Ալիեւը, ամենայն հավանականությամբ, գիտակցում է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա խորացումը, մանավանդ ռազմական բաղադրիչի առկայությունը բարդացնում են Արեւմուտքի հետ հարաբերությունները:
Վահրամ Աթանեսյան
Իրան – Ադրբեջան հարաբերությունների դինամիկան խախտվում է
Տեսակապային ձեւաչափով տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազներ Մոհամեդ Քազեմ Մովահեդի Ազադի եւ Քյամրան Ալիեւի ընդլայնված հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման գործով դատավարության ընթացքը: Ադրբեջանական կողմը վերստին առաջ է քաշել «դատական վերջնական վճռի ընդունումն արագացնելու» հարցը: Հանդիպմանը մասնակցել են Բաքվում Իրանի դեսպան Մուսավին եւ Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալիզադեն:
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել այս տարվա հունվարի 27-ին, անվտանգության աշխատակիցներից մեկն սպանվել է: Հարձակվող անձաը ձերբակալվել է, կալանավորվել, նախաքննությունն ավարտված է, բայց դատավճիռն առայժմ կայացված չէ: Միջադեպը պատճառ էր հանդիսացել, որ Ադրբեջանի Թեհրանից տարհանի բոլոր դիվանագետներին: Վերջին շրջանում այդ թեման, կարծես, փակված էր: Իրանական կողմը վստահեցրել էր, որ հանցագործը կստանա արժանի պատիժ, Բաքվի լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ մոտ ապագայում Ադրբեջանի դեսպանը կվերադառնա Թեհրան:
Երկու երկրների գլխավոր դատախազների տեսակապով հանդիպումը, մանավանդ դեսպանների մասնակցությունը, կարծես, վկայում են, որ կողմերի միջեւ տարաձայնությունները հաղթահարված չեն: Տպավորություն է, որ լարվածության նախաձեռնությունը Բաքվից է: Ադրբեջանը փաստաացի պահանջում է, որ իր դեսպանության դեմ հարձակում իրականացրած անձը ենթարկվի մահապատժի, Իրանը, բնականաբար, փորձում է խուսանավել: Բայց դա, ըստ երեւույթին, պայմանավորված է ոչ թե մարդասիրական, այլ՝ զուտ քաղաքական նկատառումներով. Թեհրանի համար անընդունելի է իր ներքին գործերին միջամտությունը, եւ Բաքվում հազիվ թե դա չեն հասկանում:
Ալիեւը, ամենայն հավանականությամբ, գիտակցում է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա խորացումը, մանավանդ ռազմական բաղադրիչի առկայությունը բարդացնում են Արեւմուտքի հետ հարաբերությունները: Խոսքը բոլորովին նոր իրավիճակի մասին է. Իրանը ԵԱՏՄ հետ ազատ առեւտրի լայնաֆորմատ համաձայնագիր է ստորագրել: Բաքվի մամուլն այն բնութագրել է «բացառապես քաղաքական»: Ըստ էության, այդպես էլ իրականում կա: Ոչ ոք չի երաշխավորում, որ առաջիկա տասնամյակի կտրվածքով Իրան-ԵԱՏՄ առեւտուրը եւ ապրանքաշրջանառությունը կեռապատկվեն՝ ինչպես ստորագրված համաձայնագիրն է նախատեսում, բայց քաղաքական պատկերն արդեն իսկ ուրվագծված է:
Իսկ Ռուսաստան-Իրան հաղորդակցության տրանզիտ պետք է ապահովի Ադրբեջանը, ամեն ինչ գրեթե համաձայնեցված է: Եթե Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն իրականություն է դառնում, ապա Ռուսաստանը լիովին անարգել դուրս է գալիս Պարսից ծոց եւ Հնդկական օվկիանոս: Եթե Ադրբեջանը խոչընդոտներ է հարուցում, նախագիծը տապալվում կամ անորոշ հեռանկարով հետաձգվում է, ապա Մեծ Եվրասիա աշխարհաքաղաքական նախագիծը չի կայանում:
Իրերի առկա դրությամբ Ալիեւի համար չափազանց բարդ է բաց հակադրվել Ռուսաստանին: Պատճառները բազմաթիվ եւ բազմազան են: Իրանի հետ խնդիրներ միշտ կան, ցանկացած դեպքում կարելի է նույնիսկ մոգոնել: Թեկուզ եւ վերստին շրջանառել Հայաստանի հետ հարաբերությունների հարցը: Թվում է՝ Ալիեւը հակված է Իրանի հետ փոքր բարդությունների ճանապարհով ռազմավարական ժամանակ շահելուն: Որքանո՞վ է դա իրացնելի՝ այլ հարց է: Բայց Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման հարցի շուրջ տարաձայնությունների հրապարակայնացումը վերջին մի քանի ամիսների իրանա-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայի ակնհայտ խախտում է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։