցում, թե՞ պահվող անձանց փոխանակումն Ալիեւի կողմից զուտ տակտիկական քայլ է՝ արտահերթ ընտրություններից առաջ, այդ ընթացքում կամ հաջորդ փուլում միջազգային իմիջ ստեղծելու համար: Ընկալումները կարող են տարբեր լինել նույնիսկ Ադրբեջանում: Բաքվի մամուլի հրապարակումներից հնարավոր կլինի դիտարկել իշխանության եւ մերձիշխանական շրջանակների տրամադրվածությունը: Ոչ պակաս կարեւոր է նաեւ ներհայկական վերեբերմունքը: Ռազմագերիների վերադարձի այս դրվագը, երեւի, առանձնահատուկ չափակշռված մեկնաբանությունների է արժանի: Կկարողանա՞նք պահել չափավորությունը:
Հայ-ադրբեջանական հարաբերություններն, ինչ խոսք, անգամ հաշտության պայմանագիր ստորագրելուց, սահմանազատում իրականացնելուց հետո հրեշտակային չեն լինելու ոչ միայն վաղը, այլեւ՝ տեսանելի ապագայում: Պետությունների միջեւ առհասարակ հրեշտակային հարաբերություններ չեն լինում: Խնդիրը սատանայական մանրուքներ հաղթահարելու եւ նորերը չստեղծելու հարաբերական համաձայնության մեջ է: Հնարավո՞ր է հասնել դրան:
Հոդվածը՝ 1in.am կայքից։