Հայաստան

Պուտինի Ակնարկը Եւ Բլինքենի Զանգը

Բաքուն հասկանում էր, որ առանց Ռուսաստանի հետ սերտ փոխգործակցության չի կարողանալու հասնել տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներին: Ի՞նչ գնով: Սեպտեմբերի դատարկված Արցախը Ռուսաստանը նվիրաբերեց Ադրբեջանին։

Վահրամ Աթանեսյան

Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ ընդարձակ ուղիղ կապի ժամանակ կրկին հիշեցրել է, որ Ղրիմը եւ Ուկրաինայի հարավ-արեւելքը ռուսական հողեր են, նվաճվել են Թուրքիայի հետ պատերազմում:

Թուրքական մամուլը Պուտինի այդ հայտարարության մեջ ենթատեքստ է դիտեարկել: Արդյո՞ք Պուտինը ցանկացել է ասել, որ այդ տարածքների նկատմամբ Թուրքիան ավելի «իրավատեր» է, քան՝ Արեւմուտքը, թե՞ առաջարկել է «սիներգիա» կիրառել նաեւ Սեւ ծովի ավազանում: Փաստ է, որ զուգահեռաբար նա խոսել է տարեսկզբին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման մտադրությունից:

Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»: Քննարկվել են նաեւ F-16 կործանիչների, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:

Անցած շաբաթասկզբին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահի եւ Իսրայելի վարչապետի միջեւ:

Խոսակցության մանրամասներ չեն հրապարակվել, բայց ընդհանուր տպավորություն է փոխանցվում, որ Պուտինը «կորցնում է Իսրայելը, որպեսզի ձեռք բերի իսլամական աշխարհի աջակցությունը»:

Այդ տպավորությունը կապված է Արաբական միացյալ էմիրություններ և Սաուդյան Արաբիա՝ Պուտինի պատմական որակված այցի, ինչպես նաեւ Իրանի նախագահի մոսկովյան ուղեւորության հետ, ինչից օրեր անց Թեհրանը հայտարարել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա հատվածի կառուցումը եկող տարեսկզբից մեկնարկելու մասին:

F-16 կործանիչների, ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին Բլինքեն-Ֆիդան հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկատվության տարածումը ենթադրու՞մ է, որ Վաշինգտոնը որեւէ սկզբունքային առաջարկություն է արել Թուրքիային կամ մոտ ապագայում կանի, եթե Անկարան վավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամության արձանագրությունը, ինչի դիմաց Թուրքիան պնդել է իսրայելա-պաղեստինայն կարգավորմանն իր ներգրավվածությունը:

Թուրքիան համառորեն փորձում է միջնորդել նաեւ ռուս-ուկրաինական հարաբերություններում: Արդյո՞ք Պուտինի վերաբերյալ ակնարկը չի նշանակում, որ Մոսկվան կընդունի Կիեւի հետ հնարավոր բանակցություններում Անկարայի միջնորդությունը, եթե Էրդողանը նունպես ընդունի, որ Ղրիմը եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան մարզերն Օսմանյան Թուրքիայից Ռուսաստանը նվաճել է պատերազմով:

Բաքվի փորձագետները չափազանց զգուշավոր, բայց, այնուամենայնիվ, ենթադրում են, որ «Հայաստանը Միացյալ Նահանգներին հետաքրքրում է Ադրբեջանի հետ կապվածությամբ»: Ընդսմին, իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը գրել է, որ Ալիեւը փոխպետքարտուղար Օ՛Բրայանի հետ բանակցություններում «ցրել է կասկածները, թե Ադրբեջանը խոչընդոտում է տարածաշրջանում ԱՄՆ նոր էներգետիկ ծրագրերին»: Խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքով Նախիջեւանը սնուցող գազատար գործարկվել է: Ադրբեջանը կարո՞ղ է քննարկել այն վերականգնելու եւ արդիականացնելու տարբերակը: Թուրքիայի համար նախընտրելին Ղրիմի եւ Սեւ ծովի առափնյա տարածքների ու Հարավային Կովկասում արդեն իսկ առկա «սիներգիան» կլինի գրավի՞չ, թե՞ ԱՄՆ հետ ռազմաարդյունաբերական համագործակցությունը:

Ադրբեջանը կարո՞ղ է հաղթահարել 2022թ. փետրվարի 22-ին` Ուկրաինա՝ Ռուսաստանի ներխուժման նախորդ օրը ստորագրված Ադրբեջանի ու Ռուսաստանի նոր հռչակագրում տեղ գտած Ռուսաստանի հանդեպ էներգետիկ ծրագրերը համագործակցաբար համաձայնեցնեցնելու պարտավորությունը: Հռչակագրի 31-րդ կետում ասվում է․

31․ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, սերտորեն կհամագործակցեն միջազգային էներգետիկ և գլոբալ էներգետիկ հավասար և փոխշահավետ հիմունքներով, կխորացնեն համագործակցությունը վառելիքի և էներգետիկայի ոլորտում։

Այդ հռչակագիրը Ադդրբեջանի կողմից ուկրաինական պատերազմից առաջ Հարավային Կովկասում Ռուսաստանի դերն ու ազդեցությունը ճանաչելու արդյունք է: Բաքուն հասկանում էր, որ առանց Ռուսաստանի հետ սերտ փոխգործակցության չի կարողանալու հասնել տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներին: Ի՞նչ գնով: Սեպտեմբերի դատարկված Արցախը Ռուսաստանը նվիրաբերեց Ադրբեջանին։ Արդյո՞ք Բաքուն համարում է, որ հասել է իր ռազմավարական նպատակներին և ի՞նչ գին է վճարել Բաքուն։
Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *