Իրենց իսկ ընտրած պարոն Սամվել Շահրամանյանը թուղթ է ստորագրել, որով 2024 թվականի հունվարի 1-ից լուծարում է Արցախի հանրապետությունը: Եթե նրանք լուծարում են ամբողջ հանրապետությունը բոլոր ինստիտուտներով, Ազգային ժողովը ինչի՞ հիման վրա է շարունակելու գործել:
Դավիթ Ստեփանյան
Հայաստանում կայացած ԼՂ ԱԺ նիստի «մութ կողմերը», ինչո՞ւ է այն անցել փակ, ի՞նչ է ծրագրվում. Դավիթ Ստեփանյանի դիտարկումները
«Եթե դրա բովանդակության մասին չի հայտնվում անգամ արցախցիներին, ուրեմն խնդրահարույց է, առաջացնում է հարցեր»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, ըստ որի՝ օրերս ԼՂ Ազգային ժողովը փակ նիստ է անցկացրել:
«Ինչո՞ւ է նիստը եղել փակ, եթե այնտեղ քննարկվել է մի օրակարգ, որը կապված է Արցախի կամ արցախցիների հետագա անելիքների հետ, իսկ այդ օրակարգային հարցերը արցախցիների մասով հարյուրավորն են: Սա առաջացնում է հարցեր, և ես կածում եմ, որ այդ հարցերը հենց առաջին հերթին արցախցիները պետք է ուղղեն իրենց Ազգային ժողովին: Ուրեմն այնտեղ քննարկվել է ինչ-որ մի բան, որը իրոք համապատասխանում է պարոն Պապոյանի բնորոշմանը, այսինքն՝ ռումբ է ՀՀ ինքնիշխանության համար: Դա նշանակում է, որ այնտեղ քննարկվել են զավթելու ճանապարհներով ինչ-որ հարցեր լուծելու փորձեր»,- ասում է նա:
Ստեփանյանը նաև նկատում է՝ ընդհանրապես այս երկու ամսվա ընթացքում, երբ արցախցիները դարձան էթնիկական զտման զոհ, ԼՂ ԱԺ-ն նույնիսկ մեկ հայտարարություն չի արել այդ կապակցությամբ. «Արցախի ԱԺ-ն, լինելով լեգիտիմ իշխանություն, չի արել ոչ մի հայտարարություն, որևէ տեղ նրա ձայնն անգամ չենք լսել վերջին երկու ամսվա ընթացքում: Նույն էթնիկական զտման փաստը գոնե առնվազն պետք է արձանագրեին»:
Ըստ քաղաքագետի՝ այն, որ ԼՂ այս, այսպես ասած, իշխանությանը ղեկավարում են Ռուսաստանից, փաստ է:
«Չեմ կարող ասել՝ տվյալ դեպքում ինչ են նրանք պլանավորում՝ հեղաշրջում կամ երկիշխանություն, բայց այն, որ Արցախի ժողովուրդը դարձավ էթնիկական զտման զոհ՝ ՌԴ-ի քավորությամբ և ԼՂ իշխանության հլու-հնազանդ կատարությամբ, փաստ է: Հիմա կշեռքի նշաձողին այլ բան չկա դնելու, քան ՀՀ ինքնիշխանությունը: Արցախը իրենք հաջողությամբ հանձնել են, ի նկատի ունեմ 1994 թվականից ի վեր բոլոր Արցախի ղեկավարների գործողությունները, որոնք զբաղվել են թալանով, մսխել են Արցախի ռեսուրսները, այստեղից ուղարկվող գումարները, որոնք չեն աշխատել ու չեն բարձրացրել Արցախի ինքնապաշտպանությունը, որոնք հույսները դրել են ՌԴ-ի վրա, ինչպես և իրենց այստեղի տերերը՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, տասնամյակներով տևող գործողությունների ընթացքում ստացել են այն, ինչ ստացել են: Իրենք են մեղավոր, կարծում եմ՝ դա բոլորը գիտեն, առաջին երթին՝ արցախցիները»,- ասում է Ստեփանյանը:
Քաղաքագետը չի տեսնում հնարավորություններ, որ այս մարդիկ կարող են Հայաստանում իշխանություն զավթել, այլապես դա հենց Հայաստան գալու օրը կանեին. «Դա նշանակում է, որ կարող են ինչ-որ գործողություններ անել, որոնք կխանգարեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որովհետև խաղաղության պայմանագրի ստորագրումը չի բխում ՌԴ շահերից»:
Անդրադառնալով կրկին ԼՂ Ազգային ժողովին՝ Ստեփանյանն ասում է. «Նրանք պարզ ասում են, որ չեն ուզում լուծարվել ու շարունակում են իրենց աշխատանքը: Ես պարզապես չեմ կարող հասկանալ՝ ինչպես են դա պատրաստվում անել, եթե իրենց իսկ ընտրած պարոն Սամվել Շահրամանյանը թուղթ է ստորագրել, որով 2024 թվականի հունվարի 1-ից լուծարում է Արցախի հանրապետությունը: Եթե նրանք լուծարում են ամբողջ հանրապետությունը բոլոր ինստիտուտներով, Ազգային ժողովը ինչի՞ հիման վրա է շարունակելու գործել: Ուրեմն պետք է նախ այդ հայտարարությունից հրաժարվել, ասել՝ լեգիտիմ չէ, որպեսզի կարողանան շարունակել գործել ՀՀ-ում կամ մեկ այլ երկրի տարածքում: Եթե չեն հրաժարվում, ու լուծարվում է, ուրեմն իրենք էլ պետք է լուծարվեն»:
Հերմինե Կարապետյան