Հայաստան

Փաշինյանի «Գործը» Եւ Միջազգային Անգործությունը

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայությունը հենց այն միջազգային անգործության հետեւանքն է, որի մասին խոսում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ, փաստացի այդ հետեւանքը «տարալուծվում» է Հայաստանում, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է ընդամենը կցկտուր օգնության չափաքանակներով, որոնք ժամանակի ընթացքում անշուշտ կզրոյանան՝ առավել եւս Հայաստանի կառավարությունից հնչող «հուսադրող» հայտարարությունների ֆոնին:

Հակոբ Բադալյան

Միջազգային անգործությունը, Փաշինյանի խոսքն ու լռության արժեքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ-ում ելույթ ունենալով Հայաստանում հավատարմագրված դիվանագետների համար կազմակերպված ընդունելությանը, անդրադարձել է Արցախի հայաթափման, տեղահանման խնդրին, ասելով, որ չնայած Երեւանի ահազանգերին՝ միջազգային հանրություը դրսեւորեց անգործություն: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կարողացավ այնպես ընդունել ավելի քան 100 հազար արցախահայերի, որ չբացեց փախստականների ճամբարներ կամ վրաններ: Հայաստանում Արցախից տեղահանված հայերի փախստականների վրանների ու ճամբարների բացակայությունն այլ բան չէ, քան նույն միջազգային հանրության անգործությունը «լեգիտիմացնող», նաեւ հետագա անգործության համար նախադրյալ ստեղծող հանգամանք: Ինչ խոսք, կարեւոր են մարդկային ճակատագրերը, եւ, եթե կա հնարավորություն մարդկանց տեղավորել ավելի բարվոք պայմաններում, քան ճամբարները՝ վրանային, թե մոդուլային, ապա պետք է գնալ այդպիսի լուծումների:

Բայց, ամբողջ հարցն այն է, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մի մեծ մասը Հայաստանում տեղավորվել է այնքանով՝ որքանով: Նրանց շարքում մեծ տեղ են զբաղեցնում մարդիկ, որոնք թերեւս առավել նպատակահարմար կգտնեին փախստականների ճամբարում բնակվելը՝ բարվոք եւ արժանապատիվ կենսապայմաանների ապահովումով, քան ապրել որտեղ պատահի, հաճապ ինքզինք զգալլով բեռ սեփական հարազատների կամ բարեկամների համար, կամ պարբերաբար հայտնվելով վարձով բնակարանի փնտրտուքում, որովհետեւ չի բավականացննում բնակվարձը, կամ ճարահատյալ ընտրել հեռավոր գյուղերում բնակվելու պայմաններ, որոնք մեղմ ասած հեռու են բավարար լինելուց: Հնարավոր է նկարագրել ամենատարբեր դեպքեր, դրանցով ողողվում է համացանցը, երբ քաղաքացիները փորձում են սեփական ուժերով օժանդակել բռնի տեղահանված հայրենակիցներին:

Խոսել այն մասին, որ կառավարությունը պատշաճ ընդունել է ավելի քան 100 հազար բռնի տեղահանված մարդկանց, այլ բան չէ, քան՝ կամ իրականությունից կտրվածություն, կամ քարոզչական գործողություն: Ըստ էության, փախստականների համար կազմակերպված ճամբարների առկայությունը կլիներ ճարահատյալ քաղաքացիների համար թերեւս նախընտրելի հնարավորություն՝ բնականաբար բարվոք կենսապայմանների ապահովումով, այլ ոչ թե բարձիթողի վիճակով: Դա նաեւ թույլ կտար պետական մակարդակով առավել համակարգված աշխատել բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների պարբերական գնահատման եւ դրանցով պայմանավորված խնդիրների լուծման ուղղությամբ, նաեւ հնարավորություն տալով նրանց հոգեբանական ծանր վիճակով հանդերձ զերծ մնալ բյուրոկրատական կամ «ֆինանսա-բանկային» քաշքշուկներից: Այլ կերպ ասած, դեռ մեծ հարց է, թե խնդրի կառավարման տեսանկյունից ինչը կլիներ առավել արդյունավետ եւ օգտակար՝ ճամբարնների կազմակերպու՞մը, թե՞ դրանց բացակայությունը:

Ավելին, դրանց բացակայությունը կամա, թե ակամա «նպաստում» է նաեւ հարցի քաղաքական լղոզմանը, այդ թվում հենց միջազգային հանրության համար: Այն դեպքում, երբ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայությունը հենց այն միջազգային անգործության հետեւանքն է, որի մասին խոսում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ, փաստացի այդ հետեւանքը «տարալուծվում» է Հայաստանում, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է ընդամենը կցկտուր օգնության չափաքանակներով, որոնք ժամանակի ընթացքում անշուշտ կզրոյանան՝ առավել եւս Հայաստանի կառավարությունից հնչող «հուսադրող» հայտարարությունների ֆոնին: Ավելին, այսօր արդեն միջազային հանրությունից, մասնավորապես ԵԽ նախագահի շուրթերից հնչում են հայտարարություններ, թե արցախահայերը «գոնե Արցախ այցելլելու հնարավորություն» պետք է ստանան: Այլ կերպ ասած, աներկբա չէ վերադարձի իրավունքը, այլ կա արդեն «այլընտրանք»՝ «գոնե այցելել»: Ընդ որում, այդ ֆոնին էլ Հայաստանի վարչապետն է անում հայտարարություն՝ «Եթե մեր հայրենակիցները վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, ապա մեր խնդիրն է, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում»:

Թվում է, որ կարեւոր շեշտադրում է՝ ապահովել, որպեսզի արցախի մեր հայրենակիցները մնան ՀՀ-ում, չհեռանան Հայաստանցից, թեեւ նրանցից մի քանի հազարը արդեն հեռացել է: Բայց, փաստացի, Հայաստանի կառավարությունը հնարավոր է համարում «վերադարձի անիրատեսականությունը»: Հարցն այն չէ, որ կա դրա իրատեսական հնարավորություն: Իհարկե պետք չէ ընկնել պատրանքի մեջ: Բայց, պետք չէ նաեւ բարձր քաղաքական մակարդակում անել հայտարարություններ, որոնք կլեգետիմացնեն վերադարձի հնարավորության բացակայությունը: Այն դեպքում, երբ Հայաստանը թերեւս պետք է քաղաքական խնդիր համարի վերադարձի իրատեսական հնարավորության հասնելը: Այդ խնդիրն էլ անշուշտ պահանջում է թերեւս ավելի շատ լուռ դիվանագիտություն, բայց այդ թվում նաեւ հակառակից զերծ մնալու, «չվնասելու» տրամաբանությամբ լռություն:


Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *